ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
23 հունիսի 2020 թվականի N 13
ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա դպրոցը իրականացնում է միջնակարգ հանրակրթական ծրագիր: Դպրոցը որպես ուսումնական հաստատություն, ցանկանում է նաև ճամբարային լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնել, ինչպես նաև դպրոցի կանոնադրությամբ սահմանված այլ ծառայություններ: Արդյո՞ք դպրոցի կողմից ճամբարային լրացուցիչ կրթական ծրագրերի կամ դպրոցի կանոնադրությամբ սահմանված կրթության բնագավառում այլ օժանդակ գործունեության իրականացումը ազատվում է ԱԱՀ-ից:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱԱՀ-ից ազատելը օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Նույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի
i
- 3-րդ հոդվածի 1.1-ին կետի համաձայն` ուսուցումը կրթական ծրագրով իրականացվող գործընթաց է, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը,
i
- 3-րդ հոդվածի 1.3-րդ կետի համաձայն` ֆորմալ կրթություն է համարվում հանրակրթական և մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջությունը, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կողմից և հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման և դիպլոմավորման,
i
- 3-րդ հոդվածի 1.4-րդ կետի համաձայն` ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում) է համարվում կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիրը կամ ծրագրերի ամբողջությունը, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ ՀՀ օրենքներով սահմանված դեպքերի.
i
- 3-րդ հոդվածի 1.6-րդ կետի համաձայն` լրացուցիչ կրթությունը (ուսուցում)` լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն է, որի առավելագույն տևողությունը կարող է լինել մինչև հինգ ամիս,
i
- 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական ծրագրերն են` հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են նախընթաց կրթության և ուսուցման արդյունքում կամ դրան զուգահեռ ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և (կամ) հմտությունները լրացնելուն, կատարելագործելուն և արդիականացնելուն,
i
- 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ուսումնական հաստատությունների տիպերը` նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթության, այդ թվում` արտադպրոցական դաստիարակության, հետբուհական մասնագիտական կրթության:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի`
i
- 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` հանրակրթական ծրագիրը (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն է,
i
- 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի և դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները` ըստ մակարդակների: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը,
i
- 7-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել, մասնավորապես, սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.
i
- 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ` համաձայն իր կանոնադրության և ՀՀ կառավարության սահմանած կարգի:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ.
1) օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը վերաբերում է ուսուցման ծառայությունների մատուցմանը, հետևաբար` այն կիրառվում է հանրակրթական ուսումնական հաստատության կողմից հանրակրթական հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի շրջանակներում մատուցվող ուսուցման ծառայությունների նկատմամբ,
2) հանրակրթական ուսումնական հաստատության կողմից մատուցվող այլ ծառայությունների նկատմամբ, որոնք նախատեսված են նաև հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությամբ, կիրառելի չեն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը: Այդ ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկվում ու վճարվում է օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ