(ուժը կորցրել է 22.11.16 թիվ 145-Ն որոշում)
i
606.0019.140711
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 07 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2011 թվականի N 19-Ն
i
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Տեսողության պատճառով քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների (սույն կետում այսուհետ` ընտրող) համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանել, որ.
1) համապետական ընտրությունների, հնարավորության դեպքում` նաև մյուս ընտրությունների ժամանակ պատրաստվում և տեղամասային ընտրական հանձնաժողովին է հատկացվում քվեաթերթիկին համապատասխանող ստվարաթղթե կաղապար (ձևանմուշ) (այսուհետ` կաղապար), որում քվեաթերթիկի նշումի համար նախատեսված քառանկյուններին համապատասխանող տեղերում բացված են «V» ձևի անցքեր,
2) հանձնաժողովի քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ տրամադրող անդամը քվեաթերթիկը տեղավորում է քվեաթերթիկին համապատասխանող կաղապարում և քվեարկության ծրարի հետ միասին տրամադրում ընտրողին: Ընտրողի ցանկության դեպքում` քվեաթերթիկը լրացնելիս ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացին, ընտրողի համար` ըստ հերթականության, կարդում է քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վերաբերյալ քվեաթերթիկում նշված տվյալները և հնարավորություն տալիս ընտրողին քվեախցիկում գաղտնի լրացնելու քվեաթերթիկը:
Ընտրողն իմանալով իր նախընտրած թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հերթական համարը քվեաթերթիկում, շոշափելով կարող է գտնել կաղապարի համապատասխան դատարկ անցքը և ինքնուրույն «V» ձևի նշում կատարել քվեաթերթիկում,
3) քվեաթերթիկում «V» ձևի նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը հանում է կաղապարից, ծալում, ինքնուրույն կամ իրեն օգնելու իրավունք ունեցող քաղաքացու օժանդակությամբ այն տեղավորում քվեարկության ծրարում,
4) քվեարկության հետ կապված մնացած գործողություններն ընտրողն իր ցանկությամբ կատարում է ինքնուրույն կամ իրեն օգնելու իրավունք ունեցող քաղաքացու օժանդակությամբ:
(1-ին կետը փոփ. 06.02.12 թիվ 27-Ն որոշում)
2. Հաշվի առնելով, որ տեղամասային կենտրոնների տեղակայման շենքերի մեծ մասը հարմարեցված չեն շարժասայլակներով տեղաշարժվելու համար` շարժասայլակով տեղաշարժվող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանել, որ.
1) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկանալով, որ տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ է գտնվում շարժասայլակով տեղաշարժվող ընտրող (այսուհետ` ընտրող), տեղամասային կենտրոնում հայտարարում է այդ մասին, մոտենում է ընտրողին և նրան բացատրում սույն որոշման համապատասխան քվեարկությանը մասնակցելու կարգը,
2) ընտրողի համաձայնության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վերցնում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ստուգում նրա ինքնությունը և ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը տեղամասային կենտրոնում հանձնում ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամին: Վերջինս ընտրողների ցուցակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Այդ տվյալների դիմաց ընտրողի համաձայնությամբ նրա փոխարեն ստորագրում է որևէ վստահված անձ կամ դիտորդ կամ ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացի: Ընտրողի գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողի ստորագրության դիմաց իր անհատական կնիքը դնելուց հետո նույն տողի լրացուցիչ նշումների սյունակում լրացնում է «շարժասայլակ» բառը, որից հետո ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին,
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրողի փոխարեն ստանում է քվեաթերթիկ և քվեարկության ծրար և տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ դրանք հանձնում ընտրողին` նրան հնարավորություն տալով գաղտնի քվեարկելու: Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը ծալում է քվեաթերթիկը, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և այն հանձնում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին,
4) տեղամասային կենտրոնում քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը դրոշմակնքում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, կնքում քվեարկության ծրարը և հնարավորություն է ընձեռում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը անձը հաստատող փաստաթուղթը հանձնում է ընտրողին և անհապաղ վերադառնում տեղամասային կենտրոն:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն իրականացնում է առնվազն 1 վստահված անձի կամ առնվազն 1 դիտորդի, կամ վստահված անձի ու դիտորդի, կամ ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացու ներկայությամբ (մասնակցությամբ):