040.0263.110797
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«11» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 1997 թ. թիվ 263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրության II և VI բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. Հաստատության կառավարումը
12. Հաստատության կառավարման բարձրագույն մարմինը հաստատության խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ): Խորհրդի քանակական կազմը, որը չի կարող լինել երեք անդամից պակաս և ինն անդամից ավելի, սահմանում է պետական կառավարման վերադաս մարմինը, համապատասխանաբար, ըստ ենթակայության` մարզպետը /Երևանի քաղաքապետը/ կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` վերադաս մարմին):
Խորհրդի լիազորությունների ժամկետը երեք տարի է:
13. Խորհրդի կազմում թեկնածուներ են առաջադրում`
ա/ հաստատության մանկավարժական խորհուրդը.
բ/ հաստատության ծնողական խորհուրդը.
գ/ վերադաս մարմինը:
14. Սահմանված կարգով ներկայացված թեկնածուներից խորհրդի անհատական կազմը նշանակում և դրանում փոփոխություններ է կատարում վերադաս մարմինը` ապահովելով հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առնվազն մեկական թեկնածուների ընդգրկումը խորհրդի կազմում:
15. Խորհուրդը`
ա/ համաձայն նախարարության հաստատած չափորոշիչների և մրցութային կարգի` ընտրում է հաստատության գործադիր տնօրեն (այսուհետև` տնօրեն) ու սահմանված կարգով նրա հետ կնքում կոնտրակտ, որով սահմանվում է տնօրենի վարձատրության, փոխհատուցումների վճարման կարգը, ինչպես նաև այլ պայմաններ.
բ/ որոշում է կայացնում հաստատության աուդիտն անցկացնելու մասին և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.
գ/ տնօրենի ներկայացմամբ`
հաստատում է հաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոններն ու կառուցվածքը.
հաստատում է հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը.
մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը հաստատում և տնօրենի միջոցով սահմանված կարգով ներկայացնում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
հաստատում է հաստատության ամենամյա ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.
դ/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
16. Սահմանված կարգի խախտմամբ տնօրեն ընտրելու և նրա հետ կոնտրակտ կնքելու, հաստատության ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության ընթացքում խախտումների կապակցությամբ տնօրենի հետ կնքված կոնտրակտի չդադարեցման դեպքերում վերադաս մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի լիազորությունները: Այդ դեպքում նշանակվում է տնօրենի պաշտոնակատար և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով նշանակվում խորհրդի նոր կազմ:
17. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի նախագահը`
ա/ կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ/ գումարում է խորհրդի նիստերը.
գ/ կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը:
Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի որոշմամբ նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:
18. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի նախագահի, ինչպես նաև տնօրենի և խորհրդի անդամի նախաձեռնությամբ:
19. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
20. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում:
Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է նիստը նախագահողի կողմից:
21. Հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
22. Տնօրենը`
ա/ կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, հաստատության բնականոն գործունեությունը.
բ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, հանդիսանում է վարկի կարգադրիչ.
գ/ տնօրենը հաստատության գույքի օտարման, վարձակալության պայմանագրերը կնքում է` նախապես համաձայնեցնելով խորհրդի և վերադաս մարմնի հետ.
դ/ ներկայացնում է հաստատությունը պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կրթական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.
ե/ առանց լիազորագրի գործում է հաստատության անունից.
զ/ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
է/ խորհրդի հաստատմանն է ներկայացնում հաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոնները և կառուցվածքը.
ը/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ/ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հաստատության աշխատողներին.
ժ/ աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական ներգործության միջոցներ.
ժա/ հաստատում է հաստատության ուսումնական պլանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) սահմանած օրինակելի ուսումնական պլանին համապատասխան.
ժբ/ ապահովում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը, անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժգ/ վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման նկատմամբ.
ժդ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում է հաստատության աշխատողների պարտականությունները, ապահովում աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, սանիտարաառողջապահական ռեժիմի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժե/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
23. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք առանց խորհրդի համաձայնության:
24. Տնօրենը կարող է ունենալ տեղակալ (տեղակալներ): Տնօրենի տեղակալին (տեղակալներին) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում տնօրենը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Տնօրենի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալը` տնօրենի հրամանով:
25. Հաստատության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա/ պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների համար.
բ/ վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքում սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնավորում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
գ/ հրահանգավորում է հաստատության մանկավարժական անձնակազմին, դասղեկներին, հաստատությունում կազմակերպում մեթոդական աշխատանք, կազմում ուսումնական պարապմունքների դասացուցակ և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվություններ.
դ/ ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում լավագույն ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին:
26. Հաստատության դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա/ կազմակերպում և ղեկավարում է սովորողների արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները.
բ/ ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
գ/ կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու ուղղությմբ:
27. Հաստատության տնտեսական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`
ա/ պատասխանատու է հաստատության շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, հաստատության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հաստատության ուսումնական պարապմունքներին ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.
բ/ միջոցներ է ձեռնարկում հաստատության ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:
28. Հաստատության դասղեկը`
ա/ դաստիարակչական աշխատանք է տանում իրեն հանձնված դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս ուսուցիչների հետ.
բ/ ապահովում է սովորողների նկատմամբ դպրոցի և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնությունը.
գ/ անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.
դ/ իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հաստատության ղեկավարությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի վերաբերյալ տեղեկություններ.
ե/ կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային շրջագայություններ, կանոնավորում օրվա ռեժիմը, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի նպատակային կազմակերպմանը.
զ/ հաստատության մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը.
է/ արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն ձեռնարկումները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների կենսագործումը:
29. Համայնքի, ծնողների հետ հաստատության արդյունավետ համագործակցության, դրա գործունեությանն աջակցելու նպատակով հաստատությանը կից կարող են ստեղծվել հոգաբարձուների, ծնողական և այլ խորհուրդներ:
Նշված խորհուրդների իրավասության շրջանակները սահմանվում են նախարարության հաստատած օրինակելի կանոնադրություններով:
30. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվում են հաստատության մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց օրինակելի կանոնադրությունները հաստատում է նախարարությունը:
31. Հաստատության ղեկավարը (տնօրենը, տնօրենի տեղակալը), ինչպես նաև մանկավարժական աշխատողներն ատեստավորվում են նախարարության սահմանած կարգով»:
«VI. Հաստատության ֆինանսատնտեսական
գործունեությունը և գույքը
68. Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից:
Հաստատության բյուջետային միջոցները գոյանում են մեկ աշակերտի հաշվարկով պետական պատվերի կատարումից և դրանք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
69. Հաստատության բյուջետային` ֆինանսավորման նորմացույցները սահմանում է նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
70. Հաստատության արտաբյուջետային միջոցները գոյանում են`
ա/ հաստատության գույքի (տարածքի) սահմանված կարգով օտարումից, վարձակալությունից ստացված միջոցներից.
բ/ բարեգործական, նպատակային ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվություններից.
գ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված այլ միջոցներից:
Նշված աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները չեն կարող հիմք հանդիսանալ բյուջետային միջոցներից հատկացումների նվազեցման համար:
71. Հաստատության բյուջետային միջոցներն սպասարկվում են հաստատության համար Հայաստանի Հանրապետության գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքներում բացվող հաշվով, իսկ արտաբյուջետային դրամական միջոցները` բանկերում բացվող հաշվարկային, դեպոզիտային (այդ թվում` տարադրամային) հաշիվներով:
72. Նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր իրականացնող հաստատությանը նախարարության կամ համայնքի բյուջեից կարող են հատկացվել լրացուցիչ միջոցներ:
73. Հաստատությունն ինքնուրույնաբար տնօրինում է իր ֆինանսական միջոցները:
74. Հաստատության կողմից մատուցվող վճարովի ծառայությունները չպետք է իրականացվեն բյուջեից ֆինանսավորվող գործունեության փոխարեն և դրա որակի հաշվին:
75. Հաստատությունում, խորհրդի որոշմամբ, արտաբյուջետային միջոցների հաշվին աշխատողների դրույքաչափերի ու աշխատավարձի նկատմամբ կարող են կիրառվել տարբերակված հավելումներ` մասնագիտական վարպետության, որակյալ աշխատանքի, մասնագիտությունների համատեղման և այլնի համար:
76. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություն է ներկայացնում համապատասխան պետական, այդ թվում` վերադաս մարմին:
Հաստատության գործունեությանը վերաբերող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությամբ չնախատեսված տեղեկությունները պետական մարմիններին տրամադրվում են հաստատության հայեցողությամբ:
77. Հաստատությունն իրավունք չունի իրականացնել վարկային գործառնություններ»:
i
Այդ կապակցությամբ օրինակելի կանոնադրության 23-58 կետերը համապատասխանաբար համարել 32-67-րդ կետեր:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` պետական հանրակրթական հաստատություններում սույն որոշմամբ սահմանված նոր կառավարման համակարգի ու ֆինանսատնտեսական գործունեության անցումն իրականացնել ըստ առանձին հաստատությունների պատրաստվածության աստիճանի: