ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
12 օգոստոսի 2020 թվականի N 42
ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Կազմակերպությունը հիմնական միջոցի վերանորոգման համար ֆիզիկական անձի հետ կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Վերջինիս աշխատավարձը շահութահարկով հարկման տեսանկյունից, եթե գերազանցում է հիմնական միջոցի սկզբնական արժեքի 5 տոկոսը պե՞տք է դիտել որպես կապիտալ բնույթի ծախս և նվազեցնել համախառն եկամտից:
Պատասխան
i
ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում` գործառնական վարձակալությամբ կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը` նույն կետի «ա»-»գ» ենթակետերով սահմանված կարգով: Նույն կետի կիրառության իմաստով` հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5%-ը, կամ եթե հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված` հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5%-ը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարը գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 15%-ը` այդ չափը գերազանցող մասով:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե հիմնական միջոցի վրա կատարված ծախսը (այդ թվում` հատուկ հիմնական միջոցի վերանորոգումը կատարելու համար անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրով տրվող վարձատրության գումարը) գերազանցում է տվյալ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 5%-ը, ապա այդ ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ