ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
21 հունվարի 2022 թվականի N 03-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) և հիվանդանոցային ծառայությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2022 թ. հունվարի 21-ի
N 03-Ն հրամանի
ՉԱՓՈՐՈՇԻՉ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով դիսպանսերային (շարունակական) հսկողության և հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Հիվանդանոցային պայմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը, փորձաքննությունները և հետազոտություններն իրականացվում են համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների սպասարկման տարածքներն են`
1) Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` քաղաք Երևան,
2) «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` քաղաք Գյումրի,
3) «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` քաղաք Վանաձոր,
4) «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն` Կապանի տարածաշրջան,
5) «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` Սևանի տարածաշրջան,
6) Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չկան համապատասխան դիսպանսերներ, դիսպանսերային ծառայության գործառույթներն իրականացվում են տարածաշրջանային բժշկական կազմակերպությունների պոլիկլինիկական ծառայության հոգեբուժական կաբինետների միջոցով:
2. ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
4. Թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունները պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով իրականացնում են.
1) իրենց սպասարկման տարածքում հաշվառված անձանց (երեխաներին և մեծահասակներին), իսկ Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին (երեխաներին և մեծահասակներին)` թմրամոլության վերաբերյալ խորհրդատվություն,
2) իրենց սպասարկման տարածքում հաշվառված թմրամոլների (երեխաների և մեծահասակների).
ա. հաշվառում,
բ. կամավոր դիսպանսերային հսկողություն` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,
գ. հարկադիր դիսպանսերային հսկողություն` դատարանի որոշման համաձայն,
դ. կամավոր ամբուլատոր բուժում` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,
ե. հարկադիր ամբուլատոր բուժում` դատարանի որոշման համաձայն,
զ. կամավոր պահպանողական բուժում` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,
է. հարկադիր պահպանողական բուժում` դատարանի որոշման համաձայն,
ը. կամավոր փոխարինող բուժում` Առողջապահության նախարարության կողմից տվյալ տարվա համար սահմանված բուժվողների քանակի չափով և պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,
թ. ըստ ցուցումների լաբորատոր-գործիքային հետազոտությունների անցկացում,
ժ. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրում,
ժա. ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության,
ժբ. բժշկական ցուցումների առկայության դեպքում ուղեգրում թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն,
3) դատաթմրաբանական փորձաքննության անցկացում` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,
4) զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն` զինվորական զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից տրված ուղեգրերի համաձայն,
5) սթափության վիճակի զննություն` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,
6) մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտություն` իրավասու մարմինների որոշումների կամ թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժշկի ուղեգրի համաձայն,
7) իրենց սպասարկման տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող, իսկ Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող թմրաբանական ծառայություններ մատուցող բոլոր բժշկական կազմակերպությունների կազմակերպամեթոդական օգնություն:
5. Թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկումը և նրանց հաշվառումն իրականացվում է Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1599-Ն որոշման համաձայն:
6. Ալկոհոլիզմ ախտորոշմամբ անձանց հաշվառման վերցնելու հիմքերն են.
1) թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժշկի կողմից հաստատված «ալկոհոլիզմ» ախտորոշումը,
2) քաղաքացու հաշվառման վայրի թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության պոլիկլինիկական ծառայություն ուղարկված`
ա. բժշկական կազմակերպություններից հիվանդության պատմագրից կամ ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք` «ալկոհոլիզմ» ախտորոշման վերաբերյալ,
բ. դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը,
գ. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց, որոնց նկատմամբ ազատազրկման ընթացքում ալկոհոլիզմի բուժման նպատակով կիրառվել է բժշկական (թմրաբանական) բնույթի հարկադրանքի միջոցներ, կամ որոնց մոտ ազատազրկման ընթացքում ախտորոշվել է «ալկոհոլիզմ»` հիվանդության պատմագրից կամ ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը:
7. Ալկոհոլիզմ ախտորոշում ունեցող անձանց հաշվառումից հանելու հիմքերն են`
1) 2 տարվա կայուն ռեմիսիան (լավացում),
2) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որպես այլ պետության քաղաքացի հաշվառվելը` քաղաքացու անձնագրում համապատասխան գրառման առկայության դեպքում,
3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելը,
4) մահը:
8. Թմրամոլների և ալկոհոլիզմ ախտորոշում ունեցող անձանց ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը և ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրումն իրականացվում է Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման և Առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 14-Ն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի N 109-Ն համատեղ հրամանի համաձայն:
9. Զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն իրականացվում է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման համաձայն:
10. Սթափության վիճակի զննությունն իրականացվում է Կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման համաձայն:
11. Պետության կողմից երաշխավորված անվճար դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայությունը չի իրականացվում.
1) եթե անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր, կամավոր ամբուլատոր բուժումը և կամավոր պահպանողական բուժումն իրականացվում են վճարովի հիմունքներով և մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ կոնտակտային անձի խոսքերից, միաժամանակ նշելով որպես չնույնականացված պացիենտ,
2) կամավոր փոխարինող բուժումը` Առողջապահության նախարարության կողմից տվյալ տարվա համար սահմանված բուժվողների քանակը լրացած լինելու դեպքում: Կամավոր փոխարինող բուժումն իրականացվում է Առողջապահության նախարարության ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ)-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկին, ինչպես նաև, եթե պացիենտի մոտ ախտորոշված է մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ),
3) տեղեկանքների տրամադրումը`
ա) թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում հաշվառման վերաբերյալ,
բ) զենքի տիրապետմանը խոչընդոտող թմրամոլության կամ ալկոհոլիզմի առկայության կամ բացակայության մասին:
3. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
12. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է.
1) թմրամոլների կամավոր բուժում` պացիենտի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ,
2) թմրամոլների հարկադիր բուժում` դատարանի որոշման համաձայն,
3) դատաբժշկական փորձաքննություն` իրավասու մարմինների որոշումների և ուղեգրերի համաձայն,
4) զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն` զինվորական զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից տրված ուղեգրերի համաձայն,
5) թմրամոլների ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության,
6) թմրաբանական հետազոտություն` հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով:
13. Թմրամոլների բուժումը թմրաբանական հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում իրականացվում է պլանային կամ անհետաձգելի կարգով.
1) պլանային կարգով հոսպիտալացումը թմրաբանական հիվանդանոցային բժշկական կազմակերպություն իրականացվում է միայն աշխատանքային օրերին և ժամերին, պացիենտի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և սոցիալական քարտի և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժշկի խորհրդատվության հիման վրա առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի կողմից տրված ուղեգրի առկայության դեպքում,
2) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների դեպքում պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է շուրջօրյա` զրկանքի համախտանիշի կամ թմրանյութերի (ալկոհոլի) օգտագործման հետևանքով առաջացած սուր հոգեկան խանգարման առկայության դեպքում, բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ, ընդ որում ալկոհոլային հարբածությունը չի համարվում անհետաձգելի վիճակ:
Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների հոսպիտալացման ժամանակ պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և սոցիալական քարտի, պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության և թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող համապատասխան բժշկի ուղեգրի առկայությունը:
Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակից դուրս գալուց հետո բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում շարունակելու համար պացիենտը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և սոցիալական քարտ և գրավոր համաձայնություն:
14. Թմրամոլների և ալկոհոլիզմ ախտորոշում ունեցող պացիենտների ուղեգրումը բժշկասոցիալական փորձաքննության իրականացվում է Կառավարության 2006 թվականի մարտի 02-ի N 276-Ն որոշման և Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների 2006 թվականի մայիսի 26-ի N 580-Ն և հունիսի 5-ի N 100-Ն համատեղ հրամանի համաձայն:
15. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չի իրականացվում.
1) «Ափիոնային թմրամոլությամբ պացիենտների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտագոնիստներով` ընդհանուր անզգայացման տակ» մեթոդով բուժումը: Այդ դեպքում բուժումն իրականացվում է վճարովի հիմունքներով` Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանի համաձայն,
2) եթե անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր: Այդ դեպքում հիվանդության պատմագրում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի խոսքերից, միաժամանակ նշելով որպես չնույնականացված պացիենտ:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունվարի 2022 թվական: