010.0249.281212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1.1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Խմբակցությունը համարվում է ոչ ընդդիմադիր, եթե խմբակցություն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձն ընդգրկված է Կառավարության կազմում, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու և ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 24.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Խորհրդարանական այլ խմբակցությունները, որոնք չեն համարվում ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր, էթիկայի հանձնաժողովում ներկայացնում են մեկական ներկայացուցիչ:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասում`
i
1) «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին.».
2) «է» կետը «եթե» բառից հետո լրացնել «հանձնաժողովը սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
28 դեկտեմբերի 2012 թվականի
ՀՕ-249-Ն