Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 16 մարտի 2021 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,

i

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Օրենսգրքի` «Ողջամիտ ժամկետում գործի քննությունը և լուծումը» վերտառությամբ 9-րդ հոդվածը սահմանում է.

«1. Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

2. Դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում`

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած` գործի քննության միջին ուղենիշային տևողությունը:

3. Եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով»:

Ընդունվելուց հետո Օրենսգրքի վիճարկվող հոդվածում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ, ըստ էության, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն այնքանով, որքանով այդ իրավունքի խախտման կանխարգելման կամ խախտված իրավունքի վերականգնման պատշաճ կառուցակարգեր չեն գործում, հռչակագրային է: Մասնավորապես, դիմողը գտնում է, որ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորություն:

Դիմողի կարծիքով` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի լիարժեքությունն ապահովող տարրի` ողջամիտ ժամկետի պաշտպանության գործուն կառուցակարգերի բացակայության հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերության ամբողջական և բնականոն իրագործումը:

Վերլուծելով դատական ակտերի բողոքարկման, ընթացիկ դատական գործերով մեկ այլ դատարանի կողմից ողջամիտ ժամկետի պահպանման հարցի քննարկման և ոչ նյութական վնասի հատուցման ընթացակարգերը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը` դիմողը եզրահանգում է, որ դրանք արդյունավետ չեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտումը վերացնելու կամ այն կանխելու համար:

Դիմողը, վկայակոչելով մի շարք երկրների (Մոնտենեգրո, Լեհաստան, Ռուսաստան, Խորվաթիա) ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման կանխարգելիչ միջոցների վերաբերյալ իրավակարգավորումները` փաստում է, որ ի տարբերություն ներպետական կարգավորումների` նշված երկրների օրենսդրական կարգավորումների արդյունքում սահմանվել են այնպիսի գործիքակազմեր, որոնց կիրառության շնորհիվ հնարավոր է հասնել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման վերացման կամ այդ իրավունքի խախտման կանխարգելման:

Ելնելով վերոգրյալից` դիմողը խնդրում է որոշել Օրենսգրքի 9-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 61, 63, 75 և 81-րդ հոդվածներին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը հայտնում է, որ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ապահովելու համար ներպետական համակարգում գոյություն ունեցող միջոցները և դրանց արդյունավետությունը չպետք է կամայական գնահատման ենթարկվեն:

Վերլուծելով Օրենսգրքի 32, 70, 138 և 142-րդ հոդվածները` պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքով ուղղակիորեն սահմանված են այն գործուն զսպիչ մեխանիզմ-երաշխիքները, որոնք կոչված են նպաստելու դատավորի կողմից ողջամիտ ժամկետում իր իրավասությանը վերապահված գործերը քննելուն և լուծելուն: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը կարող է ազդեցություն ունենալ և նպաստել նույն դատավորի կողմից գործի քննության ժամկետի ողջամտության ապահովման համար անհրաժեշտ ջանասիրության դրսևորմանը:

Պատասխանողը նշում է, որ ներպետական մակարդակում սահմանվել է արագացված կարգով քննության ենթական գործերի շարք: Մնացած գործերի դեպքում, ընդհանուր չափանիշների կիրառմամբ, դատարանները պետք է անհրաժեշտ ջանասիրություն դրսևորեն գործերը ողջամիտ ժամկետում քննելու համար: Բացի դրանից, իրավունքի խախտման պայմաններում անձը կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 և 162.1-րդ հոդվածներով սահմանված կարգով պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում:

Ինչ վերաբերում է դիմումում վկայակոչված մի շարք երկրներում կիրառվող կանխարգելիչ միջոցին, այն է` դատավարության ձգձգվելու դեպքում շահագրգիռ անձի կողմից դատարանի նախագահին դիմում-բողոք ներկայացնելուն, պատասխանողի կարծիքով նման կարգավորումը կարող է խախտել դատավորների անկախության սկզբունքը:

Ելնելով վերոգրյալից` պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 9-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումների պայմաններում ապահովվա՞ծ է արդյոք արդար դատաքննության հիմնական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կենսագործմանն ուղղված անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայությունը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության` «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն` «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ` ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ` Կոնվենցիա): Այսպես` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (...) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում (...) դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը` ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»` Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994):

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները: Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող` ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:

Այսպես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որպես գործի քննության տևողության ողջամտության գնահատման չափանիշ առանձնացնում է հետևյալները. գործի բարդությունը, դիմումատուի և համապատասխան մարմինների դրսևորած վարքագիծը, վեճի առարկայի նշանակությունը դիմումատուի համար (Cases of Comingersoll S.A. v. Portugal [GC], application no. 35382/97, 06/04/2000, Frydlender v. France [GC], application no. 30979/96, 27/06/2000, and Surmeli v. Germany [GC], application no. 75529/01, 08/06/2006): Ընդ որում, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների`

- գործի բարդությունը կարող է կապված լինել և` փաստերի, և` իրավունքի հարցերի հետ (Case of Katte Klitsche de la Grange v. Italy, cit.).

- շահագրգիռ անձից պահանջվում է միայն ջանասիրություն ցուցաբերել իրեն առնչվող դատավարական քայլերի կատարման հարցում, ձեռնպահ մնալ ձգձգելու հնարքների գործադրումից և օգտվել ներպետական օրենսդրությամբ տրամադրվող շրջանակներից` վարույթի ժամկետը կրճատելու համար (Case of Union Alimentaria Sanders S.A. v. Spain, application no. 11681/85, 07/07/1989).

- միայն պետությանը վերագրելի ձգձգումները կարող են արդարացնել «ողջամիտ ժամկետի» պահանջը խախտելու մասին եզրահանգումը (Cases of Buchholz v. Germany, application no. 7759/77, 06/05/1981, and Humen v. Poland [GC], 26614/95, 15/10/1999): Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն գործով վիճարկվող դրույթի բովանդակությանը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանով սահմանված են ինչպես գործի քննությունը և լուծումը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջը, այնպես էլ այն չափանիշները, որոնք պետք է հաշվի առնել գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս: Մասնավորապես` օրենսդիրը սահմանել է, որ դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում` 1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, 2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը, 3) գործի քննության ընդհանուր տևողությունը, 4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած` գործի քննության միջին ուղենիշային տևողությունը: Միևնույն ժամանակ վիճարկվող հոդվածով սահմանված է նաև, որ գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված հատուկ ժամկետի առկայության դեպքում այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում, իսկ նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումները` գործի քննության ժամկետի ողջամտության գնահատման համար նախատեսված չափանիշների արդյունավետության առումով, հաշվի առնելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դրանց վերաբերյալ առկա պրակտիկան և ներպետական պրակտիկայում կիրառելու իրավական հնարավորությունները, համահունչ են արդար դատաքննության սահմանադրական իրավունքին և չեն խոչընդոտում այդ իրավունքի բաղադրատարր հանդիսացող գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի ապահովումը:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թեև օրենսդիրը որպես գործի քննության ժամկետի ողջամտությունը գնահատելու չափանիշ նախատեսել է նաև Բարձրագույն դատական խորհրդի սահմանած` գործի քննության միջին ուղենիշային տևողությունը, սակայն վերջինս մինչ սույն որոշման ընդունման պահը չի իրացրել Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով իրեն վերապահված լիազորությունը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր նշված լիազորությունն իրականացնելու, իսկ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումների դեպքում իրավասու մարմինների կողմից դրանց արդյունավետորեն արձագանքելու պարագայում հնարավոր է գործնականում բարձրացնել վիճարկվող դրույթում ամրագրված, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բացահայտված չափորոշիչների հաշվառմամբ գնահատվող` գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման արդյունավետության մակարդակը:

4.2. Քանի որ դիմողի կողմից բարձրացվում է նաև ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման և պաշտպանության համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի, հատկապես կանխարգելիչ կառուցակարգերի բացակայության խնդիրը, Սահմանադրական դատարանը հարկ է համարում բարձրացված հարցը դիտարկել նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության համատեքստում:

i

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, արձանագրել է, որ «... ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը»: Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը` կանխելով արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները, մյուս կողմից, գործի քննության ձգձգումների դեպքում պետք է ապահովի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն:

Անդրադառնալով գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի պահպանումն ապահովելու հարցին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետությունն իր իրավական համակարգը պետք է կազմակերպի այնպես, որ դատարանները հնարավորություն ունենան և իրենց իրավասությանը վերապահված գործերը քննեն ողջամիտ ժամկետում (տե՛ս նաև` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Case of Cappello v. Italy, application no. 12783/87, 27/02/1992 գործով արտահայտած դիրքորոշումը):

Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի տարեկան հաղորդման(1) մեջ արտացոլված գործերի քանակական ցուցանիշների և գործերի քննության ժամկետների վերաբերյալ տվյալների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների ուսումնասիրությունը վկայում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կենսագործման հարցի կապակցությամբ առկա խնդրահարույց իրավիճակի մասին: Դրա հիմքում կարող են ընկած լինել տարբեր գործոններ: Ընդ որում, դրանց մի մասի վրա հնարավոր է ներազդել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի չպահպանման դեպքում դատավորի համար հետևանքներ նախատեսելու միջոցով, որոնք գործող իրավակարգավորումների պայմաններում արտահայտվում են դատավորի գործունեության գնահատման և դատավորի կարգապահական պատասխանատվության կառուցակարգերի շրջանակներում (Օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ` փոխկապակցված 67-րդ հոդվածի 1-ին մասի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հետ): Սակայն քննարկված միջոցներն առաջարկում են միայն տեղային լուծումներ` էական նշանակություն չունենալով համակարգային խնդրի տեսանկյունից:

____________________

1) Հասանելի է հետևյալ հղումով` https://new.court.am/storage/uploads/files/service-page/T63G7RkWdVgDq UNjPVOM5ddAOiTGmCyOThrhWaXm.pdf.

 

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ հաճախ մատնանշվում է դատարանների ծանրաբեռնվածությունը` առանձին դեպքերում այն կապելով գործերի քննության երկարաձգումների հետ (օրինակ` Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի տարեկան հաղորդումը, «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի 1441-Լ որոշումը): Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ արդարադատության արդյունավետության մակարդակը չի բնութագրվում բացառապես հնարավոր ամենակարճ ժամկետում քննվող և լուծվող գործերի թվային ցուցանիշով. դատարանները կրում են արդար դատաքննության բոլոր պահանջներին համահունչ գործերի քննություն իրականացնելու պարտականություն, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը կարող է վտանգել առաջադրված բոլոր պահանջների միաժամանակյա ապահովումը: Ուստի` անհրաժեշտ է ապահովել դատարանների այնպիսի ծանրաբեռնվածություն, որի պայմաններում վերջիններս հնարավորություն կունենան գործերի քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետում` միաժամանակ արդար դատաքննության իրավունքի նաև մյուս պահանջների պահպանմամբ:

Այսպիսով, գործերի քննության ժամկետները սերտորեն կապված են հետևյալ տարրերի հետ.

- քննվող գործերի քանակ,

- գործերը քննող համակարգին հասանելի ռեսուրսներ (մարդկային և նյութական),

- գործերի քննության որակ (նյութական առումով դատական ակտի որակ և համապատասխանություն դատավարական պահանջներին) (այս մասին նաև` Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողով, CEPEJ (2004) 19 REV 2, 13/09/2005):

Ասվածը նշանակում է, որ վերոթվարկյալ տարրերում կատարվող փոփոխությունները (դատարաններում քննվող գործերի քանակի նվազեցում, դատարաններին հասանելի մարդկային և նյութական ռեսուրսների ավելացում, գործերի քննության կարգի պարզեցում) հանգեցնում են գործերի քննության ժամկետների կրճատմանը` նպաստելով գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի կատարման ապահովմանը: Սահմանադրական դատարանը հարկ է համարում Ազգային ժողովի ուշադրությունը հրավիրել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի կենսագործման ընդհանուր խնդրի վրա` հորդորելով նախատեսել գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման հետևանքով արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարումը կանխող անհրաժեշտ և բավարար երաշխիքներ:

4.3. Անդրադառնալով գործի քննության անհարկի ձգձգումների դեպքում անձին տրամադրվող պաշտպանության միջոցներին` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դրանք քննարկել` հաշվի առնելով նաև այդ հարցի կապակցությամբ առկա միջազգային փորձը:

Այսպես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման կապակցությամբ պաշտպանության արդյունավետ միջոցներ սահմանելու հարցին, մասնավորապես, արտահայտել է հետևյալ դիրքորոշումները.

- պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ, բավարար և հասանելի (Case of Paulino Tomas v. Portugal (dec.), application no. 58698/00, 27/03/2003).

- ինչ վերաբերում է դատական գործերի տևողության կապակցությամբ պաշտպանության միջոցների «արդյունավետությանը», լավագույն լուծումը, անվիճելիորեն, ինչպես շատ ոլորտներում, կանխարգելումն է: Երբ որևէ պետության դատական համակարգը թերանում է ողջամիտ ժամկետի պահանջի կատարման ապահովման տեսանկյունից, գործի քննության արագացման համար նախատեսված միջոցը` դրա չափազանց երկարաձգումը կանխելու համար, ամենաարդյունավետ լուծումն է: Նման միջոցն անհերքելի առավելություն ունի միայն փոխհատուցում պարունակող միջոցի նկատմամբ, քանի որ այն նաև կանխում է հետագա խախտումների արձանագրումը նույն վարույթի կապակցությամբ և միայն a posteriori չի վերականգնում խախտումը, ինչն անում է փոխհատուցման միջոցը: Հետևաբար, այս տեսակի միջոցներն «արդյունավետ» են այնքանով, որքանով դրանք արագացնում են համապատասխան դատարանի որոշման կայացման գործընթացը: Միևնույն ժամանակ, դատավարությունը արագացնելու համար նախատեսված միջոցը կարող է համարժեք չլինել այն իրավիճակը շտկելու համար, երբ գործի քննությունն ակնհայտորեն արդեն չափազանց երկար է տևել: Նման իրավիճակներում տարբեր տեսակի միջոցները, ներառյալ` փոխհատուցման միջոցը, կարող են պատշաճ կերպով վերականգնել խախտումը: Բացի դրանից, պետությունները կարող են ընտրել երկու տեսակի միջոցները. մեկը` նախատեսված վարույթն արագացնելու համար, և մյուսը` փոխհատուցում տալու համար` չնայած որ նրանք կարող են նաև որոշել ներդնել միայն փոխհատուցումը միջոց` առանց այդ միջոցն անարդյունավետ համարելու (Cases of Scordino v. Italy (no. 1) [GC], application no. 36813/97, 29/03/2006, Fil LLC v. Armenia, application no. 18526/13, 31/01/2019, and Keaney v. Ireland, application no. 72060/17, 30/04/2020):

i

Գործի քննության չափազանց երկար տևողության կապակցությամբ պաշտպանության ազգային միջոցների արդյունավետության հարցին անդրադարձել է նաև «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով)` նշելով, մասնավորապես, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` ողջամիտ ժամկետի պահանջի կապակցությամբ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին ամբողջությամբ համապատասխանելու համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն առաջին հերթին արագացնող միջոցներ, որոնք նախատեսված են կանխելու ցանկացած (հետագա) անհարկի ձգձգում ցանկացած պահի` մինչև գործի քննության ավարտը: Ի լրումն` նրանք պետք է ապահովեն փոխհատուցող միջոցներ ողջամիտ ժամկետի պահանջի ցանկացած խախտման համար, որն արդեն առաջացել է գործի քննության ընթացքում (նախքան արագացնող արդյունավետ միջոցների գործադրումը) (CDL-AD(2006)036rev, 03/04/2007):

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, որպես ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտումներից պաշտպանության միջոց` Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է փոխհատուցման ինստիտուտ, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված է նման դեպքերում ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավական հնարավորություն (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ` փոխկապակցված նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի և 17-րդ հոդվածի 1-ին մասի հետ): Սահմանադրական դատարանը, արձանագրելով նման կառուցակարգի առկայությունը, դրա սահմանադրականությանը սույն գործի շրջանակներում չի անդրադառնում` հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը:

4.4. Սահմանադրական դատարանը հարկ է համարում դիմողի բարձրացրած հարցը դիտարկել նաև օրենսդրական բացի տեսանկյունից` պայմանավորված այն իրողությամբ, որ, ըստ դիմողի, գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի խախտումից պաշտպանության լավագույն միջոցը կանխարգելիչ կառուցակարգերի նախատեսումն է, ինչը բացակայում է ՀՀ օրենսդրությամբ:

Այդ առումով միջազգային մարմինների վերը վկայակոչված իրավական դիրքորոշումները հաշվի առնելով` Սահմանադրական դատարանը, համաձայնելով դիմողի հետ և արձանագրելով նման ինստիտուտի նշանակությունն արդար դատաքննության իրավունքի պաշտպանության առավել ամբողջական և արդյունավետ համակարգի ապահովման տեսանկյունից, այդուհանդերձ, գտնում է, որ այդ հարցի լուծումը գտնվում է օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում: Սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես` համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Զարգացնելով իր հիշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը (29.10.2019թ., ՍԴՈ-1486):

Տվյալ դեպքում որպես ենթադրյալ օրենսդրական բացի հաղթահարմանն ուղղված միջոցների օրինակ` դիմողը ներկայացնում է արտասահմանյան մի շարք երկրներում գործող` գործի քննության ողջամիտ ժամկետի ապահովման, դրա մշտադիտարկման կամ այդ ժամկետի խախտման դեպքում հետևանքների վերացմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կասկածից վեր է, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը, դրա խախտումները կանխելու և/կամ խախտումների հետևանքները վերացնելուն ուղղված միջոցների ձեռնարկումը պետության պոզիտիվ պարտականությունն են, սակայն այն հարցը, թե պրակտիկայում գործող միջոցներից որի՞ն է նպատակահարմար նախապատվություն տալ, ամբողջովին գտնվում է օրենսդրի հայեցողական լիազորությունների տիրույթում: Ընդ որում, այդ միջոցներն ընտրելիս նաև անհրաժեշտ է հաշվի առնել Սահմանադրության պահանջների պահպանման անհրաժեշտությունը:

Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող Օրենսգրքի 9-րդ հոդվածն ինքնին սահմանադրականության առումով խնդրահարույց չէ, սակայն օրենսդրի խնդիրն է, արձագանքելով սույն որոշմամբ մատնանշված խնդիրներին, նախատեսել այնպիսի ընթացակարգեր, որոնք առավել արդյունավետ կերպով կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի իրացումը և պաշտպանությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

16 մարտի 2021 թվականի

ՍԴՈ-1585

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 18 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.03.2021
N ՍԴՈ-1585
Որոշում