(ուժը կորցրել է 25.09.2020 թիվ 154-Ն որոշում)
i
050.0223.191115
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 11 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05015449
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2015 թվականի թիվ 223-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նվազեցնել և կանխարգելել ռիսկերը, որոնք կարող են վտանգել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը, ինչպես նաև նվազեցնել դրամական փոխանցումներ իրականացնող Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերից մեկի կողմից Հայաստանի Հանրապետությունում դրամական փոխանցումների համակարգերով ստացվող փոխանցումների մեջ գերիշխող դիրք զբաղեցնելու հնարավորությունը և դրա արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետևանքները,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը և 17-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում դրամական փոխանցումների համակարգերով արտերկրից ստացված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում յուրաքանչյուր առանձին Հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգով (այսուհետ` Համակարգ) ստացված դրամական փոխանցումների մասնաբաժինը յուրաքանչյուր ամսվան նախորդող վեց ամիսների միջինացված տվյալների (այսուհետ` Կիսամյակային արդյունք) համաձայն չպետք է գերազանցի 30 տոկոսը: Սույն կետով սահմանված մասնաբաժնի վերաբերյալ պահանջը Համակարգի օպերատորն ապահովում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից տեղեկացման օրվանից երկու ամսվա ընթացքում` նվազեցնելով Կիսամյակային արդյունքը: Ընդ որում, սույն կետով սահմանված մասնաբաժինը հաշվարկում և դրա վերաբերյալ Համակարգի օպերատորին տեղեկացնում է Կենտրոնական բանկը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սահմանել, որ Համակարգի կանոնները պետք է պարունակեն դրույթ, սույն որոշման 1-ին կետով նախատեսված պահանջն ապահովելու համար:
3. Սահմանել, որ Համակարգի օպերատորը, իր կանոններով ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Համակարգով կատարվող կամ ստացվող դրամական փոխանցումների ժամանակ հաճախորդին տրամադրվող անդորրագրի վրա Համակարգի անվանման, ինչպես նաև Համակարգի նույնականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվության առկայությունը:
4. Սահմանել, որ Համակարգի օպերատորը ապահովում է Համակարգի Մասնակիցների կողմից Համակարգով Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող փոխանցումների հետ կապված պրոցեսինգի և քլիրինգի գործառույթների կատարումը միայն Համակարգի օպերատորի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում պրոցեսինգ/քլիրինգ իրականացնելու իրավասություն ունեցող Համակարգի Մասնակցի կողմից` Համակարգի կանոններով սահմանված կարգով: Սույն որոշման համաձայն Համակարգի Մասնակից են համարվում Համակարգի օպերատորի հետ համապատասխան պայմանագիր կնքած դրամական փոխանցումների հետ կապված գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող անձինք, այդ թվում` այլ հայաստանյան և արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի օպերատորները:
5. Սահմանել, որ Համակարգի օպերատորը ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Համակարգով իրականացվող փոխանցումների արդյունքում Մասնակիցների միջև վերջնահաշվարկի կատարումը Համակարգի կանոններով սահմանված կարգով:
6. Սույն որոշմամբ սահմանված պահանջների խախտման համար Համակարգի օպերատորի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի
հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային
կազմակերպությունների կողմից հայաստանյան
վճարահաշվարկային համակարգում մասնակցության
իրականացման հատուկ կարգ և վճարահաշվարկային
ծառայությունների մատուցման կանոններ, ինչպես նաև
հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի կանոնների
բովանդակությանը ներկայացվող պահանջ սահմանելու
մասին» թիվ 223-Ն որոշմամբ
ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը տեղեկացնում է Համակարգի օպերատորին Հայաստանի Հանրապետության տարածքում Կիսամյակային արդյունքի համաձայն ստացված փոխանցումների ընդհանուր ծավալում Համակարգով ստացված փոխանցումների մասնաբաժնի չափի վերաբերյալ:
2. Սույն հավելվածով նախատեսված տեղեկացումները Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում են Համակարգի օպերատորին` վերջինիս կողմից հայտնած իր համար նախընտրելի ձևով: Այն դեպքում, երբ սույն կետով նախատեսված տեղեկացման ուղարկման համար նախընտրելի ձև Համակարգի օպերատորը չի հայտնում, ապա այդ տեղեկացումը ուղարկվում է վերջինիս` իր ինտերնետային կայքում զետեղված էլեկտրոնային փոստին: