Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԲԱՑ ԹՈՂՆՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԿԴ/0736/17/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0736/17/16       2022 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2021 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի` ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճիռը` ըստ հայցի Բանկի ընդդեմ Մկրտիչ և Ավետիք Բաբոյանների` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ, պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է պարտադիր ճանաչել ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճիռը և դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 11.11.2016 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 07.08.2017 թվականի որոշմամբ Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) 13.11.2018 թվականի որոշմամբ Մկրտիչ Բաբոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.08.2017 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 09.07.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Դ. Սերոբյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Լ. Գրիգորյան) 01.11.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.09.2020 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2021 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.07.2019 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Ն. Կիրակոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, 59-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածը, 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 66-րդ հոդվածը, 119-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և Դատարանի 11.11.2016 թվականի «Արբիտրաժային տրիբունալի վճիռը որպես պարտադիր ճանաչելու և արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին» որոշումը` կից կատարողական թերթերով Բանկին փաստացի տրամադրելու ամսաթվի և այդ փաստաթղթերը Բանկի կողմից փաստացի ստանալու վերաբերյալ կատարել է անհիմն և իրարամերժ եզրահանգումներ, ինչը սույն գործով ունի էական նշանակություն` Բանկի կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բացթողնման պատճառները Բանկի կամքից անկախ, օբյեկտիվ գործոններով պայմանավորված լինելու փաստը հաստատելու համար:

i

Վերաքննիչ դատարանը Դատարանի որոշումը և կատարողական թերթը փաստացի ստանալու ժամանակի և եղանակի մասին ապացույցի ներկայացումը համարելով Բանկի պարտականությունը` սխալ եզրահանգման է եկել, դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, Բանկի վրա դնելով այնպիսի փաստի ապացուցման բեռ, որը օրինական կանխավարկածի համաձայն ձևավորվում և գտնվում է դատարանի տիրապետության ներքո` գործի մեջ, և անխզելիորեն կապված է դատարանի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարման հետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.02.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դիմելով դատարան` Բանկը պահանջել է պարտադիր ճանաչել ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճիռը և դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 4),

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 11.11.2016 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է` Դատարանը որոշել է ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճիռը ճանաչել պարտադիր և դրա հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրել կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 43-45),

3. Գործում առկա` առանց թվագրման և ելքի համարի ուղեկցական գրության համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի որոշումը և կատարողական թերթն ուղարկվել է Բանկին (հատոր 1-ին, գ.թ. 491),

4. Բանկը 26.07.2017 թվականին դիմել է դատարան` խնդրելով հարգելի համարել կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելը և վերականգնել բաց թողնված ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 53-55),

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 07.08.2017 թվականի որոշմամբ Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 57-59),

6. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) 13.11.2018 թվականի որոշմամբ Մկրտիչ Բաբոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.08.2017 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 129-131),

7. Դատարանի 09.07.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 169-171),

8. Վերաքննիչ դատարանի 19.02.2021 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.07.2019 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 3-րդ, գ.թ. 137-142):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 24-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումն արդյո՞ք ենթակա է բավարարման այն դեպքում, երբ գործում բացակայում են դատարանի կողմից պահանջատիրոջը կատարողական թերթն ուղարկելու և վերջինիս կողմից այն ստանալու վերաբերյալ համապատասխան ապացույցները:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2017 թվականին ընդունված թիվ ՀՕ-9-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

i

Վերոհիշյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից բխում է, որ հիշյալ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «պահանջատեր» եզրույթի ներքո անհրաժեշտ է նկատի ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

i

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի` դժվար կլինի պատկերացնել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարումը պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում վերջնական դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը` որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

 

Վերոհիշյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու` օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով պահանջատիրոջ համար սահմանված է եղել մեկ տարի ժամկետ` արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ կայացնելու պահից, դրա հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար, նշված ժամկետով սահմանափակելով նաև պարտատիրոջ` դատական ակտից բխող պահանջի իրավունքի իրացման հնարավորությունը: Միաժամանակ, օրենսդիրը կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը չպահպանվելու պարագայում նախատեսել է վերոհիշյալ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն` բաց թողնված ժամկետը դատարանի կողմից հարգելի ճանաչելու կառուցակարգ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը պարտատիրոջ համար սահմանել է անհրաժեշտ գործիքակազմ` վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու և խախտված իրավունքները վերականգնելու համար` ամրագրելով նաև կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն, ինչը, սակայն, չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտի կատարման ձգձգման և հանգեցնել իրավահարաբերության մյուս կողմի` պարտապանի իրավունքների ոտնահարմանը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հանգամանքները ենթակա են պարզման քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված ապացուցման կանոններով` հաշվի առնելով նաև այդ կանոնների մեկնաբանության կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկան:

Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև դատարանի դատական ակտն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու իրավական հետևանքներին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի իրավունքների իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի ընդդեմ «Արմինե» ԱԿ-ի թիվ ԿԴ/00412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրենց իրավունքն արդյունավետ իրացնելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ իրավակարգավորումների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանը, քննելով արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը, որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Այն դեպքում, երբ դատարանը որոշում է բավարարել դիմումը և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար տրամադրել կատարողական թերթ, պարտավոր է ինչպես դատարանի որոշումը, այնպես էլ կատարողական թերթը պահանջատիրոջն ուղարկել օրենքով սահմանված ժամկետում, որպեսզի պահանջատերը հնարավորություն ունենա օրենքով սահմանված ժամկետում կատարողական թերթը ներկայացնել կատարման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոհիշյալ դիրքորոշումը կիրառելի է մինչև 01.04.2018 թվականը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, քանի որ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2017 թվականի թիվ ՀՕ-9-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց, այն է` 01.04.2018 թվականից հետո դատարանները պահանջատիրոջ դիմումի հիման վրա կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկում են հարկադիր կատարման ծառայություն:

Այսպես. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` 01.04.2018 թվականից հետո գործող խմբագրությամբ 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկա իրավակարգավորումների պայմաններում դատարանների վրա է դրված պահանջատիրոջ դիմումի հիման վրա կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու պարտականությունը, մինչդեռ նախկին իրավակարգավորումների պայմաններում կատարողական թերթը հարկադիր կատարման ծառայություն էր ներկայացնում պահանջատերը, որպիսի հանգամանքի հաշվառմամբ էլ դատարանները պարտավոր էին պահանջատիրոջ` կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում կատարողական թերթը պատշաճ ուղարկել պահանջատիրոջը, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա օրենքով սահմանված մեկամյա ժամկետում հարկադիր կատարման ներկայացնել այն: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու դիմումի քննության ժամանակ էական նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե երբ է վերջինս ստացել կատարողական թերթը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կատարողական թերթը պահանջատիրոջ կողմից ստանալու ստույգ օրը հաստատված համարելու դեպքում միայն հնարավոր կլինի արձանագրել, թե արդյոք պահանջատերն ունեցել է բավարար ժամանակ` կատարողական թերթն օրենքով սահմանված ժամկետում հարկադիր կատարման ներկայացնելու համար: Մինչդեռ այն դեպքում, երբ չկան բավարար ապացույցներ` պարզելու համար կատարողական թերթը պահանջատիրոջ կողմից ստանալու ստույգ օրը, ապա հնարավոր չէ եզրահանգման գալ առ այն, որ պահանջատերն ունեցել է հնարավորություն օրենքով սահմանված ժամկետում հարկադիր կատարման ներկայացնելու կատարողական թերթը: Հետևաբար նման դեպքերում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը պետք է իրավունքի ուժով վերականգնվի:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկը պահանջել է պարտադիր ճանաչել ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճիռը և դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 11.11.2016 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է` Դատարանը որոշել է ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճիռը ճանաչել պարտադիր և դրա հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրել կատարողական թերթ:

Դատարանի առանց թվագրման և ելքի համարի ուղեկցական գրության համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի որոշումը և կատարողական թերթն ուղարկվել է Բանկին:

 

Բանկը 26.07.2017 թվականին դիմել է դատարան` խնդրելով հարգելի համարել կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելը և վերականգնել բաց թողնված ժամկետը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 07.08.2017 թվականի որոշմամբ Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Մ. Հարթենյան) 13.11.2018 թվականի որոշմամբ Մկրտիչ Բաբոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.08.2017 թվականի «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Դատարանը 09.07.2019 թվականի որոշմամբ մերժել է Բանկի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, պատճառաբանելով, որ ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճռի հիման վրա կատարողական թերթն առաջին անգամ կարող էր կատարման ներկայացվել 18.03.2016 թվականից հետո մեկ տարվա ընթացքում, այսինքն` մինչև 20.03.2017 թվականը: Դատարանն արձանագրել է, որ սույն գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի «Արբիտրաժային տրիբունալի վճիռը որպես պարտադիր ճանաչելու և արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին» որոշմամբ միջնորդությունը բավարարվել է, և տրվել են կատարողական թերթեր: Հետևաբար Դատարանը գտել է, որ սույն գործով Բանկը 11.11.2016 թվականի կատարողական թերթերը ստանալուց մինչև 20.03.2017 թվականը բավարար և ողջամիտ ժամկետ ուներ նշված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու համար: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ նշված ժամանակահատվածում հարգելի պատճառով կատարողական թերթերի` կատարման չներկայացնելու վերաբերյալ դիմումում փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ չեն ներկայացվել:

Նման պայմաններում Դատարանը գտել է, որ միջնորդությունը հիմնավորված չէ, չի պարունակում 11.11.2016 թվականին կատարողական թերթերն ստանալուց մինչև 20.03.2017 թվականը հարկադիր կատարման չներկայացնելու հարգելիության վերաբերյալ որևէ փաստարկ, որը կարող է հիմք հանդիսանալ կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար:

Վերաքննիչ դատարանը մերժել է Բանկի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ, թեև Դատարանը սխալ է հանգել հետևության 11.11.2016 թվականի որոշումը և կատարողական թերթերը նույն օրվա դրությամբ բողոքաբերին ուղարկված կամ տրամադրված լինելու մասով, այնուամենայնիվ, այն պայմաններում, երբ Բանկը չի վկայակոչել, թե երբ և ինչ եղանակով է փաստացի ստացել որոշումը և կատարողական թերթերը` չներկայացնելով դրա վերաբերյալ ապացույց, թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը զրկված է այն ստանալու պահից մինչև կատարման ներկայացնելու պահը բողոքաբերի կամքից անկախ` օբյեկտիվ հանգամանքներում այն կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հնարավորությունից:

 

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Բանկը 26.07.2017 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան` խնդրելով հարգելի համարել ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճռի հիման վրա տրամադրված կատարողական թերթերի հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետի բաց թողնելը և բաց թողնված ժամկետը վերականգնել` պատճառաբանելով, որ Բանկի կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկամյա ժամկետը բաց է թողնվել ոչ իր մեղքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Բանկը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի «Արբիտրաժային տրիբունալի վճիռը որպես պարտադիր ճանաչելու և արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին» որոշումը և կատարողական թերթերը ստացել է մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկամյա ժամկետի ավարտը: Ավելին` գործում առհասարակ առկա չէ ապացույց այն մասին, թե երբ է վերոհիշյալ որոշումը կամ կատարողական թերթերն ուղարկվել Բանկին` փոստային ծառայությանը հանձնելու միջոցով, և երբ է Բանկը ստացել կատարողական թերթ տրամադրելու մասին որոշումը և կատարողական թերթերը: Տվյալ դեպքում գործում առկա է միայն առանց թվագրման և ելքի համարի ուղեկցական գրություն` որոշումը Բանկին ուղարկելու մասին, սակայն առկա չէ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի որոշումը և կատարողական թերթերը Բանկի կողմից ստանալու փաստը հաստատող փոստային հետադարձ ծանուցագիրը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում կատարողական թերթերը Բանկին ուղարկելու և դրանք վերջինիս կողմից ստանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում Դատարանը չէր կարող եզրահանգման գալ առ այն, որ Բանկը 11.11.2016 թվականի կատարողական թերթերը ստանալուց մինչև 20.03.2017 թվականը բավարար և ողջամիտ ժամկետ ուներ նշված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու համար:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն առ այն, որ Բանկը չի վկայակոչել, թե երբ և ինչ եղանակով է փաստացի ստացել որոշումը և կատարողական թերթերը` չներկայացնելով դրա վերաբերյալ ապացույց, ինչի պայմաններում թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը զրկված է դրանք ստանալու պահից մինչև կատարման ներկայացնելու պահը բողոքաբերի կամքից անկախ` օբյեկտիվ հանգամանքներում դրանք կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հնարավորությունից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործում համապատասխան ապացույցների բացակայության պայմաններում ակնհայտ է, որ 11.11.2016 թվականի «Արբիտրաժային տրիբունալի վճիռը որպես պարտադիր ճանաչելու և արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին» որոշումը և կատարողական թերթերը Բանկին ուղարկելու օրենքով սահմանված իր պարտականությունը Դատարանը պատշաճ չի կատարել, իսկ բողոքաբերը չի կարող կրել դրա բացասական հետևանքը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի «Արբիտրաժային տրիբունալի վճիռը որպես պարտադիր ճանաչելու և արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին» որոշումը և կատարողական թերթերը Բանկի կողմից ստանալու ստույգ օրվա վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում ստորադաս դատարանները չէին կարող միանշանակ եզրահանգման գալ առ այն, որ Բանկը հնարավորություն է ունեցել օրենքով սահմանված մեկամյա ժամկետում կատարողական թերթերը հարկադիր կատարման ներկայացնել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Բանկի դիմումը` ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ, ենթակա է բավարարման, ուստի վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթերը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը պետք է վերականգնվի:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու (...) վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումների վերաբերյալ բողոքներով:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Բանկը սույն գործով ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար 10.000 և 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, այդուհանդերձ, վերջինս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով սույն գործով չի կրում պետական տուրք վճարելու պարտականություն, ուստի, դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2021 թվականի որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ. «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումը` ՀՀ բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 18.03.2016 թվականի թիվ 02-002/01/16 վճռի հարկադիր կատարման համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2016 թվականի «Արբիտրաժային տրիբունալի վճիռը որպես պարտադիր ճանաչելու և արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին» որոշմամբ տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել և վերականգնել կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.01.2022
N ԵԿԴ/0736/17/16
Որոշում