Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1180 ...

 

 

040.1496.261214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1496-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման» բառերը փոխարինել «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1496-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1180-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման միջոցառումների պլանավորումը, կազմակերպումը, իրականացումը, ապահովումը, տարահանման մարմինների ստեղծումը, նրանց գործառույթները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) տարահանման հանձնաժողով` նշանակված կազմ, որը կազմակերպում ու ղեկավարում է տվյալ տարածքի բնակչության, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) (այսուհետ` կազմակերպություն), նյութական և մշակութային արժեքների տարահանման միջոցառումները.

2) տարահանման հավաքակայան` տարահանվող բնակչության ընդունման և հաշվառման հավաքատեղի.

3) ընդունման հավաքակայան` հավաքատեղի, որտեղ ընդունվում, հաշվառվում և բաշխվում է տարահանված բնակչությունը` ըստ ժամանակավոր կացարանների, իսկ նյութական ու մշակութային արժեքները` ըստ պահպանման շինությունների.

4) ընդհանուր տարահանում` տվյալ տարածքի (բնակավայրի) ամբողջ բնակչության տարահանում.

5) մասնակի տարահանում` մինչև 16 տարեկան երեխաների, հղի և մինչև 8 տարեկան երեխա ունեցող կանանց, 8-16 տարեկան երեխա ունեցող այն կանանց, որոնց ընտանիքների կազմում չկան տարահանման ենթակա` աշխատունակ անդամներ, հաշմանդամների և կենսաթոշակառուների տարահանում կամ տվյալ տարածքի բնակչության մի մասի տարահանում.

6) տարահանման երթուղի` տարահանվող բնակչության բնակավայրը տեղաբաշխման բնակավայրին միացնող ճանապարհ (ճանապարհահատված).

7) տարահանման ավտոշարասյուն` տարահանման հավաքակայանից (բնակավայրերից) ընդունման հավաքակայան (բնակավայր) մեկնող երկու կամ ավելի ավտոմեքենայից բաղկացած շարասյուն.

8) տարահանման հետիոտն շարասյուն` տարահանման հավաքակայանից (բնակավայրից) ընդունման հավաքակայան (բնակավայր) տեղափոխվող հետիոտն կազմակերպված խումբ.

9) տարահանման երկաթուղային շարասյուն` չվացուցակային կամ չվացուցակից դուրս ձևավորված երկաթուղային շարժակազմ, որը նախատեսվում է տարահանվող բնակչության, նյութական և մշակութային արժեքների տեղափոխման համար.

10) տարահանման պլան` նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են մեկ տարածքից (բնակավայրից, կազմակերպությունից) մեկ այլ տարածք բնակչության (աշխատողների) տեղափոխման, տեղաբաշխման և բազմակողմանի կենսաապահովման միջոցառումները, ինչպես նաև` նյութական և մշակութային արժեքների տեղափոխումը և պահպանումը.

11) վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, կազմակերպություն, որտեղ արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ.

12) անվտանգ տարածք` վտանգավոր տարածքից դուրս գտնվող, տեղի ու տարահանվող բնակչության կենսաապահովման, ինչպես նաև մշակութային և նյութական արժեքների տեղաբաշխման ու պահպանման համար նախապատրաստված տարածք.

13) տարահանում` արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ վտանգավոր տարածքից անվտանգ տարածք բնակչության, նյութական ու մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխում և տեղաբաշխում.

14) ժամանակավոր տեղակայման կետ` տարահանված բնակչության կարճաժամկետ տեղակայման համար նախատեսված կազմակերպություն (տարածք).

15) երկարատև բնակության կետ` տարահանված բնակչության երկարատև տեղակայման և կենսաապահովման համար նախատեսված կազմակերպություն (տարածք).

16) նյութական արժեքներ` արտադրական և գիտական արժեքներ, գյուղատնտեսական կենդանիներ, սննդամթերքի, դեղորայքի, բժշկասանիտարական (սանիտարատնտեսական և սանիտարատեխնիկական) գույքի և ապրանքների պաշարներ, որոնք նախատեսված են օգտագործման համար.

17) տարահանման միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ վտանգավոր տարածքից անվտանգ տարածք բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման ապահովման միջոցառումների համալիր.

18) տարահանման մարմիններ` մարմիններ, որոնց վրա անմիջականորեն դրվում են բնակչության տարահանման պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը.

19) տարահանման միջանկյալ կետ (կարճաժամկետ տեղակայման կետ)` ստեղծվում է վտանգավոր գոտու սահմաններից դուրս` մոտակա բնակավայրերին և հաղորդակցման ուղիներին մոտ.

20) կառավարման խմբեր` ստեղծվում են տարահանման հետիոտն շարասյուների շարժման կազմակերպման համար.

21) օպերատիվ խմբեր` ստեղծվում են սահմանամերձ գոտու բնակավայրերից բնակչության ու նյութական և մշակութային արժեքների արագ դուրսբերման կազմակերպման համար.

22) ջրային տրանսպորտ` տրանսպորտի տեսակ, որը տեղափոխում է մարդկանց և բեռներ` բնական (լիճ, գետ) և արհեստական (ջրանցք, ջրամբար) ջրային ուղիներով:

3. Տարահանման միջոցառումներն իրականացվում են`

1) բնակչության շրջանում կորուստների նվազեցման և զորահավաքային ռեսուրսների պահպանման, ինչպես նաև տնտեսության զորահավաքային առաջադրանքների կատարման ապահովման համար.

2) ռազմական դրության ժամանակ իրենց արտադրական գործունեությունը շարունակող կազմակերպությունների կայուն գործունեության ապահովման համար.

3) ռազմական գործողությունների վարման ժամանակ կամ այդ գործողությունների հետևանքով ոչնչացումից, հափշտակումից կամ վնասումից նյութական և մշակութային արժեքների պաշտպանության համար.

4) առաջացած արտակարգ իրավիճակների կամ հնարավոր արտակարգ իրավիճակների վայրում` մարդկային զոհերի առաջացումը և մարդկանց առողջությանը հասցվելիք վնասները, նյութական կորուստները կանխելու համար:

4. Տարահանումն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնական ձևերից մեկն է: Այն իրականացվում է վտանգավոր տարածքից անվտանգ տարածք բնակչության կամ բնակչության մի մասի, ինչպես նաև նյութական և մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխման ու տեղաբաշխման միջոցով:

5. Տարահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության Նախագահի) կողմից պատերազմ հայտարարվելու, ինչպես նաև այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման կամ անմիջական սպառնալիքի դեպքում, որի հետևանքով որոշակի տարածքում (բնակավայրերում, կազմակերպություններում) կարող են առաջանալ մարդկանց կյանքի և կենսագործունեության բնականոն պայմանների վրա բացասաբար ազդող գործոններ:

6. Տարահանումը կարող է իրականացվել 2 փուլով: Առաջին փուլում բնակչության տարահանում` աղետի գոտուց անվտանգ տարածք` ժամանակավոր տեղակայման կետեր: Ժամանակավոր տեղակայման կետերի համար կարող են օգտագործվել կինոթատրոնները, ակումբները, ուսումնական հաստատությունները, հյուրանոցները, հանրակացարանները, վրանային ավանները և այլն: Երկրորդ փուլում տևական բնույթի արտակարգ իրավիճակների կամ մշտական բնակության վայր վերադառնալու անհնարինության դեպքում բնակչությանը ժամանակավոր տեղակայման կետերից տեղափոխում են երկարատև բնակության կետեր, որտեղ հնարավոր է բնակության երկարատև և համակողմանի կենսագործունեության ապահովումը: Երկարատև բնակության կետերի համար կարող են օգտագործվել առողջարանները, նախաբուժարանները, հանգստյան տները, պանսիոնատները, տուրիստական բազաները, հյուրանոցները և այլ շինություններ, որոնք համապատասխանում են երկարատև բնակության պայմաններին: Ժամանակավոր տեղակայման կետերը և երկարատև բնակության կետերն ընտրվում են նախօրոք` ելնելով արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ առաջացող հնարավոր իրավիճակներից:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված ժամանակավոր տեղակայման և երկարատև բնակության կետերը տրամադրվում են պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Բնակչության տարահանում նախատեսվում է`

1) հեղեղավտանգ, սելավավտանգ, սողանքավտանգ և ձնահյուսավտանգ տարածքներից.

2) ուժեղ երկրաշարժի հետևանքով ավերված, բնակվելու համար վտանգավոր և ոչ պիտանի տարածքներից.

3) Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՀԱԷԿ) ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում տարահանման` սահմանված միջամտման չափաքանակների գերազանցմամբ ճառագայթային ազդեցության և (կամ) ճառագայթային աղտոտման ենթակա տարածքներից.

4) ճառագայթային, քիմիական և կենսաբանական նյութեր օգտագործող, պահպանող կամ արտադրող կազմակերպություններում հնարավոր վթարի կամ վթարի հետևանքով առաջացած վարակավտանգ գոտուց, ինչպես նաև այդ նյութերի տրանսպորտային փոխադրումների ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքից.

5) սահմանամերձ բնակավայրերից և տարածքներից մասնակի տարահանում կարող է իրականացվել ռազմական դրության ժամանակ հակառակորդի հանկարծակի հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի, ինչպես նաև մարտական գործողությունների վարման և զենքի տեսակների անմիջական կիրառման կամ դրա սպառնալիքի դեպքում.

6) շենքերում, շինություններում, մարդկանց կուտակման վայրերում հրդեհների կամ պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգի ստացման կամ հայտնաբերման դեպքում:

9. Տարահանման ենթակա են`

1) կազմակերպությունների անձնակազմը` ընտանիքի չաշխատող անդամների հետ, որոնք, ըստ զորահավաքային առաջադրանքի, ռազմական դրության ժամանակ անվտանգ տարածքում շարունակում են իրենց գործունեությունը.

2) նյութական և մշակութային արժեքները.

3) անաշխատունակ ու արտադրության և այլ ոլորտներում չընդգրկված բնակչությունը:

10. Տարահանման ենթակա են մշակութային արժեքների հետևյալ խմբերը`

1) առաջնահերթ տարահանման ենթակա թանգարանային առարկաները և գրադարանային հավաքածուները.

2) ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված գրավոր հուշարձանները, փաստաթղթի պարտադիր օրինակը և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը.

3) անհրաժեշտության դեպքում` այլ մշակութային արժեքներ:

11. Տարահանման ենթակա մշակութային արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Տարահանման ենթակա նյութական արժեքները բաժանվում են հետևյալ խմբերի`

1) պետական արժեքներ` ոսկու արժութային պաշարները, բանկային ակտիվները, արժեթղթերը, չափանմուշները, թանկարժեք մետաղների ու քարերի պաշարները և արխիվները.

2) արտադրական և գիտական արժեքներ` հազվագյուտ ու արժեքավոր գիտական և արտադրական սարքավորումները, տեխնիկական փաստաթղթերի ապահովագրական ֆոնդը, արժեքավոր գիտական փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչներով տվյալների շտեմարանը, կազմակերպությունների բացառիկ գիտական ժողովածուներն ու ֆոնդերը.

3) պարենային պաշարներ, ջրամատակարարման կազմակերպությունների սարքավորումներ, առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումներ, բժշկական գույքի պաշարներ և նյութական միջոցների պաշարներ, որոնք անհրաժեշտ են բնակչության առաջնահերթ կենսաապահովման համար.

4) գյուղատնտեսական կենդանիներ, հացահատիկային մշակաբույսերի, սերմի և կերի պաշարներ.

5) նյութական միջոցների պաշարներ` վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ապահովման համար:

13. Տարահանման ենթակա նյութական արժեքների խմբերի որոշման համար հիմք է դրանց գնահատումը, որն իրականացվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համապատասխան մասնագետների կողմից, իսկ անհետաձգելի գործողություններ պահանջող առանձին դեպքերում հիմք է այդ մարմինների ու կազմակերպությունների ղեկավարների որոշումը:

14. Համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը հաստատում են քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանները` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:

15. Բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանավորման, անցկացման, ապահովման ու անվտանգ տարածքում դրանց տեղաբաշխման, ինչպես նաև տարահանված բնակչության կենսագործունեության, նյութական և մշակութային արժեքների պահպանման կազմակերպման համար պատասխանատվություն են կրում համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

16. Բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով, երկաթուղային շարասյուներով և ջրային տրանսպորտով:

17. Այն դեպքերում, երբ տարահանումը հնարավոր չէ իրականացնել հետիոտն կամ ավտոշարասյուներով և երկաթուղային շարասյուներով տարահանման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

18. Բնակչությունն անվտանգ տարածք տարահանվում է համակցված եղանակով` ապահովելով կարճ ժամկետներում` սույն կարգի 16-րդ կետում նշված բնակչության դուրսբերումը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով` անկախ դրանց սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից, որոնք, ըստ զորահավաքային պլանի, զինվորական և այլ հատուկ կարևոր փոխադրումներում ներգրավված չեն, միաժամանակ ապահովելով բնակչության մնացած մասի հետիոտն կարգով դուրսբերումը: Այդ դեպքում նախատեսվում է տրանսպորտի բոլոր հնարավորությունների առավելագույն օգտագործում` ներառյալ սեփական օգտագործման տրանսպորտային միջոցները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համարժեք փոխհատուցմամբ:

19. Առաջին հերթին տրանսպորտով դուրս են բերվում հղի կանայք, հիվանդները, փոքրահասակ երեխաներ (մինչև 14 տարեկան) ունեցող կանայք, երեխաները և տարեցները, բժշկական հաստատությունները, ռազմական դրության ժամանակ իրենց գործունեությունը շարունակող կազմակերպությունների հանգստացող հերթափոխների աշխատողները, բնակչության այն մասը, որը չի կարող տեղաշարժվել հետիոտն կարգով: Պլանավորվում է տրանսպորտային միջոցների անբավարարության դեպքում` մնացած բնակչությանը դուրս բերել հետիոտն կարգով:

20. Ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքում իրենց գործունեությունը շարունակող կազմակերպությունների աշխատող հերթափոխերը տարահանման միջոցառումների սկսման պահից մնում են իրենց աշխատավայրերում` անհրաժեշտության դեպքում պատսպարվելով քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում:

21. Նյութական ու մշակութային արժեքներն անվտանգ տարածք են փոխադրվում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների տրանսպորտային միջոցներով, որոնց տնօրինության ներքո են գտնվում տվյալ նյութական ու մշակութային արժեքները: Անհրաժեշտ տրանսպորտային միջոցների անբավարարության դեպքում թույլատրվում է այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների ներգրավումը (հետագա համարժեք փոխհատուցմամբ), որոնք, ըստ զորահավաքային պլանի, չեն մասնակցում զինվորական և այլ հատուկ կարևոր փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև բնակչության տարահանմանը:

22. Նյութական և մշակութային արժեքների տարահանման նպատակով կազմավորվում են հատուկ շարասյուներ, որոնց ուղեկցում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատողները և տարահանման երթուղիներում այդ արժեքների պահպանության համար պատասխանատու անձինք:

23. Տարահանման համար տրամադրվող տրանսպորտային միջոցները հատկացվում և դրանք վառելիքաքսուքային նյութերով ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

24. Արտակարգ իրավիճակների դեպքում տարահանման մասին որոշում ընդունում են`

1) անդրսահմանային և հանրապետական մասշտաբների արտակարգ իրավիճակների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) մարզային մասշտաբի արտակարգ իրավիճակի դեպքում` մարզպետը.

3) համայնքային մասշտաբի արտակարգ իրավիճակի դեպքում` համայնքի ղեկավարը.

4) տեղական մասշտաբի արտակարգ իրավիճակի դեպքում` կազմակերպության ղեկավարը:

25. Տարահանման մասին որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է ընդունված որոշման մասին անմիջապես տեղեկացնել լիազոր մարմնի ճգնաժամային կառավարման կենտրոնին:

26. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարն իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշում վտանգավոր տարածքից բնակչությանն անվտանգ վայր տեղափոխելու վերաբերյալ:

27. ՀԱԷԿ-ի ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում ՀԱԷԿ-ին հարակից 5 կիլոմետր շառավղով նախահարձակ պաշտպանական գործողությունների իրականացման գոտու բնակավայրերի բնակչության տարահանումը կազմակերպվում է ԱԷԿ-ից ստացված ահազանգի հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, իսկ 5 կիլոմետր շառավղով գոտուց դուրս` սույն կարգի 24-րդ կետով սահմանված կարգով:

28. Պատերազմական գործողությունների ժամանակ զենքի տեսակների կիրառման կամ դրա սպառնալիքի դեպքում տարահանման մասին որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում` պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքի զինվորական կայազորի պետը` իր իրավասության սահմաններում:

29. Կազմակերպությունում նյութական և մշակութային արժեքների տարահանման վերաբերյալ որոշում ընդունում է տվյալ կազմակերպության ղեկավարը` համաձայն պետական կառավարման մարմինների կողմից սահմանված ցանկի, իսկ ոչ պետական կազմակերպությունների նյութական և մշակութային արժեքները` համապատասխան արժեքները կառավարող մարմինները:

 

IV. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

30. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում, տարահանման միջոցառումների պլանավորման, նախապատրաստման ու իրականացման համար ստեղծվում են տարահանման մարմիններ, որոնք համագործակցում են համապատասխան կառավարման մարմինների և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ու զինվորական կայազորների պետերի հետ:

31. Նախօրոք (խաղաղ ժամանակ) կազմավորվում են հետևյալ տարահանման մարմինները և նախապատրաստվում տարահանման վայրերը`

1) պետական կառավարման մարմիններում` տարահանման հանձնաժողով.

2) տեղական ինքնակառավարման մարմիններում`

ա. տարահանման հանձնաժողով,

բ. տարահանման (ընդունման) հավաքակայանների աշխատակազմեր,

գ. տարահանման միջանկյալ կետերի աշխատակազմեր,

դ. ժամանակավոր տեղակայման կետերի աշխատակազմեր,

ե. երկարատև բնակության կետերի աշխատակազմեր,

զ. օպերատիվ խմբեր,

է. բնակչության հետիոտն տարահանման երթուղիների կառավարման խմբեր:

32. Տարահանման մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով, իրենց կանոնադրություններով և այլ իրավական ակտերով:

33. Տարահանման հանձնաժողովներն ստեղծվում են`

1) հանրապետական տարահանման հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.

2) հանրապետական գործադիր մարմնի հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով.

3) մարզային տարահանման հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության մարզպետի որոշմամբ.

4) համայնքային տարահանման հանձնաժողովը` համայնքի ղեկավարի որոշմամբ:

34. Տարահանման հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովն ստեղծող մարմնի ղեկավարի տեղակալը (այդպիսին չլինելու դեպքում` տվյալ ղեկավարի կողմից նշանակված անձը):

35. Տարահանման հանձնաժողովների կազմում նշանակվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զորահավաքային և տրանսպորտային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ մարմինների ներկայացուցիչներ:

36. Տարահանման մարմինների կազմում չեն նշանակվում պահեստազորում հաշվառված և զորահավաքային կարգադրագիր ունեցող անձինք:

37. Տարահանման հանձնաժողովները նախօրոք պլանավորում են բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման, տարահանված բնակչության ընդունման, տեղաբաշխման, առաջնահերթ կենսաապահովման, նյութական ու մշակութային արժեքների տարահանման, ընդունման և հատուկ շենքերում ու շինություններում պահպանման հանձնման միջոցառումները:

38. Տարահանման հանձնաժողովների հիմնական խնդիրներն են`

1) բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանների մշակման ու ճշգրտման կազմակերպումը` իրենց իրավասության սահմաններում.

2) տարահանման միջոցառումների բազմակողմանի ապահովման կազմակերպումը.

3) տարահանման մարմինների նախապատրաստումը, ժամանակին համալրման կազմակերպումը.

4) տարահանման միջոցառումների նախապատրաստման և անցկացման կազմակերպումը.

5) նյութական և մշակութային արժեքների հաշվառման ու պահպանության ապահովման կազմակերպումը:

39. Տարահանման հավաքակայանները նախատեսված են տարահանված բնակչության հավաքի, հաշվառման, նրանց կազմակերպված կարգով անվտանգ տարածք տեղափոխման համար և ստեղծվում են ուսումնական հաստատությունների ու հասարակական նշանակության կազմակերպությունների տարածքում, ապահովվում կապի միջոցներով, բուժսպասարկման կետով, մոր ու մանկան և հանգստի սենյակներով: Տարահանման երթուղիները ճշգրտվում են տարահանման հավաքակայաններում:

40. Տարահանման միջանկյալ կետերը նախատեսվում են`

1) բնակչության կարճաժամկետ տեղաբաշխման համար` վտանգավոր տարածքից դուրս անվտանգ տարածքի մոտակա բնակավայրերում, ավտոմոբիլային, երկաթուղային հաղորդակցության ուղիներին մոտ.

2) քիմիական, կենսաբանական և դոզաչափական հսկողության անցկացման, բժշկական օգնության ցուցաբերման, բնակչության սանիտարական մշակման և անվտանգ տարածքի մշտական տեղաբաշխման վայրեր հետագա տեղափոխման համար:

41. Կառավարման խմբերի հիմնական նպատակները և խնդիրներն են`

1) երթուղիներում հետիոտն շարասյուների շարժման կազմակերպումը և ապահովումը.

2) երթուղիներում ճառագայթային, քիմիական, կենսաբանական և ինժեներական հետախուզության վարումը.

3) շարժման երթուղիներում բժշկական օգնության ցուցաբերումը.

4) հասարակական կարգի պահպանության կազմակերպումը.

5) պատշաճ վիճակում երթուղու նախապատրաստման և պահպանման ապահովման հսկողությունը:

42. Ընդունման հավաքակայանները նախատեսված են ժամանող հետիոտն շարասյուների, տարահանման էշելոնների, տարահանված բնակչությամբ և նյութական ու մշակութային արժեքներով բեռնավորված ավտոշարասյուների դիմավորման, դրանց ընդունման, հաշվառման և անվտանգ տարածքի մշտական տեղաբաշխման վայրեր ու պահպանման շինություններ հետագա ուղարկման կազմակերպման համար:

43. Սահմանամերձ համայնքներից հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման միջոցառումների կազմակերպումը դրվում է օպերատիվ խմբերի վրա, որոնք կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

44. Օպերատիվ խմբի հիմնական խնդիրներն են`

1) տարահանվող բնակչության հավաքի, հաշվառման և տրանսպորտային միջոցներ նստեցման կազմակերպումը.

2) տարահանման ենթակա նյութական և մշակութային արժեքների հաշվառման ու բարձման կազմակերպումը.

3) տարահանման էշելոնների, ավտոշարասյուների կազմավորումը և դրանց ուղեկցումը տարահանման երթուղիներում.

4) տարահանման անցկացման և ապահովման ընթացքի վրա հսկողության սահմանումը:

45. Տարահանման մարմինների անձնակազմերի ուսուցումը կազմակերպում են տարահանման մարմին ստեղծող քաղաքացիական պաշտպանության պետերը:

 

V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

46. Բնակչության տարահանման պլանավորումը և կազմակերպումը, տարահանված բնակչության տեղաբաշխումն ու բազմակողմանի կենսաապահովումը և արտակարգ իրավիճակների վերացումից հետո մշտական բնակության վայրեր բնակչության վերադարձն ապահովում են պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները` տարահանման հանձնաժողովների միջոցով:

47. Տարահանման հանձնաժողովները նախապես որոշում և տարահանման միջոցառումներին մասնակցող կազմակերպություններին տեղեկացնում են տարահանող մարմինների, տարահանման և ընդունման հավաքակայանների, կարճաժամկետ տեղակայման կետերի, երկարատև բնակության կետերի գտնվելու վայրերի մասին:

48. Տարահանման միջոցառումները պլանավորվում, ապահովվում և անցկացվում են` ելնելով առկա սեփական ուժերի ու միջոցների առավելագույնս օգտագործման սկզբունքից:

49. Տարահանման միջոցառումների անցկացման համար սեփական ուժերի և միջոցների անբավարարության դեպքում նախատեսվում է վերադաս քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ուժերի ու միջոցների ներգրավումը:

50. Տարահանման միջոցառումները պլանավորվում և անցկացվում են` ըստ արտադրական-տարածքային սկզբունքի, որի համաձայն կազմակերպությունների անձնակազմերի տարահանումը կազմակերպվում և իրականացվում է այդ կազմակերպությունների համապատասխան անձանց կողմից, իսկ մնացած բնակչության տարահանումը, որոնք ընդգրկված չեն արտադրության և այլ ոլորտներում, ըստ բնակության վայրի` համապատասխան տարածքային մարմինների միջոցով:

51. Նյութական և մշակութային արժեքները տարահանվում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից, որոնց տնօրինության ներքո գտնվում են տվյալ արժեքները:

52. Տարահանման միջոցառումները կանոնակարգվում են նախապես մշակված տարահանման պլաններով, որոնք ներառում են`

1) բնակչության տարահանման անցկացման կարգն ու ժամկետները, տարահանման համար տրամադրվող ուժերն ու միջոցները, տարահանման երթուղին, որոնք համաձայնեցվում են զինվորական կայազորի պետի հետ.

2) տարահանման և ընդունման հավաքակայաններում աշխատանքների կազմակերպումը.

3) տարահանման հաշվարկը` ըստ տրանսպորտային միջոցների տեսակների ու տարահանման երթուղիների.

4) ընդունող բնակավայրերում տարահանվողների տեղաբաշխման կազմակերպման և սննդով ապահովման կանոնակարգը.

5) նյութական և մշակութային արժեքների դուրսբերման կարգը:

53. Բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանները մշակում են տարահանման համապատասխան հանձնաժողովները` լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանման հետ համատեղ:

54. Տարահանման պլանների կառուցվածքն ու համապատասխան փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

55. Համայնքներում կարող է ստեղծվել մեկ կամ ավելի տարահանման հավաքակայան` «Մեկ հավաքակայանում` 10000 տարահանվողից ոչ ավելի» սպասարկման սկզբունքով:

56. Բնակչությունը տարահանվում է տարահանման հավաքակայաններից, որտեղ տարահանման ազդանշան (հրահանգ) ստանալու դեպքում ժամանում են տարահանվողները:

57. Յուրաքանչյուր տարահանվողի առաջարկվում է`

1) ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, երեք օրվա սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ.

2) փակել գազի և ջրի ծորակները, հոսանքազրկել բնակարանը և անվտանգ տեղեր տեղափոխել հրդեհավտանգ ու պայթյունավտանգ նյութերն ու առարկաները.

3) տարահանման և ընդունման հավաքակայաններում ու երթի ընթացքում կատարել հավաքակայանների ու շարասյուների պետերի հրահանգներն ու հանձնարարականները:

 

VI. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

58. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերն իրականացնում են տարահանման երթուղիների անցողունակության և տարահանված բնակավայրերում (տարածքներում) ու կազմակերպություններում մնացած գույքի պահպանության միջոցառումները:

59. Տարահանման միջոցառումների իրականացումն ապահովվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության ծառայությունների միջոցով` համաձայն իրենց կանոնադրությունների:

60. Տարահանված բնակչության կենսաապահովումը տեղաբաշխման տեղամասերում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշման պահանջների համաձայն:

61. Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ամրագրված տրանսպորտային միջոցները չեն օգտագործվում բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման նպատակով զորահավաք հայտարարվելու դեպքում:

62. Տարահանման և բնակչության ընդունման հավաքակայաններում, ժամանակավոր կացարաններում, տարահանման երթուղիներում տարահանվողների բուժօգնությունն իրականացվում է բժշկական հաստատությունների կողմից` սեփական միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետագա համարժեք փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարահանված բժշկական հիմնարկները տեղաբաշխվում են համապատասխան պլանների համաձայն:

63. Գյուղատնտեսական կենդանիների տարահանման և ընդունման հավաքակայաններում, ժամանակավոր կացարաններում ու տարահանման երթուղիներում անասնաբուժական միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սահմանած կարգով:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2014
N 1496-Ն
Որոշում