(ուժը կորցրել է 20.03.08 թիվ 255-Ն որոշում)
i
040.0158.110400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2000 թվականի N 158
i
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԱՅՐԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող և նրանց ընտանիքների օժանդակության միջոցառումների մասին» ՆՀ-460 հրամանագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը (կցվում է):
2. Զոհվածների ընտանիքներին նշանակել և վճարել ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն` զոհվածի պաշտոնային դրույքի (աշխատավարձի) չափով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Զոհվածների ընտանիքներին տալ միանվագ դրամական օգնություն` զոհվածի պաշտոնային դրույքի (աշխատավարձի) 12-ապատիկի չափով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Համապատասխան պաշտոնային դրույքի (աշխատավարձի) հետագա բարձրացմանը զուգընթաց վերահաշվարկել նաև զոհվածների ընտանիքներին տրվող ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակության չափերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված վճարումներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացնել 29040.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից 14520.0 հազ. դրամը` զոհվածների ընտանիքներին տրվող միանվագ դրամական օգնության և 14520.0 հազ. դրամը` զոհվածների ընտանիքներին վճարվող ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակության համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
ապրիլի 11-ից N 158 որոշմամբ
ԿԱՐԳ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության
հետևանքով զոհվածների այրիներին և անչափահաս երեխաներին,
ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին
ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու
1. Ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն նշանակվում է զոհվածի ընտանիքի հետևյալ անդամներին`
ա) զոհվածի այրուն և նրա խնամքի տակ գտնվող ծնողներին` ցմահ.
բ) 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակներին, եղբայրներին, քույրերին և թոռներին, ընդ որում, եղբայրներին, քույրերին և թոռներին, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
գ) բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:
2. Ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակության իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է մեկ լրացուցիչ դրամական օժանդակություն, իսկ ընտանիքի` դրա իրավունքն ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին, հետևյալ չափերով`
զոհվածի այրուն` դրամական օժանդակության 70 տոկոսը.
ընտանիքի մյուս անդամներին դրամական օժանդակության 30 տոկոսը` համամասնորեն:
3. Ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն նշանակում և վճարում է զոհվածի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմինը:
4. Դրամական օժանդակություն ստացող ընտանիքի ցանկությամբ այն կարող է վճարվել փոստի կամ խնայբանկի միջոցով: