040.0319.080413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2013 թվականի N 319-Ն
i
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 485-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և կառույցների սառեցման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Լեռնային փորվածքների լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացում) կարգը հաստատելու մասին» N 485-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 4-ի
N 319-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և դրանց գործունեությանն առնչվող կառույցների (այսուհետ` օբյեկտ) սառեցման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են օգտակար հանածոներ արդյունահանող ընդերքօգտագործողների վրա:
3. Սույն կարգով սահմանվում են պահանջներ, որոնք նպատակ ունեն ապահովելու`
1) սառեցված օբյեկտների կամ առանձին լեռնային փորվածքների և կառույցների վնասակար ազդեցության գոտու սահմաններում մարդկանց գտնվելու և աշխատանքների իրականացման անվտանգությունը.
2) սառեցված լեռնային փորվածքների և կառույցների պահպանվածությունը` օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով դրանց օգտագործման համար.
3) լեռնային փորվածքների վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի, շենքերի և շինությունների պահպանումը:
4. Օբյեկտի սառեցում է համարվում օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված աշխատանքների ժամանակավոր դադարեցումը` օգտակար հանածոների հետագա արդյունահանումը շարունակելու կամ օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օբյեկտների տեղադրման նպատակով լեռնային փորվածքներն ու կառույցները հետագայում օգտագործման պիտանի վիճակում պահելու կամ բերելու միջոցառումները և լեռնային փորվածքներ մարդկանց մուտքը բացառող, բնակչության անվտանգությունը, շրջակա միջավայրի, շենքերի ու շինությունների պահպանումն ապահովող հետագա միջոցառումների պարտադիր իրականացումը:
5. Օբյեկտի սառեցում թույլատրվում է տեխնիկատնտեսական, բնապահպանական, լեռնաերկրաբանական կամ այլ պատճառներով հանքավայրի կամ դրա առանձին տեղամասի մշակման ժամանակավոր անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում, ինչպես նաև, երբ հանքավայրի կամ դրա մի մասի լեռնային փորվածքներն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օբյեկտների տեղադրման համար հաշվառվել են որպես հեռանկարային:
6. Լեռնային փորվածքները սառեցվում են չոր կամ թաց եղանակով:
7. Չոր սառեցման դեպքում` գոյություն ունեցող ջրահեռացման կայանքները մնում են գործողության մեջ և ապահովում ջրահեռացումը լեռնային փորվածքներից: Չոր սառեցման ամբողջ ժամանակաշրջանում բոլոր հիմնական փորվածքները պետք է հետազոտվեն սառեցման նախագծին համապատասխան` ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Հետազոտումը կատարվում է ազատ տեղաշարժի և օդափոխության պայմաններում:
8. Թաց սառեցման դեպքում ջրահեռացման աշխատանքները դադարեցվում, փորվածքները ջրածածկվում են, սահմանվում է սառեցման թույլատրելի տևողությունը` առանց լեռնային փորվածքների կորստի, ինչպես նաև դրանց չորացման, ամրակապերի վերանորոգման, վերհանման աշխատանքների վերականգնման, օդափոխման և այլ միջոցառումների իրականացման: Թաց սառեցման ժամանակ օբյեկտի բոլոր մեքենասարքավորումները և նյութական արժեքները դուրս են բերվում լեռնային փորվածքներից և պահեստավորվում:
9. Լեռնային փորվածքները, որոնք ընդերքի կառավարման բնագավառում լիազոր պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հաշվառված են որպես օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օբյեկտների տեղադրման համար հեռանկարային, ենթակա են չոր սառեցման:
10. Օբյեկտը սառեցվում է ընդերքօգտագործողի միջոցների հաշվին:
11. Հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ անհաղթահարելի ուժի դեպքերում ընդերքի սառեցումն իրականացվում է պետական ծրագրով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
12. Օբյեկտի սառեցման համար կազմվում է հանքի սառեցման նախագիծ, որը սահմանված կարգով ենթարկվում է բնապահպանական փորձաքննության:
13. Ստորերկրյա եղանակով մշակվող օբյեկտների սառեցման ընթացքում իրականացվում են հետևյալ աշխատանքները`
1) ստորերկրյա փորվածքի վրա լեռնային ապարների փլուզման հետևանքով երկրի մակերևույթում առաջացած փոսերը լցվում են դատարկ ապարներով, ինչպես նաև ցանկապատվում են հնարավոր փլուզումների վայրերը.
2) ուղղաձիգ հորանի և հանքարանի փողերն ամբողջությամբ` մինչև երկրի մակերևույթը, լցվում են դատարկ ապարներով, ծածկվում երկաթբետոնե կամ մետաղյա հեծաններից պատրաստված երկու ամուր մահճակով, որոնցից մեկը կառուցվում է արմատական ապարների տեղադրման խորության վրա, մյուսը` երկրի մակերևույթի մակարդակին.
3) սառեցված հորանի բերանի շուրջը կառուցվում են առնվազն 2,5 մետր բարձրությամբ ամուր ցանկապատ և ջրահեռացման առու.
4) երկրի մակերևույթի վրա մակերես ունեցող փորվածքներն արմատական ապարների սահմանից 4-6 մետր խորությամբ ծածկվում են քարե կամ երկաթբետոնե միջնորմով, փորվածքի բերանը երկրի մակերևույթից մինչև միջնորմը լցվում է դատարկ ապարներով և ծածկվում քարե կամ երկաթբետոնե միջնորմով.
5) լեռնային փորվածքները, որոնք ելքեր ունեն գետերի հուների կամ ջրավազանների ողողադաշտերում, ինչպես նաև հեղեղաջրերի հնարավոր կուտակման տեղերում, ջրի ներթափանցումը բացառելու նպատակով պատնեշապատվում են, ծածկվում և ունենում են երկարաժամկետ տարբերիչ նշաններ:
14. Բաց եղանակով մշակվող օբյեկտների սառեցման դեպքում իրականացվում են հետևյալ աշխատանքները`
1) բացահանքեր մարդկանց և կենդանիների մուտք գործելը կանխելու նպատակով կառուցվում է ցանկապատ կամ հողային թումբ` առնվազն 2,5 մետր բարձրությամբ, բացահանքի կտրվածքի վերին հանքաստիճանի հնարավոր փլուզման գոտուց 5 մետր հեռավորության վրա, և իրականացվում են անվտանգությունն ապահովող այլ միջոցառումներ.
2) գործող ստորերկրյա լեռնային փորվածքներից վեր տեղադրված բացահանքերը սառեցվում են ջրի, հորատապայթեցման աշխատանքներից առաջացած գազերի ստորերկրյա լեռնային փորվածքներ ներթափանցման, ինչպես նաև ապարների փլուզման հնարավորությունները բացառելու հաշվառմամբ:
15. Գազավտանգավոր լեռնային փորվածքների սառեցման ընթացքում որոշվում են գազանջատման գոտու սահմանները և այդ գոտիների վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նախատեսվում են հատուկ միջոցներ` գազանջատման նկատմամբ հսկողություն ապահովելու, վերգետնյա շենքեր, շինություններ դրանց ներթափանցումը կանխելու համար:
16. Ինքնաբռնկվող օգտակար հանածոներում լեռնային փորվածքները սառեցվում են հատուկ հակահրդեհային միջոցառումների պահպանմամբ` սառեցման ամբողջ ժամանակաշրջանի համար:
17. Թանկարժեք, քվարցային, գունագեղ քարերի և պիեզոօպտիկական հումքի արդյունահանման հետ կապված օբյեկտների սառեցման դեպքում իրականացվում են միջոցառումներ, որոնք կբացառեն կողմնակի մարդկանց մուտքը նշված հանքային գոյացումների գոտի:
18. Չոր ամբարման արտադրական լցակույտերի կուտակիչների սառեցման դեպքում իրականացվում են հետևյալ աշխատանքները`
1) չոր պահեստավորման կուտակիչների պարամետրերը (բարձրությունը, թեքության անկյունը և այլն) համապատասխանեցվում են կուտակիչների երկարաժամկետ կայունությունն ապահովող մեծություններին.
2) կառույցների մակերևույթները հուսալիորեն պաշտպանվում են ջրային և հողմային ողողումներից.
3) թունավոր և ռադիոակտիվ ապարներից կազմված կուտակիչները մեկուսացվում են մթնոլորտային տեղումների ներթափանցումից.
4) ինքնաբռնկվող ապարներից կազմված կուտակիչները մեկուսացվում են մթնոլորտային տեղումների ներթափանցումից և մթնոլորտային օդի` կուտակիչի զանգված ներթափանցումից.
5) չոր ամբարման կուտակիչների հիմքերը պաշտպանվում են ջրածածկումից, ստորերկրյա ու մթնոլորտային ջրերի ողողումներից:
19. Պոչամբարների, տղմազտիչների, հեղուկ լցակույտերի սառեցման ժամանակ օբյեկտներում կառուցվում են ջրահեռացման և ջրացամաքեցման համակարգեր, դրանց մակերևույթը հուսալիորեն պաշտպանվում է ջրային ու հողմային ողողումներից, մշակվում և կիրառվում են միջոցներ` ամբարտակի ամրության ու հուսալիության երկարատև պահպանության համար:
20. Օգտակար հանածոներ արդյունահանող ընդերքօգտագործողն օբյեկտի սառեցման թույլտվություն ստանալու համար գրավոր դիմում է լիազոր մարմին:
21. Լիազոր մարմինը դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում քննարկում է այն և ընդունում որոշում օբյեկտի սառեցման նպատակահարմարության մասին:
22. Օբյեկտի սառեցման մասին դիմումը մերժվում է, եթե`
1) օբյեկտի սառեցման նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում նորմատիվ տեխնիկական ակտերի պահանջներին.
2) բնապահպանական մարմնի փորձագիտական եզրակացությունը բացասական է.
23. Օբյեկտի սառեցման մասին դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
24. Օբյեկտի սառեցման մասին դիմումի մերժման մասին լիազորված պետական մարմինը դիմումատուին տեղյակ է պահում 10-օրյա ժամկետում:
25. Սառեցված օբյեկտների հաշվառումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից` դրանց մասին նշում կատարելով ընդերքօգտագործման իրավունքի գրանցամատյանում, օբյեկտների սառեցում իրականացնող ընդերքօգտագործողի տողում:
26. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:
27. Սառեցված օբյեկտում լեռնային աշխատանքները վերսկսվում են համապատասխան փորձաքննություններ անցած ընդերքօգտագործման թույլտվության անքակտելի մաս հանդիսացող օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի համաձայն, հանքի սառեցման նախագծում նշված ժամկետում` այդ մասին տեղեկացնելով լիազոր մարմնին: