040.1380.061112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2012 թվականի N 1380-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
i
1) 2-րդ կետը «աճուրդով» բառից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային)» բառերով.
i
2) 14.1-ին կետը «75 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VI գլխով.
i
«VI. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
20. Գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում գույքի օտարման նպատակով աճուրդը կարող է անցկացվել էլեկտրոնային եղանակով:
21. Էլեկտրոնային աճուրդն էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ վարչության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որոնք կազմակերպում և անցկացնում է վարչությունը:
22. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում տեղադրվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1) աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև աճուրդի ավարտի հաշվարկային ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
3) աճուրդի պայմանները, այդ թվում` օտարման ենթակա գույքի անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) և (կամ) արտադրման տարեթիվը, մեկնարկային գինը, ինչպես նաև այլ պայմաններ.
4) աճուրդի անցկացման կարգին ծանոթանալու պայմանները.
5) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները, ինչպես նաև համապատասխան հաշվեհամարները.
6) գույքի ուսումնասիրման ամսաթիվը, ժամանակը և վայրը:
23. Օտարման ենթակա գույքի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
24. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք էլեկտրոնային կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում` լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են վճարում վարչության համապատասխան հաշվին և գրանցվում են համակարգում:
25. Էլեկտրոնային աճուրդի անցկացման, հրապարակային ծանուցման և աճուրդի մասնակիցների գրանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով:
26. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
27. Յուրաքանչյուր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցման հրապարակման տասներորդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե` հաշված առաջարկի ստացման պահից:
28. Էլեկտրոնային աճուրդի ընթացքում աճուրդի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի աճուրդի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն քայլի չափով, որը սահմանվում է մեկնարկային գնի առնվազն 5 տոկոսի չափով:
29. Էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնման գին ներկայացրած աճուրդի մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:
30. Էլեկտրոնային աճուրդում հաղթած աճուրդի մասնակցի վճարած նախավճարը հաշվանցվում է համապատասխան հաշվին:
31. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած աճուրդի մասնակցի վճարած նախավճարը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
32. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվին փոխանցել (կամ վճարել) գույքի գնման գինը: Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
33. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինն ամբողջությամբ վճարվելուց հետո տասնօրյա ժամկետում նրա հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր:
34. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե`
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.
2) աճուրդում հաղթած անձը սահմանված ժամկետում չի վճարել գնման գինը:
35. Սույն կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
36. Էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով կազմակերպվում է նոր էլեկտրոնային աճուրդ:
37. Էլեկտրոնային աճուրդը չկայանալու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ էլեկտրոնային աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է նախորդ աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, եթե օտարման մասին որոշմամբ ավելի փոքր չափ չի սահմանվել:
38. Սույն կարգի համաձայն էլեկտրոնային աճուրդով գույքի վաճառքը չի կարող շարունակվել օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ