040.0184.270212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2012 թվականի N 184-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կենսաթոշակների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 2-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետում «2011» թիվը փոխարինել «2012» թվով,
բ. 5-րդ ենթակետում «սկսած 2011» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան սկսած 2012» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության դատախազության» բառերով.
բ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին է փոխանցվում գանձապետարանի միջոցով:»,
գ. 10-րդ կետը «կարգավորվում են» բառերից հետո լրացնել «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով,» բառերով,
դ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կետով սահմանված դեպքում` եթե կենսաթոշակը նախկին բանկի միջոցով վճարելը հնարավոր չէ բանկային հաշիվը փակված լինելու պատճառով, ապա կենսաթոշակը, մինչև անհամապատասխանությունները ճշտելը, վճարվում է կանխիկ եղանակով:»,
ե. 14-րդ կետում «բանկին է» բառերը փոխարինել «բանկին և գանձապետարանին է» բառերով, «ցուցակը և» բառերը` «ցուցակը և, գանձապետարանի միջոցով,» բառերով, իսկ կետը «փոխանցումը բանկին» բառերից հետո լրացնել «ու կենսաթոշակի գումարի փոխանցումը կենսաթոշակառուի բանկային հաշվին» բառերով,
զ. 19-րդ կետում «տարբերակը և» բառերը փոխարինել «և էլեկտրոնային տարբերակներն ու» բառերով,
է. 25-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կազմակերպությունը տվյալ ամսվա կենսաթոշակը վճարում է մինչև տվյալ ամսվա 20-ը և հիմնական պայմանագրով սահմանված կարգով, վճարման ցուցակի հիման վրա, կենսաթոշակների վճարման վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է տրամադրում ծառայությանը` թղթային և էլեկտրոնային տարբերակով:».
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն պայմանագրի 1.2.1-ին կետով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար ամսական երեսուն դրամի չափով փոխհատուցում, որը պատվիրատուն բանկ է փոխանցում տվյալ ամսվա կենսաթոշակի գումարի հետ միասին:»,
բ. 3-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
2. Սահմանել, որ`
1) 2012 թվականի ապրիլ ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման ցուցակները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կենսաթոշակառուների) վճարող կազմակերպությանն են տրամադրվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով.
2) համապատասխան մարմինները, վճարման ցուցակների հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանն են տրամադրում տվյալ ամսվա կենսաթոշակների ֆինանսավորման հայտերը և իրենց համակարգերի կենսաթոշակառուների հաշվառման թարմացված տեղեկատվական բազաները.
3) համապատասխան մարմինների համակարգերի կենսաթոշակառուների 2012 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների կենսաթոշակների վճարման ծառայությունների համար վճարումն իրականացվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը համապատասխան մարմնի և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով.
4) 2012 թվականի ապրիլ ամսվանից սկսած` «ՎՏԲ-Հայաստան» բանկը կենսաթոշակը վճարում է բացառապես կենսաթոշակառուի հետ կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելն ապահովող բանկային հաշվի պայմանագիր կնքելու դեպքում.
5) 2012 թվականի ապրիլ ամսվանից սկսած (մինչև «ՎՏԲ-Հայաստան» բանկի և կենսաթոշակառուի միջև կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելն ապահովող բանկային հաշվի պայմանագիր կնքելը)` «ՎՏԲ-Հայաստան» բանկի մատուցած ծառայությունների վարձավճարը սահմանվում է կանխիկ եղանակով վճարված գումարի 0,45 տոկոսի չափով, որը վճարվում է կենսաթոշակառուի հետ սույն կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագիրը կնքելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը տրամադրելուց հետո.
6) եթե համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուի 2012 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակն անկանխիկ եղանակով հնարավոր չէ վճարել (այդ թվում` կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալներում առկա անճշտությունների պատճառով), ապա 2012 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակ վճարելը դադարեցվում է` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կենսաթոշակառուների.
7) սույն կետով սահմանված ընթացակարգը գործում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:
(2-րդ կետը փոփ. 07.09.17 թիվ 1106-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) 2012 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ կնքված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողությունը.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել սույն որոշման կատարման, կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգում առկա անճշտությունները ճշտելու և կենսաթոշակների վճարումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով իրականացնելն ապահովելու ուղղությամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ