Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18, 65, 107, 13 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԿԴ/0678/06/10  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0678/06/10

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

 

i

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2011 թվականի փետրվարի 24-ին                       ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վահրամ Ռուդիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ մեղադրյալ Վ.Գևորգյանի պաշտպան Հ. Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի օգոստոսի 9-ին հարուցվել է թիվ 13139710 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

2010 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Վահրամ Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2. 2010 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Հ. Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մերժվել է:

3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ս.Աբրահամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը և մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Վ. Գևորգյանի պաշտպան Հ. Հովհաննիսյանը:

2011 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մեղադրյալ Վ. Գևորգյանի պաշտպան Հ. Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Վ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով Մամիկոն և Յուրի Մարտիրոսյանների հետ, չարաշահելով Արսեն Շալիկոյի Բալայանի վստահությունը, ներկայանալով որպես ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող, 2010 թվականի փետրվարի 15-ին վերջինիս «Ֆոլքսվագեն» մակնիշի 77 ՕՕ 999 պ/հ ավտոմեքենան գնելու պատրվակով այն գրավադրել է Երևանի Ամիրյան 4/6 հասցեում գործող «Վեմ և Վիգ» ՍՊԸ-ին պատկանող գրավատանը, ստացել առանձնապես խոշոր չափերի` 5.388.800 ՀՀ դրամ և չարաշահելով Ա. Բալայանի վստահությունը` տիրացել այդ գումարին (տե՛ս Նյութեր, էջ 28):

6. Առաջին ատյանի դատարանը մերժել է մեղադրյալ Վ.Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը` պատճառաբանելով, որ «միջնորդություն հարուցած անձի կողմից ներկայացրած հիմնավորումներն անհիմն են և չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից: Այսինքն` քննիչի կողմից Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու բավարար հիմքեր չեն ներկայացվել դատարան» (տե՛ս Նյութեր, էջ 36):

7. Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանավորում է ընտրել հետևյալ պատճառաբանությամբ. «Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ նրա կողմից Վ. Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր չեն ներկայացվել:

Մինչդեռ, ըստ ներկայացված նյութերի, առկա է հիմնավոր կասկած, որ Վ. Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը:

Առաջին ատյանի դատարանում 10.11.2010 թ-ին միջնորդության քննության ընթացքում քննիչ Հ. Սարգսյանը հայտնել է, որ տուժողն իրեն բանավոր ասել է, որ մեղադրյալ Վահրամ Գևորգյանը զանգահարել և անհանգստացրել է իրեն, ինչը սակայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից որևէ կերպ չի գնահատվել: Միջնորդության քննությունից հետո տուժող Արսեն Բալայանն ու նրա կինը` գործով վկա Լուսինե Կարապետյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ Վահրամ Գևորգյանը մշտապես զանգահարում է և ասում, որ իրեն հանի այս պատմությունից, ուրիշ ցուցմունք տա, առաջարկում հանդիպել, այդ ձևով ճնշում գործադրում ու անհանգստացնում:

Տուժող Ա. Բալայանը վերաքննիչ դատարանում տված իր բացատրությամբ հաստատեց վերոգրյալը:

Բացի այդ, մեղադրյալ Վահրամ Գևորգյանը խուսափեց վերաքննիչ դատարանի դատական նիստերին մասնակցելուց, ըստ քննիչի հայտարարության` իրեն նույնպես չի հաջողվել կապ հաստատել նրա հետ, քանի որ հեռախոսազանգերին չի պատասխանում, ինչը որոշակիորեն վկայում է մեղադրյալ Գևորգյանի կողմից քննությունից խուսափելու ու թաքնվելու մասին:

Սույն գործով նախաքննական մարմնի կողմից որոշումներ են կայացվել նաև Մամիկոն և Յուրի Մարտիրոսյաններին ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, սակայն նրանք թաքնվել են և նրանց հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

Առաջադրված մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու պայմաններում ավելանում է նաև Վահրամ Գևորգյանի կողմից գործով մյուս մեղադրյալներ Մամիկոն և Յուրի Մարտիրոսյանների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով քննությանը խոչընդոտելու հավանականությունը» (տե՛ս Նյութեր, էջեր 58-59):

8. Գործի նյութերում առկա են 2010 թվականի նոյեմբերի 25-ին կայանալիք դատական նիստի տեղի և ժամանակի մասին մեղադրյալ Վ. Գևորգյանին և նրա պաշտպան Հ. Հովհաննիսյանին ծանուցող գրություններ, որոնք թվագրված են 2010 թվականի նոյեմբերի 23-ով, սակայն այդ գրությունները նշված ամսաթվին մեղադրյալին և նրա պաշտպանին ուղարկելու մասին համապատասխան փոստային անդորրագրերը բացակայում են (տե՛ս Նյութեր էջեր 45-46):

Համաձայն պաշտպան Հ. Հովհաննիսյանի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված փոստային ծրարի` վերոնշյալ գրությունը փոստին է հանձնվել 2010 թվականի նոյեմբերի 25-ին, որը պաշտպանի կողմից ստացվել է 2010 թվականի նոյեմբերի 27-ին:

Գործի նյութերում առկա են նաև 2010 թվականի նոյեմբերի 29-ին կայանալիք դատական նիստի տեղի և ժամանակի մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությանը և մեղադրյալ Վ. Գևորգյանին ծանուցող գրություններ, որոնք թվագրված են 2010 թվականի նոյեմբերի 25-ով, սակայն այդ գրությունները նշված ամսաթվին դատախազություն և մեղադրյալին ուղարկելու մասին համապատասխան փոստային անդորրագրերը ևս բացակայում են (տե՛ս Նյութեր, էջեր 47-48):

2010 թվականի նոյեմբերի 30-ին կայանալիք նիստի մասին Վ. Գևորգյանին և նրա պաշտպան Հ. Հովհաննիսյանին ծանուցելու մասին ապացույցներ գործի նյութերում չկան:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև` վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին:

10. Իր վերոշարադրյալ փաստարկները հիմնավորելու նպատակով բողոքի հեղինակը վերլուծել է ՀՀ Սահմանադրության 21-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածները, ինչպես նաև Տ.Վահրադյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը, և արդյունքում եզրահանգել, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ առկա է հիմնավոր կասկած, որ Վ. Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը: Բողոքաբերի գնահատմամբ, այն խախտում է Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով ամրագրված` անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը, քանի որ Վ. Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նրա հանցանքը հիմնավորված ճանաչելով` Վերաքննիչ դատարանը խափանման միջոցին հաղորդել է պատժի տարրեր:

11. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Վ. Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքում դրվել է Առաջին ատյանի դատարանում միջնորդության քննության ժամանակ գոյություն չունեցած մի հանգամանք, այն է` Առաջին ատյանի դատարանում կալանքի միջնորդության քննությունից հետո տուժողի և նրա կնոջ ցուցմունքներն այն մասին, որ Վ. Գևորգյանը զանգահարել և ճնշումներ է գործադրել տուժող Ա. Բալայանի նկատմամբ: Բողոքաբերի գնահատմամբ, վերոնշյալ հանգամանքը հաշվի առնելով` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասության սահմաններից, քանի որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը չի ենթադրում Առաջին ատյանի դատարանում չներկայացված և չգնահատված ապացույցների քննարկում: Ըստ բողոքաբերի, այդ պարագայում առկա է միջնորդության նոր քննություն, որի իրավասությամբ վերաքննիչ դատարանն օժտված չէ:

12. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը Վ. Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վ. Գևորգյանը խուսափել է Վերաքննիչ դատարանի դատական նիստերին մասնակցելուց: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ստուգումը կատարվում է դատախազի և պաշտպանի մասնակցությամբ, ուստի` մեղադրյալի չմասնակցությունը չի կարող օգտագործվել իր դեմ: Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել է, որ դատական ծանուցագրերը շատ ուշ են հասել մեղադրյալին և նրա պաշտպանին. նիստը նշանակված է եղել 2010 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ մեղադրյալը և նրա պաշտպանը նիստի ժամանակի մասին ծանուցումն ստացել են 2010 թվականի նոյեմբերի 27-ին: Ինչ վերաբերում է 2010 թվականի նոյեմբերի 30-ին նշանակված և կայացված նիստին, ապա վերջինիս վերաբերյալ մեղադրյալը և նրա պաշտպանն ընդհանրապես չեն ծանուցվել:

Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ չծանուցելով ու չլսելով պաշտպանության կողմի կարծիքը և Վ. Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնելով, թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածից բխող` «առաջին անգամ» կալանավորում կիրառելիս մեղադրյալին պարտադիր լսելու սկզբունքի խախտում, ինչպես նաև` պաշտպանության կողմին զրկել է կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից:

13. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս հաշվի է առնվում մեղադրյալի անձը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը: Ընդ որում, այդ հանգամանքները յուրաքանչյուր անձի համար տարբեր են, և սխալ է նույն գործով բոլոր մեղադրյալների վարքագծերն ընդհանրացնել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը Վ.Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ սույն գործով որոշումներ են կայացվել Մամիկոն և Յուրի Մարտիրոսյաններին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, սակայն նրանք թաքնվել են և նրանց հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում:

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վ. Գևորգյանը բնութագրվում է դրական, աշխատում է, ամուսնացած է, խնամքին է անչափահաս երեխան, նախկին սպա է, սույն գործով հանդես է գալիս նաև որպես տուժող, իր պաշտպանից տեղեկանալով իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին` փախուստի չի դիմել, առաջին իսկ կանչով ներկայացել է ոստիկանություն, որտեղ 2010 թվականի դեկտեմբերի 7-ին կալանավորվել է:

14. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը Վ. Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ առաջադրված մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու պայմաններում ավելանում է Վ. Գևորգյանի կողմից գործով մյուս մեղադրյալներ Մամիկոն և Յուրի Մարտիրոսյանների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով քննությանը խոչընդոտելու հավանականությունը: Մինչդեռ, համաձայն բողոքի փաստարկների` առաջադրված մեղադրանքը չընդունելը, իր անմեղության մասին հայտարարելը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանված մեղադրյալի իրավունքն է, որը, սակայն, Վերաքննիչ դատարանը դիտել է որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմք այն դեպքում, երբ նման հիմք օրենքով նախատեսված չէ, ավելին` Վերաքննիչ դատարանը մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը օգտագործել է վերջինիս դեմ և գնահատել որպես հավանական անօրինական արարք կատարելու հիմնավորում:

15. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` նաև գրավի հարցը քննարկելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Հիմնավոր կասկած.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե արդյո՞ք հիմնավորված և պատճառաբանված է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Վ. Գևորգյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին:

17. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն`

i

«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում`

(...)

4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.

(...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր անձ ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (...)»

Վերոշարադրյալ դրույթների վերլուծությունից բխում է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքներից է, այս իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է սահմանել Ա. Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ: Վկայակոչված որոշման համաձայն`, (...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանդրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): ՈՒստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից:

(...)

[Դ]ատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջը պահպանած լինելու համար բավարար չէր օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքը, այլ անհրաժեշտ էր կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով:

Ընդ որում, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս, ինչպես նաև կալանքի ժամկետը երկարացնելիս պետք է հաստատվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն, և որը պետք է բխի անձի` ազատությունից զրկելու հետ կապված կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից:» (տե՛ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ և 22-րդ կետերը):

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`

(...)

2. կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խափանման միջոց (այդ թվում` կալանավորումը) կարող է կիրառվել «միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1. թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2. խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3. կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4. խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5. խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում»:

Անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանափակման հիմքերը սահմանող` վերևում մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանափակումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, անձին ազատությունից զրկելու` օրենքով թույլատրված հիմքերի ցանկը սպառիչ է, հետևաբար` անձին ազատությունից զրկելը, որը տեղի չի ունենում օրենքով նախատեսված կարգով, կամ սահմանված հիմքերի շրջանակում, կամայական է և անօրինական: ՈՒստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանափակման յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ապահովել այդ սահմանափակման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա, որի համաձայն` անձի ազատության իրավունքի երաշխավորման նպատակ է համարվում ազատությունից կամայականորեն զրկելուց անձի իրավական պաշտպանությունը (տե՛ս Թիմուրտաշն ընդդեմ Թուրքիայի (TIMURTAS v. TURKEY) գործով 2000 թ. հունիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 23531/94, կետ 103, Բազորկինան ընդդեմ Ռուսաստանի (BAZORKINA v. RUSSIA) 2006 թ. հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 69481/01, կետ 146, Կլիֆտն ընդդեմ Միացյալ Թագավորության (CLIFT v. THE UNITED KINGDOM) գործով 2010 թ. հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 7205/07, կետ 62):

19. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ կետի, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ անձի կալանավորումը կհամարվի օրինական և հիմնավորված միայն այն դեպքում, երբ հաստատվի

ա) անձի առնչությունն իրեն մեղսագրվող հանցագործությանը (հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը) և

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Գագիկ Միքայելյանի վերաբերյալ ԵԱԴԴ/0085/06/09 գործով 2009 թ. դեկտեմբերի 18-ի որոշման 32-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումը:

Զարգացնելով այդ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: Ավելին, եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է:

Հիմնավոր կասկածի հետ մեկտեղ կալանավորման պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար, օրինակ` պատգամավորներ, դատավորներ, անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը:

20. Մեկնաբանելով անձի ազատության սահմանափակման համար անհրաժեշտ պայմանը` հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած առ այն, որ նա իրավախախտում է կատարել, ընդ որում` յուրաքանչյուր դեպքում կասկածը պետք է լինի ողջամիտ:

Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա, որի համաձայն` կալանքի հիմնավորվածության կարևոր տարրերից են կասկածների արժանահավատությունն ու բարեխղճությունը (տե՛ս Մյուրեյն ընդդեմ Միացյալ Թագավորության (MURRAY v. THE UNITED KINGDOM) 1994 թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 61):

21. Դիրքորոշում սահմանելով այն մասին, որ կասկածը պետք է լինի ողջամիտ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:

Վճռաբեկ դատարանը հատուկ ընդգծում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող վերոնշյալ տեղեկությունները, փաստերը կամ ապացույցները պետք է հետազոտվեն մրցակցային դատավարության կանոնների պահպանմամբ, ինչը ենթադրում է, որ այդ տեղեկություններին, տվյալներին կամ ապացույցներին պետք է ծանոթանա նաև պաշտպանության կողմը:

22. Ընդհանրացնելով սույն որոշման 19-21-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը`

ա) պետք է արձանագրի հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը,

բ) պետք է պարզի կալանավորման մյուս պայմանների առկայությունը,

գ) այն դեպքում, երբ դատարանը կհանգի այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար են արձանագրելու, որ առկա է անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, և միաժամանակ կալանավորման մյուս պայմանները նույնպես առկա են, ապա պետք է կայացնի հիմնավորված և պատճառաբանված որոշում այն մասին, թե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ դատարանի հետևությունը ևս պետք է հիմնավորված լինի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով:

Վճռաբեկ դատարանի այս մոտեցումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումների վրա, որոնց համաձայն` կալանավորման ժամանակ հարցաքննության նպատակը, համաձայն 5-րդ հոդվածի 1-ին կետի,գե ենթակետի, համարվում է քննության ընթացքի հետագա շարունակությունը` կասկածի հաստատման կամ հերքման նպատակով, որն այս փուլում, անկասկած, չի կարող համոզիչ լինել: Բայց և այնպես, կասկածը պետք է ունենա որևէ հիմնավորում (տե՛սԲրոգանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (BROGAN AND OTHERS v. THE UNITED KINGDOM) գործով 1988 թ. նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատներ թիվ 11209/84, 11234/84, 11266/84, 11386/85, կետ 53, և Մյուրեյն ընդդեմ Միացյալ Թագավորության (MURRAY v. THE UNITED KINGDOM) գործով 1994 թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 55):

Կասկածը չի կարող հիմնված լինել սոսկ այն հավաստիացման վրա, որ առկա է ստույգ, բայց և գաղտնի տեղեկություն (տե՛ս Ֆոկսը, Քեմբելն ու Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության (FOX, CAMPBELL AND HARTLEY v. THE UNITED KINGDOM) գործով 1990 թ. օգոստոսի 30-ի վճիռը, գանգատներ թիվ 12244/86, 12245/86, 12383/86, կետ 32):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանության համաձայն` ողջամիտ կասկածի չափանիշը հիմնվում է «փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում» (տե՛ս Կ.Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի (K.-F. v. GERMANY) գործով 1997թ. նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57):

23. Ընդհանրացնելով սույն որոշման 17-22-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում: Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշման պատճառաբանական մասում հիմնավոր կասկածի հիմնավորվածության մասին հարցին որևէ անդրադարձ չի կատարել: Վերաքննիչ դատարանը Վ. Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման մեջ նշել է, որ ըստ ներկայացված նյութերի` առկա է հիմնավոր կասկած, որ Վ. Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, սակայն, բավարարվելով հանցանքի կատարման մեջ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ օրենսդրական պայմանի պարզ շարադրանքով, իր որոշման մեջ չի նշել գործով ձեռք բերված որևէ փաստական տվյալ, որն ուղղակիորեն կմատնանշեր Վ. Գևորգյանի առնչությունը կատարված իրավախախտմանը, ինչպես նաև չի պատճառաբանել հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ իր հետևությունը: Վերաքննիչ դատարանը չի մատնանշել նաև բավարար հիմքեր (փաստեր)` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն հանցանքին, որի կատարման մեջ Վ. Գևորգյանը կասկածվում է:

25. Սույն որոշման 17-23-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 24-րդ կետում շարադրված փաստական տվյալները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված և պատճառաբանված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Վ. Գևորգյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին:

 

II. Պաշտպանության կողմի ծանուցումը.

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ մեղադրյալը խուսափել է մասնակցել դատական նիստին այն դեպքում, երբ վերջինս և նրա պաշտպանը պատշաճ կերպով ծանուցված չեն եղել Վերաքննիչ դատարանի նիստի վերաբերյալ:

i

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում`դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: (...)»:

Վերոգրյալ նորմի վերլուծությունից բխում է, որ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգմանը դատախազի և պաշտպանի պարտադիր ներկայություն սահմանված չէ, սակայն Վերաքննիչ դատարանը պարտավոր է բողոքը քննելու օրվա և ժամի մասին նախապես իրազեկել ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմերին:

28. Քննարկման ենթակա գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2010 թվականի նոյեմբերի 25-ին կայանալիք դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցումները, համաձայն պաշտպան Հ. Հովհաննիսյանի Վճռաբեկ դատարան ներկայացված փոստային ծրարի` փոստին են հանձնվել 2010 թվականի նոյեմբերի 25-ին և հասցեատերերի կողմից ստացվել են 2010 թվականի նոյեմբերի 27-ին:

2010 թվականի նոյեմբերի 29-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին մեղադրյալի և նրա պաշտպանի ծանուցումը հավաստող պատշաճ փաստաթղթեր գործի նյութերում առկա չեն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Ավելին, 2010 թվականի նոյեմբերի 29-ին դատարանը որոշել է դատական նիստը հետաձգել և նշանակել նոյեմբերի 30-ին` բացատրություն տալու համար դատարան հրավիրելով տուժողին, սակայն մեղադրյալը կամ պաշտպանը դարձյալ դատական հաջորդ նիստի մասին չեն ծանուցվել:

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը քննելու օրվա և ժամի մասին մեղադրյալ Վ. Գևորգյանը և նրա պաշտպանը պատշաճ չեն ծանուցվել:

Այնուամենայնիվ, հաշվի չառնելով վերևում շարադրված հանգամանքները, Վերաքննիչ դատարանը, մեղադրյալի բացակայությունը դիտել է որպես վերաքննիչ դատարանի դատական նիստերին մասնակցելուց խուսափում և անհիմն կերպով գնահատել է որպես նրա կողմից քննությունից խուսափելու ու թաքնվելու մասին որոշակիորեն վկայող հանգամանք (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

29. Հիմք ընդունելով սույն որոշման 27-28-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ մեղադրյալը խուսափել է մասնակցել դատական նիստին այն դեպքում, երբ վերջինս և նրա պաշտպանը պատշաճ կերպով ծանուցված չեն եղել Վերաքննիչ դատարանի նիստի վերաբերյալ: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով` վերաքննիչ դատարանի դատական նիստին մասնակցելը մեղադրյալի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը, հետևաբար անգամ պատշաճ ծանուցված մեղադրյալի բացակայությունը` որպես օրենքով տրված իրավունքից չօգտվելու դրսևորում, չէր կարող դրվել կալանավորման հիմքում:

 

III. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման հիմքում դրվող հանգամանքները.

30. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքում վերջինիս կողմից մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու, ինչպես նաև գործով այլ մեղադրյալների նկատմամբ հետախուզում հայտարարված լինելու հանգամանքները դնելը:

i

31. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:»

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«3. Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.

(...)

է) չպարտադրվի իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի մասի համաձայն`

«1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն` մեղադրյալն իրավունք ունի «հայտարարել իր մեղավորության կամ անմեղության մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը կամ դրանցից օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: Մեղադրյալի վրա չի կարող որևէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների և բացատրությունների համար, բացի այն դեպքերից, երբ նա հայտարարել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձի կողմից հանցանք կատարելու մասին»:

Փաստորեն, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածում որպես հանցագործության մեջ մեղադրվող անձի իրավունքների պաշտպանության երաշխիք նշվում է, որ ոչ ոքի չի կարելի պարտադրել իր դեմ ցուցմունք տալ կամ իրեն մեղավոր ճանաչել: Նշված իրավադրույթի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսքը վերաբերում է գործի քննության ինչպես մինչդատական, այնպես էլ դատական փուլերին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետից բխում է, որ իր մեղավորության կամ անմեղության մասին հայտարարելը մեղադրյալի իրավունքն է, որն իր հերթին բխում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքից: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակի ամրագրում է, որ մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլատրելի հիմքերը (տե՛ս սույն որոշման 18-րդ կետը):

32. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքում դրել է նաև վերջինիս կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելու և իրեն մեղավոր չճանաչելու փաստը (տես սույն որոշման 7-րդ կետը):

33. Սույն որոշման 31-րդ կետում շարադրված իրավադրույթների և դրանց լույսի ներքո վերլուծելով սույն որոշման 32-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով մեղադրյալի պաշտպանության իրավունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչպես նաև միջազգային պայմանագրով նրան տրված երաշխիքները, մեղադրյալի կողմից իր դատավարական իրավունքից օգտվելը գնահատել է որպես նրա հավանական անօրինական արարք կատարելու հիմնավորում, որպես այդպիսին գնահատելով նաև սույն գործով մյուս մեղադրյալների վարքագիծը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, նման հիմնավորումն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության իրավունքին, ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքին, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված երաշխիքներին:

34. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրյալի կողմից իր անմեղության մասին հայտարարելը, ինչը տվյալ դեպքում դրսևորվել է մեղադրանքը չընդունելով և իրեն մեղավոր չճանաչելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմք դիտարկելու և մեղադրյալի կողմից մեղադրանքը չընդունելով պայմանավորված վերջինին ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքից զրկելն իրավաչափ չէ: Նշված փաստարկումը սկզբունքորեն չի կարող դրվել անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության հիմքում:

Փաստորեն, մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր և օրինական չէ, քանի որ այդ որոշման հիմքում դրված հիմնավորումները ոչ միայն չեն բխում կալանավորման թույլատրելի հիմքերը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, այլև խախտում են մեղադրյալի պաշտպանության իրավունքը, անմեղության կանխավարկածը և միջազգային պայմանագրով երաշխավորված այլ իրավունքներ:

35. Հիմք ընդունելով սույն որոշման մեջ շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել չհիմնավորված, չպատճառաբանված և ոչ իրավաչափ որոշման կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է հանդիսանում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Վահրամ Ռուդիկի Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի նոյեմբերի 10-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Վահրամ Ռուդիկի Գևորգյանին անհապաղ ազատել կալանքից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.02.2011
N ԵԿԴ/0678/06/10
Որոշում