ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 մայիսի 2021 թվականի N 31-Ն
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի իրավունքների, ազատությունների և դրանց սահմանափակումների իրազեկման թերթիկի ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի օգոստոսի 7-ի «Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 29-ի N 14-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ն հրամանը:
3. Հոգեբուժական կազմակերպությունների տնօրեններին`
1) հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի իրավունքների, ազատությունների և դրանց սահմանափակումների իրազեկումն իրականացնել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի հավելվածով հաստատված ընթացակարգի համաձայն:
2) ապահովել հոգեբուժական կազմակերպությունում երկարատև բուժման և/կամ խնամքի նպատակով հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձի սույն հրամանի հավելվածով հաստատված իրազեկման թերթիկի տրամադրումը` յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնակատար` Ա. Ավանեսյան
Հավելված
Առողջապահության նախարարի
2021թ. մայիսի 6-ի
N 31-Ն հրամանի
ՁԵՎ
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ
1. Հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող յուրաքանչյուր ոք իրավունք ունի`
1) ինքնուրույն լինելու և հասարակության մեջ ներգրավվելու.
2) իր նկատմամբ բարեկիրթ, մարդասիրական և արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունք ստանալու.
3) իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ իրազեկ լինելու և դրանց պաշտպանության միջոցների ընտրություն կատարելու.
4) հիվանդանոցային հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում բավարար սնունդ ստանալու.
5) բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունվելուց հետո` մեկ օրացուցային օրվա ընթացքում իրազեկվելու (օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ.
6) առողջության պահպանման, այդ թվում` շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին ենթարկվելու բժշկական զննության և անհրաժեշտության դեպքում` բուժման իր նախընտրած բժշկի կողմից.
7) փորձաքննվելու կամ վերափորձաքննվելու բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմինների կողմից.
8) ոչ հոժարակամ հոսպիտալացման նպատակով հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելու դեպքում անհապաղ այդ մասին անձամբ տեղեկացնելու իր կոնտակտային անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչին.
9) ցանկացած պահի հրաժարվելու (հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմած անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը) հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալուց կամ պահանջելու դադարեցնել այն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
10) տալու իրազեկված համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու գիտական կամ փորձարարական նպատակներով կիրառվող բուժական մեթոդներից և միջոցներից.
11) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու իր առողջական վիճակի, իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակման դեպքերի վերաբերյալ.
12) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
13) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում պահանջելու իր ընտրած բժիշկ-հոգեբույժի մասնակցությունը «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
14) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
15) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, հաստատելու նամակագրական կապ.
16) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում օգտվելու հեռախոսակապից, յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարելու առնվազն երեք անվճար հեռախոսազանգ Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում առաջին հեռախոսազանգի իրավունքը ապահովվում է հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելուց անմիջապես հետո.
17) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հանդիպելու այցելուների հետ.
18) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ունենալու, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելու (անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով) և իր միջոցների հաշվին ձեռք բերելու (գործունակ լինելու դեպքում անձամբ, եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում առկա է առևտրի օբյեկտ, անգործունակ ճանաչված լինելու դեպքում` իրենց օրինական ներկայացուցիչների կամ համապատասխան աշխատակցի միջոցով) առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, օգտվելու անձնական հագուստից.
19) հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում ստանալու իրավաբանական օգնություն, այդ թվում` «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտպանություն.
20) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ.
21) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ կամ միջազգային մարմիններ.
22) հոգեբուժական կազմակերպությունում ունենալու Առողջապահության նախարարության կողմից հաստատած պայմաններին համապատասխան կեցության պայմաններ.
23) օգտվելու օրենքով չսահմանափակված այլ իրավունքներից:
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի սահմանափակված իրավունքները և դրանց ծավալները.
____________________________________________________
____________________________________________________
Պացիենտին/օրինական ներկայացուցչին իր իրավունքների, ազատությունների և դրանց սահմանափակումների մասին իրազեկեցի և տրամադրեցի իրազեկման թերթիկը`
____________________________________________________
____________________________________________________
Իրազեկման համար պատասխանատուի անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն ստորագրություն
Իրազեկվեցի իմ իրավունքների, ազատությունների և դրանց սահմանափակումների մասին և ստացա իրազեկման թերթիկը`
____________________________________________________
____________________________________________________
Պացիենտի/օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն, հայրանուն ստորագրություն
«»_________________20
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մայիսի 2021 թվական: