040.1325.041213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2013 թվականի N 1325-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման հավելվածը 72-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 72.1-ին և 72.2-րդ կետերով.
«72.1) Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» բաժնից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով աշխատակազմ ուղարկված նամակները (այդ թվում` ստացված առաջարկություններ, բողոքներ, հարցումներ) ավտոմատ կերպով մուտքագրվում են աշխատակազմի համակարգ և սահմանված ընթացակարգով շրջանառվում են աշխատակազմում: Դրանք քննության են առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դիմումատուն առցանց համակարգով կարող է հետևել իր նամակի ընթացքին:
72.2) Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» բաժնից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ նույնականացման քարտի միջոցով աշխատակազմ ուղարկված նամակները (այդ թվում` ստացված կարծիք, տեսակետ, դիրքորոշում և առաջարկություն) ավտոմատ կերպով մուտքագրվում են աշխատակազմի համակարգ, որից հետո դրանք կարող են մակագրվել համապատասխան պաշտոնատար անձին և քննության առնվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում դիմումատուն առցանց համակարգով կարող է հետևել իր նամակի ընթացքին:
Եթե նամակին ընթացք չի տրվում, ապա 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին ուղարկվում է պատասխան` նշելով ընթացք չտալու պատճառը:»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Գրեք նամակ կառավարությանը» բաժինը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս գրելու իր կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը և առաջարկությունը:
Ֆիզիկական անձինք էլեկտրոնային նամակները գրելու նպատակով պարտադիր լրացնում են «Ձեր հաղորդագրությունը», «Անունը, ազգանունը», «Էլ. փոստի հասցեն» և վավերապատկեր դաշտերը, իսկ իրավաբանական անձինք` «Ձեր հաղորդագրությունը», «Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը», «Պետական գրանցման համարը», «Տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը» և «Էլ. փոստի հասցեն» դաշտերը: Կարմիր գույնի աստղանիշով նշվում են պարտադիր լրացման ենթակա դաշտերը:
Այն էլեկտրոնային նամակները, որոնք գրելու նպատակով լրացվել են սույն ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված դաշտերը, կարող են քննության առնվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե հնարավոր է հավաստել դիմումատուի ինքնությունը:
Այն էլեկտրոնային նամակները (այդ թվում` առաջարկություն, բողոք, հարցում և այլն), որոնք գրելու նպատակով լրացվել են «Ձեր հաղորդագրությունը», «Մուտքի անունը», «Գաղտնաբառը», «Անձնագրի սերիան և համարը» կամ «Սոցիալական քարտի համարը» դաշտերը, էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչպես նաև նույնականացման քարտի միջոցով քննության են առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե նամակին ընթացք չի տրվում, ապա դիմումատուին ուղարկվում է պատասխան` նշելով ընթացք չտալու պատճառը:
Այս բաժնի համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:»:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում տվյալ մարմնի պաշտոնական կայքում ստեղծել համապատասխան մաս` դիմումատուներին ընձեռելով առցանց համակարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ ուղարկված նամակագրության ընթացքին հետևելու հնարավորություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ