Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԵՎ ԱՐԳԵԼՈՑԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԵՎ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 1981 թվականի թիվ 26

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԵՎ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(քաղվածք)

 

Հանրապետության որսորդական և արգելոցային տնտեսության հետագա բարելավման նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

(1-11 և 13-14 կետերն ուժը կորցրել են 30.11.1998թ թիվ 758 որոշում)

i

12. Հաստատել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի ներկայացրած, Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի և կենդանաբանության ինստիտուտի հետ համաձայնեցված` առդիր Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման մասին կանոնադրությունը:

(12-րդ կետն ուժը կորցրել է Հայկական ՍՍՀ տարածքում որսի և որսորդական տնտեսության վարման կանոնադրության մասով` 10.07.03 թիվ 884-Ն որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1981 թ. հունվարի 21-ի թիվ 26 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՏԵՐԻՏՈՐԻԱՅՈՒՄ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

(ուժը կորցրել է 10.07.03 թիվ 884-Ն որոշում)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Որսորդական տնտեսությունը ժողովրդական տնտեսության ճյուղ է, որի խնդրի մեջ մտնում են վայրի գազանների ու թռչունների պահպանումը, բազմացումը (վերարտադրությունը), կլիմայավարժեցումը, վերակլիմայավարժեցումը և որսը, ինչպես նաև սպորտային որսի ըստ ամենայնի զարգացումը:

2. Բոլոր վայրի գազաններն ու թռչունները, սողունները, երկկենցաղները և ձկները, որոնք բնակվում են հանրապետության տերիտորիայում կամ բաց են թողնվել որսահանդակներում բազմացման նպատակով, անխակ նրանից ում օգտագործման տակ է գտնվում այն տերիտորիան, որի վրա դրանք ապրում են, կազմում են պետական որսորդական ֆոնդը, որի օգտագործումը թույլատրվում է սույն կանոնադրության պահպանմամբ:

3. Որսահանդակներ են համարվում բոլոր հողահանդակները և անտառահանդակները, լեռնային զանգվածները, ջրային տարածությունները և ճահիճները, որոնք կարող են ծառայել վայրի գազանների, թռչունների և ձկների ապրելավայր, անկախ տարբեր օգտատերերի, հանդակների պատկանելությունից (արգելոցային տերիտորիաներից բացի):

4. Հանրապետության բոլոր որսահանդակները և որսորդական ֆոնդը գտնվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի իրավասության տակ:

5. Որսահանդակներն ըստ իրենց շահագործման բնույթի բաժանվում են.

ա) որսի համար փակված հանդակներ, արգելոցներ, արգելանտառներ, ինչպես նաև դրանց շուրջը 1 կմ շառավղով պահպանման գոտիներ, կանաչ գոտիներ քաղաքների շուրջը, աշխատավորների հանգստյան վայրեր.

բ) պետական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններին ամրացված հանդակներ, որոնց վրա որսը թույլատրվում է սույն կանոնադրությանը համապատասխան և այդ տնտեսությունների ադմինիստրացիայի սահմանած կարգի պահպանումով.

գ) ընդհանուր օգտագործման հանդակներ, որոնց վրա որսը կատարվում է սույն կանոնադրությանը համապատասխան:

6. Որսորդական շինվածքի, որսահանդակների հատկացման կարգը, կազմակերպություններին դրանց ամրացման պայմանները սահմանված են պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին որսահանդակների ամրացման կարգի ու պայմանների մասին կանոնադրությամբ, որը հաստատվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 510 որոշմամբ:

7. Հայկական ՍՍՀ տերիտորիայում սպորտային որսը թույլատրվում է որսորդական սեզոնի ընթացքում, միայն շաբաթ և կիրակի օրերին, ուղեգրերով կամ լիցենզիաներով: Գիտական որսի համար թույլտվությունները կարող են օգտագործվել տարվա ցանկացած ժամանակ` կախված գիտական հետազոտությունների նպատակից:

8. Որսորդական սպորտը զարգացնելու, որսորդական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու, կենդանական աշխարհը հարստացնելու և պահպանելու, որսագողության դեմ պայքարի և մորթեղենի մթերումների պլանները կատարելու գործում մթերող կազմակերպություններին աջակցելու նպատակով Հայկական ՍՍՀ տերիտորիայում բոլոր որսորդները միավորվում են Հայկական ՍՍՀ որսորդների և ձկնորսների միության կազմակերպության մեջ (Հայորսորդմիություն), իսկ որսորդ զինծառայողները` զորաբանակային ռազմաորսորդական ընկերության կազմակերպության մեջ, որոնք որսորդական տնտեսության վարման և որսի կատարման բնագավառում իրենց աշխատանքում ղեկավարվում են սույն կանոնադրությամբ:

9. Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսորդական տնտեսության ղեկավարությունը և որսորդական տնտեսության վարման և որսորդական սպորտի բնագավառում պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողությունը իրականացվում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից:

Որսորդական տնտեսության գիտականորեն հիմնավորված վարման նպատակով որսորդական կենդանական աշխարհի հարստացման ու օգտագործման հետ կապված բոլոր միջոցառումները համաձայնեցվում են Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ:

10. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին իրավունք է տրվում`

ա) պայմանագրային հիմունքներով որսահանդակները ամրացնել պետական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններին.

բ) լիցենզիաներ տալ, սահմանել գազանների և թռչունների լիցենզիոն որսի համար վարձատրման չափը և տրված լիցենզիաների համար գանձել վճարը.

գ) թույլտվություն տալ վայրի գազաններ և թռչուններ որսալու և ձեռք բերելու համար գիտական նպատակներով դրանց տարաբնակեցնելու համար.

դ) խրախուսման ձևով պարգևներ տալ այն որսորդներին և որսորդական կոլեկտիվներին, որոնք աչքի են ընկել վնասակար գիշատիչների և թափառող շների ոչնչացման գործում.

ե) որսի կանոնների ու ժամկետների խախտման գործում մեղավոր անձանց նկատմամբ կիրառել սույն կանոնադրությամբ նախատեսված պատժի միջոցներ.

զ) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1978 թվականի մայիսի 31-ի «Որսի կանոնների խախտման, պետությանը պարտադիր մորթեղենի հանձնումից խուսափելու, անօրինական վաճառելու, գնելու, փոխանակելու և վերամշակելու համար պատասխանատվության ուժեղացման մասին» հրամանագրի հիման վրա որսագողերին զրկել որսորդական զենք կրելու իրավունքից.

է) նյութերը ուղարկել քննչական մարմիններին որսի կանոնները ու ժամկետները խախտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ը) պետական որսորդական ֆոնդին հասցված վնասի համար հաստատված գներին համապատասխան քաղաքացիական հայց հարուցել.

թ) բռնագրավել անօրինական որսի արտադրանքը և մթերման գներով հանձնել մթերման ու կոոպերատիվ կազմակերպություններին.

ժ) անօրինական որսի արտադրանքը հայտնաբերելու նպատակով կատարել մորթեղենի պահեստների և մթերման կազմակերպությունների հաշվապահական փաստաթղթերի ստուգումներ.

ի) անօրինական որսի արտադրանքը հայտնաբերելու նպատակով կատարել անմիջականորեն որսահանդակներում գտնվող տրանսպորտային միջոցների ստուգումներ և անհրաժեշտության դեպքում ներքին գործերի և ավտոտեսչության տեղական մարմինների օգնությամբ կանխել խույս տվող խախտողներին.

լ) վերահսկողություն իրականացնել առևտրական ցանցում որսորդական հրացանների և ռազմամթերքների վաճառքի կարգի պահպանման նկատմամբ, որը սահմանվել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի հունիսի 23-ի «Որսորդական հրացանների ձեռքբերման, հաշվառման ու պահպանման միասնական կարգ սահմանելու մասին» թիվ 646 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 584 որոշում):

 

II. Որս կատարելու իրավունքը և որսորդական տոմսեր

տալու կարգը

 

11. Հայկական ՍՍՀ տերիտորիայում որս և ձկան որս կատարելու իրավունք, բացառությամբ սույն կանոնադրության 5-րդ կետի «ա» ենթակետում թվարկված հանդակներից, ունեն 18-ամյա տարիքի հասած ՍՍՀՄ բոլոր քաղաքացիները, որոնք որսորդների ու ձկնորսների միության անդամ են, հանձնել են որսորդական մինիմումի փորձարկումներ և մուծել են պետական տուրք` սահմանված չափով:

Որս կատարելու իրավունքի համար վկայական են որսորդական տոմսը` անդամավճարներ և պետական տուրք մուծելու մասին նշումով, ինչպես նաև հրազենով որսալու քարտը և որսորդական զենք օգտագործելու ու պահելու իրավունքի համար ներքին գործերի մարմինների թույլտվությունը:

Կցագրված որսորդական տնտեսություններում որսի համար անհրաժեշտ է ունենալ նաև ուղեգիր այն տնտեսության ադմինիստրացիայի նշումով, որին կցագրված է հանդակը:

Հայորսորդմիության պատվավոր անդամներին թույլատրվում է առանց ուղեգրի որս կատարել, պահպանելով հրազենով որսալու ընդհանուր ժամկետները և նորմաները:

12. Որսի ժամանակ, ինչպես նաև որսի արտադրանքի փոխադրման կամ այն մթերման կազմակերպություններին հանձնման ժամանակ որսորդը պարտավոր է իր հետ ունենալ որսորդական տոմսը, հրազենով որսալու քարտը և որսորդական զենք օգտագործելու և պահելու իրավունքի համար ներքին գործերի մարմինների թույլտվությունը և դրանք ներկայացնել ստուգման համար լիազորված անձանց առաջին իսկ պահանջով:

13. Արգելվում է ուրիշ անձանց տալ որսորդական տոմսերը և գրանցում գրանցված որսորդական զենքը:

14. Հայորսորդմիության անդամ ընդունելու և ընդունվածներին հաշվառման կարգը սահմանվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 732 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ որսորդների և ձկնորսների միության կանոնադրությամբ:

 

III. Որսի կատարման կանոնները

 

15. Հայկական ՍՍՀ տերիտորիայում թույլատրվում է կոլեկտիվ և անհատական որս` սույն կանոնադրությամբ սահմանված միջոցներով և եղանակներով:

16. Հայկական ՍՍՀ տերիտորիայում ամբողջ տարվա ընթացքում արգելվում է`

ա) ուսուրական բծավոր և կովկասյան ազնվացեղ եղջերուների, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, այծյամի, արջի, ընձառյուծի, բորենու, ջրասամույրի, փորսուղի, հարավ-ամերիկյան ճահճակուղբի (նուտրիայի), խոզուկի, գորշ նապաստակի, ոզնիների, աքիսի, խայտաքիսի, քարի կզաքիսի, չղջիկների, կասպիական լեռնային հնդկահավի (ուլարի), կովկասյան ցախաքլորի, գորշ կաքավի, բարձրասրունների ու ջրային թռչունների (բացի բադերից), գիշերային ու ցերեկային գիշատիչ թռչունների, փայտփորիկների, կկուների, այծկիթների, ծտազգիների (բացի գորշ ագռավից, կաչաղակից, ճնճղուկից), քարի կաքավի որսը.

բ) ամեն տեսակի որսն արգելոցների, արգելանտառների, քաղաքների շուրջը կանաչ գոտիների, աշխատավորների հանգստի վայրերի տերիտորիայում և պահպանման գոտիներում, ինչպես նաև դրանց շուրջը մեկ կիլոմետր շառավղով:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Պետական արգելոցներում և արգելանտառներում կենդանիներին հրազենով որսալը թույլատրվում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի ցուցումով:

 

17. Մթերման կազմակերպությունները որսորդներից որսված գազանների մորթիների գնման ժամանակ պարտավոր են ստուգել որսորդական տոմսի գործողության ժամկետը, պետական տուրք վճարելու մասին նշումը, տվյալ անձին տոմսի պատկանելությունը, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմել արձանագրություն և այն ուղարկել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին:

18. Յուրաքանչյուր որսորդ պարտավոր է պահպանել սույն կանոնադրությունը և Հայորսորդմիության կանոնադրությունը:

19. Որսահանդակների սահմաններում առանց որսի իրավունքի որսորդական զենքով, որսամիջոցներով, որսորդական շնով կամ հայթայթված որսով գտնվելը հավասարեցվում է որսագողության:

20. Հանրապետության որսահանդակներում որսը թույլատրվում է միայն բոլոր սիստեմների ու տրամաչափերի ողորկափող հրացաններով, ինչպես նաև թիվ 5-ից ոչ խոշոր թակարդներով:

21. Հայորսորդմիությանը պատկանող բոլոր որսորդական շները, սկսած վեց ամսական հասակից, պետք է գրանցված լինեն Հայորսորդմիությունում և որսահանդակներում կարող են բաց թողնվել միայն սահմանված նմուշի գրանցման նշանով:

Արգելված ժամանակ կամ արգելված տեղում որսահանդակների տերիտորիաներում հայտնաբերված որսորդական շները բռնվում են, իսկ դրանց տերերը պատասխանատվության են ենթարկվում որսի կանոնները և ժամկետները խախտելու համար:

Որսահանդակներում գտնվող չգրանցված շները կամ առանց գրանցման նշանի շները ոչնչացվում են որպես թափառող շներ:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Որսորդական շների վարժեցումը առանց հրացանի, այդ նպատակի համար հատուկ առանձնացված որսահանդակներում թույլատրվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը:

 

22. Որսորդական ողորկափող հրացանների և զինամթերքի վաճառքը կատարվում է միայն Հայորսորդմիության խանութների միջոցով այն անձանց, ովքեր Հայորսորդմիության անդամներ են և ներքին գործերի մարմիններից թույլտվություն ունեն հրացան ձեռք բերելու համար: Ձեռք բերված հրացանները պետք է գրանցված լինեն գնման օրից 5 օրվա ընթացքում: Հրազենային զենքերի ձեռքբերման, գրանցման, օգտագործման և պահպանման կանոնների խախտում թույլ տվող անձինք տուգանքի են ենթարկվում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թվականի հունվարի 26-ի հրամանագրի հիման վրա:

 

IY. Որսի արգելված եղանակները և այլ արգելումներ

 

23. Հանրապետության տերիտորիայում ամբողջ տարվա ընթացքում արգելվում է`

ա) անօգնական վիճակում գտնվող գազանների ու թռչունների որսը.

բ) փետրափոխող թռչունների որսը.

գ) մատղաշ գազանների ծխի միջոցով որսալը (որսը).

դ) վայրի գազաններին և թռչուններին անազատության մեջ պահելը.

ե) ձվերի հավաքումը.

զ) գազանների ու թռչունների բների ու որջերի քանդումը.

է) բքից, ձյունատեղումից, գետերի վարարումից, կերապակասությունից փրկված գազանների ու թռչունների որսը.

ը) բարակ (քերծե) և որսկան շներով որսը.

թ) բնակալման տեղերի վնասումը և ոչնչացումը, գազանների ու թռչունների համար լրացուցիչ կերերի փչացումը և ոչնչացումը.

ժ) ավտոմոբիլներից որսը, գիշերը լապտերների կամ լույսի այլ աղբյուրների կիրառումով.

ի) աղեղների, ինքնաձիգ հրացանների լարումը, ծուղակների, թիվ 5-ից ոչ խոշոր թակարդների լարումը.

լ) ակոսավոր զենքով և թունաքիմիկատների կիրառումով որսը.

խ) որսի ժամանակ չգրանցված որսորդական զենքի, ինչպես նաև օբյեկտների պահպանության համար նախատեսված զենքի կիրառումը.

ծ) մատղաշ, դեռևս չթռչող թռչունների վրա կրակելը.

կ) գազանների ու թռչունների ապրելու տեղ հանդիսացող խոտերի, եղեգների և այլ բուսականության այրումը:

 

Y. Որսի ժամկետները

 

24. Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսը թույլատրվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, միայն շաբաթ և կիրակի օրերը:

Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն իրավունք ունի փոխելու որսի ժամկետները և որոշել այն կենդանիների տեսակները, որոնց որսը թույլատրվում է, որի մասին հայտնում է մամուլի միջոցով` որսի սեզոնն սկսվելուց 15 օր առաջ.

 

._________________________________________________________________________.

| Գազանների և   |            Որսի ժամկետները           | Որսալու նորման   |

| թռչունների    |                                      |                  |

| անվանումը     |                                      |                  |

|_______________|______________________________________|__________________|

| Լոր           |   օգոստոսի երրորդ շաբաթ օրից մինչև   |     10 հատ       |

|               |   հոկտեմբերի 15-ը                    |                  |

|               |                                      |                  |

| Կտցար         |   սեպտեմբերի առաջին շաբաթ օրից       |                  |

|               |   մինչև  նոյեմբերի 15-ը              |     10 հատ       |

|               |                                      |                  |

| Աղավնիներ     |   օգոստոսի երրորդ շաբաթ օրից         |                  |

| (տատրակ,      |   մինչև  հոկտեմբերի 31-ը             |     10 հատ       |

| վիտյուտեն,    |                                      |                  |

| ժայռի         |                                      |                  |

| աղավնի        |                                      |                  |

|               |                                      |                  |

| Ջրային        |   սեպտեմբերի առաջին շաբաթ օրից       |     2 հատ        |

| թռչուններ     |   մինչև  դեկտեմբերի 31-ը             |                  |

| (բադեր, փոք-  |                                      |                  |

| րիկ բադեր,    |                                      |                  |

| սուզաբադ,     |                                      |                  |

| ջրահավ        |                                      |                  |

|               |                                      |                  |

| Գայլ          |   օգոստոսի երրորդ շաբաթ օրից մինչև   |     առանց        |

|               |   դեկտեմբերի 31-ը                    |     նորմայի      |

|               |                                      |                  |

| Աղվես         |   նոյեմբերի երկրորդ շաբաթ օրից       |     առանց        |

|               |   մինչև  դեկտեմբերի 31-ը             |     նորմայի      |

|               |                                      |                  |

| Վարազ         |   հոկտեմբերի 15-ից մինչև             |     լիցենզիայով  |

|               |   դեկտեմբերի 31-ը                    |                  |

|               |                                      |                  |

| Քարի          |   հոկտեմբերի 15-ից մինչև             |                  |

| կաքավ         |   դեկտեմբերի 15-ը                    |     լիցենզիայով  |

._________________________________________________________________________.

 

Ծանոթագրություն: Որսի արգելված ժամանակաշրջանում (հունվարի 1-ից մինչև

օգոստոսի երրորդ շաբաթ օրը) վնասակար գիշատիչների որսը

թույլատրվում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության

պետական կոմիտեի հատուկ թույլտվությամբ:

 

25. Մասսայական ոչնչացման, տարերային աղետների, ուժասպառության կամ գազանների ու թռչունների առանձին տեսակների թվաքանակի ավելացման դեպքում Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին իրավունք է վերապահվում փոխել գազանների ու թռչունների առանձին տեսակների որսի ժամկետները, ինչպես նաև բացել որսը, ժամկետներ սահմանելով 16-րդ կետի «ա» ենթակետում թվարկված գազանների ու թռչունների տեսակների համար:

Անկախ սահմանված ժամկետներից Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն իրավունք ունի արգելել կամ բացել որսը գազանների ու թռչունների այս կամ այն տեսակների համար, ելնելով որսահանդակների 1000 հա-ի վրա որսի ռեալ թվաքանակից և խտությունից:

 

YI. Որսի արտադրանքը

 

26. Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսվող վայրի գազանների մորթեղենը և կաշիները ենթակա են հանձնման պետական կամ որսի արտադրանքի մթերման համար թույլտվություն ունեցող կազմակերպություններին: Որսորդը մորթին պետք է պետությանը հանձնի որսի ժամկետը անցնելուց հետո հինգ օրից ոչ ուշ:

27. Մթերման կազմակերպությունները կարող են որսորդների հետ արտադրանքի հանձնման համար պայմանագրեր կնքել միայն նրանց մոտ որսորդական տոմսի առկայության դեպքում, պետական տուրք և անդամավճարներ մուծելու մասին նշումներով:

28. Որսը որսորդի կողմից կարող է օգտագործվել սպառողական նպատակի համար: Այլ անձանց դրանց վաճառքը խստիվ արգելվում է:

29. Անօրինական որսի արտադրանքը ընդունվում է մթերման և այլ կազմակերպությունների կողմից առանց արժեքը վճարելու, անպայման ակտ կազմելով` Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին ներկայացնելու համար:

30. Մորթեղենի ընդունման ժամանակ մթերման կազմակերպությունները պարտավոր են անդորրագրի մեջ նշել որսորդի որսորդական տոմսի համարը:

31. Անօրինական որսի արտադրանք է համարվում`

ա) մորթեղեն հումքը, կաշիները, միսը և որսորդական զբաղմունքի մյուս արտադրանքը, որոնք ձեռք են բերվել անթույլատրելի եղանակներով, որսի համար արգելված ժամկետներում կամ արգելված վայրերում.

բ) որսի համար արգելված վայրի գազանների ու թռչունների մորթեղեն հումքը, կաշիները և միսը, կամ սահմանված նորմաներից ավելի ձեռք բերված հումքը.

գ) որսի ամբողջ արտադրանքը, որը ձեռք է բերվել տարվա ցանկացած ժամանակ որսորդական տոմս չունեցող անձանց կողմից:

32. Սույն կանոնադրության խախտման բոլոր դեպքերում անօրինական որսի արտադրանքը ենթակա է անհատույց բռնագրավման և հատուկ արձանագրություններով մթերման կազմակերպությունների հանձնման:

33. Արգելվում է`

ա) մասնավոր անձանց կողմից արդյունագործական մուշտակավոր գազանների (նապաստակից և ճահճակուղբից բացի) պահումը տնային պայմաններում, մորթեղեն հումքի մշակումը, վերամշակումը, վաճառքը և գնումը.

բ) բոլոր կազմակերպություններին ու ձեռնարկություններին` կատարել պետական դրոշմ չունեցող մուշտակավոր վայրի գազանների մշակված մորթիների գնում, վաճառք և կոմիսիոն հիմունքներով ընդունում:

Մուշտակավոր վայրի գազանների մորթիների մշակումը և վերամշակումը կատարում են միայն պետական ու կոոպերատիվ այն կազմակերպությունները, որոնց իրավունք է վերապահված կատարելու այդ աշխատանքները:

 

YII. Պետական որսորդական ֆոնդի պահպանումը

 

34. Պետական որսորդական ֆոնդի պահպանումը և սույն որոշման պահպանման նկատմամբ հսկողությունը դրվում է`

ա) պետական ու հասարակական որսորդական տեսչության և Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի եգերական ծառայության վրա.

բ) անտառային տնտեսությունների և պետական արգելոցների անտառային պահպանության վրա.

գ) ներքին գործերի մարմինների վրա.

դ) ժողովրդական դեպուտատների գյուղական, ավանային, շրջանային ու քաղաքային սովետների գործկոմների վրա.

ե) Հայորսորդմիության վրա.

զ) Հայկական ՍՍՀ բնության պահպանության կամավոր ընկերության վրա:

35. Պետական որսորդական ֆոնդի պահպանմանը և անօրինական որսի դեմ պայքարին որսորդների և մյուս քաղաքացիների լայն զանգվածների ներգրավման նպատակով Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն կազմակերպում է հասարակական որսորդական տեսչություն, որը որսագողության դեմ պայքարի հասարակական մարմին է:

36. Այն անձինք, որոնց վրա դրված է պետական որսորդական ֆոնդի պահպանումը, սույն կանոնադրության խախտում հայտնաբերելու դեպքում պարտավոր են`

ա) բացահայտել խախտողի անձը.

բ) գրավոր բացատրություն պահանջել խախտողից.

գ) առկայության դեպքում վերցնել որսորդական տոմսը, անօրինական որսի արտադրանքը, որսորդական հրացանը և որսի մյուս միջոցները.

դ) կազմել արձանագրություն որսի կանոնների ու ժամկետների խախտման համար և ներկայացնել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին:

Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն սույն կանոնադրությունը խախտելու մասին արձանագրությունն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում լուծում է խախտողին պատասխանատվության ենթարկելու հարցը:

37. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որսորդական տնտեսության և արգելոցների բաժնի պետին, ավագ որսագետներին, ավագ որսատեսուչներին, որսագողերին և որսատեսուչներին թույլատրվում է կրել ատրճանակ, իսկ եգերներին` որսորդական կարաբին:

Զենքը տրվում, կրվում, պահպանվում և կիրառվում է սահմանված կանոններին համապատասխան:

 

YIII. Պատասխանատվությունը և պատժի միջոցները

 

38. Սույն կանոնադրությամբ սահմանված որսի կանոնների ու ժամկետների խախտման համար մեղավոր անձանց նկատմամբ կիրառվում են պատժի հետևյալ միջոցները.

ա) նախազգուշացում.

բ) հասարակական ներգործության միջոցներ.

գ) որսի իրավունքից զրկում է 3 տարի ժամկետով.

դ) կենդանական աշխարհին հասցրած վնասի հատուցում` որսի միջոցների անհատույց բռնագրավումով:

Կրկնակի որսագողության կամ կարմիր գրքում գրանցված վայրի գազանների ու թռչունների որսման փաստերի հայտնաբերման դեպքում բացի նշված միջոցներից մեղավորները ենթարկվում են քրեական պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

Պատժի նշված միջոցները դրվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որոշմամբ:

Տույժ դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել այն տալու օրվանից 10-օրյա ժամկետում:

Բողոքի վերաբերյալ Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որոշումը վերջնական է համարվում:

39. Մթերման կազմակերպությունների կողմից անօրինական որսի արտադրանքը ընդունելու, ինչպես նաև կենցաղային սպասարկման կոմբինատների ու ատելյեների կողմից առանձին անձանցից չմշակված, ինչպես նաև մշակված, բայց պետական դրոշմ չունեցող մուշտակավոր վայրի գազանների (նապաստակից ու ճահճակուղբից բացի) մորթիները վերամշակման ու ներկման ընդունելու համար մեղավոր անձինք տուգանվում են մինչև 50 ռուբլի` մորթիների բռնագրավումով:

40. Պետությանը մուշտակավոր վայրի գազանների ձեռք բերված մորթիների պարտադիր հանձնումից խույս տալու, ինչպես նաև նշված մորթիներն անօրինական ձևով վաճառելու, գնելու, փոխանակելու և վերամշակելու համար մեղավոր անձինք տուգանվում են մինչև 50 ռուբլու չափով` մորթիների բռնագրավումով:

i

41. Այն կազմակերպությունները և անձինք, որոնց գործողություններով վնաս է հասցվել որսորդական տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին, տուգանքից կամ քրեական պատասխանատվությունից բացի այն փոխհատուցում են օրենքով սահմանված կարգով:

(41 կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 12.01.94 թիվ 22 որոշում)

 

IX. Այլ հարցեր

 

42. Անօրինական որսի արտադրանքի, վերցված միջոցների, կենդանական աշխարհին հասցված վնասի իրացումից և սույն կանոնադրության խախտման համար դրված տուգանքներից ստացված գումարները ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության 1974 թ. մայիսի 27-ի թիվ 124 հրահանգի հիման վրա հաշվեգրվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի թիվ 14111 հաշվարկային հաշվի մեջ` ՍՍՀՄ պետբանկի Երևանի քաղաքային գրասենյակում:

43. Սույն կանոնադրության խախտում հայտնաբերող անձանց պարգևները տրվում են ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության 1974 թվականի մայիսի 27-ի թիվ 124 հրահանգի և Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որոշման հիման վրա:

44. Վնասակար գիշատիչներին ոչնչացնելու համար որսորդներին պետապահովագրության կողմից հատկացվող միջոցների հաշվին վճարվում է վարձահատուցում հետևյալ չափերով.

 

յուրաքանչյուր սպանած գայլի համար  -  100 ռուբլի

 

յուրաքանչյուր սպանած աղվեսի համար -  5 ռուբլի

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
21.01.1981
N 26
Որոշում