108.0039.191108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 11 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10808356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 հոկտեմբերի 2008 թվականի N 39-Ն
ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 13-րդ հոդվածով, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 66-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հանքային իրավունքի փոխանցման ընթացակարգը»` համաձայն կից հավելվածի:
2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին`
ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Հավելված
ՀՀ էներգետիկայի և
բնական պաշարների նախարարի
2008 թ. հոկտեմբերի 27-ի
N 39-Ն հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ
1. «Հանքային իրավունքի փոխանցման» ընթացակարգը սահմանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) համաձայնությունը պահանջող հանքային իրավունքի փոխանցման կարգը և ժամկետները:
2. Ընթացակարգ պահանջող հանքային իրավունքի փոխանցման մասին ընդերքօգտագործողը համապատասխան դիմումով տեղեկացնում է Լիազոր մարմնին:
3. Համաձայնության ստացման համար ներկայացված ընդերքօգտագործողի դիմումը պետք է ներառի.
1) տեղեկանք` կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների տեսակների և ծավալների մասին կամ հանքային իրավունքը փոխանցող տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված հանքավայրի մնացորդային պաշարների մասին /ըստ գործունեության ոլորտի/.
2) հանքային իրավունքը ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի մասին բոլոր այն տեղեկատվությունները, որոնք իրավունքը փոխանցողը ներկայացրել է համապատասխան հանքային իրավունքը ձեռք բերելիս.
3) տեղեկատվություն` հանքային իրավունք ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական, տեխնիկական միջոցների, հանքարդյունահանման ոլորտում նրա ունեցած նախնական փորձի, նախատեսվող ծրագրերի և ֆինանսավորման (ներդրումային) ծավալների մասին.
4) տեղեկանք` հաշվառման վայրի հարկային մարմիններից` հանքային իրավունքը փոխանցողի և ձեռք բերողի հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ:
4. Լիազոր մարմնի համաձայնությունը պահանջող հանքային իրավունքի փոխանցման մասին դիմումը մուտքագրվում է Լիազոր մարմնի քարտուղարության ընդհանուր բաժնում, որի վերաբերյալ Լիազոր մարմնի «Քննարկել և ներկայացնել եզրակացություն» մակագրությամբ հանձնարարականը տրվում է ըստ գործառույթների պատկանելության` Երկրաբանական կամ Կոնցեսիոն գործակալություն (այսուհետ` Գործակալություն):
5. Մուտքագրված դիմումով քննարկման առավելագույն ժամկետ է սահմանվում 15 օրը, որը հաշվարկվում է Լիազոր մարմնում դիմումի մուտքագրման օրվանից:
6. Սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել 5 օրով` դիմումի քննարկման համար էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով, դիմումատուից լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
7. Դիմումի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու անհրաժեշտության դեպքում դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև համապատասխան եզրակացություն ստանալը:
8. Քննարկման ժամկետի սահմանված կարգով երկարաձգման դեպքում կամ դիմումի քննարկման արդյունքների մասին Գործակալությունը պատշաճ ծանուցմամբ տեղեկացնում է դիմումատուին:
9. Դիմումի համակողմանի քննարկման արդյունքում Գործակալությունը Լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում հանքային իրավունքի փոխանցման մասին հրամանի նախագիծը` դիմումի քննարկման սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ, ընդ որում.
1) հանքային իրավունքի փոխանցման մասին Լիազոր մարմնի ղեկավարի համաձայնության համար հիմք է հանդիսանում հանքային իրավունքը փոխանցելու վերաբերյալ Գործակալության հիմնավորված եզրակացությունը` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմամբ.
2) դիմումի մերժման համար հիմք է հանդիսանում դիմումատուի կողմից «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջների չապահովումը:
10. Հանքային իրավունքի «մասամբ» փոխանցումն իրականացվում է նույն ընթացակարգով: