ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1 հոկտեմբերի 2020 թվականի N 82
ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԱՀ-Ի ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար արտահանողի կողմից հարկային մարմին ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, ի՞նչ ժամանակահատվածում, և արդյո՞ք դիմացի կողմի ԱԱՀ-ի վճարման մասին տեղեկանք չունենալը կարող է հանգեցնել ԱԱՀ-ի գծով պարտավորությունների առաջացման:
Պատասխան
i
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով:
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 18 հավելվածով սահմանված արձանագրության 3-րդ կետի համաձայն` մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքներ արտահանելու դեպքում այն անդամ պետության հարկատուի կողմից, որի տարածքից դուրս են բերվել ապրանքները, կիրառվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ և (կամ) ակցիզների վճարից ազատում` նույն արձանագրության 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու դեպքում: Միաժամանակ, արձանագրության 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու և (կամ) ակցիզների վճարից ազատվելու հիմնավորումը հաստատելու համար, այն անդամ պետության հարկ վճարողի կողմից, որի տարածքից արտահանվում են ապրանքները, հարկային հայտարարագրի հետ միաժամանակ հարկային մարմին է ներկայացվում նաև ապրանքների ներսբերման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը, որը կազմված է առանձին միջազգային միջգերատեսչական պայմանագրով նախատեսված ձևով, այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները, անուղղակի հարկերի վճարման մասին նշումով: Ընդ որում` նույն արձանագրության 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմին` ապրանքները բեռնառաքելու (փոխանցելու) ամսաթվից 180 օրացուցային օրվա ընթացքում:
i
ՀՀ հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ- ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) մատակարարումը` օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում:
i
Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու համար արտահանողի կողմից հարկային մարմին է ներկայացվում արտահանման հարկային հայտարարագիր: Ընդ որում, վերոնշյալ արձանագրության 4-րդ կետին համապատասխան արտահանման հարկային հայտարարագիրը ներկայացվում է հարկային մարմին` ապրանքները բեռնառաքելու (փոխանցելու) ամսաթվից (արտահանման օրվանից) 180 օրացուցային օրվա ընթացքում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արտահանողի կողմից ապրանքների ներսբերման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը հարկային մարմին չներկայացնելու դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորություն չի առաջանում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ