30.04.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
22 հունիսի 2023 թվականի N 332-Ն
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին ՀՀ օրենքի» 24-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի` 2015 թվականի հուլիսի 22-ի «Հաշտարարների որակավորման դասընթացների ծրագիրը հաստատելու մասին» N 345-Ն հրամանը:
3. Սույն հրամանը տարածվում է նաև մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը որակավորված հաշտարարների նկատմամբ` համաձայն »»Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի: Մինչև նշված փոփոխությունը որակավորված հաշտարարները սույն հրամանով սահմանված ուսուցման կարգի համաձայն ուսուցման դասընթացների 80%-ին մասնակցելու դեպքում կհամարվեն վերապատրաստումն անցած համաձայն` «»Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի և կստանան նոր որակավորման վկայագիր: Մինչև «»Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված, սակայն սահմանված կարգով վերապատրաստումներին չմասնակցած հաշտարարների որակավորումը «»Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն համարվում է դադարած: Այն դեպքում, երբ դասընթացը հայտարարվում է հավակնորդների առավելագույն քանակով և վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանց քանակը գերազանցում է հայտարարված մասնակիցների առավելագույն քանակը, ապա դասընթացին մասնակցելու դիմում ներկայացրած, սակայն դասընթացին չընդգրկված հավակնորդների վերապատրաստումն իրականացվում է հաջորդ փուլերի ընթացքում, իսկ նրանց որակավորումը պահպանվում է մինչև հաջորդ դասընթացի անցկացումը և նոր որակավորման վկայագրի տրամադրումը:
(3-րդ կետը փոփ. 10.10.2023 թիվ 600-Ն, 12.12.2023 թիվ 748-Ն հրամաններ)
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 26.07.2023 թիվ 430-Ն հրաման)
Գ. ՄԻՆԱՍՅԱՆ
Հավելված
Արդարադատության նախարարի
2023 թվականի հունիսի 22-ի
N 332-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց (այսուհետ` հավակնորդ) ուսուցման դասընթացներ անցնելու, այդ թվում` դասընթացների անցկացման ընթացակարգի, ժամկետների, ուսուցմանը մասնակցելու համար վկայագիր շնորհելու, ինչպես նաև հավակնորդների ուսուցման գործընթացին վերաբերող այլ հարաբերություններ:
2. Ուսուցումը հավակնորդների մասնագիտական պատրաստումն է` նրանց` որպես հաշտարար գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորման, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնման համար:
3. Հավակնորդների ուսուցման դասընթացները կազմակերպվում են արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած ուսուցման ծրագրին համապատասխան:
4. Ուսուցումը կազմակերպվում է անվճար հիմունքներով:
II. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
5. Հավակնորդների ուսուցումն անցկացվում է առնվազն երկու տարին մեկ անգամ: Ուսուցումը կարող է անցկացվել նաև հավակնորդների առավելագույն քանակի նախատեսմամբ: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով դասընթացների` առկա կամ հեռավար ուսուցման ձևով կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում դասընթացների կազմակերպումը կամ անցկացումը կարող է հետաձգվել նախարարի հրամանով: Սույն դեպքում ուսուցման դասընթացները մեկնարկում (շարունակվում) են որոշման կայացման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքների վերանալուց հետո:
6. Դասընթացների ծրագրում կարող են ներառվել հաշտարարի գործունեության ոլորտին առնչվող դասընթացի թեմաներ, այդ թվում` քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, աշխատանքային, ընտանեկան, ինչպես նաև հաշտարարական հմտություններին վերաբերելի այլ թեմաներ, որոնք ուղղված են, ի թիվս այլնի, հաշտարարի հետևյալ գործնական հմտությունների զարգացմանը`
1) կողմերին լսելու և հաղորդակցվելու.
2) հաշտարարության գործընթացը վարելու` ներառյալ կողմերի հետ համատեղ և առանձին հանդիպումներ իրականացնելու.
3) բանակցելու.
4) կողմերի տարաբնույթ վարքագծին արձագանքելու եղանակներ.
5) խնդիրների լուծման և որոշումների կայացման.
6) կոնֆլիկտների վերլուծության և կառավարման, ներառյալ` վեճի լուծման պատճառաբանված ռազմավարության և մեթոդների ընտրություն:
7. Ուսուցման կազմակերպման նպատակով նախարարությունը իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հայտարարություն` նշելով ուսուցմանը մասնակցելու համար դիմումի ներկայացման վերջնաժամկետը, դիմում ներկայացնելու կարգը, անհրաժեշտության դեպքում նաև` ուսումնական դասընթացների մասնակիցների առավելագույն քանակը: Հայտարարության տեղադրման պահին ուսուցման ծրագիրը հաստատված լինելու դեպքում տեղադրվում է նաև ուսուցման տվյալ տարվա ծրագիրը, իսկ այն դեպքերում, երբ կայացվել է դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին որոշում` նշում դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին:
8. Ուսուցմանը կարող է մասնակցել 24 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձը, ով չի հանդիսանում հանրային ծառայող: Ուսուցմանը մասնակցելու համար անձը Արդարադատության նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում`
1) դիմում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) կենսագրական տվյալները` նշելով նախկինում զբաղվածության և հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն:
9. Նախարարությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը: Այն դեպքում, երբ դասընթացը հայտարարվում է հավակնորդների առավելագույն քանակով և ուսումնական դասընթացներին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանց քանակը գերազանցում է Արդարադատության նախարարության կողմից հայտարարված առավելագույն քանակը, ապա ուսումնական դասընթացի տվյալ փուլին մասնակցող հավակնորդները ընտրվում են հավակնորդների ցանկից` հաշվի առնելով հավակնորդների կրթությունը, մասնագիտական հմտությունները և ծավալած մասնագիտական գործունեությունը, կարողությունները և ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Տվյալ փուլի համար չընտրված մասնակիցները դիտարկվում են ուսուցման հաջորդ դասընթացին մասնակցելու համար:
10. Դիմումը չի դիտարկվում նախարարության կողմից, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
11. Ուսուցումը կազմակերպվում է, եթե տվյալ դասընթացին մասնակցելու համար հաշվառվել է առնվազն 10 հավակնորդ: Եթե հաշվառված հավակնորդների թիվը 10-ից պակաս է, ապա նրանց ուսուցումը կազմակերպում է հաջորդ հայտարարված ուսուցման դասընթացի շրջանակում:
12. Հավակնորդներին հաշվառելուց հետո նախարարությունը կազմում է դասընթացների ժամանակացույց: Դասընթացներն անցնում են ըստ ժամանակացույցում նշված խմբերի:
13. Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով` նվազագույնը 10, իսկ առավելագույնը 35 հավակնորդներից կազմված խմբերից, բացառությամբ հեռավար ուսուցման:
14. Ուսուցման դասընթացները կազմակերպվում են նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ, մեկ ակադեմիական ժամը` 45 կամ 60 րոպե: Դասընթացները կարող են անցկացվել նաև ոչ աշխատանքային օրերին:
15. Սույն կարգի իմաստով առկա ձևով դասընթացն անցկացվում է որոշակի տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում), ըստ անհրաժեշտության` հավակնորդների առանձին խմբերով` հավակնորդների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ:
16. Ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների, բնակչության առողջության պահպանման, անվտանգության ապահովման անհրաժեշտության դեպքերում ուսուցումը կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցմամբ դասընթացի անցկացման ձևով:
17. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ հավակնորդների ուսուցման դասընթացն անցկացվում է հավակնորդների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում` տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:
18. Այն դեպքում, երբ արդեն իսկ սահմանվել է դասընթացների ժամանակացույցը, հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու մասին որոշումը, որպես կանոն, կայացվում է ուսուցման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ, որի մասին հավակնորդները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
19. Դասընթացները հեռավար ուսուցմամբ կարող են անցկացվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում:
20. Հեռավար ուսուցմամբ դասընթացները անցկացվում են նախապես սահմանված ուսուցման ծրագրին համապատասխան:
21. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, հավակնորդներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը նախարարության ներկայացուցիչը ստուգում է հավակնորդների և դասընթացավարների` էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:
22. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու դեպքում կազմակերպության աշխատակիցը դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար իրականացնում է հավակնորդների ներկայության ստուգում ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում հավակնորդները պարտավոր են դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով:
23. Հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ կիրառվում են սույն հավելվածով նախատեսված և առկա ուսուցման ձևով անցկացվող դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները, այնքանով, որքանով չեն հակասում սույն հավելվածի 16-22-րդ կետերով նախատեսված դրույթներին:
24. Ուսուցման ծրագրի կատարումն ապահովելու համար կարող են կազմվել ուսումնական պլան, մեթոդաբանություն և դասավանդման սեղմագրեր:
25. Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, բանավեճերի, դատական գործերի քննարկման, գործնական խնդիրների, թեստերի լուծման միջոցով, սիմուլյացիոն խաղերի, հավակնորդների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսանյութերի, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով:
26. Ուսուցման յուրաքանչյուր օրվա դասընթացներին կարող է ներկա գտնվել նախարարության ներկայացուցիչը:
27. Նախարարությունը վարում է հավակնորդների հաճախելիության մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա ուսուցման յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի համար նշում է կատարվում դասընթացի մասնակիցների ներկայության կամ բացակայության մասին:
28. Հավակնորդը յուրաքանչյուր ակադեմիական ժամի իր ներկայության համար ստորագրում է մատյանում: Մատյանում յուրաքանչյուր օրվա համար ստորագրում է նաև դասընթացը վարողը, իսկ ներկա գտնվելու դեպքում` նաև նախարարության ներկայացուցիչը:
29. Հավակնորդի բացակայության հարգելիությունը որոշում է նախարարությունը` հավակնորդի գրավոր և պատճառաբանված դիմումի և համապատասխան ապացույցների հիման վրա:
III. ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
30. Ուսուցումն ավարտելուց հետո` տասնօրյա ժամկետում ուսուցումն անցած հավակնորդներին տրվում է վկայագիր, որը հավաստում է հավակնորդի կողմից հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար ուսուցումն անցած լինելու մասին:
31. Ուսուցումն անցած չեն համարվում այն հավակնորդները (վկայագիրը չի տրամադրվում այն հավակնորդներին), որոնք ունեցել են անցկացված ակադեմիական ժամերից 30 և ավելի տոկոս անհարգելի բացակայություն:
32. Վկայագիրը տրվում է երեք տարի ժամկետով:
33. Վկայագրում նշվում են`
1) հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).
2) անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
3) վկայագրի համարը.
4) վկայագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը:
34. Վկայագիրը տրվում է մեկ օրինակից, որը վավերացվում է նախարարության գլխավոր քարտուղարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ նախարարության կնիքով (առկայության դեպքում):
35. Վկայագրի հաշվառումը իրականացնում է նախարարությունը:
36. Նախարարության կողմից վարվում է վկայագիր ստացած անձանց գրանցամատյան, որում պետք է նշվեն`
1) վկայագրի համարը.
2) վկայագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
3) հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).
4) վկայագիրը ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
37. Վկայագրի կորստի (կորցնելու, ոչնչացնելու և այլն), դրա` օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում նախարարությանը դրա կրկնօրինակը թեկնածուին տալիս է դիմումը ներկայացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում: Անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
38. Վկայագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
39. Վկայագիր ստացած անձի անվան, ազգանվան, հայրանվան, անձը հաստատող փաստաթղթի տվյալների փոփոխման դեպքում տվյալ անձն այդ փոփոխության կատարման օրվանից եռօրյա ժամկետում դիմում է նախարարություն` վկայագրում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայագիր ստանալու համար:
IV. ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
40. Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձը համարվում է ուսուցումն անցած, եթե նա ուսուցման դասընթացներ է անցել Արդարադատության նախարարի հրամանով հաստատված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություններից մեկում:
(հավելվածը խմբ. 26.04.2024 թիվ 260-Ն հրաման)
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունիսի 2023 թվական: