ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
25 օգոստոսի 2020 թվականի N 53
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է Ա կազմակերպության վերակազմակերպումը` առանձնացման միջոցով, որի արդյունքում Ա կազմակերպությունից առանձնացման արդյունքում ստեղծվել է Բ կազմակերպությունը (երկու կազմակերպություններն էլ հանդիսանում են ՄԱՀ վճարողներ): Առանձնացման արդյունքում Ա կազմակերպությունը Բ կազմակերպությանը փոխանցել է ակտիվներ (ներառյալ ապրանքներ) և պարտավորություններ` համաձայն բաժանիչ հաշվեկշռի և փոխանցման ակտի: Տվյալ դեպքում վերակազմակերպման արդյունքում ակտիվների փոխանցումը առանձնացված կազմակերպությանը հանդիսանում է ապրանքների մատակարարում և եթե այո, ապա Ա կազմակերպության մոտ առաջանու՞մ է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 1 կետի համաձայն ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման անհրաժեշտություն:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 49-րդ հոդվածով սահմանված են կազմակերպության վերակազմակերպման դեպքում հարկային պարտավորությունների կատարմանը վերաբերող կարգավորումները: Մասնավորապես, վերակազմակերպված կազմակերպության հարկային պարտավորությունները կատարվում են կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից նույն հոդվածով սահմանված կարգով,
- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 33-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում են օրենքով սահմանված կարգով իրականացվող կազմակերպության վերակազմակերպման շրջանակներում ապրանքի մատակարարումը և (կամ) ծառայության մատուցումը,
- 71-րդ հոդվածով սահմանված է ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում և (կամ) ներմուծման հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը,
- 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ՀՀ հարկային օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում, մասնավորապես, եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին,
- 73-րդ հոդվածով սահմանված է պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը,
- 322-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպության
վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային պարտավորությունները շարունակվում են հաշվառվել` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տույժերի, տուգանքների կամ ժամկետների հաշվառման մասով),
i
- 322-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային պարտավորությունների և դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված հարկի գումարների, ինչպես նաև միասնական հաշվի գումարների մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման (բացառությամբ` վերակազմավորման) գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը կազմելու ամսաթվից)` հիմք ընդունելով հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտի տվյալները:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ փոխանցման ակտին կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան վերակազմակերպված իրավաբանական անձին փոխանցվող գույքի (ակտիվների) մասով ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպումներ չեն կատարվում և ԱԱՀ-ի գծով պարտավորություններ այդ մասով չեն առաջանում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ