ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿԴ/0111/11/12
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0111/11/12
Նախագահող դատավոր` Հ. Տեր-Ադամյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
դիմողի ներկայացուցիչ Ռ. Ահարոնյանի
2013 թվականի փետրվարի 15-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ դիմող Պարգև Վաղարշակի Խաչատրյանի ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանի բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2010 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի, 132.1 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերի և 38-132.1 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 69108010 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2010 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Համլետ Հայկի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 132.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով:
Նույն մարմնի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ քրեական գործով գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալ Հ.Դավթյանի գույքի վրա:
2011 թվականի մայիսի 10-ին դիմող Հովհաննես Ազատի Հարությունյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով արգելանքից ազատել «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի ավտոմեքենան այն պատճառաբանությամբ, որ վերոհիշյալ մեքենան 2008 թվականի հոկտեմբերի 28-ին գնել է Համլետ Դավթյանից:
Նախաքննության մարմինը 2011 թվականի մայիսի 12-ին որոշում է կայացրել «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի ավտոմեքենան կալանքից ազատելու մասին:
2012 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է:
2. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա.Հակոբյանի 2012 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ վերացվել են քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2012 թվականի փետրվարի 1-ի, գույքը կալանքից ազատելու մասին 2011 թվականի մայիսի 12-ի որոշումները, և նախաքննության մարմնին հանձնարարվել է կալանք դնել «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2012 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ կրկին կալանք է դրվել «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի ավտոմեքենայի վրա:
2012 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` մեղադրյալի ծանր հիվանդության հիմքով:
2012 թվականի հունիսի 28-ին դիմող Պարգև Վաղարշակի Խաչատրյանի ներկայացուցիչ Ա.Ենգիբարյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել գույքի վրա կալանք դնելու մասին 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը:
Նշված բողոքը ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Դավթյանի 2012 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ մերժվել է:
3. 2012 թվականի հուլիսի 18-ին դիմող Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ա.Ենգիբարյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով «ՎԱԶ-21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի ավտոմեքենայի մասով վերացնել գույքի վրա կալանք դնելու մասին 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ դիմող Պարգև Վաղարշակի Խաչատրյանի ներկայացուցիչ Ա.Ենգիբարյանի բողոքը մերժվել է:
4. Դիմող Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը:
5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշմամբ դիմող Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
6. 2011 թվականի մայիսի 14-ին նոտարական գրասենյակում Հովհաննես Ազատի Հարությունյանի և Պարգև Վաղարշակի Խաչատրյանի միջև կնքվել է «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 64):
7. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 11 AA 001985 վկայականի համաձայն` «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր է հանդիսանում Պարգև Վաղարշակի Խաչատրյանը, նշված ավտոմեքենայի նկատմամբ նրա սեփականության իրավունքը ծագել է 2011 թվականի մայիսի 16-ին (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 12):
8. Գույքը կալանքից ազատելու մասին 2011 թվականի մայիսի 12-ի որոշման համաձայն` «Նախաքննության ընթացքում 10.05.2011թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն է ստացվել Հովհաննես Ազատի Հարությունյանի դիմումը, որտեղ նշել է, որ 2008թ. հոկտեմբերի 28-ին Համլետ Դավթյանից գնել է «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի ավտոմեքենան, ինչի վերաբերյալ նույն օրը Վաղարշապատի տարածքի նոտարական գրասենյակում կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, որի պատճենը ներկայացրել է դիմումին կից:
Դիմումի շուրջ հարցաքննված Հովհաննես Հարությունյանը ցուցմունքով հաստատել է դիմումում նշված հանգամանքները` հայտնելով, որ 2008թ. հոկտեմբերի 28-ին Համլետ Դավթյանից գնել է «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի ավտոմեքենան, այն սեփականության իրավունքով պատկանում է իրեն» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 11):
9. Քրեական գործի վարույթը կասեցնելու, գույքը կալանքից ազատելու մասին որոշումները վերացնելու վերաբերյալ 2012 թվականի փետրվարի 6-ի որոշման համաձայն` «(...) [Ք]ննիչ Հ.Գևորգյանը, չպահանջելով նշված մեքենաները և չստուգելով դրանք վերոհիշյալ քաղաքացիների մոտ գտնվելու հանգամանքները, անտեսելով ՀՀ քր. դատ. օր-ի 233-րդ հոդվածի 1.1 մասի պահանջն այն մասին, որ մարդու շահագործման փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում նախաքննական մարմինը հանցանքի կատարման արդյունքում ստացված ամբողջ գույքի վրա անհապաղ կալանք է դնում` անկախ այդ գույքը հանցանք կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալը կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից, ինչպես նաև ՀՀ քր. օր-ի 55-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն այն մասին, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավումը պարտադիր է` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից, 12.05.2011թ. (...) որոշ[մամբ] նշված ավտոմեքենա[ն] ազատել է կալանքից, իսկ 01.02.2012թ. որոշմամբ ՀՀ քր. դատ. օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով կասեցրել է քրեական գործի վարույթը:
Փաստորեն քննիչ Հ.Գևորգյանը, ՀՀ քր. դատ. օր-ի 238-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ կալանքից ազատելով ավտոմեքենաները, հնարավորություն է տվել գործով շահագրգռված անձանց տնօրինել մեքենաները, դրանով իսկ զրկելով դատարանին Հ.Դավթյանի կողմից հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված ավտոմեքենաները բռնագրավելու հնարավորությունից» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 27):
10. Գույքի վրա կալանք դնելու մասին 2012 թվական փետրվարի 8-ի որոշման մեջ նշվել է, որ «2012թ. փետրվարի 6-ին դատախազի կողմից որոշում է կայացվել քննիչի 2011թ. մայիսի 12-ի, (...) «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 (...), ավտոմեքենա[ն] կալանքից ազատելու մասին որոշում[ը] վերացնելու մասին` նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն մարդու շահագործման փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում նախաքննական մարմինը հանցանքի կատարման արդյունքում ստացված ամբողջ գույքի վրա անհապաղ կալանք է դնում` անկախ այդ գույքը հանցանք կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավումը պարտադիր է` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 13):
11. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Դավթյանը 2012 թվականի հուլիսի 9-ին դիմող Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ա.Ենգիբարյանի բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի առանձնացված որոշակի հոդվածներով նախատեսված հանցանքների /կոնկրետ դեպքում 132 հոդվածի կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի վրա կալանք դնելը իմպերատիվ պահանջ է, որն սույն գործով կատարվել է վարույթ իրականացնող անձի կողմից» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 16-17):
12. Նախաքննության մարմնի` իրեղեն ապացույց ճանաչելու և ի պահ հանձնելու մասին 2012 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման համաձայն`,(...) թիվ 69108010/1 քրեական գործով (...) «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի, որը ներկայումս վերահաշվառվել է 27 ՍԼ 867 համարանիշներով, (...) ավտոմեքենան քրեական գործով ճանաչել իրեղեն ապացույց:
(...)
«ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 համարանիշի ավտոմեքենան, որը ներկայումս վերահաշվառվել է 27 ՍԼ 867 համարանիշներով, թողնել ոստիկանության Մարտունու բաժնի պահպանությանը (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 50-51):
13. Առաջին ատյանի դատարանը դիմող Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ա.Ենգիբարյանի բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի վրա կալանք դնելը օրենքի իմպերատիվ պահանջ է:
Բողոք բերողի այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը, օրենքի պահանջից ելնելով, խնդիր ունի ապացուցելու, որ վիճարկվող մեքենան հանցավոր արարքի արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք, ինչպես նաև վիճարկվող գույքը քրեական գործում իրեղեն ապացույց չի ճանաչվել, հիմնավոր չէ, քանի որ կալանքի տակ դրված գույքը ձեռք է բերվել Հ.Դավթյանին մեղսագրված հանցավոր արաքների կատարման ժամանակահատվածում: Բացի այդ, նշված ավտոմեքենան 11.09.2012 թվականի ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության բաժնի պետի տեղակալ Ա.Մելիքյանի որոշմամբ ճանաչվել է իրեղեն ապացույց:
Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116 հոդվածի 3-րդ կետի համաձայն` իրեղեն ապացույցները և առգրավված այլ առարկաները, բացառությամբ շուտ փչացող առարկաների, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 66, 67):
14. Դիմող Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանը վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել գույքի վրա կալանք դնելու մասին 2012 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ առաջացած Պ.Խաչատրյանի իրավունքների խախտումը (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 11):
Վերաքննիչ դատարանի դատական նիստի արձանագրման լազերային կրիչում առկա ձայնագրառման ուսումնասիրությունից երևում է, որ դիմողի ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանը հստակեցրել է իր վերաքննիչ բողոքի պահանջը և նշել, որ «[Առաջին ատյանի դատարանի] որոշմամբ խախտվել է Պարգև Խաչատրյանի` հավաքական իմաստով ասած սեփականության իրավունքը, այսինքն Պարգև Խաչատրյանն այլևս հնարավորություն չունի իր գույքը ո՛չ տիրապետելու, ո՛չ տնօրինելու, ո՛չ օգտագործելու, ես դատարանից խնդրել եմ վերացնելու այդ երեք իրավունքների խախտումները, (...) տվյալ պարագայում երեք իրավունքից որ մեկի խախտումն էլ որ դատարանը պարտավորեցնի վարույթ իրականացնող մարմնին վերացնելու, տեղավորվում է իմ պահանջի մեջ (...) տվյալ դեպքում ի պահ հանձնելը, պատասխանատու պահպանությանը հանձնելը դիտվում է գոնե օգտագործման իրավունքի խախտման վերացում (...), կամ տիրապետելու` փաստացի իր ավտոտնակում պահելու (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 35):
15. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը.,Փաստորեն, մեղադրյալ Հ.Դավթյանին մեղսագրվող հանցավոր արարքը մտնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1 կետում թվարկված հանցանքների շարքին, հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի կատարման արդյունքում կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի վրա կալանք դնելն օրենքի իմպերատիվ պահանջն է, ուստի սույն գործի շրջանակներում «ՎԱԶ 21074» մակնիշի 27 ՍԼ 867 /նախկինում 14 ՍՍ 322/ համարանիշի ավտոմեքենայի վրա կալանք դնելը բխում է վերոնշյալ հոդվածների պահանջներից:
Ինչ վերաբերում է Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ Հ.Դավթյանին մեղսագրված հանցավոր արարքների կատարման ժամանակահատվածում կալանքի դրված գույքի ձեռքբերումը չի կարող բավարար հիմք հանդիսանալ եզրակացնելու, որ այն ձեռք է բերվել հանցավոր արարքի արդյունքում, վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործով նախաքննությամբ հիմնավորվել է, որ կալանքի դրված գույքը` «ՎԱԶ 21074» մակնիշի 27 ՍԼ 867 համարանիշի ավտոմեքենան, Հ.Դավթյանի կողմից ձեռք է բերվել հանցավոր արարքների կատարման արդյունքում, ուստի գույքի վրա կալանք դնելու մասին նախաքննական մարմնի որոշումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդածի 1.1 մասի պահանջներից:
Իսկ ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան չի հանդիսանում Հ.Դավթյանի սեփականությունը, ուստի այն բռնագրավման ենթակա չէ, վերաքննիչ դատարանը փաստում է, որ այն ևս անհիմն է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն` գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից: (...)
Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին:
(...)
Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Պ.Խաչատրյանի գույքի վրա կալանք դնելու որոշման, ինչպես նաև այդ որոշման հետ կապված առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքներում թե Պ.Խաչատրյանը և թե նրա ներկայացուցիչները առաջ չեն քաշել այն հարցը, թե կալանադրված մեքենան չի կարող արդյոք թողնվել Պ.Խաչատրյանի պատասխանատու պահպանությանը և առկա են արդյոք դրան խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքներ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի «բողոքի հիմքերը և պահանջը»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում»:
Վերաքննիչ բողոքի բովանդակային և իրավական վերլուծությունից երևում է, որ վերաքննիչ բողոքի հեղինակը կալանադրված գույքը կալանքից հանելու և այն Պ.Խաչատրյանի պատասխանատու պահպանությանը հանձնելու պահանջ չի ներկայացրել:
Հետևաբար, վերոշարադրյալ հիմնավորումներով վերաքննիչ դատարանը գտնում է, որ կալանադրված գույքը կալանքից հանելու և այն Պ.Խաչատրյանի պատասխանատու պահպանությանը հանձնելու մասին հարցի քննարկումը տվյալ դեպքում վերաքննիչ դատարանի լիազորությունների մեջ չի մտնում:
Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ նախաքննական մարմնի և առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումներով որևէ անձի իրավունքների խախտում թույլ չի տրվել, հետևաբար բողոքաբեր Պ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 52-55):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
16. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ, 91-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ, 385-րդ, 386-րդ հոդվածների պահանջները, սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածը, չեն կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչի հետևանքով խախտվել է դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը:
17. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն` ավտոմեքենայի սեփականատերը Պարգև Խաչատրյանն է, մինչդեռ վերջինս բարեխիղճ ձեռքբերող է և չի հանդիսանում մեղադրյալի գործողությունների համար նյութական պատասխանատվություն կրող անձ:
Բողոքաբերը նշել է նաև, որ «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան իրեղեն ապացույց է ճանաչվել գույքի վրա կալանք դնելու մասին որոշում կայացնելուց ութ ամիս հետո, բացի այդ, գործով առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ նշված ավտոմեքենան հանդիսանում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հետևաբար մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարքների կատարման ժամանակահատվածում կալանքի տակ դրված գույքի ձեռքբերումը ոչ վարույթ իրականացնող մարմնի և ոչ էլ դատարանների համար չի կարող բավարար հիմք հանդիսանալ ենթադրելու, որ այն ձեռք է բերվել հանցավոր արարքի արդյունքում:
18. Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ սույն քրեական գործը կասեցվել է անորոշ ժամկետով, հետևաբար, Պ.Խաչատրյանն անորոշ ժամանակով զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի, Վերաքննիչ դատարանի նոյեմբերի 23-ի դատական ակտերը, կայացնել նոր դատական ակտ` վերացնելով «ՎԱԶ 21074» մակնիշի 14 ՍՍ 322 ավտոմեքենայի մասով գույքի վրա կալանք դնելու մասին 2012 թվականի փետրվարի 8-ի որոշումը և ավտոմեքենան հանձնել Պ.Խաչատրյանին, կամ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերականգնելու Պ.Խաչատրյանի` նշված ավտոմեքենայի տիրապետման և օգտագործման իրավունքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքի տակ գտնվող գույքը սեփականատիրոջ պատասխանատու պահպանությանը թողնելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. կալանադրված` «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան սեփականատիրոջ` Պ.Խաչատրյանի պատասխանատու պահպանությանը թողնելու հարցը չքննարկելու պարագայում ստորադաս դատարանները սահմանափակե՞լ են արդյոք իր գույքը տիրապետելու և օգտագործելու` Պ.Խաչատրյանի սահմանադրական իրավունքը:
21. Սեփականության իրավունքի վերաբերյալ սահմանադրական և կոնվենցիոն մի շարք դրույթների, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Հայրապետյանի գործով կայացված որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահն ունենա բացառիկ նշանակություն: Սեփականության իրավունքի սահմանադրական արժեքի կարևորությամբ է պայմանավորված մասնավորապես ՀՀ Սահմանադրության մեջ (31-րդ հոդվածում) հետևյալ երաշխիքների ամրագրումը.
1) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից անձը կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված հիմքերով,
2) սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն դատական կարգով` դատարանի որոշմամբ» (տե՛ս Արթուր Արարատի Հայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշման 19-րդ կետը):
i
22. Սեփականության իրավունքի սահմանափակման տարատեսակ հանդիսացող` գույքի վրա կալանք դնելու ինստիտուտին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սեկոյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) իր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու` անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն:
(...)
ՈՒստի գույքի վրա կալանք դնելիս վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գույքի վրա կալանք դնելու նպատակից, պետք է պատճառաբանված կերպով հիմնավորի, որ.
1) տվյալ գործով անձը ներգրավված է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,
2) ենթադրաբար կատարված հանցագործությամբ պատճառվել է հատուցման ենթակա վնաս,
3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված հանցակազմերով առկա է հիմնավորված ենթադրություն առ այն, որ գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում,
4) գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, ում մոտ գտնվում է կամ ում սեփականությունն է հանդիսանում գույքը, կարող են թաքցնել, փչացնել կամ սպառել այն:
(...)
Կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող [այն անձանց գույքի վրա կալանք դնելու դեպքում, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում] (...) վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բավարար հիմքերի վկայակոչմամբ հիմնավորել կալանադրվող գույքի` կասկածյալի կամ մեղադրյալի առերևույթ հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում ձեռք բերված լինելու հնարավորությունը (...), հակառակ պարագայում անհարկի կսահմանափակվի իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու` անձի սահմանադրական իրավունքը» (տե՛ս Ալլա Սեկոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշման 14-րդ և 17-րդ կետերը):
23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն`
i
«1. Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, այլ կալանադրված գույքը, որպես կանոն, վերցվում է:
(...)
3. Չվերցված գույքը, որի վրա կալանք է դրված, կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամներին: Նրանց բացատրվում է տվյալ գույքն օտարելու կամ փչացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչի մասին նրանցից վերցվում է ստորագրություն»:
Մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունից երևում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` կալանադրված գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին արգելվում է տնօրինել այն: Տնօրինման հետ մեկտեղ կալանադրված գույքի սեփականատերը կարող է զրկվել նաև իր գույքի տիրապետման և օգտագործման իրավազորությունից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի իմաստով կալանադրված գույքը, եթե այն անշարժ կամ մեծածավալ գույք չէ, ապա վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է վերցվել: Միևնույն ժամանակ վերոնշյալ հոդվածով սահմանված կանոնն ունի բացառություն, այն է` չվերցված գույքը կարող է թողնվել սեփականատիրոջ կամ տիրապետողի պատասխանատու պահպանությանը:
Կալանադրված գույքը սեփականատիրոջ պատասխանատու պահպանությանը հանձնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Ա.Հայրապետյանի գործով որոշման մեջ, որի համաձայն` (...) կալանադրված գույքը սեփականատիրոջ պատասխանատու պահպանությանը թողնելու օրենսդրական պահանջը բխում է յուրաքանչյուր անձի` իր սեփականությունը տիրապետելու և օգտագործելու սահմանադրական իրավազորությունից և նախատեսված է այն նպատակով, որպեսզի հնարավորություն ընձեռվի սեփականատիրոջը մինչ քրեական գործով վարույթի ավարտն անարգել տիրապետել և օգտագործել իր գույքը:
(...) գույքի կալանադրման յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ հարցերը`
1) կալանադրված գույքը կարո՞ղ է արդյոք թողնվել սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի պահպանությանը,
2) կալանադրված գույքը սեփականատիրոջ պատասխանատու պահպանմանը չհանձնելու պարագայում սեփականատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակումն արդյո՞ք համաչափ էե (տե՛ս Արթուր Արարատի Հայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշման 20-21-րդ կետերը):
24. Սույն որոշման 21-23-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ կալանադրվում է կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող անձանց սեփականության կամ տիրապետման իրավունքով պատկանող գույքը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է պատճառաբանված պատասխան տալ հետևյալ հարցերին`
ա) արդյոք կալանադրվող գույքը ձեռք է բերվել կասկածյալի կամ մեղադրյալի առերևույթ հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում,
բ) արդյոք կալանադրված գույքը կարող է թողնվել սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի պահպանությանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ հարցերին չանդրադառնալու պարագայում անհարկի կսահմանափակվի անձի` իր գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու սահմանադրական իրավունքը:
25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2008 թվականի հոկտեմբերի 28-ին Հ.Հարությունյանը գործով մեղադրյալ Հ.Դավթյանից գնել է «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենան: Հետագայում Հ.Հարությունյանի և Պ.Խաչատրյանի միջև կնքվել է «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, և նշված մեքենայի նկատմամբ գրանցվել է Պ.Խաչատրյանի սեփականության իրավունքը (տե՛ս սույն որոշման 1-ին, 6-7-րդ և 8-րդ կետերը):
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ նախաքննության մարմնի կողմից կայացվել են գույքը կալանքից ազատելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ 2012 թվականի փետրվարի 6-ի և գույքի վրա կալանք դնելու մասին 2012 թվական փետրվարի 8-ի որոշումներ, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինը իրեղեն ապացույց է ճանաչել «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենան և այն թողել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանությանը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ դիմող Պ.Խաչատրյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):
Վերաքննության կարգով բողոքարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` դիմողի ներկայացուցիչը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ խախտվել է Պարգև Խաչատրյանի սեփականության իրավունքը, քանի որ նա այլևս հնարավորություն չունի ո՛չ տիրապետելու, ո՛չ տնօրինելու, ո՛չ օգտագործելու իր գույքը (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը մերժել է դիմողի ներկայացուցչի բողոքը` պատճառաբանելով, որ նախաքննական մարմնի և առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումներով որևէ անձի իրավունքների խախտում թույլ չի տրվել: Վերաքննիչ դատարանը ձևական նկատառումներով չի անդրադարձել կալանադրված գույքը կալանքից հանելու և այն Պ.Խաչատրյանի պատասխանատու պահպանությանը հանձնելու մասին հարցին (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ սույն գործով ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանները չեն անդրադարձել այն հարցին, թե արդյոք կալանադրված գույքը` «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենան, կարող է թողնվել սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի պահպանությանը, և առկա՞ են արդյոք դրան խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքներ:
Վերոհիշյալը Վճռաբեկ դատարանը կարևորում է հատկապես այն պատճառով, որ սույն քրեական գործի վարույթը կասեցվել է, հետևաբար գույքի սեփականատեր Պ.Խաչատրյանը, փաստորեն, անորոշ ժամկետով զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից և հնարավորությունից:
26. Հիմք ընդունելով սույն որոշման 21-24-րդ կետերում առկա իրավական հիմնավորումները և դրանք համադրելով սույն որոշման 25-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թե՛ նախաքննության մարմինը և թե՛ ստորադաս դատարանները պարտավոր էին անդրադառնալ և պատճառաբանված պատասխան տալ վերոշարադրյալ հարցին, հետևաբար, կալանադրված` «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան սեփականատիրոջ` Պ.Խաչատրյանի պատասխանատու պահպանությանը թողնելու հարցը չքննարկելու պարագայում ստորադաս դատարանները սահմանափակել են իր գույքը տիրապետելու և օգտագործելու` Պ.Խաչատրյանի սահմանադրական իրավունքը:
i
27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վերը նշված խախտումը, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հիմք է հանդիսանում սույն գործով գույքի վրա կալանք դնելու մասին 2012 թվականի փետրվարի 8-ի որոշման դեմ Պ.Խաչատրյանի ներկայացուցչի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի դատական ակտերը բեկանելու և գործը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Պարգև Վաղարշակի Խաչատրյանի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան