Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱ ...

 

31.05.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2023 թվականի N 889-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ՆՄՈՒՇՆԵՐԻ)` ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 722 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 1-ին, 32-րդ հոդվածի 2-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական ռազմականացված կազմակերպություններում զենքի շրջանառության կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.2024 թիվ 787-Ն որոշում)

2. Սահմանել մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակների (նմուշների)` պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների կողմից սպառազինման ընդունման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության կարգը` համաձայն N 3 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգը հաստատելու մասին» N 722 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 30.05.2024 թիվ 787-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 2

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 1-ի

N 889-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 30.05.2024 թիվ 787-Ն որոշում)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ռազմականացված կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից մարտական և ծառայողական զենքի (այսուհետ` զենք) վաճառքի, փոխանցման, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու և դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, տեղափոխելու (փոխադրելու), ոչնչացնելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներկրելու և Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (այսուհետ համապատասխանաբար` ներկրում և արտահանում) հետ կապված հարաբերությունները:

 

2. ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

2. Կազմակերպություններն իրավունք ունեն`

1) իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը և դրա փամփուշտները փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների.

2) քաղաքացիական և ծառայողական զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով.

3) առանց թույլտվության ձեռք բերելու զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրում գրանցված ծառայողական զենք` այն իրավաբանական անձանցից, որոնք օրենքով սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող զենք:

(2-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 787-Ն որոշում)

3. Զենքի փոխանցումը, վաճառքը և ձեռքբերումը պետք է ձևակերպվեն սահմանված ձևի փաստաթղթերով, որոնց ցանկը, ձևը և վարման կարգը սահմանվում են համապատասխան կազմակերպության ղեկավարի հրամանով:

4. Կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք` պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 787-Ն որոշում)

5. Կազմակերպությունների կողմից զենք ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախնական ստուգողական կրակոց իրականացնելուց հետո: Առանց նախնական ստուգողական կրակոց իրականացնելու թույլատրվում է զենք ձեռք բերել միայն այլ կազմակերպություններից: Կազմակերպությունների կողմից ձեռք բերված զենքը կարող է ներկայացվել հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան` նախնական ստուգողական կրակոց իրականացնելու և արդյունքները գրանցելու նպատակով:

6. Կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ ստուգողական կրակոցները կարող են իրականացվել նաև զենքի շրջանառության այլ փուլերի ընթացքում:

7. Զենքից նախնական ստուգողական կրակոցներ իրականացնելու տեխնիկական պահանջները, դրանց փաստաթղթավորումը, հաշվառելու, պահելու և գնդակների ու պարկուճների` հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան փոխանցելու կարգը, ինչպես նաև օգտագործված գնդակների և պարկուճների դուրսգրման ու ոչնչացման կարգը հաստատում է ներքին գործերի բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը` համաձայնեցնելով մյուս կազմակերպությունների հետ:

 

3. ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ

 

8. Կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել զենքի թանգարաններ, ինչպես նաև կազմել և ցուցադրել զենքի հավաքածուներ:

9. Կազմակերպություններն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն հավաքածուներ կազմելու և ցուցադրելու համար փոխանցել (վաճառել) այն զենքը, որի մասին տեղեկությունները չեն կազմում պետական գաղտնիք:

10. Կազմակերպությունների թանգարաններ զենք կարող է փոխանցվել` առանց մալելու կամ ուսումնական վիճակի բերելու:

 

4. ԶԵՆՔԸ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ՊԱՀՊԱՆԵԼԸ ԵՎ ԿՐԵԼԸ

 

11. Կազմակերպությունները պարտավոր են իրականացնել զենքի հաշվառում` համապատասխան կազմակերպության ղեկավարի սահմանած կարգով:

12. Կազմակերպություններում զենք պահելն իրականացվում է միայն այդ նպատակի համար հատուկ նախատեսված տարածքներում, որոնք ապահովում են զենքի պահպանության անվտանգությունը և բացառում կողմնակի անձանց մուտքը:

13. Զենքը պահելու համար տարածքները սարքավորվում են պահպանության և հրշեջ անվտանգության տեխնիկական միջոցներով:

14. Ըստ զենքի նշանակության` դրանք պահելու պահանջները սահմանվում են կազմակերպության ղեկավարի հրամանով:

15. Կազմակերպությունների զինծառայողները և աշխատողները պարտավոր են զենքի հափշտակվելու կամ կորսվելու դեպքերում ներկայացնել զեկուցագիր անմիջական ղեկավարներին:

16. Հափշտակված կամ կորած զենքը կազմակերպություններում հաշվառումից դուրս է գրվում կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով` ոստիկանությունից հափշտակված կամ կորած զենքը հաշվառման վերցնելու մասին տեղեկանքն ստանալուց հետո:

17. Հափշտակված կամ կորած զենքը` կազմակերպություն վերադարձնելու դեպքում ծառայողները կամ աշխատողները պարտավոր են անմիջապես այդ մասին զեկուցագիր ներկայացնել իրենց անմիջական ղեկավարին և հայտնել այն պետական մարմիններին, որոնք իրազեկվել էին զենքի հափշտակման կամ կորստի մասին:

18. Հափշտակված կամ կորած զենքը կազմակերպություն վերադարձնելու դեպքում այն վերագրանցվում է տվյալ կազմակերպության ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

 

5. ԶԵՆՔ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ (ՓՈԽԱԴՐԵԼԸ)

 

19. Զենքի տեղափոխումը (փոխադրումը) իրականացվում է տրանսպորտային միջոցներով:

20. Զենքը տեղափոխվում (փոխադրվում) է լիցքաթափված վիճակում, առանձնացված պահեստատուփով, դրված պահպանակի վրա` ծածկաշապիկով կամ պատյանով կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, որը պետք է կնքվի կամ կապարակնքվի:

21. Զենք տեղափոխող տրանսպորտային միջոցի բացված լինելու նշանների հայտնաբերման, տարայի վնասման, կնիքի կամ կապարակնիքի դրոշմվածքի խախտման դեպքում ուղեկցող խմբի ղեկավարը պարտավոր է դրա մասին անմիջապես հայտնել անմիջական ղեկավարին:

 

6. ԶԵՆՔԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ

 

22. Եթե կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) 3 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է ներկայացնում կազմակերպության ղեկավարին` տվյալ տեսակը սպառազինությունից հանելու մասին:

23. Սպառազինությունից հանված, ինչպես նաև օգտագործման ոչ պիտանի զենքը դուրս է գրվում հանձնաժողովի կողմից կազմված եզրակացության հիման վրա:

24. Եթե կազմակերպությունը տեխնիկապես ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձևափոխված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը չի ներառում զենքի հավաքածուում, ապա այն ենթակա է ոչնչացման:

 

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ

 

25. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից զենք ներկրվում և արտահանվում է`

1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ` պայմանագիր) նախատեսված դեպքերում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` կազմակերպության հրավերի կամ օտարերկրյա ռազմականացված կազմակերպության հայտի հիման վրա:

26. Պայմանագրերով, հրավերով կամ հայտով օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրվելու դեպքում` հրավերը ձևակերպած, պայմանագիրն ստորագրած, հայտն ստացած կազմակերպությունը զենք ներկրելու թույլտվություն ստանալու համար առնվազն մեկ ամիս առաջ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` նշելով զենքի ներկրման նպատակը, ժամկետը, ներկրվող զենքի և փամփուշտների տեսակն ու քանակը, զենքի պահպանման վայրը, զենքի ներկրման, տեղափոխման (փոխադրման) ու պահպանման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներն իրավասու պետական կառավարման լիազորված մարմիններին:

27. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա ներկայացուցիչների կողմից ներկրվող զենքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մաքսային մարմնի և Հայաստանի Հանրապետության իրավասու կազմակերպության պատասխանատու ներկայացուցչի կողմից ենթարկվում է մաքսային զննության, որի մասին կազմվում է արձանագրություն և համարային հաշվառման ցուցակ` 5 օրինակից, որից մեկը մնում է մաքսային մարմնում, մեկական օրինակ տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը և զենքը ներկրող օտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչին, որը հետագայում զենքն արտահանելիս այն ներկայացնում է մաքսային սահմանային անցակետ:

28. Եթե արտահանման ընթացքում արտահանվող զենքը չի համապատասխանում համարային հաշվառման ցուցակին, ապա զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է` մինչև հանգամանքների պարզումը:

29. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում զենք պահելը, կրելը կամ օգտագործելն իրականացվում են Հայաստանի Հանրապետության իրավասու կազմակերպության թույլտվությամբ և հսկողությամբ:

30. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից ներկրված զենքը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավասու կազմակերպությունում:

31. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից պայմանագրով, հրավերով կամ հայտով ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում պատասխանատու կազմակերպությունը դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:

32. Պայմանագրով, հրավերով կամ հայտով կազմակերպությունների զինծառայողների կամ աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զենքը արտահանվում և ներկրվում է գործուղման վկայականի հիման վրա, որում նշվում են զենքի մոդելը, համարը և փամփուշտների թիվը:

33. Գործուղման վկայականը և դրա պատճենը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին, որտեղ պատճենը բնագրի հետ համեմատվելուց հետո վավերացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` կնքելու միջոցով, և կցվում է համապատասխան մաքսային հայտարարագրին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 1-ի

N 889-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ՆՄՈՒՇՆԵՐԻ)` ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մարտական զենքի և դրա փամփուշտների (այսուհետ` զենք) նոր տեսակների (նմուշների)` պետական ռազմականացված կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) ղեկավարների կողմից սպառազինման ընդունման հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպությունների սպառազինության մեջ զենքի նոր տեսակներն ընդգրկվում են կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությամբ:

3. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս կազմակերպությունների սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու նպատակահարմարության մասին:

4. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

5. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 3/4-ը:

7. Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվողների ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ:

8. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի քարտուղարի կողմից հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:

9. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

10. Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները:

11. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք եզրակացության վերաբերյալ, որը կցվում է հանձնաժողովի նիստի եզրակացությանը:

12. Հանձնաժողովի եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

13. Հանձնաժողովի աշխատանքային գործունեությունը կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

14. Կազմակերպությունների սպառազինության մեջ զենքի նոր տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է առաջարկվող նոր տեսակների տեխնիկական բնութագրերը, օգտագործման կանոնները, պետական ռազմականացված այլ կազմակերպությունների սպառազինությունում ընդգրկված լինելու տեղեկությունները:

15. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարել փորձաքննություն, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրա իրականացումը պատվիրել իրավասու կազմակերպություններին:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 1-ի

N 889-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ռազմականացված կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպությունների սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանումը պատասխանատվություն է կրում զենքի հաշվառման, շարժի, տեխնիկական վիճակի, հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու համար:

3. Կազմակերպությունների սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանումները մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը տարեկան հաշվետվություն են ներկայացնում կազմակերպությունների ղեկավարներին:

4. Կազմակերպությունների սպառազինության պահեստ ընդունվող զենքը պետք է լինի լրակազմով և փաթեթավորված:

5. Կազմակերպությունների ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, աշխատակիցներին զենք տալու, աշխատակիցների կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կազմակերպությունների ղեկավարների հրամանով:

6. Փորձաքննությունների և ուսումնասիրությունների նպատակով ստացված, ինչպես նաև թանգարաններում և քրեագիտական հավաքածուներում ներառված զենքի հաշվառման, պահպանման, ընդունման, հանձնման կարգը սահմանվում է կազմակերպությունների ղեկավարների հրամանով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2023 թվական:

 

ր

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2023
N 889-Ն
Որոշում