(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
i
040.0363.160409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2009 թվականի N 363-Ն
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրական ցանցերի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 2-ի
N 363-Ն որոշման
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` ՏԿ) պահանջները տարածվում են մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման նախագծվող, կառուցվող և գործող էլեկտրական ցանցերի (ենթակայանների, բաշխիչ սարքվածքների, հոսանատարների, էլեկտրահաղորդման գծերի ու դրանց հարակից կառույցների, անկախ դրանց սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից) վրա, այդ թվում`
1) մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծերի վրա, որոնք անցնում են բնակեցված տարածքներով, տնկարկներով, անտառներով և հատուկ պահպանվող տարածքներով.
2) մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծերի վրա:
2. Չբնակեցված, դժվարամատչելի և անմատչելի տեղանքով անցնող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 46-րդ գլխի պահանջներին համապատասխան:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. «Անվտանգության գոտի» հասկացության պարզաբանումը տրված է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների սահմանման նպատակը դժբախտ դեպքերի կանխարգելումը և էլեկտրական ցանցերի պահպանվածության ապահովումն է:
4. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներն օգտագործվում են ըստ նպատակայնության: Այդ գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալիք ներկայացնել ցանցերի բնականոն աշխատանքի, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքի անվտանգության ու առողջության, ինչպես նաև գույքի պահպանության համար` ըստ գործող նորմերի և կանոնների:
i
5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները և էներգետիկական օբյեկտներ շահագործող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց լիազորությունների սահմաններում, և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` «էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում սույն ՏԿ-ում սահմանված` անվտանգության գոտիներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ:
(5-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)
6. Անվտանգության գոտիները, ինչպես նաև հողի նկատմամբ օգտակարությունը սահմանելու հետևանքով հողի սեփականատիրոջը կամ վարձակալին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
7. Գործող, կառուցվող և նոր նախագծվող Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում օբյեկտների հեռավորությունների պահպանումը, ինչպես նաև շինարարական նորմերով ու կանոններով և այլ նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պարտադիր է:
8. Սույն տեխնիկական կանոնակարգը ենթակա է պարտադիր կատարման Էլեկտրական ցանցերի կառուցման և շահագործման ընթացքում:
3. ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
9. Մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերի համար սահմանվում են`
1) անվտանգության գոտիներ`
ա. էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով (բացառությամբ ճյուղավորումների` դեպի շենքերի ներանցումներ), ընդգրկելով այնպիսի երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված հողի մակերեսը և օդային տարածությունը, որոնք գտնվում են գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից` դրանց չշեղված դիրքի դեպքում) 2 մ հեռավորության վրա,
բ. էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծերի համար դրանք համընկնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ գլխում սահմանված պահպանության գոտիներին.
2) նվազագույն թույլատրելի հեռավորություններ` մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի և մերձակա շենքերի ու կառույցների, ինչպես նաև ծառերի և այլ բազմամյա տնկարկների միջև, որոնք տրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ, 25-րդ, 32-34-րդ գլուխներում:
10. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, առանց էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության գրավոր թույլտվության, արգելվում է`
1) իրականացնել շինարարական, հավաքակցման, պայթեցման և ոռոգման աշխատանքներ, կատարել ծառատնկման և արմատահանման աշխատանքներ, կառուցել սպորտային և խաղահրապարակներ, պահեստավորել կեր, պարարտանյութ, վառելանյութ և այլ նյութեր.
2) սարքավորել երթուղիներ` մեքենաների և մեխանիզմների համար, որոնց ընդհանուր բարձրությունը ճանապարհի մակերևույթից գերազանցում է 4.5 մ-ը, ինչպես նաև ավտոմոբիլային և թրթուրային տրանսպորտի, մեքենաների և մեխանիզմների կառանումներ (էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում).
3) կատարել 0.3 մ-ից ավելի խորությամբ հողափորման և համահարթեցման աշխատանքներ` տրակտորների, էքսկավատորների և այլ հողափոր մեքենաների օգնությամբ (էլեկտրահաղորդման մալուխային գծերի անվտանգության գոտիներում):
11. Գյուղատնտեսական բնագավառի տնտեսավարող սուբյեկտներին պատկանող տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների շահագործումը կատարվում է սեփականատիրոջ հայեցողությամբ, բայց միայն այդ գծերի` սույն ՏԿ-ով սահմանված պահպանվածության ապահովման և անվտանգության միջոցառումների պահպանման պարտադիր կատարման պայմանով:
12. Արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խախտել էլեկտրահաղորդման գծերի բնականոն աշխատանքը կամ հանգեցնել նրանց վնասմանը, մասնավորապես`
1) շպրտել գծերի վրա, հենասյուների մոտ տեղավորել կամ նրանց կամ ամրագծի լարերին կապել կողմնակի առարկաներ, բարձրանալ հենասյուների վրա, արգելափակել նրանց մոտենալու ուղիները և տանիքից ձյուն շպրտել գծերի վրա.
2) մեծ ծանրություններ (5 տ-ից ավելի) նետել, թափել հիմքեր, թթուներ և աղեր, թափոնատեղիներ առաջացնել էլեկտրահաղորդման մալուխային գծերի մայրուղիների վրա.
3) մուտք գործել էլեկտրացանցային կառույցներ, կատարել միացումներ, փոխանջատումներ էլեկտրական ցանցերում, կրակ վառել ներանցիչ և բաշխիչ սարքվածքների, էլեկտրահաղորդման օդային գծերի մոտ և էլեկտրահաղորդման մալուխային գծերի անվտանգության գոտիներում.
4) շինարարներին` կատարել շենքերի, կամուրջների, թունելների, երկաթուղային ու ավտոճանապարհների և այլ կառույցների քանդման և (կամ) վերակառուցման աշխատանքներ այն տեղերում, որտեղով անցնում են էլեկտրահաղորդման գծեր կամ որտեղ տեղակայված են ներանցիչ կամ (և) բաշխիչ սարքեր` առանց էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ համաձայնեցման:
13. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների հողատարածքը չի առգրավվում հողատերերից, այլ օգտագործվում է նրանց կողմից` սույն կանոնակարգի պահանջների պարտադիր կատարմամբ:
14. Կազմակերպությունները, գերատեսչությունները և առանձին քաղաքացիները պարտավոր են ձեռնարկել իրենցից կախված բոլոր միջոցները` իրենց պատկանող կամ օգտագործմանը հանձնված հողատարածքներով անցնող, մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի պահպանվածության ապահովման համար:
15. Եթե ընդհանուր հենասյան վրա կախված են մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման օդային գծեր և այլ նշանակության գծեր, որոնք պատկանում են տարբեր կազմակերպությունների, ապա այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը գծերի նորոգման ժամանակ, երբ կարող է վնաս հասցվել մյուս կազմակերպությանը, կամ այն դեպքերում, երբ պահանջվում է մյուս կազմակերպության ներկայացուցիչը, այդպիսի նորոգման մասին պետք է նախապես զգուշացնի շահագրգիռ կազմակերպությանը:
16. Էլեկտրահաղորդման օդային գծերի մերձակայքում տարբեր մեքենամեխանիզմների կիրառմամբ իրականացվելիք աշխատանքների կատարումը թույլատրվում է այն պայմանի դեպքում, եթե մեխանիզմի կամ նրա վերամբարձ կամ շարժական մասի, ինչպես նաև բարձրացվող բեռի` նրա ցանկացած դիրքում, հեռավորությունը մինչև մոտակա լարման տակ գտնվող հաղորդալարը կլինի 1.5 մ-ից ոչ պակաս:
17. Հեռավորությունն էլեկտրահաղորդման մալուխային գծից մինչև հողային աշխատանքների կատարման վայրը, յուրաքանչյուր մալուխային գծի կամ գծերի խմբի համար, տրվում է էլեկտրահաղորդման մալուխային գծերը շահագործող կազմակերպության` սույն ՏԿ-ի 35-րդ կետում նշված գրավոր համաձայնության մեջ:
18. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ ապահովել սույն ՏԿ-ի 16-րդ և 17-րդ կետերում նշված աշխատանքների կատարման անվտանգությունը, էլեկտրական ցանցի տվյալ տեղամասից պետք է անջատվի լարումը:
19. Հողային աշխատանքներ կատարող կազմակերպություններն այդ աշխատանքների կատարման տեխնիկական փաստաթղթերում չնշված մալուխ հայտնաբերելու դեպքում պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները, միջոցներ ձեռնարկել մալուխի պահպանվածության ապահովման համար և տեղյակ պահել էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությանը:
20. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպությունների տեխնիկական անձնակազմերն իրավունք ունեն անարգել մոտենալու էլեկտրական ցանցերին` նորոգման-շահագործման աշխատանքներ իրականացնելու համար: Եթե էլեկտրական ցանցերը տեղաբաշխված են արգելված գոտիների կամ հատուկ օբյեկտների տարածքներում, ապա համապատասխան կազմակերպությունները պետք է ապահովեն օրվա ցանկացած ժամին այդ ցանցերն սպասարկողների մուտքը նշված տարածքներ` զննման և նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
21. Գյուղատնտեսական մշակահողերի միջով անցնող, մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի պլանային վերանորոգման և վերակառուցման աշխատանքները պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 42-րդ կետի պահանջների պահպանմամբ:
22. Էլեկտրական ցանցերի վթարային վերանորոգման և շահագործման-սպասարկման աշխատանքներն իրականացվում են ցանկացած ժամանակ, բայց սույն ՏԿ-ի 43-րդ կետի պահանջների պարտադիր կատարմամբ:
23. Էլեկտրահաղորդման մալուխային գծերի նորոգումները, որոնք կապված են ճանապարհային պաստառի խախտման հետ, կարող են իրականացվել միայն սույն ՏԿ-ի 44-րդ և 45-րդ կետերի պահանջների պահպանմամբ:
24. Այն դեպքերում, երբ նախագծվող շենքերի և շինությունների շինարարական հրապարակներում կամ նրանց մերձակայքում տեղաբաշխված են մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցեր, նշված օբյեկտների շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերում պետք է նախատեսվեն այդ ցանցերը շահագործող կազմակերպության հետ համաձայնեցված միջոցառումներ, որոնք կապահովեն ցանցերի պահպանվածությունը:
25. Եթե կազմակերպությունները կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել էլեկտրական ցանցերի վերադասավորման կամ նրանց մեխանիկական վնասվածքներից պաշտպանության անհրաժեշտություն, ապա նրանք ցանցերի վերադասավորման կամ մեխանիկական վնասվածությունից պաշտպանության աշխատանքները պետք է կատարեն իրենց նյութերի և միջոցների հաշվին` նախօրոք այդ աշխատանքները համաձայնեցնելով այդ էլեկտրացանցերը շահագործող կազմակերպության հետ:
26. Կազմակերպությունները, որոնց իրավասության ներքո գործում են թափառող հոսանքների աղբյուր հանդիսացող, գործող կամ կառուցվող կառույցներ, պետք է իրականացնեն միջոցառումներ` նվազեցնելու էլեկտրական հոսակորուստը դեպի հող: Կազմակերպությունները, որոնց ենթակայության տակ են գտնվում շահագործվող կամ նոր կառուցվող էլեկտրահաղորդման մալուխային գծերը, պետք է իրականացնեն մալուխները թափառող հոսանքներից պաշտպանելու միջոցառումներ:
27. Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնելու սույն ՏԿ-ի խախտմամբ էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում կամ դրանց մերձակայքում ընթացող աշխատանքները:
4. 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
28. Սույն գլխում տրված են 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանվածության ապահովման պահանջները` դրանց անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելիս և այլ գործունեություն իրականացնելիս:
29. 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերը պահպանում են այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ են գտնվում դրանք:
30. 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերի համար սահմանվում են`
i
1) անվտանգության գոտիներ`
ա. էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով, ընդգրկելով այնպիսի երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված հողի մակերեսը և օդային տարածությունը, որոնք գտնվում են գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից` դրանց չշեղված դիրքի դեպքում) հետևյալ հեռավորությունների վրա`
._______________________________________.
| Գծի լարումը (կՎ) |Հեռավորությունը (մ)|
|___________________|___________________|
| Մինչև 20 | 10 |
|___________________|___________________|
| 35 | 15 |
|___________________|___________________|
| 110 | 20 |
|___________________|___________________|
| 150, 220 | 25 |
|___________________|___________________|
|330, 400 և 500 | 30 |
._______________________________________.
բ. ջրավազանների (գետեր, ջրանցքներ, լճեր և այլն) վրայով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով, ընդգրկելով այնպիսի երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված օդային տարածությունը, որը գտնվում է գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից` դրանց չշեղված դիրքի դեպքում) 100 մ հեռավորության վրա, եթե ջրավազանը նավարկելի է, իսկ եթե ջրավազանը նավարկելի չէ, էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիները սահմանվում են սույն ենթակետի «ա» պարբերությունում սահմանված չափերով,
գ. էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծերի համար դրանք համընկնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ գլխում սահմանված պահպանության գոտիներին.
2) նվազագույն թույլատրելի հեռավորություններ` 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի և մերձակա շենքերի ու կառույցների, ինչպես նաև ծառերի և այլ բազմամյա տնկարկների միջև, որոնք տրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 46-48-րդ գլուխներում:
(30-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)
31. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում միայն տնօրինողների կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան կարող է իրականացվել որևէ տնտեսական գործունեություն, այդ թվում`
1) ցանկացած շենքի և կառույցի շինարարությունը, հիմնանորոգումը, վերակառուցումը կամ քանդումը.
2) ամեն տեսակի լեռնային, բեռնման-բեռնաթափման, հունի խորացման, հողահանման, պայթեցման, հողաբարելավման աշխատանքներ կատարելը, ծառեր և թփեր տնկելը կամ հատելը, դաշտակացարաններ զետեղելը, փարախներ, մետաղալարե ցանկապատեր, խաղողի և այլ այգիների ցանկաշարեր կառուցելը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր ոռոգելը.
3) այնպիսի մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը, որոնց ընդհանուր բարձրությունը (բեռան հետ միասին կամ առանց բեռան) ճանապարհի մակերևույթից 4,5 մ-ից ավելի է (էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում).
4) 0,3 մետրից ավելի խորությամբ, իսկ հերկվող հողերում` 0,45 մետրից ավելի խորությամբ հողային աշխատանքներ կատարելը, ինչպես նաև գետնի համահարթեցումը (էլեկտրահաղորդման ստորգետնյա մալուխային գծերի անվտանգության գոտիներում):
32. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են դրանք իրականացնել` պահպանելով այդ ցանցերի պահպանվածությունն ապահովող պայմանները:
33. Արգելվում է էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք կարող են խախտել էլեկտրական ցանցերի բնականոն աշխատանքը, հանգեցնել դրանց վնասմանը կամ դժբախտ պատահարների, մասնավորապես`
1) ավտոլցակայանների և այլ վառելիքաքսուքային պահեստարանների տեղադրումը.
2) հաղորդալարերի և հենասյուների վրա կողմնակի առարկաներ նետելը կամ դրանց մոտեցնելը, ինչպես նաև հենասյուների վրա բարձրանալը.
3) օդապարիկներ, թռչող ապարատների մարզական մոդելներ բաց թողնելը.
4) մարզահրապարակների, մարզադաշտերի, շուկաների, հասարակական փոխադրամիջոցների և բոլոր տեսակի մեքենաների ու մեխանիզմների կանգառների կազմակերպումը, բազմամարդ միջոցառումների անցկացումը, որոնք կապված չեն սահմանված կարգով թույլատրված աշխատանքների կատարման հետ.
5) մալուխային գծերի անվտանգության գոտիներում աշխատանքների կատարումը հարվածող մեխանիզմներով, 5 տ-ից ավելի զանգված ունեցող ծանրությունների նետումը, այրվող, քայքայիչ և վառելիքաքսուքային նյութեր դատարկելն ու թափելը, կրակ վառելը:
34. Եթե կազմակերպությունները և ֆիզիկական անձինք էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում կատարում են պայթեցման, շինարարական և այլ աշխատանքներ, որոնք կարող են վնաս պատճառել էլեկտրական ցանցերին, ապա նրանք պարտավոր են աշխատանքներն սկսելուց առնվազն 10 օր առաջ էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններին տեղեկացնել և նրանց հետ համաձայնեցնել աշխատանքների կատարման այն պայմաններն ու կարգը, որոնք կապահովեն էլեկտրական ցանցերի պահպանվածությունը:
35. Եթե կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք անվտանգության գոտիներում իրականացնում են ցանկացած նոր շենքի կամ կառույցի շինարարություն, հիմնանորոգում կամ վերակառուցում, ապա այդ աշխատանքների կատարման նախագծերի վրա պարտադիր կարգով պետք է ունենան էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպության գրավոր համաձայնությունը, հակառակ դեպքում անվտանգության գոտում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտմամբ կառուցված շենք-շինություններին կառուցումից հետո չի տրամադրվի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններ (սպառիչի էլեկտրական ցանցին միանալու պայմաններ): Այդ կառույցների էլեկտրամատակարարումը կիրականացվի միայն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելուց հետո:
36. Տարածքային կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմիններն էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման, սեփականաշնորհման կամ օտարման հիմնարար փաստաթղթերի փաթեթում պարտադիր կարգով պետք է ունենան էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպության տեղեկանքը` նշված հողամասում կամ շենք-շինության տարածքում էներգետիկ օբյեկտի առկայության մասին:
37. Մալուխային գծերի կոռոզիայի հնարավոր աղբյուր հանդիսացող օբյեկտների շինարարության, հիմնանորոգման և վերակառուցման նախագծային-նախահաշվային փաստաթղթերում պետք է նախատեսվեն կոռոզիան սահմանափակելու կամ մալուխային գծերը կոռոզիայի գոտուց դուրս բերելու միջոցառումներ: Այն կազմակերպությունները, որոնց արտադրական գործունեությունը կարող է առաջացնել մալուխային գծերի կոռոզիա, պարտավոր են իրականացնել դրանց կոռոզիան սահմանափակող միջոցառումներ` անկախ այդ գծերի պատկանելիությունից:
38. Կառուցվող կամ գործող էլեկտրահաղորդման մալուխային գծերը տնօրինողները պարտավոր են իրականացնել նշված գծերը «թափառող հոսանքներից» պաշտպանելու միջոցառումներ:
39. Օդանավերի թռիչքները պետք է իրականացվեն և էլեկտրական ցանցերի վերևում ու շրջակայքում օդային տարածությունն այլ նպատակներով պետք է օգտագործվի` ելնելով Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին օրենսդրության դրույթներից:
40. Եթե էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտին համընկնում է երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների համար հատկացված գոտու, խողովակաշարերի, կապի գծերի, այլ էլեկտրահաղորդման գծերի և օբյեկտների անվտանգության գոտիների հետ, ապա դրանց պահպանությունը, շահագործման աշխատանքները տարածքի համընկնող հատվածներում կատարելիս, իրականացվում է դրանք տնօրինողների փոխհամաձայնությամբ:
i
41. Այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ գտնվող տարածքում առկա են անտառների և անտառային հողերի տարածքներով և անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցեր, պարտավոր են`
1) անտառուղիները (սույն կանոնակարգի իմաստով անտառուղիներ` էլեկտրահաղորդման օդային գծերի տակ գտնվող և հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերով և թփերով պատված տարածքներ) պահել հրդեհաանվտանգ վիճակում.
2) անտառուղիներում ծառերի ու թփուտների հատման միջոցով և այլ եղանակներով ապահովել անտառուղիների լայնության համապատասխանությունն էլեկտրական ցանցերի կառուցման նախագծերով նախատեսված չափերին.
3) սահմանված կարգով հատել անտառուղիներից դուրս աճող և հաղորդալարերի կամ հենասյուների վրա ընկնել սպառնացող ծառերը.
4) անտառուղիներում հատել կամ էտել 4 մետրից ավելի բարձրություն ունեցող ծառերը.
5) հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովել հենասյուների անվտանգությունը` դրանք շրջափակելով հանքայնացված հողաշերտով:
(41-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1357-Ն որոշում)
i
41.1. Սույն կանոնակարգի 41-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումներն, ինչպես նաև այդ միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած փայտանյութի` անտառից դուրսբերումը և տարածքը տնօրինողի ներքին պահեստ տեղափոխումն իրականացվում են գծերը տնօրինողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին:
(41.1-ին կետը լրաց. 31.10.13 թիվ 1357-Ն, 16.06.16 թիվ 618-Ն որոշումներ)
i
42. Անտառների և անտառային հողերի տարածքներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերի էտման աշխատանքներն իրականացնում են անտառները տնօրինող կազմակերպությունները` այդ գծերը տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն: Եթե էլեկտրահաղորդման օդային գծերն անցնում են զբոսայգիների, այգիների և այլ բազմամյա տնկարկների վրայով, ապա ծառերի էտման աշխատանքներն իրականացվում են այդ գծերը տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն, դրա մասին նախապես իրազեկելով համապատասխան համայնքի ղեկավարին:
(42-րդ կետը փոփ. 31.10.13 թիվ 1357-Ն որոշում)
43. Էլեկտրական ցանցերի հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքներ կատարելու համար տարածքներ և ուղիներ ունենալու անհրաժեշտության դեպքում` նշված ցանցերը տնօրինողները, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի, պարտավոր են այդ տարածքների սեփականատերերի հետ կնքել ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր:
44. Գյուղատնտեսական տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերի նորոգման և վերակառուցման պլանային աշխատանքները կատարվում են հողօգտագործողների հետ համաձայնեցնելով և, որպես կանոն, այն ժամանակ, երբ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված չեն կամ հնարավոր է ապահովել այդ մշակաբույսերի պահպանվածությունը:
45. Էլեկտրահաղորդման գծերի վթարների կանխման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ` առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց նրան նախօրոք տեղեկացնելով կատարվելիք աշխատանքների մասին: Էլեկտրահաղորդման գծերը տնօրինողները նշված աշխատանքները կատարելուց հետո պարտավոր են գյուղատնտեսական տարածքները բերել դրանց նպատակային օգտագործման համար պիտանի վիճակի, ինչպես նաև հատուցել բնությանը և հողօգտագործողներին աշխատանքների կատարման ժամանակ պատճառված վնասները: Հողօգտագործողների կրած վնասները որոշվում և հատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
46. Էլեկտրահաղորդման մալուխային գծերի նորոգման և վերակառուցման այն պլանային աշխատանքները, որոնց հետևանքով վնասվում են ճանապարհների հողային պաստառը և երեսարկը, կարող են կատարվել աշխատանքի կատարման պայմանները միայն պետական ճանապարհային մարմինների և այդ ճանապարհները տնօրինողների, իսկ բնակավայրերի սահմաններում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Աշխատանքների կատարման պայմանները պետք է համաձայնեցվեն, և սահմանված կարգով շինարարության (քանդման) թույլտվությունը պետք է ձևակերպվի աշխատանքներն սկսվելուց առնվազն 3 օր առաջ:
47. Վթարների դեպքում էլեկտրահաղորդման մալուխային գծերի` ճանապարհային հողային պաստառը և երեսարկը վնասող նորոգման աշխատանքները թույլատրվում է կատարել առանց նախնական համաձայնեցման, բայց պետական ճանապարհային մարմիններին և այդ ճանապարհները տնօրինողներին, իսկ բնակավայրերի սահմաններում` նաև տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելուց հետո: Նշված աշխատանքները կատարող կազմակերպությունները պարտավոր են պատրաստել շրջուղիներ և պատնեշել այդ աշխատանքների կատարման տեղերն ու տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ, իսկ աշխատանքների ավարտից հետո` համահարթել հողը և վերականգնել ճանապարհների հողային պաստառն ու երեսարկը:
48. Էլեկտրահաղորդման գծերի փաստացի տեղադրման վերաբերյալ նյութերը պետք է հանձնվեն տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին` հողօգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:
49. Կազմակերպությունները և քաղաքացիներն էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում պարտավոր են կատարել էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպությունների աշխատողների և սույն կանոնակարգից բխող պահանջները` էլեկտրական ցանցերի պահպանվածության ապահովման ու դժբախտ պատահարների կանխման նպատակով: Կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում սույն կանոնակարգի պահանջների խախտմամբ կատարվող աշխատանքների դեպքեր հայտնաբերելիս` էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են նրանց զգուշացնել, իսկ այդ աշխատանքները չդադարեցնելու դեպքում դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին:
ա