31.03.2018 - 09.04.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(օրենքը խմբ. 19.06.15 ՀՕ-101-Ն օրենք)
Սույն օրենքն ուղղված է օդանավերի թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով հասարակական պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շրջակա միջավայրի անվտանգության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը:
ԲԱԺԻՆ I
ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և ավիացիայի բնագավառի գործունեության իրավական հիմքերը, ծառայություններին և ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջները, վերահսկողության մեխանիզմները և բնագավառի իրավական կարգավորման սկզբունքների հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Ավիացիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ցամաքային ու ջրային տարածքները, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածությունը (այսուհետ` օդային տարածք), իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Ավիացիոն գործունեություն է համարվում ավիացիայի զարգացմանն ու աջակցմանը, հասարակական պահանջների բավարարմանը օդային փոխադրումների, ավիացիոն աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ, ինչպես նաև օդանավակայանների ստեղծմանը և շահագործմանն ուղղված` ֆիզիկական և իրավաբանական անձանց կազմակերպչական, արտադրական, գիտական և այլ գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում տվյալ պահին օդանավի գտնվելու երկրի օրենքներին:
i
Հոդված 3. |
Ավիացիայի գործունեության նորմատիվ կանոնակարգման սկզբունքները |
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական կառավարման լիազորված մարմինները, սույն օրենքի համաձայն, իրականացվող ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում`
1) ավիացիային (բացառությամբ ռազմականի) առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու այլ իրավական ակտեր մշակելիս և ընդունելիս ապահովում են Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի դրույթներին (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) և, առավել հնարավոր չափով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին դրանց համապատասխանությունը.
2) կանոնակարգման գործընթացի պարզեցման և արագացման նպատակով իրավասու են ճանաչելու և կիրառելու ԻԿԱՕ-ի և քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված փաստաթղթերը, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին: Սույն կետում նշված փաստաթղթերն ապահովվում են ԻԿԱՕ-ի կողմից` աշխատանքային ճանաչված անգլերենով կամ ռուսերենով:
2. Սույն օրենքի իմաստով`
1) օդանավ շահագործողի վկայականը սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որը հավաստում է, որ փոխադրողն ունի բավարար մասնագիտական հմտություններ և կազմակերպչական հնարավորություններ` վկայականում նախատեսված հաղորդակցությունների իրականացման անվտանգությունն ապահովելու համար.
2) կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որն իրավունք է վերապահում վճարմամբ կամ վարձակալմամբ իրականացնելու ուղևորների, փոստի և (կամ) բեռի փոխադրում.
3) օտարերկրյա օդանավ շահագործողի կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունը սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթուղթ է, որն իրավունք է վերապահում օտարերկրյա օդանավ շահագործողին իրականացնելու կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում.
4) ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթղթեր են, որոնք իրավունք են վերապահում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողին իրականացնելու ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում.
5) ընդհանուր նշանակության ավիացիայի և հատուկ գործունեություն իրականացնելու վկայականները և թույլտվությունները սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով տրված պաշտոնական փաստաթղթեր են, որոնք թույլ են տալիս իրականացնելու Ընդհանուր նշանակության ավիացիայի և հատուկ գործունեություն իրականացնելու վկայականների և թույլտվությունների տրման կարգով սահմանված գործունեություն.
6) կոնցեսիոն պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, ինչպես նաև ավիացիայի ոլորտում գործող պետական ոչ առևտրային կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կոնցեսիոներների միջև կնքված պայմանագիրն է և դրանում կատարված փոփոխությունները.
7) կոնցեսիոները «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն է և այն անձինք են, որոնք լիազորված են շահագործելու և (կամ) կառավարելու այլ օդանավակայաններ կամ ավիացիայի ոլորտի այլ պետական ոչ առևտրային կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ռազմական ավիացիային վերաբերող` իր կողմից սահմանվող կանոնները և կարգերը քաղաքացիական օդանավերի ապահովությանը (թռիչքների անվտանգությանը) առնչվող մասով համաձայնեցնում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
4. Սույն օրենքում ավիացիոն հասկացությունները, հապավումներն ու արտահայտություններն օգտագործված են դրանց հանրաճանաչ` միջազգայնորեն ընդունված իմաստով: Դրանց մանրամասն սահմանումները տրվում են սույն օրենքի հիման վրա ընդունվող իրավական ակտերում: Նշված իրավական ակտերն ընդունող մարմիններն ապահովում են հասկացությունների, հապավումների և արտահայտությունների սահմանումների առավել հնարավոր չափով համապատասխանությունն ԻԿԱՕ-ի հրապարակած միջազգային ստանդարտներում, առաջարկվող գործելաձևերում և ընթացակարգերում ներկայացրած սահմանումներին ու դրանց փոփոխություններին:
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը |
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 2
ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. |
Ավիացիայի տեսակները |
1. Հասարակական կարիքների բավարարման նպատակով օգտագործվող օդանավերը համարվում են քաղաքացիական օդանավեր: Նշված նպատակներով օգտագործվող ավիացիան համարվում է քաղաքացիական ավիացիա: Առևտրային օդային փոխադրումները, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեությունը և ավիացիոն հատուկ աշխատանքները հանդիսանում են քաղաքացիական ավիացիայի գործունեության բաղկացուցիչներ: Քաղաքացիական ավիացիայի գործունեության բաղկացուցիչների սահմանումները տրվում են սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված լիազորված մարմինների կողմից:
2. Հայաստանի Հանրապետության ռազմական, մաքսային, ոստիկանության և փրկարար ծառայության մարմիններում, ինչպես նաև պետական այլ մարմիններում կամ պետական կառավարչական հիմնարկներում օգտագործվող օդանավերը համարվում են պետական օդանավեր: Նշված բնագավառներում և նպատակներով օգտագործվող ավիացիան համարվում է պետական ավիացիա:
Հոդված 6. |
Ավիացիոն գործունեության իրականացումը |
1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն գործունեությունն իրականացվում է սույն օրենքի 4-րդ գլխի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական օդանավերով: Ավիացիոն գործունեություն կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության պետական օդանավերով:
2. Օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող քաղաքացիական օդանավերը կարող են թռչել օդային տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում դրանցով կարող է ավիացիոն գործունեություն իրականացվել միայն համապատասխան իրավունքներ նախատեսող միջազգային պայմանագրի (համաձայնագրի) առկայության դեպքում կամ սույն օրենքով սահմանված կարգով:
i
Հոդված 7. |
Ավիացիայի և օդային տրանսպորտի պետական կառավարման լիազորված մարմինները |
1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է (այսուհետ` քաղաքականության լիազորված մարմին), որն իրականացնում է օդային տրանսպորտի տնտեսական կարգավորման բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը և կանոնակարգումը և այդ նպատակով առաջարկներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և իրականացնում ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար:
2. Քաղաքականության լիազորված մարմնի լիազորություններն են`
1) օդային տրանսպորտի բնագավառում իրականացվող քաղաքականության հիմնադրույթների մշակումը, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, բանակցությունների վարումը.
2) քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջների մշակումը, հաստատումը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը և սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
3) քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը, հաստատումը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը, դրանց ներդնումը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին` համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.
4) սույն օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար համապատասխան հավաստագիր և թույլտվություններ տալը.
5) օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրությունը, վերլուծությունը և իրականացումը.
6) ավիացիոն ծառայությունների շուկայի զարգացման նպատակով ավիացիոն ծառայությունների սակագների, դրանց ձևավորման սկզբունքների և ծավալների ուսումնասիրությունը և ըստ անհրաժեշտության` համապատասխան առաջարկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարությանը, համապատասխան պետական կամ ոչ պետական մարմիններին.
7) քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող քաղաքականության ազդեցության գնահատումը տնտեսական աճի վրա.
8) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ֆինանսական և տնտեսական ցուցանիշների մասով վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը.
9) օդային փոխադրումների գների թափանցիկության, ավիափոխադրողների կողմից ուղևորների փոխադրումների ժամանակ սպասարկման պայմանների խախտումներից առաջացած հիմնախնդիրների, ինչպես նաև ավիափոխադրողների անվճարունակության հարցերի կանոնակարգման նպատակով համապատասխան չափորոշիչների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը:
i
3. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է (այսուհետ` տեխնիկական կարգավորման լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը, դրանց վերաբերյալ խորհրդատվություն և առաջարկներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և իրականացնում է ավիացիոն ծառայությունների ու Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու համար:
i
4. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի լիազորություններն են`
1) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների մշակմանը, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը, քննարկմանը, բանակցությունների վարմանը մասնակցությունը.
2) քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության և օդային երթևեկության կազմակերպման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջների սահմանումը, կանոնակարգումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
3) սույն օրենքի համաձայն` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության իրականացումն ու տեսչական գործառույթների անցկացումը` գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.
4) քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած թռիչքային և ավիացիոն անվտանգության և տեխնիկական փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգեր մշակելը, հաստատելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը, ներդնելը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին` համաձայնեցնելով պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.
5) սույն օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ և թույլտվություններ տալը` անհրաժեշտության դեպքում համապատասխան քննությունների, թեստերի անցկացման ու տեսչական գործառույթների իրականացման նպատակով փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.
6) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննությունը թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի և պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը.
7) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդնումը և վարումը: Այդ նպատակով ծրագրի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.
8) Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի ներդնումը և վարումը: Այդ նպատակով ծրագրի մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը` հիմքում ունենալով ԻԿԱՕ-ի կողմից կատարվող փոփոխությունները (հավելված 19 և այլն).
9) օդանավերի երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.
10) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը.
11) կոնցեսիոն պայմանագրերով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողությունը տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է իրականացնել միայն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.
12) սույն օրենքի համաձայն` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնողների կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը: Կոնցեսիոներներին առնչվող տեսչական ստուգումներն իրականացվում են միայն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների անվտանգության և ապահովության պահանջներին համապատասխանության նկատմամբ.
i
13) իր սահմանած կարգով`
ա. ԻԿԱՕ-ի և (կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների սահմանած պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական և բժշկական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները և վկայականների տրամադրումը,
բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները և ճանաչումը:
5. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման քաղաքականություն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու և ընդունելու` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի իրավասությունները հավասարապես տարածվում են նաև քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների` առևտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների և պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:
6. Լիազորված մարմինների կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ավիացիայի ոլորտում գործող կոնցեսիոներների համար տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի ֆինանսավորումն ապահովելու համար հարկեր, տուրքեր կամ այլ վճարումներ չեն կարող սահմանվել:
i
7. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով`
1) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունները ապահովելու անհրաժեշտությունից, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը` Հայաստանի Հանրապետության կողմից.
2) ընդունում և (կամ) ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:
8. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին է (այսուհետ` Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազորված մարմին), որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրումը:
i
Հոդված 8. |
Քաղաքացիական ավիացիայում պետական վերահսկողությունը |
i
1. Թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված լիազորված մարմինները քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնում են պետական վերահսկողություն (այսուհետ` վերահսկողություն):
Վերահսկողության նպատակով լիազորված մարմիններն իրականացնում են ուսումնասիրություններ և տեսչական գործառույթներ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:
2. Սույն հոդվածում նշված նպատակներով լիազորված մարմինների նշանակված ներկայացուցիչներն իրենց իրավասության շրջանակում իրավունք ունեն անարգել մուտք գործելու քաղաքացիական ավիացիայի ծառայություններ և շինություններ, ստուգելու վերգետնյա միջոցները, գտնվելու օդանավում ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում, իսկ պետական օդանավերի դեպքում, անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ, ներառյալ` համակարգիչներում պահվող տեղեկությունները:
Նշված ներկայացուցիչներին լիազորված մարմինների կողմից տրվում են վկայականներ, որոնք կրողին իրավունք են տալիս անարգել մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, օդանավեր և օբյեկտներ, իսկ մաքսային հսկողության գոտիների տարածք` մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո:
3. Թռիչքային կամ ավիացիոն անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք իրավասու են կասեցնելու ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը և պահանջելու ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:
Հոդված 9. |
Պետական ավիացիայի կառավարումը |
1. Հայաստանի Հանրապետության ռազմական ավիացիայի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
2. Հայաստանի Հանրապետության ոչ ռազմական պետական ավիացիայի վրա տարածվում են սույն օրենքի 2-րդ բաժնի դրույթները:
i
3. Օտարերկրյա պետական օդանավերը կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության օդային տարածք և թռչել օդային տարածքում միայն համապատասխան իրավունքներ նախատեսող միջազգային պայմանագրի (համաձայնագրի) առկայության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան մարմնի տված թույլտվության առկայության դեպքում և համաձայն այդ թույլտվության կամ պայմանագրի (համաձայնագրի)` գործողության ժամկետների ու պայմանների:
ԳԼՈՒԽ 3
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ, ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Հոդված 10. |
Օդային տարածքի կազմակերպումը և թռիչքային կանոնները |
1. Օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո: Օդային տարածք օդանավերի մուտքն ու թռիչքների իրականացումը, ինչպես նաև օդանավերի թռիչքների անվտանգությանը հնարավոր վտանգ պարունակող գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան թույլտվության հիման վրա:
i
2. Օդային տարածքի կազմակերպումը պետք է բավարար չափով ապահովի դրա արդյունավետ և ապահով օգտագործումը քաղաքացիական օդանավերի կողմից` միաժամանակ հաշվի առնելով ռազմական նպատակներով օդային տարածքի օգտագործման պահանջները: Ռազմական օդային երթևեկության թռիչքային կանոնները սահմանվում են քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու պայմանով:
Օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից` օդային տարածքի կազմակերպման կարգի համաձայն: Օդային տարածքի կազմակերպման կարգը և թռիչքային կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Օդային տարածքի կազմակերպումը, թռիչքային կանոնների ներդնումը, կիրառումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության` ավիացիայի բնագավառում կնքած բոլոր կոնցեսիոն և դրանց առնչվող այլ պայմանագրերին և ուղղված լինեն դրանց պայմանների ապահովմանը:
3. Օդային տարածքի կազմակերպումն օդային տարածքի օգտագործման հատուկ պայմաններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օդային տարածքի օգտագործման պայմանները համարվում են հատուկ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատերազմի կամ ռազմական դրության հայտարարման և Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքերում:
i
4. Ելնելով երկրի պաշտպանունակության կամ թռիչքների անվտանգության նկատառումներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, օդային տարածքի որոշ մասեր կարող են համարվել ավիացիայի (ոչ ռազմական) համար արգելված, սահմանափակ օգտագործման կամ վտանգավոր գոտիներ: Նշված գոտիների սահմանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի առաջարկությամբ` համաձայնեցնելով տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ: Արգելքները և սահմանափակումներն ըստ հնարավորին սահմանվում են դրանց նպատակների իրականացման համար իրապես պահանջվող ժամանակահատվածից ոչ ավելի երկար ժամանակով:
5. Օդային տարածքի օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում են օդային երթևեկության սպասարկման մարմինները և պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Քաղաքացիական ավիացիայում թռիչքների իրականացումն ապահովող տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը: Դրանց բնականոն գործունեությունը խոչընդոտող սարքեր կամ սարքավորումներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք` ռադիոհաճախությունների տիրույթի օգտագործման կարգն իրականացնող մարմնի պահանջով, պարտավոր են սեփական միջոցների հաշվին վերացնել խանգարումները: Մինչև խանգարումների վերացումը նրանք պարտավոր են ընդհատել նշված սարքերի և սարքավորումների աշխատանքը:
i
Հոդված 11. |
Օդային երթևեկության սպասարկումը և հարակից ծառայությունները |
1. Օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է այնպես, որպեսզի ապահովվի օդային երթևեկության կարգավարական սպասարկումը (օդային երթևեկության շրջանային կառավարումը)`
1) միջազգային չվերթերի համար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով ներդրված ԻԿԱՕ-ի տարածաշրջանային աերոնավիգացիոն պլանի համաձայն.
2) ներքին առևտրային չվերթերի, ռազմական ավիացիայի, ընդհանուր նշանակության ավիացիայի, ավիացիոն այլ գործունեության իրականացման համար, եթե դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Նշված նպատակների իրականացման համար, սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, սահմանված կարգով հատկացվում է համապատասխան կառավարվող օդային տարածք:
2. Այն աերոդրոմները, որոնք նախատեսված են միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային չվերթերի իրականացման համար, համարվում են կառավարվող աերոդրոմներ, որոնցում տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգով ապահովվում են օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայությունները: Այլ աերոդրոմներ տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից հայտարարվում են կառավարվող, եթե դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Կառավարվող աերոդրոմների գործունեության համար, սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, սահմանված կարգով հատկացվում է համապատասխան կառավարվող օդային տարածք:
i
3. Խաղաղ ժամանակ ռազմաքաղաքացիական համագործակցությունն օդային տարածքում իրականացվում է օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի (այսուհետ` միասնական համակարգ) միջոցով: Միասնական համակարգի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
4. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է աերոնավիգացիոն սպասարկման միջոցների` օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության, վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ կարգերը, կանոններն ու հաղորդագրությունները և սահմանում է ապահովության պահանջները: Նշված ծառայությունների մատուցումն իրականացնում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում օդային երթևեկության սպասարկումն ու հարակից միջոցները կարող են ապահովել տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) այլ կազմակերպություններ: Սույն մասով նախատեսված կազմակերպություններին թույլտվություն տալու (կազմակերպությունների սերտիֆիկացման) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
5. Հայաստանի Հանրապետությունում օդային երթևեկության սպասարկման կարգավարի գործունեությամբ կարելի է զբաղվել միայն սույն օրենքով սահմանված կարգով` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից տրված կամ ուժ ստացած ատեստավորման վկայականի հիման վրա: Սույն օրենքի 30-33-րդ, ինչպես նաև 39-րդ հոդվածների դրույթները հավասարապես կիրառվում են նաև օդային երթևեկության սպասարկման կարգավարների և նրանց ատեստավորման նկատմամբ: Հատկացված օդային տարածքներում բացառապես ռազմական օդանավերի թռիչքների կառավարում իրականացնող ռազմական կարգավարների ատեստավորումն իրականացվում է միասնական համակարգի գործունեության կարգը սահմանող պահանջների հիման վրա:
6. Օդային երթևեկության սպասարկման գործընթացի պարզեցման նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է օդային երթևեկության սպասարկման ծառայության մատուցման և այլ հարակից գործառույթների իրականացման որոշ իրավասություն փոխանցել մեկ այլ երկրի կամ միջազգային կազմակերպության կամ այլ համապատասխան մարմնի` օդային տարածքի որոշակի մասերում և որոշակի բարձրությունների սահմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջազգային պայմանագիր, որով սահմանված է, թե ինչ պայմաններով է իրականացվում իրավասության այդպիսի փոխանցումը: Համապատասխանաբար տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայությունների մատուցման իրավասություն ստանալ հարևան երկրներից, եթե դրանց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջազգային պայմանագիր:
Միջազգային պայմանագրի բացակայության դեպքում միասնական համակարգի մարմինների կողմից կարող է որոշում կայացվել օդային տարածքի առանձին մասերում միայն օդային երթևեկության սպասարկման իրավասությունը հարևան երկրին փոխանցելու մասին: Համապատասխանաբար միասնական համակարգի մարմինների կողմից կարող է որոշում կայացվել հարևան երկրից օդային երթևեկության սպասարկման իրավասություն ստանալու մասին:
7. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովումն իրականացվում է օդերևութաբանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած կարգով` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ և հաշվի առնելով տվյալ տարածքում սպասարկվելիք օդային երթևեկության տեսակները: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունները մատուցում են տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի համապատասխան թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները:
8. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն ինքնուրույն կամ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` համապատասխան թույլտվություն ստացած մասնագիտացված կազմակերպությունը` Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի դրույթների համաձայն, վճարովի հիմունքներով: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն իրականացնում է տվյալների ճշգրտությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումներ:
i
9. Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի համաձայն` աերոնավիգացիոն տեղեկատվության աղբյուր հանդիսացող բոլոր կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք պարտավոր են համապատասխան տեղեկատվությունը ժամանակին, ճշգրիտ և անվճար տրամադրել լիազորված մարմնին:
Կոնցեսիոներների կողմից սահմանվող սակագները կարգավորվում են կոնցեսիոն պայմանագրերով:
Հոդված 12. |
Օդանավակայանները և աերոդրոմները |
1. Աերոդրոմ է համարվում հողային տարածքը կամ ջրային տարածքը (ներառյալ` շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով:
Ուղղաթիռադաշտ (հրապարակ) է համարվում հողային (ջրային) տարածքը կամ հատուկ նախապատրաստված հրապարակը (ներառյալ` շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ապահովում է ուղղաթիռների ինքնաթիռային կամ ուղղաթիռային թռիչք-վայրէջքը, գետնավարումը, պահպանումը և սպասարկումը:
2. Օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը և այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով և համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով:
3. Միջազգային օդանավակայան է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային և նմանատիպ ընթացակարգեր։
Ներքին օդանավակայան է համարվում միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը: Միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման:
i
4. Աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատը տրվում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից:
Սերտիֆիկացման կարգը և շահագործման պայմանները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
Ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները և սահմանափակումները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
5. Թռիչքային և ավիացիոն անվտանգության նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է սահմանել աերոդրոմի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ: Օդանավակայաններում և այլ վերգետնյա միջոցներով ավիացիային ծառայություններ մատուցող և ավիացիոն գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջները:
i
6. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն իր սահմանած կարգով իրականացնում է պետական և մասնագիտական վերահսկողություն միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի սերտիֆիկացված աերոդրոմների, վերգետնյա միջոցների և ծառայությունների նկատմամբ:
Օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքների համար ժամանակահատված (ULOS) տրամադրելու կարգը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
7. Աերոդրոմի սերտիֆիկատի գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից, եթե օդանավակայանը կամ դրա կազմակերպումը, սարքավորումները, միջոցները կամ ծառայությունները չեն համապատասխանում սահմանված պայմաններին կամ սահմանափակումներին: Եթե ի հայտ բերված թերությունները չեն ազդում թռիչքների և ավիացիոն անվտանգության վրա, ապա տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն իրավասու է աերոդրոմի շահագործողից պահանջելու վերացնել նշված թերությունները սահմանված ժամկետում, որի ընթացքում կարող են կիրառվել օդանավակայանի գործունեության սահմանափակումներ:
i
8. Աերոդրոմի տարածքում գործում են համապատասխան հրշեջ և փրկարարական ծառայություններ, որոնց գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աերոդրոմների շրջակայքում շենքերի, շինությունների, հաղորդակցության, բարձր լարման գծերի, ռադիոտեխնիկական միջոցների և այլ օբյեկտների տեղադրումը կամ գործունեության իրականացումը, որը կարող է վտանգ սպառնալ օդանավերի թռիչքների անվտանգությանը, ենթակա է համաձայնեցման տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սահմանված պահանջների խախտում թույլ տված անձինք պարտավոր են սեփական միջոցների հաշվին իրականացնել օբյեկտների վերացումը, տեղափոխումը կամ անհրաժեշտ ձևափոխումները` համաձայն տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի պահանջների:
Աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումը օդանավերի հետ հաշվառվում և ներկայացվում է ԻԿԱՕ` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգով:
i
9. Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների ցանկը և դրանց օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համատեղ բազավորման և օգտագործման աերոդրոմները պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից:
10. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը ապահովության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նպատակներով կարող է սահմանել օդանավակայանի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ` բացառապես հիմնվելով ապահովության և անվտանգության վերաբերյալ ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների պահանջների վրա, առանց խախտելու համապատասխան օդանավակայանի կոնցեսիոներների իրավունքները` կոնցեսիոն պայմանագրին համապատասխան: Օդանավակայաններում և այլ վերգետնյա միջոցներով ավիացիոն ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը, ըստ անհրաժեշտության, սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջներ` բացառապես հիմնվելով ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների պահանջների վրա, ապահովության և անվտանգության նպատակներով` առանց խախտելու օդանավակայանի կոնցեսիոների կոնցեսիոն պայմանագրով սահմանված իրավունքները:
11. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն անցկացնում է քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների, սերտիֆիկացված աերոդրոմների, վերգետնյա միջոցների և ծառայությունների ուսումնասիրություն և տեսչական ստուգումներ` բացառապես ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման ուսումնասիրությունները և տեսչական ստուգումները պետք է հիմնավորված լինեն և չխոչընդոտեն օդանավակայանի կոնցեսիոներների բնականոն գործունեությանը: Կոնցեսիոներների կատարած օդանավակայանի բարեփոխումները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության բոլոր պահանջներին:
12. Օդանավակայանի կոնցեսիոները մասնավոր անձ է, որը լիազորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկը կամ մի քանիսը շահագործելու, տնօրինելու, ղեկավարելու և կառավարելու` Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրած լիազորությունների շրջանակում:
13. Կոնցեսիոն պայմանագիրը ենթադրում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկի օդանավակայանի կոնցեսիոների իրավունքը`
1) օգտագործելու օդանավակայանի տարածքը և գույքը.
2) գործելու որպես օդանավակայանի կառավարիչ` սահմանելով և կիրառելով օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերը.
3) շահագործելու օդանավակայանը և ստանալու շահույթ դրա շահագործումից.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված լիազորությունների շրջանակում տրամադրելու թույլտվություններ օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնելու համար կամ իրականացնելու այդ գործունեությունն ուղղակիորեն` կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:
14. Օդանավակայանները սեփականության իրավունքով կարող են պատկանել Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին և իրավաբանական անձանց: Օդանավակայանների անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող օդանավակայանները շահագործվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից նաև կոնցեսիայի միջոցով:
Կոնցեսիայի միջոցով օդանավակայանի շահագործման նպատակով օդանավակայանի սեփականատիրոջ և շահագործողի միջև կնքվում է օդանավակայանի կոնցեսիայի պայմանագիր, որով շահագործողին են փոխանցվում օդանավակայանի շահագործման իրավունքները և գույքի միավորների օգտագործման իրավունքը: Կոնցեսիայով շահագործողին կարող է հանձնվել օդանավակայանի շահագործումը կամ օդանավակայանային առանձին ծառայությունների մատուցումը:
Կոնցեսիայի պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա շահագործողներն օդանավակայանային առանձին ծառայություններ կարող են հանձնել ենթակոնցեսիայի:
Ենթակոնցեսիայի պայմանները սահմանվում են օդանավակայանների սեփականատերերի կամ շահագործողների կողմից, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է համապատասխան վերահսկողություն օդանավակայանի կոնցեսիոների գործունեության նկատմամբ` կոնցեսիոն պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումները կանխելու նպատակով:
15. Սույն օրենքի իմաստով օդանավակայանների վերգետնյա սպասարկման ծառայություններ են հանդիսանում օդանավի կայանման գործընթացից սկսած մինչև թռիչքի իրականացման նպատակով շարժիչների գործարկման թույլտվություն ստանալու պահը, ուղևորների, ուղեբեռների գրանցման, օդանավի բեռնման, բեռնաթափման և չվերթի սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները:
Հոդված 13. |
Որոնումը և փրկարարությունը |
1. Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու կամ աղետալի իրավիճակում հայտնվելու դեպքերում կազմակերպվում են որոնման և փրկարարական աշխատանքներ` Չիկագոյի կոնվենցիայի 12-րդ հավելվածի համաձայն:
i
2. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում անհրաժեշտ որոնման և փրկարարական միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Որոնման և փրկարարական ծառայությունն ապահովում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև հարակից տարածքներում (որոնման և փրկարարական շրջան)` համաձայն միջազգային պայմանագրերի:
4. Որոնման և փրկարարական շրջանում հիմնվում է Փրկարարական համակարգող կենտրոն: Որոնողական և փրկարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով` կարող են հիմնվել փրկարարական համակարգող ենթակենտրոններ:
5. Օդային երթևեկության սպասարկման միավորները տեղերում, ինչպես նաև բոլոր սերտիֆիկացված աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը), որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում հանդիսանում են որոնողափրկարարական ծառայության մաս և ապահովում են Փրկարարական համակարգող կենտրոնի կամ փրկարարական համակարգող ենթակենտրոնի պահանջած աջակցությունն ու տեղեկատվությունը:
6. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, օդանավի սեփականատերերը և շահագործողները, օդանավում, օդանավակայանում, աերոդրոմներում կամ այլ միջոցներով ավիացիոն ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին և մինչև որոնման և փրկարարական ուժերի ժամանումը միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու և նրանց անհետաձգելի բժշկական և այլ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև տվյալ օդանավի և դրանում գտնվող փաստաթղթերի ու գույքի պահպանության ուղղությամբ: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում նրանց կատարած համապատասխան ծախսերը հատուցում է օդանավը շահագործողը:
7. Որոնողափրկարարական ծառայությունները համագործակցում են պատահարը քննողների և պատահարից տուժած անձանց օգնություն ցուցաբերողների հետ: Պատահարի քննությանը նպաստելու նպատակով որոնողափրկարարական ծառայությանը հնարավորության դեպքում ուղեկցում են պատահարների քննության հարցերում իրազեկ անձինք:
8. Մինչև սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատահարը քննող ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի ժամանումը օդանավի ջարդված մասերը չպետք է տեղաշարժվեն ավելի, քան դա անհրաժեշտ է օդանավում գտնվողներին փրկելու կամ զոհվածների մարմինները տեղափոխելու համար:
Տեղաշարժված բոլոր առարկաները պահվում են պատահարի վայրում:
i
9. Հայաստանի Հանրապետության տարածքում լայնածավալ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում օդանավակայանում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտների լիազոր մարմնի ուժերով ծավալվում է ընդունման և մեկնման կետ` ժամանող միջազգային մարդասիրական և փրկարարական օգնությունը կանոնակարգելու համար:
ԲԱԺԻՆ II
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱ
ԳԼՈՒԽ 4
ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ
i
Հոդված 14. |
Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրը |
1. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցումը, հաշվառումը, օդանավերի պետական ռեգիստրի (ռեեստրի) և դրա հավելվածի վարումը, օդանավերի գրանցումը, ապագրանցումը` գրանցումից դուրս հանելը, հաշվառումն իրականացնում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը` իր սահմանած կարգով:
Հոդված 15. |
Օդանավի գրանցման պայմանները |
1. Օդանավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, եթե`
1) դրա սեփականատեր և (կամ) շահագործող են հանդիսանում`
ա. Հայաստանի Հանրապետությունը,
բ. Հայաստանի Հանրապետության համայնքները,
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
դ. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք.
2) օդանավը բավարարում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի` գրանցման համար սահմանած թռիչքային պիտանիության նվազագույն պահանջները.
3) օդանավը գրանցված չէ այլ երկրում:
2. Օդանավի գրանցման հայտը ներկայացնում է օդանավի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը:
Հոդված 16. |
Գրանցվող տեղեկությունները |
i
1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցվում է օդանավի, սեփականատիրոջ և օդանավ ձեռք բերելու, օդանավը շահագործողի (եթե նա տարբերվում է սեփականատիրոջից), օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններին վերաբերող տեղեկությունները: Օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է ներկայացվել գրանցման «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է ներկայացվել գրանցման «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԻՐՏԵԿ |
1-ին կետի 2-րդ և 3-րդ նախադասությունները նույնաբովանդակ են: 2-րդ նախադասությունը լրացվել է 17.12.14 ՀՕ-273-Ն օրենքով: |
2. Օդանավի հետ կապված գրավով ապահովված պարտավորությունների և օդանավի նկատմամբ որոշակի իրավունքների միջազգային ճանաչման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
(16-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-273-Ն օրենք)
Հոդված 17. |
Միջանկյալ գրանցումը |
1. Օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված գրավոր հայտի հիման վրա օդանավը կարող է ժամանակավորապես ընդգրկվել Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում` անկախ օդանավի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու և նրա վերջնական գրանցման համար ոչ բոլոր պայմանները բավարարված լինելու հանգամանքից` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում օդանավը ժամանակավորապես ընդգրկելու համար սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջները պարտադիր են:
Հոդված 18. |
Շահագործողի մասին տեղեկությունները և սեփականատիրոջ փոխվելը |
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի սեփականատերը օդանավը այլ անձի շահագործման տրամադրելու դեպքում պարտավոր է մինչև օդանավի տրամադրումը դրա և օդանավի գտնվելու վայրի մասին տեղեկությունները տրամադրել տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին:
2. Օդանավերի վերաբերյալ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների փոփոխությունների մասին օդանավի սեփականատերը կամ օդանավ շահագործողը պարտավոր է հայտնել տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին:
Օդանավի սեփականատիրոջ փոխվելու դեպքում նախկին սեփականատերը նույնպես պարտավոր է այդ փոփոխության մասին հայտնել տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին:
3. Եթե օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը շահագործելու իրավունքով գտնվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի տրամադրության տակ, ապա վերջինս պարտավոր է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին տրամադրել օդանավին վերաբերող փաստաթղթերն ու համապատասխան պայմանագիրը, ինչպես նաև տեղեկացնել պայմանագրում ցանկացած փոփոխության մասին: Նմանատիպ օտարերկրյա օդանավերի և դրանց շահագործողների ցանկը (օտարերկրյա օդանավ շահագործողների ցանկ) վարում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
4. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Չիկագոյի կոնվենցիայի սահմանած կարգով այլ պետության համապատասխան մարմինների հետ պայմանագրային համաձայնությամբ ստանձնել օդանավի գրանցման պետության որոշակի գործառույթներ և դրանցից բխող պարտավորություններ այդ պետությունում գրանցված օդանավի առնչությամբ, եթե նման օդանավը շահագործվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից վարձակալության կամ այլ պայմանագրային հիմունքներով: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է նմանատիպ պայմանագրի հիման վրա այլ պետության ավիացիոն իշխանություններին փոխանցել օդանավի գրանցման պետության որոշակի գործառույթներ և դրանից բխող պարտավորությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի առնչությամբ, եթե նման օդանավը վարձակալության կամ այլ պայմանագրային հիմունքներով շահագործվում է այնպիսի օդանավ շահագործողի կողմից, որի գործունեության հիմնական վայրը, իսկ եթե այդպիսին չկա` մշտական գրանցման վայրը, գտնվում է այլ պետությունում:
Սույն մասի համաձայն կնքված պայմանագրերը ենթակա են գրանցման ԻԿԱՕ-ի խորհրդում:
Հոդված 19. |
Հայաստանի Հանրապետության օդանավերը ռեգիստրից հանելը |
1. Օդանավը հանվում է Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից կամ դրա հավելվածից`
1) օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի հայտի հիման վրա.
2) եթե օդանավի գրանցման պայմանները չեն համապատասխանում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջներին.
3) եթե օդանավը գրանցվել է որպես ռազմական օդանավ.
4) եթե օդանավն ապամոնտաժվել, վերացվել կամ անհետ կորած է համարվել, և որոնողական աշխատանքներն ավարտված են.
5) եթե օդանավը վերջին երեք տարվա ընթացքում չի ունեցել պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը.
6) եթե օդանավը հանվել է շահագործումից կամ դուրս է գրվել:
2. Եթե Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա օդանավը չի հանվում ռեգիստրից` առանց գրավառուի գրավոր համաձայնության:
3. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է օդանավերի ապագրանցման և պիտանիության արտահանման վկայականներ (սերտիֆիկատներ) տալու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների կողմից տրված օդանավի պիտանիության արտահանման վկայականների (սերտիֆիկատների) ճանաչման կարգը:
Հոդված 20. |
Օդանավի ազգային պատկանելությունը, գրանցման վկայականը |
1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցված օդանավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը տալիս է օդանավի ազգային պատկանելության և գրանցման վկայական (գրանցման սերտիֆիկատ):
2. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում գրանցված օդանավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն այնքան ժամանակ, որքան գրառումը վավերական է: Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում գրանցված օդանավերին տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից տրվում է գրանցման ժամանակավոր վկայական (գրանցման ժամանակավոր սերտիֆիկատ), որը հանդիսանում է օդանավի գրանցման վկայական և վավերական է դրանում սահմանված ժամանակահատվածում:
3. Օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի փոխվելու մասին տեղեկության գրանցումից հետո տրվում է գրանցման նոր սերտիֆիկատ: Օդանավի նախկին սերտիֆիկատը ենթակա է վերադարձման տեխնիկական կարգավորման լիազորված մարմին:
4. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից օդանավի հանվելու դեպքում գրանցման սերտիֆիկատը ենթակա է վերադարձման տեխնիկական կարգավորման լիազորված մարմին:
5. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն նպատակներով շահագործվող օդանավը պետք է ունենա գրանցման սերտիֆիկատ կամ գրանցման ժամանակավոր սերտիֆիկատ:
6. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավը պետք է ունենա գրանցման երկրի կողմից տրված համապատասխան սերտիֆիկատ:
Հոդված 21. |
Ազգային պատկանելությունը և գրանցումային նշումները |
1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում կամ հավելվածում գրանցված օդանավը նշվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացված ազգային նիշով` EK, որին հաջորդում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի տված գրանցման նիշը:
2. Ազգային և գրանցման նիշերն օդանավի վրա արտապատկերման և օդանավերի նշագծման կարգերը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավերը պետք է ունենան նշումներ` համաձայն գրանցման երկրի կանոնակարգերի:
ԳԼՈՒԽ 5
ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 22. |
Թռիչքային պիտանիության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները |
1. Հայաստանի Հանրապետությունում թռիչքներ իրականացնելու նպատակով շահագործվող օդանավը պետք է լինի թռիչքների համար պիտանի և համապատասխանի շրջակա միջավայրի պահպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Օդանավը թռիչքների համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է թռիչքային անվտանգության պահանջներին համապատասխան և ունի բավարար թռիչքային որակներ:
Օդանավը շրջակա միջավայրի պահպանության համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է այնպես, որ համապատասխանում է աղմուկի ու արտանետումների գործող սահմանափակումներին և շրջակա միջավայրի պահպանության այլ պահանջներին:
i
2. Թռիչքային պիտանիության վկայականների տրման, գործողության ժամկետի երկարաձգման և օտարերկրյա թռիչքային պիտանիության վկայականների ճանաչման և կիրառման, ինչպես նաև թռիչքային պիտանիությանն առնչվող և թռիչքային պիտանիության ապահովմանն ուղղված մանրամասն կանոնները, կարգերը, հրահանգները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
Օդանավի թռիչքային պիտանիության նորմերը, օդանավի տիպի թռիչքային պիտանիության վկայականների տրման կարգը, ինչպես նաև միջազգային ավիացիոն կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների սահմանած` օդանավի թռիչքային պիտանիության նորմերի և օդանավի տիպի թռիչքային պիտանիության վկայականների ճանաչման և կիրառման կարգը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա օդանավերը պետք է ունենան թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ, որոնք տրված են այլ երկրի կողմից և միջազգային կոնվենցիայի կամ այդ երկրի հետ կնքված համաձայնագրի հիման վրա ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում:
4. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը տեխնիկական կարգավորման լիազորված մարմին է ներկայացնում թռիչքային պիտանիության սերտիֆիկատ ստանալու հայտ: Հայտի հետ սեփականատերը կամ շահագործողը ներկայացնում է օդանավի տիպի սերտիֆիկատը և հայտն ուսումնասիրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:
Հոդված 23. |
Թռիչքային պիտանիության վերահսկումը և սերտիֆիկացումը |
1. Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն ունեցող օդանավի թռիչքային պիտանիության, ինչպես նաև թռիչքային անվտանգության տեսակետից կարևոր համարվող օդանավի պահեստամասերի, հարմարանքների և սարքավորումների (աերոնավտիկական արտադրատեսակներ) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
2. Թռիչքների համար պիտանի օդանավին, դրա սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից տրվում է թռիչքային պիտանիության վկայական` գործողության որոշակի ժամկետով:
Օդանավի թռիչքային պիտանիության և շահագործման նկատմամբ պահանջները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
Օդանավի գործունեության հետ կապված տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պետք է նշվեն թռիչքային պիտանիության վկայականում:
3. Օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է երկարաձգել թռիչքային պիտանիության վկայականի գործողության ժամկետը, եթե սահմանված կարգով իրականացված թռիչքային պիտանիության ուսումնասիրությունների արդյունքում պարզվի օդանավի պիտանիությունը:
4. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից իրականացվող թռիչքային պիտանիության ուսումնասիրությունները և ստուգումները կարող են պարունակել հետևյալ գործողություններից ցանկացած մեկը կամ մի քանիսը`
1) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման և այլ տեխնիկական հաշվետվությունների ու ներկայացրած տեղեկանքների ուսումնասիրությունը.
2) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման փաստաթղթերի ուսումնասիրությունը.
3) օդանավի ֆիզիկական վիճակի տեսչական ստուգումը.
4) օդանավի թռիչքային փորձարկումը:
5. Թռիչքային պիտանիության վկայականի վավերականության ժամանակահատվածում տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն իրականացնում է թռիչքային պիտանիության նկատմամբ վերահսկողություն` իր սահմանած կարգով, առանձին դեպքերում` նաև օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի հիման վրա:
6. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին տրամադրել օդանավի թռիչքային պիտանիությանը, սպասարկմանը, ձևափոխումներին և վերանորոգմանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև դրա գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ու վիճակագրությունը:
7. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը թռիչքային պիտանիության վերահսկման և սերտիֆիկացման գործընթացում տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին ցուցաբերում է դրա խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն: Թռիչքային ստուգումների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվում են սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի նշանակած ներկայացուցչի մասնակցությամբ:
Հոդված 24. |
Թռիչքային պիտանիության համար պատասխանատվությունը |
1. Օդանավի թռիչքային պիտանիության համար պատասխանատվությունը կրում է սեփականատերը կամ շահագործողը (եթե այն չի շահագործում սեփականատերը):
2. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին անմիջապես հայտնել հանգամանքների, իրադարձությունների ու խափանումների մասին, որոնք կարող են ազդել օդանավի թռիչքային պիտանիության վրա:
Հոդված 25. |
Թռիչքային պիտանիության վկայականի գործողությունը կասեցնելը կամ դադարեցնելը |
1. Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը կամ դրա սարքավորումները չեն սպասարկվում սահմանված կարգով, պարտադիր վերափոխումներն իրականացված չեն, իրականացվել են թռիչքային պիտանիության տեսակետից չարտոնված վերափոխումներ օդանավում կամ դրա սարքավորումներում, կամ չեն իրականացվել տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած պահանջներով նախատեսված տեսչական և տեխնիկական գործառույթները, ապա օդանավի թռիչքային պիտանիության վկայականը սահմանված կարգով կարող է կասեցվել կամ դադարեցվել, մինչև օդանավը կրկին կհամարվի պիտանի թռիչքների համար:
2. Եթե թռիչքային պիտանիության տեսչական ստուգումների արդյունքում կամ այլ պատճառներով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը թռիչքների համար պիտանի չէ, ապա նա դադարեցնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ կասեցնում է դրա գործողությունը, մինչև օդանավը կրկին տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից կհամարվի թռիչքների համար պիտանի` թռիչքային պիտանիության լրացուցիչ ուսումնասիրությունների կամ ստուգումների արդյունքում: Գործողությունը դադարեցված կամ կասեցված թռիչքային պիտանիության սերտիֆիկատը պետք է վերադարձվի տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին:
3. Կասեցման դեպքում վկայականը թերությունների վերացումից հետո կրկին տրամադրվում է օդանավ շահագործողին, իսկ դադարեցման դեպքում` թերությունների վերացումից հետո, տրամադրվում է նոր վկայական` սահմանված ընթացակարգով։
Հոդված 26. |
Օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում կարող են անցկացվել օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ, որպեսզի`
1) ճանաչվի դրա թռիչքային պիտանիության վկայականը, կամ երկարաձգվի գործողության ժամկետը.
2) տրվի թռիչքային պիտանիության վկայական տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից.
3) տրվի օդային տարածքում օդանավի թռիչքների թույլտվություն, եթե այդպիսին պահանջվում է:
2. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ կարող են անցկացվել նաև, եթե`
1) առկա են կասկածներ օդանավի թռիչքային պիտանիության վերաբերյալ.
2) ներկայացվել է հայտ օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից.
3) դա պահանջվել է օդանավի թռիչքային պիտանիության վերահսկողությունն իրականացնող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից:
3. Եթե օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ օդանավը թռիչքների համար պիտանի չէ, կամ օդանավին հասցվել է այնպիսի վնասվածք, որն ազդում է դրա թռիչքային պիտանիության վրա, ապա տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է արգելել օդանավի օդ բարձրանալը: Եթե օդանավը գրանցված է Չիկագոյի կոնվենցիայի անդամ հանդիսացող երկրում, ապա տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը տեղեկացնում է այդ երկրի համապատասխան իրավասու մարմնին օդանավի վիճակի և իր ընդունած որոշման մասին: Եթե այդ երկրի համապատասխան իրավասու մարմինը որոշում է, որ իր օդանավը թռիչքների համար պիտանի է, ապա օդանավին տրվում է օդ բարձրանալու թույլտվություն: Եթե այդ երկրի համապատասխան իրավասու մարմինը որոշում է, որ օդանավը չի բավարարում թռիչքային պիտանիության պահանջները, սակայն որոշակի պայմաններով կարելի է թույլատրել դրա թռիչքը մինչև այլ վայր, որտեղ կիրականացվի դրա վերանորոգումը, ապա տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը թույլատրում է օդանավի օդ բարձրանալը` այդ երկրի համապատասխան իրավասու մարմնի սահմանած պայմանների համաձայն: Այդպիսի թռիչքի ընթացքում չի թույլատրվում կատարել վճարովի փոխադրումներ:
Հոդված 27. |
Մթնոլորտային օդի պահպանությունը |
1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պետական կարգավորումն ու վերահսկողությունը, ինչպես նաև համապատասխան սերտիֆիկատների տրամադրումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից:
Նշված վերահսկողության և սերտիֆիկատների վրա կիրառելիության սահմաններում հավասարապես տարածվում են սույն օրենքի 22-26-րդ հոդվածների պահանջները:
Հոդված 28. |
Որոշակի սահմանափակումներով թռիչքների թույլտվությունները |
1. Օդանավին կարող է տրվել Հայաստանի Հանրապետությունում թռիչքի թույլտվություն, եթե թռիչքային պիտանիության վկայական օդանավին չի կարող տրվել, կամ եթե օդանավն ունի թռիչքային պիտանիության վկայական, բայց ժամանակավորապես չի համապատասխանում թռիչքային պիտանիության պահանջներին, սակայն տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից համարվում է ապահով` սահմանված սահմանափակումների շրջանակներում թռիչքներ իրականացնելու համար: Նման թռիչքի թույլտվություն կարող է տրվել թռիչքային փորձարկումների, օդանավի փոխանցման և թույլատրելի համարվող այլ առանձին նպատակներով` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 29. |
Օդանավի վրա իրականացվող տեխնիկական աշխատանքները և աերոնավտիկական արտադրատեսակները |
1. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի և աերոնավտիկական արտադրատեսակների կառուցումը (արտադրությունը), ինչպես նաև դրանց սպասարկման, ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են միայն սույն օրենքի համաձայն տրված գործող թույլտվության և վկայականների հիման վրա կամ այդպիսի վկայական կրող անձանց ղեկավարման և հսկողության ներքո:
i
2. Ինժեներատեխնիկական անձնակազմի ատեստավորման, սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների սերտիֆիկացման, օդանավի և աերոնավտիկական արտադրատեսակների վրա տեխնիկական ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքների իրականացման, նրանց ռեսուրսների երկարաձգման կարգերը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը վերահսկողություն է իրականացնում սույն հոդվածում նշված վկայականներ ու թույլտվություններ կրողների նկատմամբ:
3. Սույն օրենքի 30-33-րդ, ինչպես նաև 39-րդ հոդվածների դրույթները հավասարապես կիրառվում են նաև օդանավի կամ աերոնավտիկական արտադրատեսակների վրա աշխատանքներ իրականացնող ինժեներատեխնիկական անձնակազմի և նրանց ատեստավորման նկատմամբ:
ԳԼՈՒԽ 6
ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 30. |
Ատեստավորմանը ներկայացվող պահանջները |
1. Օդանավի սեփականատերը, իսկ եթե այն չի շահագործվում սեփականատիրոջ կողմից, ապա օդանավ շահագործողը պարտավոր է ապահովել օդանավի անձնակազմը համապատասխան մասնագետներով` սահմանված կանոնակարգերի համաձայն:
i
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի անդամ կարող է հանդիսանալ սույն օրենքի համաձայն տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից տրված կամ ուժ ստացած համապատասխան վկայական (այսուհետ` վկայական) ունեցող անձը: Օդանավի անձնակազմի վկայականների տրման կարգը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
3. Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը Հայաստանի Հանրապետությունում կարող է կառավարվել օտարերկրյա պետության կողմից համապատասխան վկայական ստացած անձանց կողմից, եթե դա ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում Չիկագոյի կոնվենցիայի կամ օդանավի գրանցման պետության հետ կնքված համաձայնագրի համաձայն:
4. Անձնակազմի անդամների ատեստավորման և թռիչքային աշխատանքների կազմակերպման կարգերը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը: Կարգերը ներառում են թռիչքային անձնակազմի անդամի տարիքին, գիտելիքներին, հմտություններին, փորձառությանը, ֆիզիկական ու մտավոր առողջությանը և ընդհանուր պատրաստականությանը վերաբերող պահանջներ:
Օդանավի անձնակազմի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող ուսումնական հաստատության կամ տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից ճանաչված օտարերկրյա ուսումնական հաստատության տված փաստաթղթով:
Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է ատեստավորում անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող օդանավի անձնակազմի անդամների մասնագիտական պատրաստվածության և դրա շարունակական ապահովման, ինչպես նաև նոր տիպի օդանավերի վրա վերապատրաստմանն ուղղված կանոնակարգեր:
i
5. Վկայական ստանալու հայտ ներկայացրած կամ վկայական կրող անձանց բժշկական զննումն իրականացնում են ավիացիոն բժշկության բնագավառի միջազգային սերտիֆիկատ կամ թույլտվություն ունեցող կազմակերպությունները` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգով: Զննման արդյունքները վավերացվում են բժշկական սերտիֆիկատով, որը տրվում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կանոնակարգերի համաձայն:
6. Վկայական կրողը պարտավոր է դրանում նախատեսված մասնագիտական գործունեության վրա անդրադարձող հանգամանքների մասին հայտնել տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին:
7. Վկայականը տրվում է դրանում նշված որոշակի գործողության ժամկետով: Վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե անձն այդ պահին բավարարում է ատեստավորման համար ներկայացվող պահանջները:
i
8. Օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականները Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել և կիրառվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կողմից համապատասխան ծառայություններ մատուցվելու նպատակով, եթե օտարերկրյա պետության կողմից վկայականը տրված է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից վկայականների տրման պահանջներից առնվազն նվազագույններին համապատասխան: Օտարերկրյա պետության կողմից տրված վկայականը ուժ է ստանում տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի վավերագրի տրամադրման ձևով, որի պայմաններն ու կարգը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
9. Ատեստավորում անցած անձին տրվող արտոնությունների, ինչպես նաև սահմանված հատուկ պայմանների և սահմանափակումների մասին նշումները կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով տրված վկայականներում կամ դրանց վավերագրերում:
Հոդված 31. |
Վկայականների գրանցամատյանը |
1. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը վարում է սույն օրենքի համաձայն ատեստավորված ավիացիոն անձնակազմի վկայականների գրանցամատյանը, որը ներառում է օդանավերի անձնակազմի անդամների, օդային երթևեկության սպասարկման կարգավարների և ինժեներատեխնիկական անձնակազմի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների տված և Հայաստանի Հանրապետությունում վավերագրված վկայականների մասին տեղեկատվությունը: Գրանցամատյանին կից պահվում են վկայականի կամ օտարերկրյա վկայականին ուժ տալու մասին վավերագրի տրման կամ դրանց գործողության ժամկետի երկարաձգման համար որպես հիմք ծառայած բոլոր փաստաթղթերը:
Հոդված 32. |
Վկայականների գործողության կասեցումը կամ դադարեցումը |
1. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է կասեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը ոչ խելամիտ կամ անփույթ վերաբերմունք է դրսևորել թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության հարցերում կամ վկայականով նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացրել է սույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջների խախտումով: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է կասեցնել վկայականի գործողությունը մինչև մասնագիտական քննության ավարտը և վերջնական որոշման ընդունումը:
2. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է դադարեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը.
1) բժշկական կամ հոգեբանական քննության հիման վրա ճանաչվել է վկայականով նախատեսված գործունեության համար ոչ պիտանի.
2) ցուցաբերել է վկայականով նախատեսված մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ կամ ունակություն.
3) սույն հոդվածի առաջին մասում նշված մասնագիտական քննության արդյունքում կայացվել է վկայականի գործունեությունը դադարեցնելու մասին վերջնական որոշում:
3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետությունների կողմից տրված և Հայաստանի Հանրապետությունում ուժ ստացած վկայականների վավերագրերի վրա:
i
Հոդված 33. |
Թեստերը և քննությունները |
1. Սույն օրենքով սահմանված կարգով տրված կամ ուժ ստացած վկայական կրող անձանցից տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը իր սահմանած դեպքերում կարող է պահանջել անցնելու տեսական և գործնական թեստեր` նրանց մասնագիտական ունակությունների ստուգման, ինչպես նաև բժշկական կամ հոգեբանական զննում` նրանց ֆիզիկական ու մտավոր առողջության ստուգման նպատակով:
i
Հոդված 34. |
Ուսումնական և հատուկ թռիչքները |
1. Ուսումնական և հատուկ բնույթի որոշակի թռիչքների իրականացման նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է սահմանել հատուկ կարգեր, որոնք նախատեսված չեն սույն գլխի պահանջներով և (կամ) պարունակում են լրացուցիչ պայմաններ:
ԳԼՈՒԽ 7
ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 35. |
Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները |
1. Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է:
2. Օդանավի հրամանատարը պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում: Սույն հոդվածի իմաստով թռիչքի ժամանակահատված է համարվում թռիչքի նպատակով օդանավի շարժման պահից մինչև թռիչքն ավարտելուց դրա լրիվ կանգառման պահի ընդհանուր ժամանակահատվածը:
3. Օդանավի հրամանատարին և, եթե նախատեսված է, նրան փոխարինողին (երկրորդը անձնակազմում) նշանակում է օդանավի սեփականատերը: Եթե օդանավն օգտագործում է սեփականատեր չհանդիսացող շահագործողը, ապա օդանավի հրամանատարին և նրան փոխարինողին նշանակում են շահագործողը և սեփականատերը` փոխադարձ համաձայնությամբ: Նշանակված օդաչուների հաստատված ցանկը օդանավ շահագործողը պարտավոր է ներկայացնել տեխնիկական կարգավորման լիազորված մարմին։
4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը բացառության կարգով այլ որոշում չի կայացնում:
5. Օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը:
i
6. Օդանավի անձնակազմի անդամները կրում են սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 36. |
Օդանավի հրամանատարի պարտականությունները |
1. Օդանավի հրամանատարը պարտավոր է`
1) նախքան թռիչքը ստուգել`
ա. օդանավի թռիչքի համար պիտանի, պատրաստ, լրակազմ և բեռնված լինելը` սահմանված պահանջներին համապատասխան,
բ. թռիչքի նախապատրաստվածությունը` սահմանված կանոնակարգերին համապատասխան.
i
2) թռիչքն իրականացնել սահմանված կանոնակարգերին համապատասխան և հետևել օդանավի վիճակին:
Օդանավի շահագործման կանոնները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
2. Օդանավի հրամանատարը և անձնակազմը պարտավոր են հոգ տանել օդանավում գտնվող ուղևորների, ուղեբեռի և բեռի մասին:
3. Օդանավի հրամանատարը պարտավոր է վերահսկել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն օդանավում և դրանցում կատարված գրառումների համապատասխանությունը տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած կարգերին:
4. Օդանավի հրամանատարը, ինչպես նաև օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր են տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին հայտնել օդանավի թռիչքային պիտանիությանն առնչվող բոլոր դեպքերի, իրադարձությունների և անսարքությունների մասին:
5. Եթե օդանավի վթարային վիճակի պատճառով և թռիչքի անվտանգության նկատառումներից ելնելով` հրամանատարն իր գործողություններում չի պահպանել կիրառվող պահանջները և կարգերը, ապա այդ մասին հրամանատարը կամ անձնակազմն անմիջապես պետք է զեկուցի օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայությանը: Թռիչքի ավարտից հետո միջադեպի հանգամանքների մասին հրամանատարը պարտավոր է զեկուցագիր ներկայացնել տեխնիկական կարգավորման լիազորված մարմին:
6. Ավիացիայի թռիչքների համար արգելված գոտում օդանավի հայտնվելու դեպքում այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո հրամանատարը պարտավոր է ապահովել օդանավի դուրսբերումն այդ գոտուց:
Հոդված 37. |
Օդանավի հրամանատարի իրավունքները: Օդանավի անձնակազմի և ուղևորների պարտականությունները |
1. Օդանավի հրամանատարն իրավունք ունի ընդունելու վերջնական որոշում` վերթիռի, թռիչքի, վայրէջքի, ինչպես նաև թռիչքի դադարեցման, վերադարձի և հարկադրված վայրէջքի վերաբերյալ, եթե կա թռիչքի անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգ:
2. Օդանավի անձնակազմի անդամները պարտավոր են կատարել հրամանատարի իրավասության շրջանակում սահմանված կարգով տրված հրամանները` անկախ այն հանգամանքից, թե դրանք ընդգրկում են նրանց անմիջական պարտականությունները, թե ոչ:
3. Օդանավի ուղևորները պարտավոր են կատարել թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման կարգը պահպանելու վերաբերյալ հրամանատարի հրամանները:
4. Օդանավի հրամանատարը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի արգելելու օդանավի ուղևորների կամ այլ անձանց մուտքն օդանավ և պահանջելու, որ նրանք լքեն օդանավը:
5. Օդանավի հրամանատարը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի արգելելու օդանավի բեռնավորումը կամ որոշում կայացնելու օդանավի բեռնաթափման մասին ինչպես գետնի վրա, այնպես էլ օդում:
6. Օդանավի հրամանատարն իրավունք ունի օգտագործելու բոլոր միջոցները, ընդհուպ մինչև ուժային, եթե իրավիճակն այլ կերպ չի հարթվում օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ դրա թռիչքային ու ավիացիոն անվտանգությունը:
7. Օդանավի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է աջակցել օդանավի հրամանատարին` օդանավում սահմանված կարգը, ապահովությունը և անվտանգությունը պահպանելու համար: Օդանավի ուղևորները նույնպես կարող են ցուցաբերել նման աջակցություն, եթե դա պահանջի օդանավի հրամանատարը` օդանավի անձնակազմի ցանկացած անդամի միջոցով: Նման դեպքերում օդանավի անձնակազմի անդամները և ուղևորները, ինչպես նաև օդանավի հրամանատարը կարող են կիրառել ուժային միջոցներ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:
Հոդված 38. |
Օդանավում կատարվող հանցագործությունները կամ այլ իրավախախտումները |
1. Օդանավի հրամանատարը սահմանված կարգով և դեպքերում նախաձեռնում և իրականացնում է օդանավում հանցագործության կամ այլ իրավախախտման կանխմանն ու խափանմանն ուղղված անհետաձգելի միջոցներ:
2. Օդանավի հրամանատարը համապատասխան միջոցներ է ձեռնարկում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձին Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասու մարմիններին հանձնելու ուղղությամբ: Թռիչքի ընթացքում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձի նկատմամբ հնարավորության դեպքում սահմանում է հսկողություն, իսկ վայրէջքից հետո միջոցներ է ձեռնարկում նրա հնարավոր փախուստը կանխելու նպատակով:
3. Օդանավի հրամանատարն ապահովում է հանցագործության կամ այլ իրավախախտման հետ առնչվող, հետաքննության կամ նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող իրերի, առարկաների, հետքերի կամ նյութերի պահպանությունը` դրանք սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավասու մարմիններին տրամադրելու համար: Օդանավի հրամանատարը, հնարավորության դեպքում, ապահովում է նաև հանցագործության դեպքի վայրի պահպանումը: Սույն մասով նախատեսված պահպանության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(38-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-138-Ն օրենք)
Հոդված 39. |
Օդանավում աշխատանքների իրականացմանը ներկայացվող պահանջները |
1. Օդանավում աշխատանքներ իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է իր աշխատանքային պարտականությունները կատարել սահմանված կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
2. Արգելվում է օդանավում աշխատանքներ իրականացնել ոգելից խմիչքների, թմրադեղերի, ինչպես նաև այլ դեղերի ու դեղամիջոցների ազդեցության տակ, որոնք կարող են անդրադառնալ պարտականությունների պատշաճ կատարման վրա:
3. Հիվանդության, հոգնածության կամ համանման այլ պատճառով պարտականությունների ապահով կատարման անհնարինության դեպքում աշխատանքներ իրականացնելն արգելվում է:
Հոդված 40. |
Պատահարների և միջադեպերի մասին զեկուցումը |
1. Օդանավի հրամանատարը միջոցներ է ձեռնարկում տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին հայտնելու ավիացիոն պատահարների մասին և դրանց վերաբերյալ ներկայացնում է գրավոր զեկուցագիր (զեկուցագիր պատահարի մասին): Զեկուցագիր ներկայացվում է նաև նման իրադարձության լուրջ վտանգ առաջանալու դեպքերում (զեկուցագիր միջադեպի մասին): Նշված զեկուցագրերը տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը ներկայացնում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմին:
2. Եթե օդանավի հրամանատարը չի կարող տեղեկացնել և զեկուցել պատահարի կամ միջադեպի մասին, ապա դա պարտավոր է իրականացնել օդանավի սեփականատերը կամ շահագործողը:
3. Պատահարների և միջադեպերի մասին զեկուցագրերի ներկայացման կարգերը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
Հոդված 41. |
Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավի հրամանատարը |
1. Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավի հրամանատարը, որը օդանավի թռիչքային պիտանիության վերահսկման համար պատասխանատու պետության օրենսդրության համաձայն` ունի սույն օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված նմանատիպ իրավունքներ և պարտականություններ, ունի նույն լիազորությունները նաև Հայաստանի Հանրապետության տարածքում: Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունում գրանցված օդանավերի նկատմամբ սույն գլխի այլ դրույթները կիրառվում են տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի սահմանած դեպքերում և կարգով:
ԳԼՈՒԽ 8
ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
Հոդված 42. |
Առևտրային օդային հաղորդակցություններին ներկայացվող պահանջները |
i
1. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել միայն սույն գլխով սահմանված կարգով` օդանավ շահագործողի վկայականի (սերտիֆիկատի), կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի, նշանակման, օտարերկրյա օդանավ շահագործողի կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության և ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվությունների հիման վրա:
2. Առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելը Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում կամ դրանից դուրս արգելվում է, եթե հաղորդակցությունն իրականացնողը չունի օդանավ շահագործողի վկայական:
Օդանավ շահագործողի վկայականը տալիս է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը` Չիկագոյի կոնվենցիայի 6-րդ հավելվածի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջների համաձայն, կամ որը համանման պայմանների կիրառմամբ տրվել է օտարերկրյա պետության համապատասխան լիազոր մարմնի կողմից և միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համաձայն` ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից բացի, այլ ավիացիոն գործունեության համար օդանավ շահագործողի վկայական տալու անհրաժեշտությունն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` թռիչքների անվտանգության ապահովման և ավիացիոն գործունեության կանոնակարգման նպատակներով:
i
Հոդված 43. |
Օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները |
i
1. Օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը տալիս է օդանավ շահագործողի վկայական` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմիններին:
2. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է, եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահանջվող ֆինանսական միջոցներ, համապատասխան ապահովագրություն, հմտություններ, գիտելիքներ, փորձառություն, անձնակազմ, հարմարություններ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են վկայականով նախատեսված գործունեությունն ապահով և հուսալիորեն իրականացնելու համար:
3. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է որոշակի գործողության ժամկետով, որում նշված են նաև կիրարկվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե վկայական ստացած անձը բավարարում է երկարաձգման պահին վկայական տալու համար ներկայացվող պահանջները:
4. Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով` տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սույն հոդվածի 1-ին մասի պայմաններից կարող է կիրառել բացառություններ, եթե կան հատուկ պատճառներ, և օդանավ շահագործողը բազավորվելու է Հայաստանի Հանրապետությունում:
5. Օդանավ շահագործողի վկայական ստացած անձը պարտավոր է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնին ծանուցել օդանավ շահագործողի վկայական տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Օդանավ շահագործողի վկայական ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն:
i
Հոդված 44. |
Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման պայմանները |
1. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով քաղաքականության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձի հայտի հիման վրա տալիս է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր)` ըստ օդային հաղորդակցությունների փոխադրումների տեսակների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված խորհրդի եզրակացությունը, եթե
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը կրում է օդանավ շահագործողի վկայական` տրված տեխնիկական կարգավորման լիազոր մարմնի կողմից.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով շարունակական և հուսալի առևտրային փոխադրումներ իրականացնելու պահանջները:
i
2. Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհուրդը հավաստագրերի տրման վերաբերյալ տալիս է խորհրդակցական բնույթի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին եզրակացություններ:
i
3. Հավաստագիրը տրվում է անժամկետ, որում նշված են նաև կիրառվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Հավաստագիրը ենթակա է վերահաստատման քաղաքականության լիազորված մարմնի կողմից, եթե`
1) հավաստագիր ունեցողը դրա տրման օրվանից վեց ամսվա ընթացքում չի մեկնարկել առևտրային օդային փոխադրումների իրականացումը.
2) կասեցրել է իր կողմից առևտրային օդային փոխադրումների իրականացումը առնվազն վեց ամիս ժամանակով.
3) չի համապատասխանում շարունակական, հուսալի և ապահով առևտրային օդային փոխադրումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների, համապատասխան ապահովագրության, հմտությունների, գիտելիքների, փորձառության և անձնակազմի պահանջներին:
5. Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է քաղաքականության լիազորված մարմին ներկայացնել տարեկան հաշվետվություն և արտաքին աուդիտի եզրակացություն ֆինանսական վիճակի մասին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է քաղաքականության լիազորված մարմին ներկայացնել տեղեկատվություն` ըստ վերջինիս պահանջի:
6. Հավաստագիր ստացած անձը պարտավոր է քաղաքականության լիազորված մարմնին ծանուցել առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Հավաստագիր ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն:
Հոդված 45. |
Ընդհանուր նշանակության ավիացիայի և հատուկ գործունեություն իրականացնելու վկայականները և թույլտվությունները |
1. Թռիչքային ուսուցմամբ, ընդհանուր նշանակության ավիացիայի, ավիացիոն հատուկ բնույթի գործունեությամբ զբաղվելու համար (ինչպես վճարովի, այնպես էլ անվճար) օդանավ շահագործողի վկայական (այսուհետ` վկայական) տալու անհրաժեշտությունը և կարգը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը: Վկայականը տրամադրում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
2. Ընդհանուր նշանակության ավիացիայի, ինչպես նաև ավիացիոն հատուկ բնույթի գործունեության իրականացման համար հատուկ թույլտվությունների (այսուհետ` թույլտվություններ) տրման կարգը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը: Թույլտվությունները տրամադրում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը, եթե նշյալ գործունեությունը չի վնասում շրջակա միջավայրին և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին և առողջությանը:
Հոդված 46. |
Վերահսկումը և տեսչական գործառույթները |
1. Տրված հավաստագրերի, թույլտվությունների և օդանավ շահագործողի վկայականներ ունեցող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար լիազորված մարմիններն իրավասու են սույն օրենքի համաձայն անցկացնելու ուսումնասիրություններ և տեսչական գործառույթներ:
Հոդված 47. |
Վկայականների, թույլտվությունների և հավաստագրի գործողության դադարեցումը և կասեցումը |
i
1. Օդանավ շահագործողի վկայականով, կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրով, այլ թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի, հավաստագրում կամ թույլտվություններում նշված հատուկ պայմանների և սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում օդանավ շահագործողի վկայականի, առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է կասեցվել լիազորված մարմինների կողմից մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա լիազորված մարմինների կողմից օդանավ շահագործողի վկայականի, առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել: Անվտանգության պահանջներից ելնելով` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված լիազորված մարմինները իրավունք ունեն մինչև խախտումների վերացումը, որպես այլընտրանքային միջոց, օդանավ շահագործողի վկայականի և առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի նկատմամբ կիրառելու սահմանափակումներ:
2. Օդանավ շահագործողի վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի պահանջները դադարում են բավարարված լինելուց:
Հոդված 48. |
Կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները և թույլտվությունը |
i
1. Քաղաքականության լիազորված մարմինը կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ունեցող անձին համապատասխան հայտի հիման վրա, հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան, նշանակում է որպես հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
i
2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, քաղաքականության լիազորված մարմնի տված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության հիման վրա` հիմք ընդունելով միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 49. |
Ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները |
i
1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու համար տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը տալիս է օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե օտարերկրյա օդանավ շահագործողի վկայականը բավարարում է սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Նշյալ գործունեությունն իրականացնելու իրավունքը կարող է տրվել նաև սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերով և թույլտվություններով:
i
2. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու համար քաղաքականության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է օդային փոխադրման թույլտվություններ:
i
3. Օդային հաղորդակցությունների որոշակի տեսակների ցանկը, որոնց համար թույլտվություն չի պահանջվում, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
Հոդված 50. |
Ապահովագրական պահանջները |
i
1. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողները չեն կարող գործունեություն իրականացնել առանց ապահովագրության, որը նախատեսված է նրանց գործունեության հետևանքով ուղևորների, երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար: Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով և «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայով (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա):
2. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի տված օդանավ շահագործողի վկայական կրողների նշված հնարավոր փոխհատուցման գումարները ներառում են օդանավի անձնակազմի անդամների նկատմամբ պատասխանատվությունը, որի վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի դրույթները:
ԳԼՈՒԽ 9
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Հոդված 51. |
Թռիչքային անվտանգության լրացուցիչ կանոնակարգումները |
1. Ավիացիոն պատահարների և ընդհանուր առմամբ օդանավերի վնասումների ու խափանումների կանխարգելման նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է օդանավերի շահագործմանը և թռիչքների իրականացմանը վերաբերող կանոնակարգեր:
i
2. Օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն:
Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հասարակական կարգի պահպանման և անվտանգության պահանջներից ելնելով` տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն իրավասու է օդային երթևեկության կառավարման ծառայության միջոցով օդանավի հրամանատարից պահանջելու անմիջապես վայրէջք կատարել նպատակահարմար համարվող ամենամոտ օդանավակայանում:
4. Առանց օդաչուի ղեկավարման, էլեկտրական սնուցումից զրկված կամ այլ արտակարգ իրավիճակում հայտնված օդանավերի նկատմամբ սույն օրենքի 4-7-րդ գլուխների դրույթները չեն տարածվում: Առանց օդաչուի ղեկավարման, էլեկտրական սնուցումից զրկված կամ այլ առումով արտակարգ իրավիճակում հայտնված օդանավերի նկատմամբ պահանջները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը: Սահմանվող պահանջները չպետք է սպառնան հասարակական կամ թռիչքային և ավիացիոն անվտանգությանը:
i
5. Օդանավում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման և շահագործման կարգն ու պայմանները հաստատում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:
6. Օդանավի ու նրա անձնակազմի փաստաթղթերին և օդանավում դրանց առկայությանը ներկայացվող պահանջները սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը: Անհրաժեշտության դեպքում տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է ստուգել օդանավը, օդանավի և անձնակազմի կամ այլ փաստաթղթերը:
Հոդված 52. |
Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը |
1. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը համալիր միջոցառումների համակարգ է, ինչպես նաև մարդկային և նյութական ռեսուրսներ, որոնք նախատեսված են ապահովելու քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունը անօրինական միջամտության ակտերից:
i
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից բխող` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովող համապատասխան իրավական ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության, անխափան և արդյունավետ գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը և ստեղծում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակում է ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնադրույթները և բնագավառին վերաբերող իրավական ակտերի նախագծերը, իրականացնում է ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը:
4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը, որը`
1) պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի մշակման, իրականացման և պահպանման համար.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների և քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի տարբեր ոլորտների համար պատասխանատու մարմինների գործողությունների փոխհամաձայնեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների և այլ անձանց հետ համատեղ իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով նախատեսված խնդիրները.
4) մշակում, իրականացնում և պահպանում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի վերապատրաստման ծրագրեր` քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար.
5) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ` ըստ անհրաժեշտության` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի մշակման և տեղեկատվության փոխանակման նպատակով:
Սույն հոդվածով նախատեսված պարտականությունների կատարման նպատակով տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է կանոնակարգեր:
5. Միջազգային և ներքին օդային երթևեկության պահանջներին համապատասխանող օդանավակայանային անվտանգության ծրագրերը սահմանվում և իրականացվում են այդ երթևեկությունն սպասարկող յուրաքանչյուր օդանավակայանի համար և, որպես աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատի տրամադրման նախապայման, հաստատվում են տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից:
6. Միջազգային և ներքին օդային հաղորդակցություններ իրականացնող` տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի տված օդանավ շահագործողի վկայական կրողները, օդային երթևեկության սպասարկում և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունները տեխնիկական կարգավորման լիազորված մարմին են ներկայացնում և ներդնում ավիացիոն անվտանգության ծրագիր, որը պետք է համապատասխանի քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջներին:
i
7. Ավիացիոն անվտանգությունն ապահովում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները: Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպություններն ավիացիոն անվտանգության մասով իրենց գործառույթների ապահովման նպատակով կարող են ստեղծել ավիացիոն անվտանգության ծառայություններ:
Օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողությունը և փոխադրման սպասարկումը կարող է իրականացվել բեռների անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն ունեցող անձանց կողմից, որոնք տվյալ թույլտվությունը ստանալուց հետո հանդիսանում են գրանցված գործակալ: Բեռների անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվության կարգը սահմանում է տեխնիկական անվտանգության լիազորված մարմինը:
Օդանավակայաններում ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
Ավիացիոն անվտանգության ծառայությունները հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ, և նրանց աշխատողներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել և կիրառել ծառայողական զենք` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև կրել սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կամ օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության տված և տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի կողմից ճանաչված փաստաթղթով:
Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածություն անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածության, դրա շարունակական ապահովման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստմանն ուղղված կանոնակարգեր:
8. Ավիացիոն անվտանգությունն իրականացվում է`
1) օդանավով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութերի և այլ վտանգավոր առարկաների ու նյութերի ապօրինի փոխադրումը բացառելու, իսկ դրանց օրինական փոխադրման ընթացքում` նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների կիրառման նպատակով.
2) ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում աշխատանքային և ծառայողական պարտականություններ կատարող անձանց, ինչպես նաև օդանավերի ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողության իրականացման միջոցով: Անհրաժեշտության դեպքում կատարվում է ուղևորի անձնական զննում, ինչպես նաև ուղևորի զննում օդանավում` օդանավի հրամանատարի պահանջով.
3) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային վերահսկողության սահմանման, օդանավակայանների, օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության կազմակերպման և իրականացման միջոցով.
4) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողություններին հակազդելու միջոցառումների, այդ թվում նաև` իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվող միջոցառումների կիրառմամբ:
i
9. Ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողությունից` զննումից ուղևորի հրաժարվելու դեպքում ուղևորը չի թույլատրվում թռիչքի: Ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
1. Քաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումները կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող օդանավի ուղևորային բաժանմունքում հրազեն տեղափոխելն արգելվում է, բացառությամբ, եթե այն գտնվում է այդ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված ծառայողական պարտականություններ կատարող անձի մոտ` այդ մասին նախապես տեղեկացնելով օդանավը շահագործողին և օդանավի հրամանատարին:
3. Հասարակական կարգի պահպանման և անվտանգության անհրաժեշտությունից ելնելով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է արգելել նաև, ռազմամթերքից բացի, այլ հատուկ միջոցների օդային փոխադրումը:
4. Արգելվում է քաղաքացիական օդանավով Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դեպի դուրս կամ տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված կամ առանձնապես վտանգավոր համարվող ցանկացած առարկաների, իրերի կամ նյութերի փոխադրումը` առանց նման փոխադրման համար սահմանված կանոնների պահպանման: Սույն մասով նախատեսված առարկաների, իրերի կամ նյութերի անվանացանկը և փոխադրման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձինք կարող են արգելել օդանավի օդ բարձրանալը, եթե հիմք կա ենթադրելու, որ օդանավը թռիչքի համար պիտանի չէ կամ համալրված չէ անհրաժեշտ անձնակազմով, կամ պահպանված չեն սույն օրենքով կամ սույն օրենքին համապատասխան սահմանված թռիչքային և ավիացիոն անվտանգության կանոնները:
ԳԼՈՒԽ 10
ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐ
Հոդված 54. |
Պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը |
1. Եթե օդանավը թռիչքային նպատակներով օգտագործելու ընթացքում տեղի է ունենում պատահար, որն առաջացնում է մարդկային զոհ կամ լուրջ մարմնական վնասվածք կամ էական վնաս է պատճառում օդանավին կամ օդանավում չգտնվող գույքին, ապա անցկացվում է պատահարի մասնագիտական քննություն (այսուհետ` քննություն):
2. Քննությունն իրականացվում է նաև նման պատահարի վտանգ պարունակող լուրջ միջադեպեր առաջանալիս, կամ եթե տեղի է ունեցել օդանավում, վերգետնյա ավիացիոն միջոցներում կամ ծառայություններում առկա լուրջ թերությունների մասին վկայող որևէ դեպք:
3. Պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման նպատակը դրանց կանխարգելումն է: Քննությունը նպատակ չունի որոշել որևէ անձի մեղավորության և պատասխանատվության աստիճանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման կարգ, որի կիրարկումն ապահովող կանոնակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը:
Պատահարների կամ լուրջ միջադեպերի քննությունն իրականացնում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը: Եթե իրադարձությունը պատահար չէ կամ լուրջ միջադեպ, ապա տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կարող է նշանակել մեկ հետաքննող կամ քննություն անցկացնելու իրավունքը փոխանցել համապատասխան քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը կամ օդանավ շահագործողին:
5. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը քննություն անցկացնելու նպատակով պետք է ունենա անհրաժեշտ գործնական, տեխնիկական և իրավական փորձաքննություն անցկացնելու հնարավորություն: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, իրավաբանական և ֆիզիկական անձինք պետք է աջակցեն ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի աշխատանքին: Անհրաժեշտության դեպքում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը կարող է աջակցություն խնդրել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմիններից կամ պատահարներ քննող այլ մարմիններից:
6. Պատահարի կամ միջադեպի հետ առնչություն ունեցող անձինք քննության աշխատանքներն սկսելու ու ավարտի մասին ծանուցվում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի կողմից: Նրանք տեղյակ են պահվում քննության ընթացքի մասին այնքանով, որքանով որ դա չի խանգարում քննությանը: Նրանց հնարավորություն է տրվում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնին կամ քննությունն անցկացնող անձին ներկայացնելու այնպիսի հայտարարություններ, որպիսիք նրանք անհրաժեշտ կհամարեն իրենց իրավունքների պաշտպանության համար: Նշված հայտարարությունները ներառվում են սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետվության մեջ:
7. Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը կարող է քննության ներգրավել բոլոր այն անձանց, ովքեր կարող են տրամադրել քննության ընթացքի համար կարևոր տեղեկություններ, ինչպես նաև պահանջել և հետազոտել կարևորություն ունեցող փաստաթղթերը, գրառումները և համակարգչային տեղեկությունները:
Հոդված 55. |
Ծանուցումը և հաշվետվությունը |
1. Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն` տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը օդանավերի պատահարների մասին ծանուցում է ԻԿԱՕ-ին և պայմանավորվող պետություններին:
2. Պատահարի կամ միջադեպի քննության արդյունքների վերաբերյալ կազմվում է հաշվետվություն` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում սահմանված ձևի, որը համապատասխան ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և տեխնիկական կարգավորման լիազորված մարմին: Տեխնիկական կարգավորման լիազորված մարմինն ուսումնասիրում է հաշվետվությունը և դրանում զետեղված առաջարկությունների վերաբերյալ ընդունում համապատասխան որոշում:
Հոդված 56. |
Ոստիկանության հետ համագործակցությունը |
1. Պատահարի վայրում անհրաժեշտության դեպքում ոստիկանությունն աջակցում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնին:
2. Մինչև դեպքի վայրում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի գործունեության սկիզբը ոստիկանությունը և (կամ) որոնողափրկարարական ծառայությունները ձեռնարկում են միջոցներ` պատահարի վայրը պաշտպանելու և դրա ուսումնասիրությանն աջակցելու նպատակով:
3. Եթե հիմքեր կան ենթադրելու, որ տեղի է ունեցել ավիացիոն պատահար, ապա արգելվում է օդանավը, դրանում տեղափոխվող իրերը կամ օդանավին կամ նման իրերին առնչվող այլ առարկաներ հայտնաբերելիս տեղաշարժել կամ տեղափոխել դրանք` առանց ոստիկանության կամ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի թույլտվության, բացառությամբ մարդկանց կյանքը փրկելու նպատակով կամ այլ բացառիկ դեպքերի:
4. Ոստիկանությունը կամ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինն իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված գույքը պահել իր հսկողության ներքո մինչև դրա անհրաժեշտության վերանալը:
ԳԼՈՒԽ 11
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Հոդված 57. |
Օդային փոխադրումների կանոնները |
1. Սույն գլխի դրույթները կիրառվում են օդային տրանսպորտով ինչպես վճարովի, այնպես էլ անվճար իրականացվող ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման ժամանակ:
i
2. Օդային փոխադրումների իրականացման ժամանակ փոխադրողները պարտավոր են պահպանել ուղևորների, ուղեբեռի, բեռների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված օդային փոխադրումների ընդհանուր կանոնները:
Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, ուղեբեռի և բեռի հաշվառման և սպասարկման կանոնակարգերը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:
Փոխադրողներն իրավունք ունեն սահմանելու օդային փոխադրումների իրենց կանոնները, որոնք չեն կարող հակասել օդային փոխադրումների ընդհանուր կանոններին և վատթարացնել դրանցով սահմանված ուղևորների, բեռներ առաքողների և ստացողների սպասարկման պայմանները:
3. Օդային տրանսպորտով փոստի փոխադրման կանոնները հաստատում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը` համաձայնեցնելով այդ բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
4. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, հաստատվում է վերջինիս կանոնադրությունը և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի: Լիազորված մարմնի ղեկավարը ի պաշտոնե հանդիսանում է ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:
Հոդված 58. |
Ուղևորի փոխադրման տոմսի նկատմամբ պահանջները |
i
1. Ուղևորի փոխադրման նպատակով տրվում է տոմս, որտեղ`
1) նշվում են մեկնման վայրը, նպատակակետը և թռիչքի ժամը.
2) եթե մեկնման վայրը և նպատակակետը գտնվում են միևնույն պետության տարածքում, և նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը.
3) ուղևորին հանձնվում է գրավոր նշում առ այն, որ Մոնրեալի կոնվենցիան, և համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, և որ Մոնրեալի կոնվենցիան ու օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մահվան կամ վնասվածքի և ուղեբեռի կորստի, վնասվելու կամ ոչնչացման դեպքում:
2. Ուղևորի փոխադրման տոմսը` տրված թղթային եղանակով կամ ձևակերպված էլեկտրոնային գործարքի միջոցով, հանդիսանում է փոխադրման և փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն:
3. Տոմսի բացակայությունը, սխալ լրացված լինելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին:
4. Եթե փոխադրողի համաձայնությամբ ուղևորն օդանավ է մտել առանց տոմսի, կամ եթե տոմսի հետ ուղևորին չի հանձնվել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահելու սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:
Հոդված 59. |
Ուղեբեռի փոխադրման փաստաթղթերը |
1. Գրանցված ուղեբեռի, այսինքն` ուղևորների և օդանավի անձնակազմի անձնական և ձեռքի իրերի փոխադրման համար տրվում է ուղեբեռի կտրոն: Եթե ուղեբեռի կտրոնը զետեղված կամ կցված չէ սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները բավարարող տոմսին, ապա այն պետք է պարունակի սույն օրենքի 58-րդ հոդվածով պահանջվող տեղեկատվությունը:
2. Ուղեբեռի կտրոնի բացակայությունը, սխալ լրացված լինելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին: Եթե փոխադրողն իր վրա է վերցրել ուղեբեռի փոխադրման պարտականությունը` առանց տրամադրելու ուղեբեռի կտրոն, կամ եթե ուղեբեռի կտրոնը կամ տոմսը, որում զետեղված կամ կցված է կտրոնը, չի պարունակում սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահելու սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:
Հոդված 60. |
Բեռի փոխադրման փաստաթղթերը |
1. Բեռի, սույն օրենքի իմաստով` տվյալ օդանավով փոխադրվող ցանկացած գույքի, բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, փոխադրման նպատակով բեռ առաքողը լրացնում և փոխադրողին է հանձնում բեռի վերաբերյալ փաստաթուղթ` տրանսպորտային բեռնագիր (այսուհետ` բեռնագիր):
2. Բեռնագրի բացակայությունը, սխալ լրացնելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է սույն օրենքի 64-րդ հոդվածից բխող բացառությունների հետ համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին:
3. Բեռնագիրը կազմվում է բեռ առաքողի կողմից առնվազն երեք օրինակից և հանձնվում է բեռի հետ: Առաջին օրինակը կրում է «փոխադրողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի կողմից: Երկրորդ օրինակը կրում է «բեռն առաքողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի ու փոխադրողի կողմից և ուղեկցում է բեռը: Երրորդ օրինակն ստորագրվում է փոխադրողի կողմից և բեռն ընդունելուց հետո նրա կողմից հանձնվում է բեռն առաքողին:
4. Փոխադրողը ստորագրում է բեռնագիրը նախքան բեռի օդանավ բարձելը:
5. Եթե բեռն առաքողի պահանջով բեռնագիրը կազմել է փոխադրողը, ապա համարվում է, որ նա արել է այդ բանը բեռն առաքողի անունից, եթե հակառակը չի ապացուցված:
6. Եթե փոխադրումն ընդգրկում է մեկից ավելի տեղերով բեռներ, ապա փոխադրողը կարող է բեռն առաքողից պահանջել կազմելու առանձին բեռնագրեր:
7. Բեռնագրում`
1) նշվում են մեկնման վայրը և նպատակակետը.
2) եթե մեկնման վայրը և նպատակակետը գտնվում են միևնույն պետության տարածքում և նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը.
3) տրվում է ծանուցում առ այն, որ Մոնրեալի կոնվենցիան և համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, և որ կոնվենցիան կամ օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունը բեռի կորստի, փչացման կամ վնասման դեպքում:
8. Եթե փոխադրողի համաձայնությամբ բեռը բարձվել է օդանավ` առանց բեռնագիր կազմելու, կամ եթե բեռնագիրը չի ընդգրկում սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահելու սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:
9. Բեռնագիրը հանդիսանում է բեռի ընդունման և փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն:
10. Բեռնագրում նշված բեռի քաշին, չափերին, տեղերի քանակին և փաթեթավորմանը վերաբերող տվյալները համարվում են հավաստի: Միաժամանակ բեռնագրում նշված այլ նշումները, որոնք վերաբերում են բեռի քանակին, ծավալին և վիճակին, չեն կարող ծառայել որպես ապացույց ընդդեմ փոխադրողի, բացառությամբ այն դեպքերի, եթե նա բեռն առաքողի ներկայությամբ ստուգել է տեղեկությունները և հաստատել է այդ փաստը բեռնագրում, կամ եթե նշումները վերաբերում են բեռի արտաքին վիճակին:
11. Բեռն առաքողը փոխհատուցում է իր կողմից բեռնագրում զետեղված բեռի մասին սխալ, ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների պատճառով փոխադրողի կամ ցանկացած այլ անձի կողմից կրած վնասները, որի առջև փոխադրողը պատասխանատվություն է կրում:
Հոդված 61. |
Բեռնագրին փոխարինող այլընտրանքային միջոցները |
1. Բեռն առաքողի համաձայնությամբ բեռնագրի փոխարեն կարող է օգտագործվել փոխադրման մասին գրառումը պահպանող ցանկացած այլընտրանքային միջոց: Այլընտրանքային միջոց օգտագործելիս փոխադրողը բեռն առաքողի պահանջով նրան է փոխանցում բեռնային անդորրագիրը, որը հնարավորություն է տալիս տարբերակել բեռը, և նրան հասանելի է դարձնում այլընտրանքային միջոցներով պահպանվող գրառումներում պարունակվող տեղեկությունները:
2. Տարանցիկ կետերում և ժամանման վայրում սույն հոդվածի 1-ին մասում նշված փոխադրման մասին գրառումները պահպանող այլընտրանքային միջոցների օգտագործման անհնարինությունն իրավունք չի տալիս փոխադրողին մերժելու բեռի փոխադրումը:
i
1. Բեռի տիրապետման և առաքման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Մոնրեալի կոնվենցիայով:
Հոդված 63. |
Փոխադրողի պատասխանատվությունը |
1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորի ստացած վնասվածքների համար, եթե իրադարձությունը, որի հետևանքով հասցվել է վնասվածքը, տեղի է ունեցել օդանավում կամ ուղևորի օդանավ նստելու և իջնելու ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Փոխադրողը պատասխանատվություն է կրում գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, ոչնչացման կամ վնասման համար, եթե պատճառ հանդիսացող իրադարձությունը տեղի է ունեցել ուղեբեռի կամ բեռի` փոխադրողի հսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում օդանավակայանում կամ օդանավում կամ, եթե օդանավը վայրէջք է կատարում օդանավակայանից դուրս, բեռի գտնվելու վայրում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
3. Բեռնման, առաքման կամ վերաբեռնման նպատակով օդանավակայանից դուրս իրականացված վերգետնյա, ծովային փոխադրման գործողությունների ընթացքում ուղեբեռի և բեռի վնասվելը համարվում է որպես սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձության արդյունք միայն այն դեպքում, եթե այդ փոխադրումները նախատեսված են փոխադրման պայմանագրով, և եթե փոխադրողի կողմից հակառակը չի ապացուցվել:
4. Փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի` ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղևորների կարիքները սկսած`
1) 2 ժամից` սնունդով.
2) 4 ժամից` հաղորդակցության միջոցներով և հնարավորություններով.
3) 8 ժամից` կացարանով:
5. Փոխադրողը պատասխանատու է ուղևորների, գրանցված ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ցանկացած ուշացմամբ պայմանավորված վնասի համար, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
6. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ ինքը և իր գործակալները վնասից խուսափելու նպատակով ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, կամ որ անհնար էր իր կամ գործակալի կողմից ձեռնարկել նման միջոցներ:
7. Փոխադրողը կարող է պատասխանատվություն չկրել, կամ նրա պատասխանատվության չափը կարող է սահմանափակվել, եթե ապացուցվում է, որ վնաս կրած անձն իր անփութությամբ նպաստել է դրան:
8. Փոխադրողի պատասխանատվությանը, ինչպես նաև ըստ պայմանագրի` փոխադրող չհանդիսացող անձի կողմից իրականացվող օդային փոխադրմանը, համատեղ փոխադրմանը և այլ հատուկ խնդիրներին վերաբերող լրացուցիչ կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 64. |
Փոխադրողի պատասխանատվության սահմանափակումները |
1. Ուղևորի մահվան կամ անձնական վնասվածքի, գրանցված ուղեբեռի կամ բեռի, ինչպես նաև ուղևորի հսկողության ներքո պահվող իրերի համար փոխադրողը կրում է սահմանափակ պատասխանատվություն: Փոխադրողի պատասխանատվության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Եթե ուղևորի մահվան կամ անձնական վնասվածքի դիմաց ամբողջական փոխհատուցումն իրականացվում է պարբերաբար կատարվող վճարումների միջոցով, ապա նշված վճարումների ընդհանուր գումարային արժեքը չպետք է գերազանցի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը:
3. Եթե ուղևորը (առաքողը) ուղեբեռը կամ բեռը փոխադրողին հանձնելիս կազմել է ժամանման վայր առաքման շուրջ շահագրգռվածության մասին հատուկ հայտարարագիր և վճարել լրացուցիչ վճար, ապա փոխադրողը պարտավոր է վճարել հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցվում, որ այդ գումարն ավելի մեծ է, քան առաքման կապակցությամբ ուղևորի (առաքողի) իրական շահագրգռվածությունը:
i
4. Գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, վնասվածքի կամ ուշացման դեպքում փոխադրողի պատասխանատվության չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 65. |
Ուղևորի փոխադրման տոմսի վաճառքի և բեռի փոխադրման փաստաթղթերի ձևակերպում իրականացնողներին ներկայացվող պահանջները |
1. Սույն օրենքի 58-64-րդ հոդվածների դրույթների կանոնակարգման նպատակով ուղևորի փոխադրման տոմսի վաճառք և բեռի փոխադրման փաստաթղթերի ձևակերպում (այսուհետ` օդային փոխադրումների իրացում) կարող է իրականացնել առևտրային օդային փոխադրումների իրականացման թույլտվություն չունեցող ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձը:
Հոդված 66. |
Օդանավով չփոխադրվող անձին կամ գույքին պատճառած վնասի դիմաց օդանավի սեփականատիրոջ և շահագործողի պատասխանատվությունը |
1. Օդանավի սեփականատերը պատասխանատվություն է կրում օդանավով չտեղափոխվող անձին կամ գույքին օդանավի շահագործմամբ վնաս կամ վնասվածք պատճառելու դեպքում, եթե նույնիսկ նա չի պատճառել վնասը և կարիք չունի արդարացման: Պատասխանատվության չափը կարող է նվազեցվել, եթե տուժած անձը որևէ կերպ նպաստել է վնասի կամ վնասվածքի պատճառմանը:
2. Եթե վնասը կամ վնասվածքը պատճառվել է երկու կամ մի քանի օդանավերի շահագործման հետևանքով, որոնց համար դրանց սեփականատերերը, համաձայն սույն գլխի, պատասխանատվություն են կրում, ապա օդանավերի սեփականատերերը կրում են համապարտ պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով: Եթե նման շահագործման պատճառով օդանավերից որևէ մեկին կամ օդանավերից որևէ մեկով տեղափոխվող անձին կամ գույքին պատճառվել է վնաս կամ վնասվածք, ապա նման վնասի կամ վնասվածքի առնչությամբ սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն կիրառվում:
3. Եթե անձն օգտագործում է օդանավն առանց դրա սեփականատիրոջ հետ համաձայնության, ապա դրա հետևանքով առաջացած վնասի կամ վնասվածքի դիմաց պատասխանատվությունը սեփականատիրոջ փոխարեն կրում է օգտագործողը:
4. Օդանավն ապառիկ գնման հիմունքներով, վերադարձնելու իրավունքով տնօրինելու դեպքում պատասխանատվությունը կրում է գնորդը` սույն օրենքի համաձայն:
5. Օդանավն օգտագործման իրավունքով ձեռք բերելու դեպքում օդանավի սեփականատիրոջ փոխարեն պատասխանատվությունը կրում է օգտագործողը, եթե`
1) սեփականատիրոջ և օգտագործողի միջև կնքված է պայմանագիր, ըստ որի` պատասխանատվությունն ընկնում է օգտագործողի վրա.
2) օգտագործման իրավունքը վավերական է առնվազն մեկ տարի.
3) օգտագործողը, պայմանագրի համաձայն, իրավունք ունի նշանակելու օդանավի օդաչուներին կամ օգտագործելու օդանավը վարձավճար ստանալու նպատակով.
4) օդանավերի ռեգիստրում օգտագործման իրավունքի վերաբերյալ կատարվել է գրառում:
6. Եթե օդանավը ձեռք է բերվել օգտագործման իրավունքով, սակայն չեն պահպանված սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանները, ապա օգտագործողն ու սեփականատերը համապարտ պատասխանատվություն են կրում սույն օրենքի համաձայն, եթե օգտագործողը`
1) օդանավի սեփականատիրոջ հետ կնքած պայմանագրի համաձայն` իրավունք ունի նշանակելու օդանավի օդաչուներին.
2) չունենալով օդաչու նշանակելու իրավունք` նշանակել է օդանավի սեփականատիրոջ մոտ չաշխատող օդաչուի, և վնասը տեղի է ունեցել այդ պատճառով:
7. Օդանավի սեփականատերը կամ այլ անձինք, որոնք սույն օրենքի հիման վրա կատարել են վճարումներ, կարող են հետ ստանալ այդ գումարները վնաս կամ վնասվածք պատճառած անձից` դատական կարգով:
8. Օդանավում իր աշխատանքային պարտականությունները կատարող անձն իր պարտականությունները սխալ կամ թերի կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի դրույթները կիրառվում են նաև օդանավակայանում, օդային երթևեկության ծառայություններում կամ այլ տեղում իրենց աշխատանքային պարտականությունները կատարող անձանց նկատմամբ:
ԳԼՈՒԽ 12
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 67. |
Պատասխանատվությունն օդային օրենսդրությունը խախտելու համար |
1. Հայաստանի Հանրապետության ավիացիոն օրենսդրության խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. մարտի 15 Երևան ՀՕ-81-Ն
|