ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
14 օգոստոսի 2020 թվականի N 43
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ա կազմակերպությունը տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանցից ձեռք է բերում դրոշմավորման ենթակա ապրանքներ` դրանք նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) և ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու վաճառելու նպատակով: Տվյալ դեպքում կազմակերպությունը, որը ֆիզիկական անձանցից ձեռք է բերում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ առանց դրոշմավորման, պե՞տք է կրի դրոշմապիտակի ձեռքբերման պարտավորություն և արդյո՞ք այս պարագայում դրա բացակայության դեպքում կազմակերպությունը կենթարկվի պատասխանատվության:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու,
- 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրում են, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Հետևաբար` գրությամբ նկարագրված դեպքում վերավաճառող ընկերության կողմից ապրանքի դրոշմավորում չի կարող իրականացվել, իսկ այդ ապրանքներն առանց դրոշմապիտակների օտարման դեպքում կիրառվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ