ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
8 սեպտեմբերի 2020 թվականի N 69
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը ցանկանում է ընկերության աշխատանքներում ներգրավել արտերկրից հրավիրված ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի և վերջինիս հետ կնքված փորձագիտական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում ստանա պայմանագրով սահմանված ծառայությունները: Պայմանագրում ծառայության արժեքի գնանշումը կատարվելու է ՀՀ դրամով: Արդյո՞ք կազմակերպությունը կարող է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին վճարումը կատարել արտարժույթով:
Պատասխան
i
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի`
- 1-ին հոդվածին համապատասխան` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,
- 3-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետին համապատասխան` ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող գործարքները կամ վճարումները, մասնավորապես` ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները,
- 6-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` անկանխիկ վճարումներ նախատեսող և գրավոր ձևով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև,
- 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:
Նույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով, եթե այդ գործարքները իրականացվում են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև:
Հաշվի առնելով վերը նշված իրավական կարգավորումները, հայտնում ենք, որ արտարժույթով իրականացվող գործարքների (գնանշում, վճարում) նկատմամբ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները (մասնավորապես` օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներ) վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գործարքներին: Հետևաբար` ՀՀ ռեզիդենտ կազմակերպության և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված ծառայությունների մատուցման պայմանագրում գնանշումը, ինչպես նաև դրա դիմաց վճարումը պետք է կատարվի ՀՀ դրամով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ