050.0187.260811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2011 թվականի թիվ 187-Ն
i
ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2011 թվականի սեպտեմբերի 30-ից շրջանառության մեջ դնել հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
2. Սահմանել, որ հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հազար դրամ անվանական արժեքով 1999 և 2001 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
3. Հաստատել հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը` համաձայն Հավելված 1-ի:
4. Հաստատել հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` համաձայն Հավելված 2-ի:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել համապատասխան հաղորդագրություն մամուլում` ընդգրկելով սույն որոշման Հավելված 2-ը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հուլիսի 19-ի
թիվ 187-Ն որոշմամբ
Հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի
Հանրապետության թղթադրամի նմուշը
---------------------------
ԻՐՏԵԿ - նմուշը չի բերվում
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հուլիսի 19-ի
թիվ 187-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի
Հանրապետության թղթադրամի
1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի դիզայնը, պատկերները, գույները և չափերը հիմնականում նույնն են, ինչ որ 1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի նմուշի ՀՀ թղթադրամինը: 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի չափսերն են` 136 x 72 մմ: Թուղթը սպիտակ է, որի վրա անզեն աչքով երևում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշե Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և լուսընդդեմ դիտելիս երևում է հոծ գծի տեսքով: Մյուս պաշտպանական ներգիծը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 1000» մանրատառաշարը: Դիմերեսի հիմնական գույներն են` կանաչը և բաց վարդագույնը, իսկ դարձերեսինը` կանաչը և մոխրագույնը:
Դիմերես
Թղթադրամի ձախ մասում Եղիշե Չարենցի դիմանկարն է: Դիմանկարից ձախ ուղղահայաց գրված է` «Եղիշե Չարենց 1897-1937», իսկ ավելի ձախ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Եղիշե Չարենցի աջ կիսադեմը, դրամի խորհրդանշանը` ««, մի զարդանախշ ու «1000» գրառումը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց: Այս պատկերների միջև երևում է «1000» գրառումը, որը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում մեծանում և փոքրանում է (ZOOM էֆեկտ): Փայլաթիթեղի ողջ մակերեսով «AMD» և «1000» մանրատառաշարերն են, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «AMD» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «1000» թիվը: Փայլաթիթեղից ձախ ուղղահայաց, կարմիր գույնով տպված են թղթադրամի սերիան և համարը` բաղկացած «ԱԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը):
Դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «1000» թվի թաքնված պատկերը, որը հայտնվում է թղթադրամն աչքի բարձրությամբ լուսընդդեմ դիտելիս` դիտման անկյան փոփոխության դեպքում:
Թղթադրամի վերին մասում խորը տպագրությամբ գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով` «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը և թվերը: Դիմանկարի աջ մասում գրված է Ե. Չարենցի բանաստեղծության «Ես իմ անուշ Հայաստանի Արևահամ բառն եմ սիրում...» բառերը` երկու տողով, հետին մասում երևում է Արարատ լեռը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում` խորը տպագրությամբ, որից աջ նշված է անվանական արժեքը թվերով` նույնպես խորը տպագրությամբ:
Անվանական արժեքից անմիջապես վերև գտնվում է գրչածայրի պատկերը և գրված է թողարկման տարեթիվը` «2011», իսկ աջ եզրին ուղղահայաց` «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Դիմանկարից աջ, վերևի կենտրոնական մասում, առկա է մի զարդանախշ, որը լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ համընկնում է դարձերեսի նույն զարդանախշին և կարդացվում են «ՀՀ» տառերը: Զարդանախշի եզրով գրված են մանրատառաշարով «1000 AMD» թվերը և տառերը: Զարդանախշից դեպի աջ սև գույնով հորիզոնական գրված են թղթադրամի սերիան և համարը` բաղկացած «ԱԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը):
Տկարատեսների համար վերին աջ անկյունում կա շոշափելի մեկ թեք գիծ և մեկ կետ:
Դարձերես
Հիմնական մոտիվը ներկայացնում է հին Երևանից մի պատկեր` երկհարկանի շենքի առջևում կանգնած երկձի կառք: Պատկերի վերին մասում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ավելի վերև մանրատառաշարով` «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը և թվերը: Թղթադրամի աջ մասում ուղղահայաց պատկերված է զարդանախշ, որի մեջ, վերին մասում գրված է «1000» թիվը:
Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում: Դրանից ձախ թղթադրամի անվանական արժեքը` «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով` բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով: Վերջինիս ներքևի` կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP...):
Թղթադրամի վերևի աջ անկյունում ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
Թղթադրամի մեջտեղում մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «1000» թիվը և դրամի խորհրդանշանը` ««: Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է մանուշակագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով:
1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի և 2011 թվականի.
նմուշների ՀՀ թղթադրամների տարբերությունները
2011 թվականի նմուշի վրա փոփոխության են ենթարկվել որոշ տարրեր, որոնց նկարագրությունը բերվում է ստորև:
Դիմերես
- Դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված ձվաձև զարդանախշը 2001 թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է:
- Փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը:
- Ավելացել է կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ:
- Փոխվել է թողարկման տարեթիվը. աջ կողմում «2001» թիվը փոխարինվել է «2011» թվով:
- Դիմանկարը փոքրացվել և տեղաշարժվել է մի փոքր աջ:
- Դիմերեսի վերին ձախ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թիվը տպագրվել է հորիզոնական` խորը տպագրության եղանակով` 2001 թվականի նմուշում առկա հորիզոնական օֆսեթի փոխարեն:
- Դիմերեսի ներքևի աջ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թվի վերևում ավելացել է գրչածայրի պատկեր և թողարկման տարեթիվը տեղաշարժվել է դեպի աջ:
- Դիմերեսի աջ և ձախ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ:
- Դիմերեսի չորս անկյունները սպիտակ են` տպագրությունը բացակայում է:
Դարձերես
- Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով, որի ներքևի` կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP...):
- «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերևի աջ անկյուն:
- Պատուհանաձև պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ: