ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2019 թվականի N 366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 706-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածն ու 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման N 14 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված միջոցների ծախսման ժամանակ այդ գործընթացը կարգավորող միջազգային պայմանագրերով և դրանց մաս հանդիսացող փաստաթղթերով սահմանված դեպքերում և կարգով ստորագրությունների իրավունքը պետական մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կարող է վերապահել տվյալ մարմնի կամ հիմնարկի հանրային ծառայող հանդիսացող անձանց:»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սահմանել, որ`
1) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի գործունեության դադարեցման օրվա դրությամբ չավարտված ծրագրերի իրականացման գործընթացում աշխատանքային պայմանագրերով ներգրավված և հիմնարկի գործունեության դադարեցմամբ պայմանավորված պետական կառավարման մարմնի կառուցվածքում ընդգրկված ստորաբաժանումում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ամսական աշխատավարձի չափը և (կամ) ծրագրերի իրականացման աշխատանքներում, առանց մրցակցային ընթացակարգերի կիրառման, մինչև տվյալ ծրագրի ավարտը գործողության ժամկետով կնքված պայմանագրերով որպես անհատ խորհրդատուներ ներգրավված անձանց ամսական վարձատրության չափը` մինչև պայմանագրի գործողության ավարտը, հավասար է հիմնարկի գործունեության դադարեցմանը նախորդող տարվա ընթացքում հիմնարկից ստացած միջին ամսական աշխատավարձի չափին (պետական ծառայողների մասով աշխատավարձի նախատեսված չափը ձևավորվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական աշխատավարձի և պարգևատրման հանրագումարից): Ընդ որում, պետական կառավարման մարմինը սույն ենթակետով նախատեսված պայմանով ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքում է հիմնարկի այն աշխատողների հետ, ովքեր հրաժարվել են զբաղեցնել հանրային ծառայության պաշտոն կամ չեն բավարարում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներին` պայմանագրերում սահմանելով այն պարտականությունների կատարումը, որոնք նախատեսված են եղել հիմնարկի կնքած աշխատանքային պայմանագրերով.
2) մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողության ավարտը դրանց ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում են համապատասխան ֆինանսական միջոցներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 15
Երևան
_______________________
ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում