ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Երևան ԲԴԽ-8-Ո-Կ-04
14.02.2019 թ, 2019 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.
նախագահությամբ` Գ. Հարությունյանի,
մասնակցությամբ` անդամներ Ա. Բեկթաշյանի,
Գ. Դանիելյանի,
Ա. Խաչատրյանի,
Հ. Հովհաննիսյանի,
Լ. Մելիքջանյանի,
Ս. Մեղրյանի,
Ա. Մխիթարյանի,
Ս. Չիչոյանի,
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության
դատարանի դատավոր Ա. Մելքումյանի,
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության
դատարանի դատավոր
Ա. Մելքումյանի ներկայացուցիչ Դ. Գրիգորյանի,
Արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի,
Արդարադատության նախարարի
ներկայացուցիչ`
Արդարադատության նախարարության
վերահսկողական վարչության պետ Մ. Մինասյանի,
քարտուղարությամբ Շ. Վարդանյանի,
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանի (այսուհետ` Արդարադատության նախարար) 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 630-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Արայիկ Մելքումյանին (այսուհետ` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
ՊԱՐԶԵՑ.
1. Գործի նախապատմությունը
Արդարադատության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 588-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Արթուր Մկրտչյանի 2018 թվականի հոկտեմբերի 26-ի հաղորդումը` հասցեագրված Արդարադատության նախարարին:
Հաղորդման մեջ նշվել է, որ թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ: Մասնավորապես` թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործով Դատավորը տվել է կատարողական թերթ դեռևս ուժի մեջ չմտած դատական ակտի վերաբերյալ, ավելին` դատական ակտը եղել է բեկանված վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Հետևաբար Դատավորի կողմից խախտվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերը: Խախտումներն ակնհայտ են և կոպիտ, ուստիև Դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:
Արդարադատության նախարարի 2018 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 588-Ա որոշմամբ քաղաքացի Արթուր Մկրտչյանի հաղորդման հիման վրա Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և գրավոր պարզաբանում` Բարձրագույն դատական խորհրդին:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործի նյութերի, ինչպես նաև Դատավորի ներկայացրած գրավոր բացատրության ուսումնասիրության արդյունքում Արդարադատության նախարարը հանգել է այն հետևությանը, որ դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից 12.10.2017 թ. կայացված վճռի հիման վրա (նշված վճիռը հրապարակման պահից չի մտել օրինական ուժի մեջ) 17.10.2018 թ. տրվել է կատարողական թերթ` նշումով, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 31.08.2018 թ-ին, սակայն դատավորի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանի 12.10.2017 թ. վճիռը, բացառությամբ գործի վարույթը կարճելու մասի, մինչ օրս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ վերաքննիչ դատարանի 31.07.2018թ. որոշմամբ վճիռը` հայցը բավարարելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության: Ընդ որում, վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առկա է այն դատական սխալը, որը հիմք է Դատարանի վճիռը բեկանելու և նոր քննության ուղարկելու համար: (...) Տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը հայցը բավարարելու մասով բեկանելու և գործն այդ մասով ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու վերաքննիչ դատարանի լիազորությունը»: Այսինքն` վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան վերաքննիչ բողոքի բավարարման արդյունքում սույն քաղաքացիական գործով Դատարանի կողմից կայացված վճիռը` հայցը բավարարելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ամբողջ ծավալով ուղարկվել է նոր քննության:
Արդարադատության նախարարն իր միջնորդության մեջ նշել է, որ Դատավորի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, մասնավորապես` կատարողական թերթը տրվել է օրինական ուժի մեջ չմտած, բեկանված դատական ակտի հիման վրա, որի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման ուժով ստեղծվել է բեկանված դատական ակտի կատարման պարտադիրության և՛ տեսանելիություն, և՛ անհրաժեշտություն` հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված` հարկադիր կատարողի համար նշված կատարողական թերթը կատարելուց ձեռնպահ մնալու որևէ իրավական հնարավորության բացակայությունը:
Արդարադատության նախարարը գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումն ակնհայտ է, կոպիտ և կատարված է կոպիտ անփութությամբ: Վարույթ հարուցած մարմինը նաև գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական խախտում է: Դատավորի կողմից այնպիսի արարք է կատարվել, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ, ինչպես նաև Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացված բացատրությունը հիմք է տալիս կասկածի տակ առնել նրա պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը:
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորը ներկայացրել է երկու բացատրություն. առաջինը` Արդարադատության նախարարին, երկրորդը` Բարձրագույն դատական խորհրդին:
Առաջին գրավոր բացատրության մեջ Դատավորը նշել է, որ կատարողական թերթ տրվել է հայցվորներից Անդրանիկ Գրիգորյանին, որի կողմից վերաքննիչ բողոք չէր ներկայացվել, հետևաբար, առաջին ատյանի դատարանի վճիռը` Անդրանիկ Գրիգորյանի մասով, մտել էր օրինական ուժի մեջ, իսկ վերաքննիչ բողոք ներկայացրած անձինք չէին կարող վերաքննիչ բողոք ներկայացնել Անդրանիկ Գրիգորյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մասով:
Երկրորդ բացատրությամբ Դատավորը նշել է, որ պատշաճ քննություն չի կատարվել իր կողմից թույլ տրված խախտման բնույթի, այն ծնող հանգամանքների և պայմանների վերաբերյալ, ինչի արդյունքում Լիազոր մարմինը հանգել է ոչ ճիշտ հետևության իր կողմից թույլ տրված արարքի որակման խնդրում: Դատավորը հայտնել է, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ Լիազոր մարմնի որոշումն ընդունում է մասամբ` վերագրվող արարքի առկայության փաստի մասով, միաժամանակ առարկում է արարքի բնույթի` կոպիտ խախտման, կոպիտ անփութությամբ կատարված լինելու վերաբերյալ որոշմամբ նշված հիմքերի ու հիմնավորումների դեմ:
Դատավորը նաև նշել է, որ դատական ակտի օրինական ուժի մեջ չմտած լինելու պայմաններում կատարողական թերթի տրամադրման բացառումը պարզագույն իրավակարգավորում է, որն ուսուցանվում է դեռևս իրավաբանական ֆակուլտետի առաջին-երկրորդ կուրսերում: Հետևաբար, 2008 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում և ունենալով ավելի քան տասը տարվա դատավորի մասնագիտական ստաժ, ակնհայտ է, որ իր կողմից թույլ տրված վրիպումը (խախտումը) չէր կարող պայմանավորված լինել իրավական նորմի չիմացությամբ: Նաև պնդել է, որ իր կողմից նման վրիպում թույլ տալու փաստը հետևանք է իր` որպես դատավորի գերծանրաբեռնվածության և աշխատակազմի ոչ համալրված լինելու, մասնավորապես.
- 2018 թվականի հոկտեմբերի 17-ին` կատարողական թերթ տալու օրվա դրությամբ, իր վարույթում եղել է 1356 քաղաքացիական գործ, 1514 արբիտրաժային գործ, որոնք քննվում են քաղաքացիական գործերի քննության նույն ընթացակարգով, և 667 վճարման կարգադրություն, ընդհանուր առմամբ 3537 գործ,
- իր աշխատակազմում տեղի է ունեցել փոփոխություն` նոր օգնականը հրամանագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 03-ին, որն էլ մինչ այդ չի ունեցել դատական համակարգում աշխատելու փորձ և ընդհանուր առմամբ որևէ պատկերացում չուներ դատավորի օգնականի գործառույթների մասին, և վերջինիս համար այդ ընթացքում աշխատանքը դեռևս ուսումնառություն և ծանոթություն էր ներառում,
- կատարողական թերթ տրամադրելու պահին աշխատակազմում գործավար չի ունեցել:
Դատավորը վկայակոչել է նաև դատավորի անկախությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթեր: Նշել է, որ ՄԱԿ-ի 7-րդ կոնգրեսի կողմից 1985թ. սեպտեմբերի 6-ին ընդունված Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների համաձայն`
- դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը (կետ 1-ին),
- յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել` դատական մարմիններին հնարավորություն տալով իրենց պարտականությունները կատարելու պատշաճ կերպով (կետ 7),
- դատավորների լիազորությունների ժամկետը, նրանց անկախությունը, անվտանգությունը, համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը և թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձևով երաշխավորվեն օրենքով (կետ 11):
«Դատավորների անկախության, արդյունավետության և դերի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ (94) 12 հանձնարարականով ամրագրվել է դատավորի պատշաճ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը, որը ներառում է նաև համապատասխան (պատշաճ) օժանդակ անձնակազմի ապահովումը:
Դատավորը նաև նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատասխան գրություն ներկայացնելուց հետո իր կողմից կրկին ուսումնասիրվել է սույն քաղաքացիական գործը, որից հետո մինչև որոշումն իրեն հանձնելը` դեկտեմբերի 27-ին, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված գրությամբ խնդրել է վերադարձնել սույն գործով 17.10.2018 թվականին էլեկտրոնային եղանակով Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված թիվ ԿԹ-75608-2018 կատարողական թերթը:
Դատավորն իր դիրքորոշումը եզրահանգել է հետևյալով. «Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կողմից թույլ տրված վրիպումը որևէ աղերս չունի մասնագիտական առումով ոչ կոմպետենտության կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հետ, այն չի կատարվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, ունեցել է իր ծնող պատճառները` գերծանրաբեռնվածություն, բավարար և պատշաճ պրոֆեսիոնալիզմով աշխատակազմի բացակայություն, ինչպես նաև այն, որ ինքը միջոցներ է ձեռնարկել կատարած խախտման (վրիպման) հետևանքները վերացնելու համար, ուստի խնդրում է մերժել Լիազոր մարմնի կողմից ներկայացված որոշումը»:
Անդրադառնալով արարքի որակման հարցին` նիստի ժամանակ Դատավորի ներկայացուցիչը վկայակոչեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի պաշտոնի անհամատեղելիության սկզբունքը: Դատավորի ներկայացուցիչը նույնացրեց դատավորի պաշտոնի անհամատեղելիության սկզբունքը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը նախատեսող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հետ, համաձայն որի` էական կարգապահական խախտում է դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: Նշվածը Դատավորի ներկայացուցիչը ներկայացրեց որպես դատավորի կողմից կատարված արարքն էական կարգապահական խախտում դիտարկելու` Արդարադատության նախարարի փաստարկի հերքում:
4. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
Բարձրագույն դատական խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ հանգամանքները.
1. Դատարանը քննել է թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի Անդրանիկ Գրիգորյանի և մյուսների (այսուհետ` Հայցվորներ) ընդդեմ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանի, երրորդ անձ` Սամվել Մարգարյան և մյուսներ (այսուհետ` Երրորդ անձինք)` 28.11.2014 թ. ՀԽՄ արտահերթ համագումարի որոշումն անվավեր ճանաչելու, այն է` համագումարի ընթացքում ընդունված բոլոր որոշումները, դրանց հիման վրա կատարված բոլոր կանոնադրական փոփոխությունները և համապատասխան պետական գրանցումը, 28.11.2014 թ. ՀԽՄ նախագահի վերընտրությունը, ՀԽՄ արտահերթ համագումար հրավիրելու և դրա օրակարգում ՀԽՄ նոր նախագահի, ՀԽՄ նախագահության և կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետությունները և գույքի օգտագործման հաշվետվությունները համագումարի ընթացքում պատգամավորների քննարկմանը և հաստատմանը ներկայացնելու պահանջների մասին:
2. Դատարանի 12.10.2017 թ. վճռով (այսուհետ` Վճիռ) հայցը բավարարվել է, իսկ հայցվորներ Կոլյա Ղափլանյանի և Գուրգեն Պապիկյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է հայցվորների մահվան հիմքով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետ):
3. Գործին մասնակից չդարձած անձ Մարիետա Խաչատրյանի կողմից 14.11.2017 թ. և ՀԽՄ նախագահ Գրիգոր Գրիգորյանի կողմից 27.11.2017 թ. Վճռի դեմ ներկայացվել են վերաքննիչ բողոքներ:
4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի 06.12.2017 թ. թիվ Ե-65880 գրությամբ թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործն ուղարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ` Վերաքննիչ դատարան):
5. Վերաքննիչ դատարանի 12.12.2017 թ. որոշմամբ նշված վերաքննիչ բողոքները վերադարձվել են և Մարիետա Խաչատրյանի ու ՀԽՄ նախագահ Գրիգոր Գրիգորյանի կողմից կրկին ներկայացվել են 27.12.2017 թ-ին: Վերաքննիչ դատարանի 11.01.2018 թ. որոշմամբ վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ:
6. Հայցվորներ Նիկոլ Մալխասյանի, Աշոտ Բառբառյանի, Ալեքսանդրա Խաչյանի, Օվսաննա Օրդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Բախշի Հովհաննիսյանի, Վիոլետա Կարապետյանի, Սուսաննա Ավետյանի, Հասմիկ Սայադյանի, Սարգիս Թադևոսյանի, Սամվել Քալաշյանի, Արմեն Ղազարյանի, Ալվարդ Պողոսյանի, Գառնիկ Զաքարյանի (ներկայացուցիչ` Ժորա Հարությունյան) կողմից ևս 07.04.2018 թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանի 10.04.2018 թ. որոշմամբ նշված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, այնուհետև կրկին ներկայացվել է 03.05.2018 թ-ին: Վերաքննիչ դատարանի 08.05.2018 թ. որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
7. Վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 31.07.2018 թ. որոշմամբ Մարիետա Խաչատրյանի, ՀԽՄ նախագահ Գրիգոր Գրիգորյանի վերաքննիչ բողոքները մերժվել են: Հայցվորների ներկայացուցիչ Ժորա Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Վճիռը մասնակի` հայցապահանջները բավարարելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Վճիռը` քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով, թողնվել է անփոփոխ և մտել է օրինական ուժի մեջ:
8. Վերաքննիչ դատարանի 31.07.2018 թ. որոշման դեմ 04.09.2018 թ. վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայցվորների և Երրորդ անձանց ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը:
9. Վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավարի 11.09.2018 թ. թիվ ԴԴ7-14400 գրությամբ թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան:
10. Վճռաբեկ դատարանի 17.10.2018 թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է` որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար` դրա համար սահմանելով եռօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:
11. 28.11.2018 թ-ին Հայցվորների և Երրորդ անձանց ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք:
12. 17.10.2018 թ-ին դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործով 12.10.2017 թ-ին կայացված վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ` նշումով, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 31.08.2018 թ-ին:
13. Նշված կատարողական թերթի հիման վրա Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից 19.10.2018 թ-ին հարուցվել է կատարողական վարույթ, և նույն օրը որոշում է կայացվել պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին:
14. Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 02.11.2018 թ. իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նշում է կատարվել ՀԽՄ 16.12.2014 թ. կանոնադրության փոփոխության պետական գրանցման անվավերության վերաբերյալ, ինչպես նաև նախագահի վերընտրության անվավերության մասով ընդունվել է ի գիտություն` հիմք ընդունելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումը:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի ներկայացուցչի և Դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` 1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը. (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը (...):
Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` (...) դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, (...) էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն` էական կարգապահական խախտում է դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
Նույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիմքում Արդարադատության նախարարը դրել է Դատավորի կողմից էական կարգապահական խախտում կատարելու փաստը, որը Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է որպես դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցնելու հիմք:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում հետևյալ հարցադրումները`
1. արդյո՞ք թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործով պահպանվել է կատարողական թերթ տրամադրելու դատավարական կարգը,
2. արդյո՞ք թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործով դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում,
3. արդյո՞ք թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործով թույլ տրված խախտումը հանդիսանում է էական կարգապահական խախտում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`
1. կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից չբեկանվելու դեպքում այն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից մասնակի բեկանվելու դեպքում վճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու պահից, իսկ եթե վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը բողոքարկվում է Վճռաբեկ դատարան, ապա` Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձվելու, առանց քննության թողնվելու, վարույթ ընդունելը մերժվելու կամ վճռաբեկ բողոքը մերժվելու պահից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-4-րդ մասերի համադրված վերլուծությունից բխում է, որ բողոքարկվելու դեպքում առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ չի մտնում, և բողոքարկված վճռի օրինական ուժի մեջ մտնելու կամ չմտնելու հարցը բոլոր դեպքերում կախված է տվյալ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի (բողոքների) կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Ընդ որում, ըստ նույն հոդվածի 4-րդ մասի` սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումների դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում այդ որոշումները համարվում են օրինական ուժի մեջ չմտած:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված իրավակարգավորումների և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համադրումը վկայում է, որ առաջին ատյանի դատարանի վճռի հարկադիր կատարման նպատակով չի կարող տրվել կատարողական թերթ, եթե առաջին ատյանի դատարանի վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, վերաքննիչ դատարանի որոշմամբ այդ բողոքը բավարարվել է (վճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նոր քննության), իսկ վերաքննիչ դատարանի որոշումը, իր հերթին, օրինական ուժի մեջ չի մտել դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու փաստի ուժով:
Ուսումնասիրելով գործի նյութերը, վարույթ հարուցած մարմնի, Դատավորի և վերջինիս ներկայացուցչի բացատրությունները` Բարձրագույն դատական խորհուրդը հաստատված է համարում, որ`
1) թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի վճռի հարկադիր կատարման նպատակով Դատավորի կողմից 17.10.2018 թ. տրվել է կատարողական թերթ այն պայմաններում, երբ տվյալ գործը գտնվել է բողոքարկման փուլում, և վերաքննիչ դատարանի կողմից 31.07.2018 թ. վճիռը` հայցապահանջները բավարարելու մասով, բեկանված է եղել.
2) վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի որոշմամբ գործը բեկանված մասով ուղարկվել է Դատարան` նոր քննության (Վճիռը` քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով, թողնվել է անփոփոխ).
3) վերաքննիչ դատարանի որոշման դեմ 04.09.2018 թ-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք.
4) Դատավորը, առանց իր տրամադրության տակ ունենալու թիվ ԵԿԴ/2347/02/16 քաղաքացիական գործի նյութերը (գործը, ինչպես նշվեց, 06.12.2017 թ. ուղարկվել է վերաքննիչ դատարան, որտեղից` 11.09.2018 թ. ուղարկվել է Վճռաբեկ դատարան և սույն որոշման կայացման պահին գտնվում է Վճռաբեկ դատարանում), առանց հաշվի առնելու Վճռի դեմ վերաքննիչ բողոքների առկայության հանգամանքը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի որոշումն ու դրա դեմ վճռաբեկ բողոքի առկայությունը, 17.10.2018 թ-ին` Վճռի կայացումից գրեթե մեկ տարի հետո, օրինական ուժի մեջ չմտած (բողոքարկված և բեկանված) դատական ակտի առնչությամբ տվել է կատարողական թերթ` նշումով, որ այն օրինական ուժի մեջ է մտել 31.08.2018 թ-ին:
Օրինական ուժի մեջ չմտած վճռի հիման վրա կատարողական թերթ տալու փաստը Բարձրագույն դատական խորհուրդը գնահատում է որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ իրավական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, քանզի դրա առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Արդարադատության նախարարին ներկայացված գրավոր բացատրության շրջանակներում Դատավորի ներկայացրած փաստարկը, թե Նիկոլ Մալխասյանի, Աշոտ Բառբառյանի, Ալեքսանդրա Խաչյանի, Օվսաննա Օրդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Բախշի Հովհաննիսյանի, Արամ Մաթևոսյանի, Արսեն Թաթոյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Վիոլետա Կարապետյանի, Սուսաննա Ավետյանի, Հասմիկ Սայադյանի, Սարգիս Թադևոսյանի, Սամվել Քալաշյանի, Արմեն Ղազարյանի, Ալվարդ Պողոսյանի, Գառնիկ Զաքարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի բավարարման արդյունքում նշված քաղաքացիական գործը նոր քննության է ուղարկվել միայն բողոքաբերների կողմից ներկայացված հայցապահանջների մասով, իսկ Անդրանիկ Գրիգորյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացված չլինելու պարագայում Դատարանի վճիռը` Անդրանիկ Գրիգորյանի մասով, մտել է օրինական ուժի մեջ, անհիմն է:
Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում այս առնչությամբ Արդարադատության նախարարի այն դիրքորոշումը, ըստ որի` նշված բացատրությամբ դատավորի կողմից, ըստ էության, ի ցույց է դրվել այն փաստը, որ վերջինս բավարար չափով չի պատկերացնում քաղաքացիական գործի քննության համար այնպիսի կարևորագույն հասկացությունները, ինչպիսիք են հայցի հիմքը և առարկան: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից ուղղակիորեն բխում է, որ վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտված սուբյեկտներն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վերաքննիչ բողոք են բերում առաջին ատյանի դատարանի` անմիջական կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի դեմ, որպիսին հանդիսանում է վճիռը: Հետևաբար, վերաքննիչ բողոքարկման օբյեկտը կամ օբյեկտային նախադրյալը դատական ակտն է, որի դեմ բողոքարկման սուբյեկտիվ իրավունքը կրողը բերում է բողոք` վիճարկելով դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը և նպատակ հետապնդելով չեղարկելու դրա բացասական և ոչ իրավաչափ իրավական հետևանքները: Այսինքն` դատական ակտի բողոքարկումը, հանդիսանալով արդար դատաքննության իրավունքի դատական պաշտպանության միջոց, միաժամանակ ուղղված է և՛ սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանը, և՛ վիճարկվող դատական ակտի իրավական գործողությունը բացառելուն: Ընդ որում, բողոքարկումն ու բողոքը վարույթ ընդունելու հանգամանքներն ինքնին բացառում են դատական ակտի իրավական գործողությունը զուտ այն պատճառով, որ այն օրինական ուժի մեջ չի մտնում: Հարկ է նշել, որ դատական ակտի դեմ բողոք բերելը ոչ միայն բացառում է օրենքով սահմանված ժամկետում այդ ակտի ուժի մեջ մտնելու հնարավորությունը, այլև հանդիսանում է իրավական որոշակիության ապահովման կառուցակարգ այն իմաստով, որ տվյալ պարագայում նաև բացառում է նույն նյութական իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված տրամաբանորեն հակասող հրամայական եզրահանգումների գոյությունը: Ընդ որում, Դատավորի կողմից քննարկվող նորմը մեկնաբանելու արդյունքում կատարողական թերթի տրամադրումը միանշանակ պետք է դիտարկել ոչ իրավաչափ գործողություն, քանզի դատական ակտի դեմ բողոք բերելը բացառում է այդ ակտի կիրարկումը, ինչը նշանակում է, որ այդ ակտը չի օժտվում նաև բացառիկության, անհերքելիության, նախադատելիության, պարտադիրության և կատարելիության հատկանիշներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել նաև, որ դատակցության պայմաններում, եթե դատակիցներից թեկուզև մեկը բողոք է բերում դատական ակտի դեմ, ապա դատական ակտի օրինական ուժի հատկանիշները վրա չեն հասնում` անկախ վերաքննիչ բողոքարկման իրավունքի մյուս սուբյեկտների կողմից բողոք բերած չլինելու հանգամանքից: Մասնավորապես, քննարկվող գործի շրջանակներում, անկախ հայցվորների քանակից, ներկայացված է եղել կոնկրետ հայցադիմում` համապատասխան անբաժանելի հայցապահանջներով, հայցի փաստական և իրավական հիմքերով: Ընդ որում, դատավարության ընթացքում հայցադիմում ներկայացրած որևէ անձի կողմից միջնորդություն չի ներկայացվել և դատարանի կողմից որոշում չի կայացվել հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու առնչությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, մասնավորապես` կատարողական թերթը տրվել է օրինական ուժի մեջ չմտած, բեկանված դատական ակտի հիման վրա, որի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման ուժով ստեղծվել է բեկանված դատական ակտի կատարման պարտադիրության և՛ տեսանելիություն, և՛ անհրաժեշտություն` հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված` հարկադիր կատարողի համար նշված կատարողական թերթը կատարելուց ձեռնպահ մնալու որևէ իրավական հնարավորության բացակայությունը:
Գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունը` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին մեղսագրվող խախտումների առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկներով, ավելին` դրանք կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը կարող էր և պարտավոր էր տեղյակ լինել կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ առկա իրավական կանոնակարգումներին և դրանք խախտելու հնարավոր հետևանքներին:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումը ոչ միայն կոպիտ է` հեղինակազրկում է դատական իշխանությունը, այլ նաև էական է, քանի որ անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը, որ դատավարական այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են հայցը և դրա տարրերը, դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը, դատական ակտը բողոքարկելու և բեկանելու հետևանքները, կատարողական թերթ տալը, հանդիսանում են դատավորի կողմից մշտական կիրառման ենթակա, և դրանց չիմացությունը կամ խեղաթյուրումը` առանց որևէ ողջամիտ իրավական ենթադրության կամ փաստարկի, ենթակա է գնահատման որպես դատական իշխանությունը հեղինակազրկող և դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծ (արարք):
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ գործի քննության ժամանակ Դատավորը չպատճառաբանեց իր կողմից Արդարադատության նախարարին ներկայացված գրավոր բացատրության մեջ նշված փաստարկները` դատական ակտի մի մասի վերաբերյալ կատարողական թերթը տալու առումով: Ավելին` Բարձրագույն դատական խորհրդի նիստում Դատավորի ներկայացուցչի կողմից խախտման փաստն ընդունվեց` պատճառաբանելով Դատավորի գերծանրաբեռնվածությամբ և նրա աշխատակազմի մասնագիտական ոչ պատշաճ պատրաստվածությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից կատարողական թերթի տրամադրումը քննարկվող դեպքում ուղղակիորեն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Ավելին` առկա է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) պահանջների կոպիտ խախտում, քանզի տվյալ պարագայում ոչ միայն անտեսվել է իրավական որոշակիության սկզբունքը, այլև խախտվել է արդար դատաքննության իրավունքն այն պատճառով, որ դատական ակտի կատարումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիտարկում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բովանդակության շրջանակներում, իսկ դատավորի զուտ սուբյեկտիվ հայեցողության արդյունքում կատարողական թերթի տրամադրմամբ դատական ակտը փաստացի դառնում է հարկադիր կատարման ենթակա, որպիսի պայմաններում խախտվում են բոլոր այն անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ում ուղղված է կատարողական թերթի իրավական ներգործությունը:
Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված խախտումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով էական կարգապահական խախտում գնահատելու հարցին` Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր չի համարում Դատավորի ներկայացուցչի դիրքորոշումը, ըստ որի` դատավորի արարքը չի կարելի գնահատել դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծ այն պատճառաբանությամբ, որ այն չի հակասում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածին:
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն իրողությանը, որ «անհամատեղելիության պահանջների խախտումը» և «էական կարգապահական խախտումը» Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում դիտարկվում են որպես դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցնելու ինքնուրույն հիմքեր, որպիսի պայմաններում դրանք նույնացնելն անթույլատրելի է:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի նորմերը նույնացվել չեն կարող, քանի որ դրանք ունեն տարբեր իրավական բովանդակություն և հետապնդում են տարբեր իրավական նպատակներ:
Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը վերաբերում է դատավորի պաշտոնի անհամատեղելիության սկզբունքին, որը դատավորի անկախության հիմնարար երաշխիքներից է: Իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է և պայմանավորված է դատավորի դրսևորած այնպիսի վարքագծով, որն անխուսափելիորեն հեղինակազրկում է դատական իշխանությունը, էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը: Այսինքն` այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե պաշտոնների անհամատեղելիությանը, այլ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքին:
Դատավորի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի իմաստով «արարք» կատարելը ենթադրում է նաև դատական գործունեության ընթացքում դատավորի կողմից այնպիսի վարքագծի (ներառյալ` անգործության) դրսևորումը, որն ակնհայտորեն կարող է կասկածի տակ դնել արդարադատությունը Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական չափորոշիչներին համապատասխանելու հանգամանքը` խեղաթյուրելով դրա բուն էությունը: Եթե դատավորի պաշտոնավարման ընթացքում դատավորի վարքագիծը շեղվում է իրավական նորմերի մեկնաբանման և կիրառման ընդհանուր կանոններից, և դատավորը, դրսևորելով ոչ պատշաճ արհեստավարժություն ու մասնագիտական պատրաստվածություն, դուրս է գալիս իրավական նորմի գործողության շրջանակներից ոչ թե զուտ նորմի սխալ մեկնաբանման կամ կիրառման արդյունքում, այլ իր սահմանադրաիրավական լիազորությունների և առաքելության գերազանցման պայմաններում, ապա այդպիսի արարքը կարող է բնութագրվել որպես դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի:
Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում նաև վարույթ հարուցած մարմնի այն դիրքորոշումը, համաձայն որի` Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումներ թույլ տալու, դատավորի կողմից մշտական կիրառման ենթակա դատավարական ինստիտուտները պատշաճ խորությամբ չիմանալու կամ խեղաթյուրելու, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնին և Բարձրագույն դատական խորհրդին դրանց կապակցությամբ որևէ ողջամիտ փաստարկ չներկայացնելու հանգամանքները թույլ են տալիս կասկածի տակ առնել դատավորի անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածությունը, որի ապահովումը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված` ի պաշտոնե գործելիս դատավորի պարտականությունը, և որի ուժով դատավորը պարտավոր է ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը:
Այն պատճառաբանությունը, ըստ որի` Դատավորի կողմից թույլ տրված խախտումը չէր կարող նվազ արհեստավարժության հետևանք լինել և սոսկ թելադրված է եղել իր գերծանրաբեռնվածությամբ ու աշխատակազմի ցածր որակավորմամբ, մասնավորապես` նորանշանակ օգնականի անհամարժեք պատրաստվածությամբ, չի կարող հիմնավորված համարվել` հաշվի առնելով քննարկման առարկա խախտման բուն էությունն ու այդ հարցադրմանն առնչվող հանգամանքները:
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում փաստել, որ անկախ ծանրաբեռնվածության աստիճանից, աշխատակազմի համալրվածությունից և վերջինիս մասնագիտական պատրաստվածության մակարդակից` դատավորը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը. արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը: Դատավորը պարտավոր է ոչ միայն ապահովել իր, այլ նաև իր աշխատակազմի պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66 հոդվ., մաս 2, 67 հոդվ., մաս 2):
Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ` Դատավորի կողմից 17.10.2018 թ. կատարողական թերթ տրամադրելն իրավունքների վերազանցմամբ իրականացված ոչ իրավաչափ գործողություն է, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը, էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ բեկանված և բողոքարկման գործընթացում գտնվող դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տրամադրելով` Դատավորը փաստացի կասկածի տակ է դրել դատական համակարգի աստիճանակարգությունն ու ատյանային գործառութային գործունեության արդյունավետությունը:
Վերոհիշյալի հաշվառմամբ` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումը հանդիսանում է ակնհայտ, կոպիտ և էական կարգապահական խախտում, որը, Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, հիմք է դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇԵՑ.
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհրդի նախագահ` Գ. Հարությունյան
Խորհրդի անդամներ` Ա. ԲԵԿԹԱՇՅԱՆ
Գ. Դանիելյան
Ա. Խաչատրյան
Հ. Հովհաննիսյան
Լ. Մելիքջանյան
Ս. Մեղրյան
Ա. Մխիթարյան
Ս. Չիչոյան