ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
21 մայիսի 2021 թվականի N 202
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ ռեզիդենտ ոչ առևտրային կազմակերպությունը ֆիզիկական անձանց որպես նվիրատվություն անհատույց օտարում է անշարժ գույքի` բաժնեմասնակցության սկզբունքով իրեն պատկանող 1 տոկոս բաժինը: Ոչ առևտրային կազմակերպության համար անշարժ գույքի անհատույց տրամադրման պարագայում առաջացող եկամտի գծով հարկը հաշվարկում է անշարժ գույքի ամբողջական կադաստրային արժեքի նկատմամբ, թե՞ կազմակերպությանը պատկանող 1 տոկոս բաժնեմասի նկատմամբ:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այնուհետ նույն մասում` շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այնուհետ նույն մասում` կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը` որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով անշարժ գույքի 1% բաժնի օտարման դեպքում եկամուտը հաշվարկվում է օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայում` անշարժ գույքի 1% բաժնի համար որոշվող չափից ոչ պակաս չափով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ