Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՍԴ2/0006/11/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ2/0006/11/16

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   

2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշման դեմ դիմող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանի` 2015 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արման Դանիելյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշմամբ քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործի վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ զինվորական դատախազի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքն ամբողջությամբ մերժվել է:

2. 2016 թվականի հոկտեմբերի 20-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որը Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 16-ի որոշմամբ մերժվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 16-ի որոշումը բեկանվել է, և նյութերն ուղարկվել են նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի`2016 թվականի հունիսի 11-ի և ՀՀ զինվորական դատախազի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումները վերացնելու և Ա.Հակոբյանի իրավունքների ու ազատությունների խախտումը վարույթն իրականացնող մարմնի կողմից վերացնելու պարտականությունը ճանաչելու պահանջների մասին դիմողի ներկայացուցչի բողոքը մերժվել է:

5. Դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. 2015 թվականի նոյեմբերի 13-ի` քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և տուժող ճանաչելու մասին որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժին է ստացվել Ա.Ա.Հակոբյանի մորաքույր Ռիտա Հակոբյանի դիմումն այն մասին, որ Արթուր Հակոբյանը հայտնել է, որ 2015թ. նոյեմբերի 6-ի երեկոյան ժամը 18-ի սահմաններում վերջինս իր ընկերոջ հետ գնացել է խանութ` ծխախոտ գնելու: Ընկերը տեսել է Ջիվան անունով սպային, նույն ինքը` ՀՀ ՊՆ 50869 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Ջիվան Վաղինակի Մկրտչյանին, և թաքնվել: Ա.Ա.Հակոբյանը չի հասցրել թաքնվել, և խանութում գտնվելու համար Ջ.Վ.Մկրտչյանը ծեծի է ենթարկել նրան (...)»(1):

________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 1-3:

 

7.1. Տուժող Ա.Հակոբյանը 2015 թվականի նոյեմբերի 19-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիս ամսին ՀՀ ՊՆ 50869 զորամասի 1-ին գումարտակի շտաբի պետ մայոր Ջիվանն իրեն ասել է, որ ծառերը ջրի, և չջրելու համար քաշել է իր ականջն ու ձեռքի բաց ափով հարվածել պարանոցին: Նա միշտ իրեն տեսնելիս նման ձևով հարվածել է իր պարանոցին: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 18-ի սահմաններում, Ջիվանն իրեն ու իր ընկերոջը` Ցոլակին, տեսել է զորամասի հսկիչ անցագրային կետից դուրս`խանութի մոտ: Նշել է, որ Ջիվանը հարբած է եղել և զորամասից դուրս գտնվելու համար իրեն և Ցոլակին հայհոյելով` ասել է, որ գնան այդտեղից, որից հետո ձախ ձեռքով ապտակել է իր դեմքի աջ հատվածին: Նշել է նաև, որ Ջիվանի այդ կոպիտ խոսքից ազդվել է, ցանկացել է ինքն իրեն վնասել կամ Ջիվանին հարվածել, բայց առանց որևէ բան անելու հեռացել է(2):

________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 89-94:

 

8. 2015 թվականի նոյեմբերի 26-ին Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի` 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 եզրակացության համաձայն` «(...) Դատահոգեբուժական մաս.

Ելնելով վերոգրյալից` հանձնաժողովը եզրակացնում է, որ Արթուր Հակոբյանի մոտ հայտնաբերվում է` «Սուրպոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/» հոգեկան գործունեության փսիխոտիկ մակարդակի խանգարում: Դրա մասին են վկայում լսողական խանգարումները (հալուցինացիաները) և դրանց առավելապես կեղծ բնույթը, անհեթեթ բազմաբովանդակ զառանցական մտքերը, դատողությունների պարալոգիզմը, անադեկվատ վարքը, կեղծ ճանաչողության էպիզոդները, կիրառված բուժման նկատելի արդյունավետությունը: Ձեր կողմից առաջադրված Ա կետի հարցի 2-րդ կետին պատասխանում եմ, որ «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/» հոգեկան գործունեության խանգարման ստույգ ժամկետը նշել հնարավոր չէ: Ձեր կողմից առաջադրված Բ կետի հարցին պատասխանում եմ, որ վերոնշյալ ախտորոշումը դասվում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հոգեկան հիվանդությունների շարքին, որոնք կարող են դրսևորվել տվյալ անձի մոտ որոշակի պայմաններում: Ձեր կողմից առաջադրված Դ կետի հարցին պատասխանում եմ, որ Ա.Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, առավելապես ընկալման, մտածողության խեղաթյուրումներն արտահայտված են այն աստիճան, որ զրկում են նրան կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները:

Ռազմաբժշկական մաս.

ա. Ներկայումս Ա.Ա.Հակոբյանը, համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 5 բ հոդվածի 1-ին սյունակի, պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ:

բ. Հաշվի առնելով փորձաքննվողի կլինիկական դիտարկումը, հոգեկան վիճակի նկարագրությունը, անամնեստիկ և քննչական նյութերի տվյալները, սոմատոնևրոլոգիական և գործիքային հետազոտման արդյունքները, վերը նկարագրված փսիխոտիկ մակարդակի հոգեկան խանգարման վերլուծությունը, ստացված դեղորայքային բուժումն ու նկատված դրական դինամիկան` Ա.Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերվում է «Սուրպոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/» ախտորոշումը: Վերը նշված «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան» ախտորոշումը դա փսիխոտիկ մակարդակի հոգեկան խանգարում է, որն առաջացել է ծառայության ընթացքում, առավելապես պայմանավորված է ժառանգական գործոնների, անձնային առանձնահատկությունների և բանակային կյանքի սթրեսոգեն պայմանների անբարենպաստ փոխներազդեցությամբ, ուստի և, զորակոչային հանձնաժողովն այն հայտնաբերել չէր կարող (...)»(3):

________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 36-40:

 

9. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու մասին քննիչի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշմամբ արձանագրվել է, ի թիվս այլնի, հետևյալը. «(...) Նախաքննության ընթացքում թեև Արթուր Արմենի Հակոբյանն իր ցուցմունքներով պնդել է Ջիվան Վաղինակի Մկրտչյանի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու և իրեն վիրավորանք հասցնելու հանգամանքը, սակայն քրեական գործով բազմաթիվ վկաների ցուցմունքներով, այլ քննչական և դատավարական գործողություններով ու ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան վիրավորանք հասցնելու դեպքեր չեն եղել, այդպիսիք չեն կատարվել նաև Ջ.Մկրտչյանի կողմից (...)»(4):

________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 212-225:

 

10. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, հիմնվելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 210-րդ հոդվածի, ինչպես նաև Արայիկ Խաչատրյանի գործով թիվ ԿԴ1/0006/01/14 որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների վրա, իր` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժել է Ա.Ղարագյոզյանի բողոքը` արձանագրելով, ի թիվս այլնի, հետևյալը. «(...) Նախաքննության ընթացքում տուժող Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն չկատարելով վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով և գնահատելով ձեռք բերված ապացույցները եկել է ճիշտ եզրահանգման, որ Ա.Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, զրկում է նրան կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի և 210-րդ հոդվածի համադրության արդյունքում պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինն ոչ թե չի կատարել սահմանված պոզիտիվ պարտավորությունները, այլ պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները չի իրականացրել Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն (...)»(5):

________________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 11-22:

 

11. Առաջին ատյանի դատարանն իր` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, քանի որ նրա հետևությունները բխում են նախնական ստուգման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունից: Քննիչի կողմից ապացույցների գնահատման արդյունքում կայացրած որոշումը կամային չէ, դրա հիմքում ընկած են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը (...): Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով քննիչը եկել է ապացուցված եզրահանգման, որ Ջիվան Վաղինակի Մկրտչյանը կամ որևէ այլ զինծառայող Արթուր Հակոբյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և վիրավորանք չի հասցրել ու այդ եզրահանգումը ստացվել է օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների` վկաներ Տիգրան Աղասիի Մարտիրոսյանի, Արթուր Ստանիսլավի Բուդանովի, Հրանտ Գեղամի Կարապետյանի, Ռաֆիկ Գեղամի Աղեկյանի, Հարութ Ռոբերտի Մալինցյանի, Մարիյա Սամվելի Ցեխմեյստրուկի ցուցմունքների և դատաբժիշկ-փորձագետի թիվ 2138/հ և ռազմաբժշկական ու ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 3 եզրակացությունների հիման վրա, որոնք կասկած չեն հարուցում հիմնավորվածության տեսանկյունից:

Վերը նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ Զինվորական դատախազ Ա.Հարությունյանին, ով իր հերթին իր լիազորությունների սահմաններում, ստուգման ենթարկելով քննիչի որոշումը, սահմանված կարգով և ժամկետում` 2016 թվականի սեպտեմբերի 23-ին կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բողոքը մերժելու մասին որոշում, որը ևս օրինական է և վերացնելու հիմքեր չկան (...)»(6):

________________________

6) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 107-110:

 

12. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ փաստել է. «(...) Դիմողի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը մերժելիս` դատարանը թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ (...)»(7):

________________________

7) Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 41-48:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքի հեղինակի կարծիքով` ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-9-րդ, 17-րդ և 290-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 3-րդ և 6-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի` բողոքի հեղինակը փաստել է, որ դեպքի առթիվ չի իրականացվել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Ըստ բողոքաբերի` Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս նախաքննության մարմնի, զինվորական դատախազության և դատարանի, խոշտանգման փաստի վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն: Ասվածի համատեքստում բողոք բերած անձը, ի թիվս այլնի, նշել է, որ Ա.Հակոբյանն իր ցուցմունքներով փաստել է, որ իր նկատմամբ դրսևորվել է դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք, այնինչ վարույթն իրականացնող մարմնի համոզմամբ` Ա.Հակոբյանի կողմից ներկայացված փաստերը հերքվում են այն անձանց ցուցմունքներով, ովքեր բռնություն են կիրառել տուժողի նկատմամբ: Միևնույն ժամանակ բողոքաբերն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը գործով վկաների և Ա.Հակոբյանի միջև առերեսում չի կատարել, մինչդեռ վերջիններիս ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Բողոքաբերի կարծիքով` գործում առկա են բազմաթիվ հանգամանքներ, որոնք չեն պարզվել և տեղի չի ունեցել առերեսում, ինչը վկայում է, որ խոշտանգման փաստով արդյունավետ քննություն չի իրականացվել:

14. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինծառայողին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականության, ինչպես նաև հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. զինվորական ծառայության ընթացքում Ա.Հակոբյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու կապակցությամբ իրականացվե՞լ է արդյոք գործի լրիվ և բազմակողմանի քննություն:

 

I. Զինծառայողին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականությունը.

 

17. ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն`»Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`»Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)»:

i

17.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեք համարվող` խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում (8):

________________________

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ կետը, Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետը:

 

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումները.

- Երբ անհատը վիճարկելի պնդում է ներկայացնում այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանության կամ նմանատիպ այլ պետական մարմինների կողմից ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք` խախտելով 3-րդ հոդվածը, ապա նշված դրույթից, որն անհրաժեշտ է դիտարկել պետության` Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված հիմնական պարտականության հետ համակցության մեջ, ինքնաբերաբար ենթադրելի է, որ պահանջվում է արդյունավետ պաշտոնական քննության իրականացում(9):

________________________

9) Տե՛ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Assenov and others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճռի 102-րդ կետը, Labita v. Italy գործով 2000 թվականի ապրիլի 6-ի վճռի 108-րդ կետը, Z and others v. United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 10-ի վճռի 73-րդ կետը:

 

Որպեսզի քննությունը համարվի «արդյունավետ», պետք է ունակ լինի հանգեցնելու վիճելի փաստերի հաստատմանը և հնարավորության դեպքում` անթույլատրելի վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին 10,

________________________

10) Տե՛ս, mutatis mutandis, Jeronovics v. Latvia գործով Եվրոպական դատարանի` 2016 թվականի հուլիսի 5-ի վճռի 103-րդ կետը:

 

- Քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե որևէ արդյունքի հասնելու, այլ միջոցներ ձեռնարկելու պարտականություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգեցնի այնպիսի եզրակացության, որը համընկնում է պահանջ ներկայացրած անձի` դեպքերի մասին տված ցուցմունքներին. այնուամենայնիվ, դրա միջոցով սկզբունքորեն պետք է հնարավոր լինի պարզել գործի փաստերը, և այն դեպքում, երբ պարզվում է, որ պնդումները ճիշտ էին, ապա նաև բացահայտել և հիմնավորված լինելու դեպքում պատժել պատասխանատու անձանց: ՈՒստի վատ վերաբերմունքի մասին լուրջ պնդումների քննությունը պետք է մանրակրկիտ լինի: Դա նշանակում է, որ ցանկացած դեպքում իշխանությունները պետք է ձգտեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունները չպետք է հիմք ընդունվեն իրենց քննությունն ավարտելու համար կամ դրվեն իրենց որոշումների հիմքում: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցները, այդ թվում` ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական և այլ ապացույցներ ապահովելու համար: Քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առջև(11),

________________________

11) Տե՛ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Mikheyev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճռի 102-րդ կետը, Virabyan v. Armenia գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի 162-րդ կետը:

 

- Վատ վերաբերմունքը պետք է ունենա լրջության նվազագույն մակարդակ, եթե այն 3-րդ հոդվածի սահմաններում է: Այս նվազագույնի գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունը և որոշ դեպքերում` զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը(12),

________________________

12) Տե՛ս Եվրոպական դատարանի` Ireland v. the United Kingdom գործով 1978 թվականի հունվարի 18-ի վճռի 162-րդ կետը:

 

- Որպեսզի պետական մարմինների կողմից ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի գործով քննությունը արդյունավետ լինի, այն պետք է լինի անկախ: Քննության անկախությամբ ենթադրվում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական իմաստով անկախություն(13):

________________________

13) Տե՛ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Ogur v. Turkey գործով 1999 թվականի մայիսի 20-ի վճռի 91-րդ կետը, Mehmet Emin YՖksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճռի 37-րդ կետը, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճռի 83-րդ կետը:

 

17.2. Զինծառայողների իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` 2006 թվականի ապրիլի 11-ի թիվ 1742 հանձնարարականի 10.1.2.-րդ կետը սահմանում է, որ զինծառայողները պետք է օգտվեն խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքից:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2010 թվականի փետրվարի 24-ի թիվ 4 (2010) 4 հանձնարարականի հավելվածի 10-12-րդ կետերն ամրագրում են. «Անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն զինծառայողներին խոշտանգումներից կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանելու համար (...): (...) Այն դեպքերում, երբ զինծառայողները բարձրացնում են վիճելի պնդում առ այն, որ ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտող գործողությունների, կամ երբ իշխանությունները ողջամիտ հիմքեր ունեն ենթադրելու, որ այդպիսի վերաբերմունք տեղի է ունեցել, ապա անհապաղ պետք է սկսվի այդ հանգամանքների անկախ և արդյունավետ պաշտոնական քննություն: (...) Անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն զինծառայողների խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի մասին հաղորդումների ներկայացումը խրախուսելու և այդպիսի գործողությունների մասին հաղորդում ներկայացրած անձին հաշվեհարդարից պաշտպանելու համար (...)»:

Վերոգրյալի առնչությամբ Եվրոպական դատարանը ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումը. «Պետությունը պարտավոր է ապահովել, որպեսզի անձը զինվորական ծառայությունն անցնի այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են նրա մարդկային արժանապատվությունը հարգելու հետ, իսկ զինվորական վարժանքների ընթացակարգը և մեթոդները չեն պատճառում նրան ֆիզիկական տառապանք կամ չեն անցնում զինվորական կարգուկանոնի հետ կապված անխուսափելի դժվարությունների չափն ու սահմանը, և որ նման ծառայության պրակտիկ պահանջների հետ մեկտեղ նրա առողջությունը և ինքնազգացողությունը համարժեքորեն պաշտպանված են` այլնի հետ մեկտեղ տրամադրելով նրան պահանջվող բժշկական օգնություն (...): Պետության առաջնային պարտականությունն է նվազագույնի հասցնել առողջությանն սպառնացող ռիսկը, որը կարող է առաջանալ ոչ միայն զինվորական գործողությունների և օպերացիաների բնույթից, այլ նաև մարդկային տարրի պատճառով, որը գործում է, երբ Պետությունը սովորական քաղաքացիներին զորակոչում է զինվորական ծառայության: Նման կանոնները պետք է պահանջեն պրակտիկ միջոցների իրականացում, որոնք նպատակ ունեն արդյունավետորեն պաշտպանել զորակոչվածների զինվորական կյանքին բնորոշ վտանգներից, ապահովեն պատշաճ ընթացակարգեր` պարզելու համար տարբեր մակարդակների ծառայողների կողմից թույլ տրվող բացթողումները և սխալները (...)»(14):

________________________

14) Տե՛ս Chember v. Russia գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի հուլիսի 3-ի վճռի 50-րդ կետը:

 

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, կրում է զինծառայողին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ պատշաճ, անաչառ և արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն` վատ վերաբերմունքի ենթարկվելու հանգամանքները պարզելու, մեղավոր պաշտոնատար անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

 

II. Հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքը.

 

i

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել`

1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն` «Տուժողի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` «Տուժողը պարտավոր է (...) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`

(...)

3) (...) տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները` դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունը.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

18.1. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Տուժողն այն անձն է, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է կամ այդ արարքը կատարելն ավարտվելու դեպքում կարող էր պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մաս): Նա քրեական դատավարությանը մասնակցում է որպես մեղադրանքի կողմի սուբյեկտ և գործով օժտված է սեփական շահերով, որոնց ապահովման համար սահմանված են տուժողի մի շարք դատավարական իրավունքներ և պարտականություններ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված), որոնցից է նաև ցուցմունք տալու իրավունքը և պարտականությունը: Հետևաբար տուժողի ցուցմունքն իր բնույթով ոչ միայն ապացույցի ինքնուրույն տեսակ է, այլև վերջինիս իրավունքների և շահերի պաշտպանության միջոց (...):

(...) Չնայած տուժողի ցուցմունք տալու իրավական առանձնահատկություններին` նրա հարցաքննության նկատմամբ օրենսդիրը տարածել է վկայի հարցաքննության կանոնները: Մասնավորապես տուժողը չի կարող կանչվել և հարցաքննվել այն դեպքում, երբ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները: Այլ խոսքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է տուժողի` ցուցմունք տալու պարտականությունից բացառություն, ինչպես նաև նրա ցուցմունք տալու իրավունքի սահմանափակման հիմք: Նշված սահմանափակումը նպատակ է հետապնդում ապահովել ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքը, համաչափ է հետապնդվող նպատակին և չի իմաստազրկում տուժողի` իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու բուն իրավունքը, քանի որ վերջինս օժտված է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության այլ իրավական միջոցներով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված): Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված են տուժողին հարցաքննելու սահմանափակման հիմքերը: Մասնավորապես որպես տուժող չի կարող կանչվել և հարցաքննվել այն անձը, ով.

1. ունի ֆիզիկական կամ հոգեկան պակասություններ,

2. (1) կետում նշված հանգամանքի հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները:

Ընդ որում վերոնշյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը պարտադիր է քննարկվող սահմանափակումը կիրառելու համար: Օրենսդրական նման կարգավորումը պայմանավորված է նրանով, որ անձի մոտ ֆիզիկական կամ հոգեկան բնույթի առանձին շեղումների առկայությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ անձն առհասարակ չի կարող ճիշտ ընկալել և վերարտադրել օբյեկտիվ իրականության փաստերը: Մասնավորապես հնարավոր են դեպքեր, երբ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի մոտ ժամանակավորապես վերականգնվի օբյեկտիվ իրականության փաստերը ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունը, կամ տվյալ հիվանդությունն իր բնույթով այնպիսին լինի, որ անձին չզրկի երևույթների նշանակությունը հասկանալու և դրանք վերարտադրելու ունակությունից և այլն: Հետևաբար անձը չի կարող հարցաքննվել, եթե ֆիզիկական կամ հոգեկան պակասությունը զրկում է նրան քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունից:

(...) Քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրել ու տուժողի ունակությունը կասկածի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում վարույթն իրավականացնող մարմինը պետք է նշանակի փորձաքննություն: Իսկ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները կարող է հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ:

Ընդ որում փորձագետի եզրակացությունը ապացույցների տեսակներից մեկն է և որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները (...)` հաշվի առնելով ապացույցի այդ տեսակի առանձնահատկությունները:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան կամ ֆիզիկական պակասություններ ունեցող անձանց ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և դրանք մեղադրական դատավճռի հիմքում դնելու հարցը պարզելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է որոշել, թե տվյալ անձը արդյոք ունակ է ճիշտ ընկալել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը և վերարտադրել դրանք: Այս հանգամանքները կարող են հաստատվել միայն հիմնավորվածության, լրիվության և հստակության պահանջներին համապատասխանող դատահոգեբուժական փորձաքննությամբ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալի և տուժողի մրցակցող իրավունքները (համապատասխանաբար` արդար դատաքննության և իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության), ինչպես նաև տուժողի վերոնշյալ ունակությունների հանգամանքը հաստատելու համար փորձագետի եզրակացության անփոխարինելիությունը` վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները փորձագետի եզրակացության արժանահավատությունն ապահովելու համար»(15):

________________________

15) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արայիկ Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0006/01/14 որոշումը, կետեր 15-18:

 

19. «Հանցագործության զոհերի պաշտպանության, աջակցության և իրավունքների նվազագույն չափանիշների հաստատման մասին և ԵՄ թիվ 2001/220/JHA շրջանակային որոշման փոխարինման մասին «Եվրախորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի` 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 2012/29/EU հրահանգի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են. «1. Պայմանավորվող պետություններն ապահովում են, որ հանցագործության զոհերը քրեական դատավարության ընթացքում լսված լինելու և վկայություն ներկայացնելու հնարավորություն ունենան (...):

2. Հանցագործության զոհերի` քրեական դատավարության ընթացքում լսված լինելու և վկայություն ներկայացնելու դատավարական կանոնները սահմանվում են ներպետական օրենսդրությամբ»:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2004 թվականի սեպտեմբերի 22-ի «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» թիվ REC(2004)10 հանձնարարականի 7-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է. «Անդամ պետությունները պետք է երաշխավորեն այնպիսի կառուցակարգերի գոյությունը, որոնք կպաշտպանեն հոգեկան խանգարումներ ունեցող խոցելի անձանց, մասնավորապես այն անձանց, ովքեր համաձայնություն տալու կարողություն չունեն կամ չեն կարող դիմակայել մարդու իրավունքների խախտմանը»:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 1999 թվականի փետրվարի 23-ի` «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանության մասին» թիվ R(99)4 հանձնարարականը, երաշխավորելով հոգեկան խանգարման կամ այլ պատճառով սեփական կամքն արտահայտելու կարողություն չունեցող անձանց իրավունքները, 1-ին սկզբունքում ամրագրում է, որ անգործունակ չափահասների պաշտպանության սկզբունքն ընկած է բոլոր այլ սկզբունքների հիմքում` յուրաքանչյուր անհատի` որպես մարդկային էակի, արժանապատվության հարգման համար: Անգործունակ չափահասների պաշտպանության հետ կապված օրենքները, ընթացակարգերը և պրակտիկան պետք է հիմնված լինեն նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, հաշվի առնելով համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում այդ իրավունքների վերաբերյալ սահմանված երաշխիքները:

Իսկ համաձայն նույն հանձնարարականի 13-րդ սկզբունքի` «Շահագրգիռ անձը պետք է անձամբ լսված լինելու իրավունք ունենա ցանկացած վարույթի շրջանակներում, որը կարող է ազդեցություն ունենալ նրա գործունակության վրա»:

Միավորված ազգերի կազմակերպության` 1991 թվականի դեկտեմբերի 17-ի` «Հոգեկան հիվանդների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման» թիվ 46/119 բանաձևի 1-ին սկզբունքի 5-րդ մասը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ հոգեկան հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա իրականացնելու բոլոր քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, որոնք ճանաչված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում:

19.1. Խոցելի, մասնավորապես` հոգեկան հիվանդություն ունեցող անձանց մասնակցությամբ գործերի քննության առնչությամբ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումները.

- հոգեկան հիվանդություն ունեցող անձն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով լսված լինելու իրավունք ունի(16):

________________________

16) Տե՛ս Եվրոպական դատարանի` Winterwerp v. the Netherlands գործով 1979 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 6301/73, կետ 60:

 

Այդպիսի անձը դատավարությունում ունի երկբնույթ դեր, մասնավորապես` նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ դատաքննության օբյեկտ: Հետևաբար նրա մասնակցությունն անհրաժեշտ է ոչ միայն գործն անձամբ ներկայացնելու, այլև դատավորին հնարավորություն տալու համար իր անձնական կարծիքը ձևավորել գործի և այդ անձի հոգեկան վիճակի վերաբերյալ: Դատավորի համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը: Դատավորի կողմից գործի լուծումը միայն փաստաթղթավորված ապացույցների հիման վրա, առանց տեսնելու կամ լսելու անձին, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցության սկզբունքի խախտում է(17),

________________________

17) Տե՛ս Եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետեր 72-73:

 

- ոչ թե բժիշկ-մասնագետը, այլ դատավորն է, ով պետք է գնահատի հոգեկան հիվանդություն ունեցող անձին առնչվող փաստերը և անձնական բնույթի այլ հանգամանքները: Վարույթն իրականացնող դատարանի լիազորությունն է որոշելու, թե արդյոք առկա է նման ծայրահեղ միջոց կիրառելու անհրաժեշտություն, կամ արդյոք նվազ խիստ միջոցը կարող է բավարար լինել: Երբ խնդիրը վերաբերում է անձի մասնավոր կյանքին վերաբերող նման կարևոր հարցի, դատավորը պետք է զգուշորեն հավասարակշռի բոլոր վերաբերելի գործոնները` գնահատելու համար կիրառման ենթակա միջոցի համաչափությունը: Դատավարական անհրաժեշտ երաշխիքները պահանջում են նվազագույնի հասցնել կամայականության դրսևորման ցանկացած վտանգ: Հետևաբար դատարանը պետք է պարզի, թե արդյոք մասնագիտական գնահատական տված բժշկի եզրահանգումները կամայական չեն, և բժշկի հետ միասին լսի նաև վկաներին: Եվ, որ ամենակարևորն է, դատարանն ինքը պետք է եզրահանգումներ անի անձին գործունակությունից զրկելու հարցի շուրջ(18):

________________________

18) Տե՛ս Եվրոպական դատարանի` Ivinovic v. Croatia գործով 2014 թվականի սեպտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 13006/13, կետ 40, X and Y v. Croatia գործով 2011 թվականի նոյեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 5193/09, կետեր 85-86:

 

i

20. Նախորդ կետում մատնանշված միջազգային փաստաթղթերում իրենց ամրագրումը ստացած դրույթների, ինչպես նաև Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների հիման վրա զարգացնելով Արայիկ Խաչատրյանի գործով ձևավորած և սույն որոշման 18.1.-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել այնպես, որ քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու անկարողության մասին ստացված փորձագիտական եզրակացությունն ինքնին բացառում է անձին որպես տուժող կանչելու և հարցաքննելու հնարավորությունը: Այլ կերպ` փորձագիտական այդպիսի եզրակացությունն ինքնին չի կարող բավարար համարվել հոգեկան պակասություններ ունեցող համապատասխան անձի լսվելու իրավունքը սահմանափակելու համար: Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքի սահմանափակումը հնարավոր է այնպիսի բացառիկ դեպքերում, երբ պայմանավորված անձի հոգեկան հիվանդության բնույթով և աստիճանով` վերջինիս կանչելու և հարցաքննելու հնարավորությունը գործնականում ակնհայտ անիրագործելի է, ինչի համար որպես հիմք կարող են ծառայել ոչ թե միայն փորձագիտական եզրակացությունը, այլ դրա հետ մեկտեղ` անձի անհատական հատկանիշների, ունեցած հոգեվիճակի, նրա կողմից դրսևորվող վարքագծի վերաբերյալ փաստերը, տեղեկությունները կամ ապացույցները: Այսինքն` համապատասխան անձի լսվելու իրավունքի սահմանափակման համար անհրաժեշտ է, որ վերոգրյալ տվյալների համակցությունը համոզիչ կերպով վկայի նրան կանչելու և հարցաքննելու անհնարինության ակնհայտ լինելը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքներն ընկալելու և վերարտադրելու տուժողի անկարողության մասին ստացված փորձագիտական եզրակացությունը չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 210-րդ հոդվածի հիմքով ի սկզբանե կանխորոշել նրա կողմից տրված ցուցմունքի անթույլատրելի լինելը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ փորձագիտական այդպիսի եզրակացությունը կարող է հաշվի առնվել տուժողի ցուցմունքները բովանդակային գնահատման ենթարկելիս` դրանց վերաբերելիությունն ու արժանահավատությունը որոշելիս(19):

________________________

19) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Գասպարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴ1/0058/01/16 որոշման 18-րդ կետը:

 

21. Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ տուժող Ա.Հակոբյանը 2015 թվականի նոյեմբերի 19-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիս ամսին ՀՀ ՊՆ 50869 զորամասի 1-ին գումարտակի շտաբի պետ մայոր Ջիվանն իրեն ասել է, որ ծառերը ջրի, և չջրելու համար քաշել է իր ականջն ու ձեռքի բաց ափով հարվածել պարանոցին: Նա միշտ իրեն տեսնելիս նման ձևով հարվածել է իր պարանոցին: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 18-ի սահմաններում, Ջիվանն իրեն ու իր ընկերոջը` Ցոլակին, տեսել է զորամասի հսկիչ անցագրային կետից դուրս` խանութի մոտ: Նշել է, որ Ջիվանը հարբած է եղել և զորամասից դուրս գտնվելու համար իրեն և Ցոլակին հայհոյելով` ասել է, որ գնան այդտեղից, որից հետո ձախ ձեռքով ապտակել է իր դեմքի աջ հատվածին: Նշել է նաև, որ Ջիվանի այդ կոպիտ խոսքից ազդվել է, ցանկացել է ինքն իրեն վնասել կամ Ջիվանին հարվածել, բայց առանց որևէ բան անելու հեռացել է(20):

________________________

20) Տե՛ս սույն որոշման 7.1.-րդ կետը:

 

2015 թվականի նոյեմբերի 26-ին Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի` 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 եզրակացության դատահոգեբուժական մասի համաձայն` Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերվել է «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/» հոգեկան գործունեության փսիխոտիկ մակարդակի խանգարում: Համաձայն նույն եզրակացության` Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, առավելապես ընկալման, մտածողության խեղաթյուրումներն արտահայտված են այն աստիճան, որ զրկում են նրան կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները(21):

________________________

21) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

2016 թվականի հունիսի 11-ին վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու մասին: Քննիչի որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ նախաքննության ընթացքում թեև Ա.Հակոբյանն իր ցուցմունքներով պնդել է Ջ.Մկրտչյանի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու և իրեն վիրավորանք հասցնելու հանգամանքը, սակայն քրեական գործով բազմաթիվ վկաների ցուցմունքներով, այլ քննչական և դատավարական գործողություններով ու ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան վիրավորանք հասցնելու դեպքեր չեն եղել, այդպիսիք չեն կատարվել նաև Ջ.Մկրտչյանի կողմից(22):

________________________

22) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

ՀՀ զինվորական դատախազն իր` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժել է Ա.Ղարագյոզյանի բողոքը` արձանագրելով, որ նախաքննության ընթացքում տուժող Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն չկատարելով` վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով և գնահատելով ձեռք բերված ապացույցները, եկել է ճիշտ եզրահանգման, որ Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, զրկում է նրան կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի և 210-րդ հոդվածի համադրության արդյունքում պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմինն ոչ թե չի կատարել սահմանված պոզիտիվ պարտավորությունները, այլ պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները չիիրականացրել Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն(23):

________________________

23) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, մերժելով դիմողի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը, փաստել է, որ քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին և դատախազի` Ա.Ղարագյոզյանի բողոքը մերժելու մասին որոշումներն օրինական են, ուստի դրանք վերացնելու հիմքեր չկան(24):

________________________

24) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի այն բեկանելու հիմքեր չկան(25):

________________________

25) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

 

22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 17-20-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործով տուժող Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննության չիրականացումը պատճառաբանվել է նրանով, որ համաձայն 2016 թվականի փետրվարի 2-ի փորձաքննության եզրակացության` Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերված պրոդուկտիվ հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, առավելապես ընկալման, մտածողության խեղաթյուրումներն արտահայտված են այն աստիճան, որ զրկում են նրան կարողությունից ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել այնպես, որ քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու անկարողության մասին ստացված փորձագիտական եզրակացությունն ինքնին բացառում է անձին որպես տուժող կանչելու և հարցաքննելու, այդ թվում` տուժողի և այլ անձանց միջև առերես հարցաքննություն իրականացնելու հնարավորությունը: Ինչպես արդեն իսկ նշվել է, փորձագիտական այդպիսի եզրակացությունն ինքնին չի կարող բավարար համարվել հոգեկան պակասություններ ունեցող համապատասխան անձի լսվելու իրավունքը սահմանափակելու համար(26):

________________________

26) Տե՛ս սույն որոշման 20-րդ կետը:

 

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չեն տվյալներ, որոնք պայմանավորված Ա.Հակոբյանի հոգեկան հիվանդության բնույթով և աստիճանով` կվկայեն, որ վերջինիս և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննության իրականացման հնարավորությունը գործնականում ակնհայտ անիրագործելի էր: Մասնավորապես` սույն գործի նյութերից հետևում է, որ քրեական հետապնդման մարմինները համապատասխան դատողություն անելիս հիմնվել են բացառապես փորձագիտական եզրակացության վրա, և բացակայում են այլ տվյալներ, որոնց համակցությունը համոզիչ կերպով կվկայեր Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն կատարելու անհնարինության ակնհայտ լինելը:

22.1. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինվորական ծառայության ընթացքում Ա.Հակոբյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու կապակցությամբ չի իրականացվել գործի լրիվ և բազմակողմանի քննություն: Այլ կերպ` արդյունավետ քննություն չկատարելով` քրեական հետապնդման մարմինները թույլ են տվել խախտումներ, որոնք էլ պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել ստորադաս դատարանների կողմից:

23. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ բերված բողոքը մերժելով` ստորադաս դատարանները թույլ են տվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 86-րդ և 210-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերոշարադրյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն` հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն իրականացնող մարմնին` Ա.Հակոբյանի իրավունքների ու ազատությունների` սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելու պարտականություն սահմանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք «սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը մերժելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի`2018 թվականի հունվարի 9-ի որոշումը բեկանել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու սույն որոշմամբ արձանագրված` Արթուր Արմենի Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Լ. Թադևոսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ՍԴ2/0006/11/16
Որոշում