040.1036.290914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2014 թվականի N 1036-Ն
i
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկրաբանական տեղեկության տրամադրման, ինչպես նաև դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2010 թվականի ապրիլի 15-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները հաստատելու մասին» N 53-Ն հրամանը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմանը:
3. Սահմանել, որ սույն կարգով նախատեսված երկրաբանական ֆոնդի թվայնացման աշխատանքների իրականացումը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 24-ի
N 1036-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող երկրաբանական տեղեկության (այսուհետ` տեղեկություն) տրամադրման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների դիմաց վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Տեղեկությունը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից անվճար` համաձայն «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի: Տեղեկության անվճար տրամադրումն ապահովելու նպատակով թվայնացվում և լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում (այսուհետ` էլեկտրոնային կայք) տեղադրվում է ամբողջ երկրաբանական տեղեկությունը` բացառությամբ «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Էլեկտրոնային կայքում տեղադրված տեղեկությունը թարմացվում է լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ և բաց է ու հասանելի ցանկացած շահագրգիռ անձի համար:
3. Վճարովի են միայն լիազոր մարմնում առկա թվայնացված, ինչպես նաև չթվայնացված` տեղեկության տրամադրման հետ կապված մատուցվող ծառայությունները:
4. Լիազոր մարմնում առկա թվայնացված, ինչպես նաև չթվայնացված երկրաբանական տեղեկության տրամադրման հետ կապված ծառայությունները մատուցում է լիազոր մարմնի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
5. Տեղեկության տրամադրման հետ կապված ծառայություններն են`
1) պատճենահանում և սկանավորում.
2) համակարգչային տպում.
3) ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում:
6. Տեղեկության տրամադրման համար մատուցվող ծառայությունների գնացուցակը փակցվում է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթերցասրահի մոտ` տեսանելի վայրում:
7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկություն ստանալու համար գրավոր դիմում են լիազոր մարմնին:
8. Լիազոր մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տրամադրում է պահանջվող տեղեկությունը, իսկ արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվում է հարցման պահից 4 ժամվա ընթացքում:
9. Իրավաբանական և ֆիզիկական անձինք տեղեկություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմնի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` լրացնելով համապատասխան հայտ` համաձայն ձևի:
10. Հայտերը գրառվում են գրանցամատյանում, որի ձևը և վարման ընթացակարգը հաստատում է լիազոր մարմինը:
11. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պահանջվող տեղեկությունը կարող է տրամադրվել միայն մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կանխիկ կամ փոխանցման միջոցով վճարելու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
12. Տեղեկության վերաբերյալ նյութերի տրամադրումն ու դրանց գաղտնիությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:
13. Տրամադրված տեղեկություն պարունակող փաստաթղթերի բնօրինակներից օգտվում են միայն այդ նպատակի համար նախատեսված` «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթերցասրահում:
14. Հայտատուի կողմից նյութերի վերադարձման պահին ստուգվում է նյութերի ամբողջականությունը, որից հետո «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողը գրանցամատյանում ստորագրում է վերադարձված նյութերի ամբողջականության համար:
15. Տեղեկության տրամադրման և պահպանության համար պատասխանատու է լիազոր մարմինը:
Ձև
ՀԱՅՏ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտատու
Ֆիզիկական անձ ________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
Իրավաբանական անձ _____________________________________________________
(կազմակերպության անունը)
______________________________________________________________________
Պահանջվող տեղեկության անվանումը ______________________________________
Ստորագրությունը ______________________________________________________
(հայտատուի)