040.0684.040612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2012 թվականի N 684-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագիրը «չափանիշները» բառից հետո լրացնել «և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում սահմանվում է անժամկետ հաշմանդամություն» բառերով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները, հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում սահմանվում է անժամկետ հաշմանդամություն` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:».
i
3) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
4) որոշման հավելվածում`
ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառով,
i
բ. IX գլխի վերնագիրը «Կենսագործունեություն» բառից առաջ լրացնել «Երեխաների մոտ» բառերով,
գ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«29. Մինչև 18 տարեկան անձանց «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափանիշ են հիվանդություններով, վնասվածքների հետևանքով, արատներով կամ զարգացման և աճի խանգարումներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավոր կամ արտահայտված կամ խիստ արտահայտված կայուն խանգարումները, որոնք հանգեցնում են կենսագործունեության որևէ տեսակի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի սահմանափակումների (տարիքային նորմերին համապատասխան):»,
i
դ. 31-րդ կետի «գ» ենթակետը «դիտման պայմաններում» բառերից հետո լրացնել «իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների» բառերով,
i
ե. 32-րդ կետը «անվերադարձ բացակայության դեպքում» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված ախտաբանական վիճակների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի մայիսի 31-ի
N 684-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի հունիսի 13-ի
N 780-Ն որոշման
ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ, ԻՍԿ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ` 2 ՏԱՐԻ ԴԻՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
I. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով:
2. Սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA:
3. Թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ:
4. Շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով`
1) պրոլիֆերատիվ անգիոպաթիա.
2) երիկամային անբավարարություն` 3-րդ փուլ (տերմինալ փուլ).
3) սրտային անբավարարություն` 3-րդ փուլ.
4) ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա` չորրորդ փուլ (նեկրոտիկ ստադիա).
5) երրորդ աստիճանի էնցեֆալոպաթիա թուլամտությամբ:
5. Չարորակ նորագոյացություններ արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով:
6. Պատվաստված օրգաններ:
7. Ստամոքսի լրիվ հեռացում:
8. Մեկ թոքի բացակայություն:
II. ՆՅԱՐԴԱՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, տոտալ աֆազիա, արտահայտված սակավամտություն:
10. Ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, մոնոպլեգիա):
11. Գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ:
III. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՎԱԽԵՂՈՒՄՆԵՐ
12. Բուժման չենթարկվող միզային, կղանքային խուղակներ և ստոմաներ:
13. Կոկորդի հեռացում:
IV. ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
14. Երկու աչքի տեսողության սրության զգալի իջեցում` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով մինչև 0,03 կամ երկու աչքի կայուն և անվերադարձ փոփոխությունների հետևանքով տեսադաշտի (ծայրամասային ֆիքսման կետից) մինչև 10o-ի նեղացում:»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի մայիսի 31-ի
N 684-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2003 թվականի հունիսի 13-ի
N 780-Ն որոշման
ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ, ԻՍԿ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ` 4 ՏԱՐԻ ԴԻՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
I. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ:
2. Լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով:
3. Երիկամների խրոնիկ հիվանդություններ խրոնիկ երիկամային 3-րդ աստիճանի անբավարարությամբ ծրագրային հեմոդիալիզի պայմաններում:
II. ՆՅԱՐԴԱՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական արտահայտված կայուն խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ):
5. Գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ, սակավամտություն):
6. Գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումների մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պրոգրեսիվող փսիխոզով, թուլամտություն:
7. Ժառանգական նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդություններ (Դյուշենի կեղծ հիպերտրոֆիկ մկանային դիստրոֆիա, Վերդինգ-Հոֆֆմանի ողնաշարային ամիոտրոֆիա), պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ ցողունային, շարժողական ֆունկցիաների խանգարումով, մկանների ատրոֆիայով:
8. Ողնուղեղի անոթային և վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումներով:
9. Պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն և տրոֆիկ խանգարումներով:
III. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՎԱԽԵՂՈՒՄՆԵՐ
10. Դաստակի չորս մատների անկիլոզ կամ խիստ արտահայտված կոնտրակտուրա ֆունկցիոնալ անհարմար դիրքում, շարժողական ֆունկցիայի կայուն խանգարում, որը հանգեցնում է որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:
11. Արմնկային, սրունք-թաթային հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրա կամ անկիլոզ, ծայրանդամի և ոտնաթաթի արատավոր դիրքում հենաշարժական ֆունկցիայի կայուն խանգարում, որը հանգեցնում է որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:»: