Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

 

06.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները և օգտագործման կարգը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրհներգը

 

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:

4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի խմբագրությամբ` մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրհներգը սույն օրենքով նախատեսված որոշ դեպքերում կարող է օգտագործվել նաև սույն օրենքի 2-րդ, 4-րդ և 6-րդ հավելվածներով հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ` մշակույթի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնապես հրապարակած տարբերակին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:

(2-րդ հոդ. փոփ. 05.03.25 ՀՕ-42-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը

 

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր կատարվում է`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների ժամանակ.

գ) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացման և փակման ժամանակ.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելիս.

ե) օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, և երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաև զինվորական կանոնագրքերով և կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը ազդարարելիս.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ.

բ) պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների ժամանակ.

գ) հուշարձանների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:

i

3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում օրհներգի կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(3-րդ հոդ. փոփ. 05.03.25 ՀՕ-42-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից

 

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր`

ա) հեռարձակման սկզբին և ավարտին.

բ) ժամը 6.00-ին և 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում.

գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումները կարող են օգտագործվել ձայնագրությամբ, տեսագրությամբ հեռուստառադիոհեռարձակման միջոցով:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը մարզական միջոցառումների ժամանակ

 

Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

(2-րդ հոդ. փոփ. 05.03.25 ՀՕ-42-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործումը

 

Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող միջոցառումների ժամանակ

 

Հայաստանի Հանրապետության պետական կամ այլ պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշտոնական ու հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչում է Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին և տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում` դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ` առանց գլխարկի:

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով:

3. Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

 

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

 

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը և երաժշտությունը

 

Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիքն» է` սահմանված սույն օրենքի 1-6-րդ հավելվածներով (տեքստը` Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը` Բարսեղ Կանաչյանի):

(11-րդ հոդ. փոփ. 05.03.25 ՀՕ-42-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-252-Ն

 

Հավելված

 

(1-ին հավելվածը և 2-րդ հավելվածը փոփ. և լրաց 05.03.25 ՀՕ-42-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

pin
ՀՀ 25.12.2006
N ՀՕ-252-Ն օրենք