010.0167.151215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-»գ» ենթակետերով նախատեսված դեպքերում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը օրենքով սահմանված այլ պայմանները բավարարելու դեպքում համարվում են (շարունակում են համարվել) շրջանառության հարկ վճարող, եթե այդ ենթակետերում նշված այլ անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի գործունեություն չեն իրականացրել:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության 4-րդ կետը «3-րդ մասի 4-րդ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունները` շահութահարկը (այդ թվում` կանխավճարները), անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը (այդ թվում` կանխավճարները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների:
Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, որոնց գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-»գ» ենթակետերով նախատեսված հիմքերով անձանց փոխկապակցվածությունը բացահայտելու դեպքերի վրա` անկախ այն հանգամանքից, թե երբ է առաջացել այդ փոխկապակցվածությունը: Մինչև 2016 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում անձին շրջանառության հարկ վճարող համարվելու առումով բավարար է միայն սույն օրենքի 1-ին հոդվածում նշված այլ անձանց կողմից փաստացի գործունեություն իրականացված չլինելու հանգամանքը: Եթե կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «ա»-»գ» ենթակետերի համաձայն, չեն համարվել շրջանառության հարկ վճարող կամ դադարել են համարվել շրջանառության հարկ վճարող, ապա սույն օրենքի ընդունումից հետո նրանց մասով հարկային պարտավորությունների վերահաշվարկ չի կատարվում:
15 դեկտեմբերի 2015 թվականի
ՀՕ-167-Ն