Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ...

 

 

Համաձայնեցված է

    ՀՀ ֆինանսների նախարար             ՀՀ կառավարությանն առընթեր պետական

                                      եկամուտների կոմիտեի նախագահ

 

__________________ Վ. Գաբրիելյան ____________________ Գ. Խաչատրյան

 

17 մայիսի 2011 թվականի N 21

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 264-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` 1 ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք (բացառությամբ` նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի): Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաս, քան կրկնապատիկի (բայց ոչ ավելի, քան 12-ապատիկի) չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկային գործակալը պահված (գանձված) եկամտահարկը պետական բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ 2009 թ. հունվարի 1-ից հետո աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների (այսուհետ` ԱՎՈՒՄ) հաշվարկման դեպքում` նույն օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:

Նշված օրենքի 6-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի «ժդ» կետի, «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 12.12-րդ կետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում (բացառությամբ` կորցված եկամտի փոխհատուցման): Այս դրույթի կիրառման առումով հաշվի է առնվում միայն իրական վնասի փոխհատուցումը, ինչպես նաև աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով փոխհատուցման գումարները:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն պարտադիր սոցիալական վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկման օբյեկտների թվին է դասվում ԱՎՈՒՄ-ը: ՀՀ կառավարության 08.06.1998 թ. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետով հաստատված և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ում բերված «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)» ցանկի համաձայն` ԱՎՈՒՄ-ի մեջ չեն ներառվում օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարները:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Եթե աշխատանքային վեճերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով գործատուին պարտադրվում է վարձու աշխատողին վճարել ԱՎՈՒՄ (այդ թվում` հարկադիր պարապուրդների դիմաց), ապա այդ դեպքում դատարանի վճռին համապատասխան գործատուի կողմից վարձու աշխատողին վճարվող ԱՎՈՒՄ-ից եկամտահարկի և սոցիալական վճարների գումարները հաշվարկվում և վճարվում են հետևյալ ձևով`

ա. վիճարկվող ողջ ժամանակահատվածի համար կատարվում է եկամտահարկի և սոցիալական վճարների վերահաշվարկ` յուրաքանչյուր ժամանակահատվածի համար գործող օրենսդրությանը համապատասխան (այսինքն` հաշվի առնելով այդ ժամանակահատվածների համար օրենքով սահմանված անձնական նվազեցման չափերը, եկամտահարկի դրույքաչափերը և հաշվարկման կարգը).

բ. վերահաշվարկման արդյունքում եկամտահարկի և սոցիալական վճարների լրացուցիչ գումարները հաշվարկվում են օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռում նշված` գործատուի կողմից վարձու աշխատողին վճարման ենթակա ԱՎՈՒՄ-ի վճարման ամսում և`

վերահաշվարկված ԱՎՈՒՄ-ի գումարների հետ միասին արտացոլվում են այդ ամիսը ներառող հաշվետու եռամսյակի հարկային գործակալի եկամտահարկի հաշվարկում և գործատուի սոցիալական վճարների հաշվետվությունում (այդ ամսվանը համապատասխանող սյունակում),

ՀՀ պետական բյուջե վճարվում (փոխանցվում) են այդ ամսվա` եկամտահարկի և սոցիալական վճարների համար օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետում,

վերահաշվարկված ԱՎՈՒՄ-ների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն կիրառվում, եթե դատարանի վճռում այլ բան նախատեսված չէ:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.05.2011
N 21
Պաշտոնական պարզաբանում