ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
18 դեկտեմբերի 2021 թվականի N 308
ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՏԱՐՐ ՉՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԵՋ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ենթավարձակալության պայմանագրով կոմունալ վճարների փոխհատուցումը վարձակալական վճարի բաղկացուցիչ տարր չհանդիսանալու դեպքում այդ վճարները ներառվում են արդյո՞ք շրջանառության հարկով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են արդյո՞ք հարկման:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ, 47-րդ և 48-րդ կետերի համաձայն` ապրանքի մատակարարումը ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց, աշխատանքի կատարումը աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումն է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց, ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
i
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շրջանառության հարկով հարկման բազա է համարվում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից (այդ թվում` ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից, վարձակալական կամ օգտագործման վճարի, տոկոսի և (կամ) ռոյալթիի տեսքով) ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը), որոնց հաշվառումն իրականացվում է օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Հետևաբար` օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից տարբերվող այլ եկամուտները (տվյալ դեպքում` վարձավճարի տարր չհանդիսացող կոմունալ վճարների փոխհատուցման գումարները) շրջանառության հարկ վճարողների համար հարկման օբյեկտ չեն համարվում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ