12.08.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2020 թվականի N 1319-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 40593 դեպքերը, որոնցից 33157-ը` առողջացած, 803-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 40548, 2020 թվականի ապրիլի 13-ից հետո մահվան ելքով դեպքերի թվի աճը կազմել է 789),
ինչպես նաև այն, որ, չնայած, վարակի դեպքերի թվի աճի տեմպերի նվազմանը, դեպքերի թվի էական նվազում չարձանագրվելու պարագայում վարակի տարածումը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, և արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա,
i
հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
i
հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը
i
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետում «հուլիսի 13-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 11-ը» բառերով:
i
3. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին գլխում`
ա. 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Ցամաքային սահմանի անցակետով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն, բացառությամբ`
1) անցակետով մուտք գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց.
2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.
3) այն առանձնահատուկ դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը:»,
գ. 3-րդ կետի առաջին նախադասությունից հանել «և եթե սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել» բառերը,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Անցակետով անձանց` Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ ենթակա են կիրառման սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումները, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ:»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 5.1-5.2-րդ կետերով.
«5.1. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս անձն ինքնամեկուսանում է 14-օրյա ժամկետով, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
5.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց` սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում նրանց` Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը չի թույլատրվում: Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո նրանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց մուտք գործելուց հետո սույն գլխի 5-րդ կետին համապատասխան բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից կամ այլ սահմանափակող միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում կիրառվում է հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:»,
զ. 6-րդ կետում «կարող է հրահանգվել» բառերը փոխարինել «հրահանգվում է» բառով.
2) 4-րդ գլխում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ՀԱՎԱՔՆԵՐ, ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ»,
բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների ընթացքում դրանց մասնակիցները պարտավոր են կրել դիմակներ` պարետի կողմից սահմանված կանոններով, և պահպանել միմյանց միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն:»,
գ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում թույլատրվում է ընտանեկան արարողությունների և ժամանցային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը` պարետի կողմից սահմանված կարգով, պայմաններով և կանոնների պահպանմամբ, սակայն ոչ ավելի, քան 40 հոգու մասնակցությամբ: Սույն կետի իմաստով`
1) ժամանցային միջոցառումներ են համարվում համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, սպորտային, մշակութային կամ կրթադաստիարակչական այլ միջոցառումները և ժամանցային բնույթի այլ միջոցառումները, եթե դրանց կազմակերպումը և անցկացումը չի համարվում տնտեսական գործունեություն.
2) ընտանեկան արարողություններ են համարվում տոնական և հիշատակի արարողությունները` ներառյալ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:»,
դ. 17.2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.3-րդ կետով.
«17.3. Հավաքներ և գործադուլներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ ընտանեկան արարողություններ և ժամանցային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և պարետի որոշմամբ սահմանված տեսչական մարմինները:».
3) 5-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած.
4) 6-րդ գլխի վերնագրում «ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՆԿԱՏՄԱՄԲ» բառով.
5) 8-րդ գլխի 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ինքնաշխատ համակարգի միջոցով, ըստ պահանջի, ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ մեկուսացված անձի (հաճախորդի) կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում), այդ թվում` իրական ժամանակի ռեժիմում.
2) ինքնաշխատ համակարգի միջոցով, ըստ պահանջի, սույն մասի 1-ին կետում նշված հաճախորդի հեռախոսահամարի հետ ոչ ավելի, քան տասնչորս օրվա կտրվածքով կապ ունեցած հեռախոսահամարներ և հաճախորդների տվյալներ, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 12 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2020 թվական: