040.0741.261198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 741
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1999-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ.
i
ա) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի մեծածախ սակագները յուրաքանչյուր տարի հաստատվում են ոռոգման շրջանի առաջ մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը ելնելով ոռոգման ջրի մատակարարման ծախսածածկման հետևյալ ցուցանիշներից` 1999 թվականին` 36, իսկ 2000 թվականին` 48 տոկոս: 2001-2005 թվականներին ոռոգման ջրի մեծածախ սակագները հաստատվում են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2004 թվականին ոռոգման ջրի մատակարարման ծախսածածկման ցուցանիշը պետք է կազմի 100 տոկոս (ոռոգման ջրի ծախսածածկման ցուցանիշները հաշվարկվել են` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սևանա լճից բաց թողնվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի համար ռեսուրսավճարի չափը 20 լումա է, իսկ մակերեսային և ստորերկրյա ջրերն անվճար են).
բ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգի շահագործման ծախսերի և ոռոգման ջրի վարձից գոյացող հասույթի տարբերությունը` ֆինանսական ճեղքվածքը (նկատի ունենալով ոռոգման ջրի վարձի հավաքագրման ցուցանիշը), ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից, այդ թվում` նաև մատակարարների վարկերի հաշվին.
գ) 1999 թվականից սկսած, ելնելով ոռոգման ջրի մատակարարման համար պահանջվող շահագործման ծախսերի չափից, ինչպես նաև հաշվի առնելով աշխարհագրական, հողակլիմայական, հողի բնական բերրիության առանձնահատկությունները, սահմանվում են տարբերակված սակագներ.
դ) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունները և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվները ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի պահպանության, շահագործման, տեխնիկական վերազինման և մյուս տնտեսական ծախսերը կատարում են այդ ընկերությունների (կոոպերատիվների) անդամ ջրօգտագործողների փայավճարների և այլ մուտքերի հաշվին.
ե) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունները և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներն իրենց սպասարկման տարածքում գտնվող և դրանց անդամ չհանդիսացող այլ ջուր սպառողներին ոռոգման ջուրը մատակարարում են ոռոգման ջրի ինքնարժեքի մեծությանը համարժեք գներով, իսկ ոռոգման ջրի գոտիական սակագները հաստատվելուց հետո` ոռոգման ջրի ինքնարժեքի և ներքին ցանցի շահագործման ծախսերի գումարային արժեքից ոչ պակաս` բացառությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան գիտական կազմակերպությունների, սերմնաբուծական, տնկարանային, տոհմաբուծական փակ բաժնետիրական ընկերությունների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների, այգեգործների սպառողական կոոպերատիվների, Երևանի քաղաքային և թաղային նշանակության կանաչ տարածքներն սպասարկող ջրօգտագործողների, որոնց մատակարարվող ոռոգման ջրի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված գոտիական սակագները.
զ) «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը սույն որոշման 1-ին կետի «ա» և «ե» ենթակետերում չնշված մյուս ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարում է ծախսածածկումն ապահովող պայմանագրային գներով:
(1-ին կետը փոփ. 22.09.01 թիվ 890 որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 22.09.01 թիվ 890 որոշում)
i
3. Առաջարկել`
ա) Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին իրենց անդամագրված ջրօգտագործողների փայավճարները ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի պահպանության, շահագործման, տեխնիկական վերազինման և իրենց մյուս տնտեսական ծախսերի կատարման համար 1999 թվականին մատակարարվելիք մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի դիմաց (ներառյալ կորուստները) սահմանել մեկ դրամ 50 լումայից ոչ ավելի.
բ) Հայաստանի Հանրապետության` ոռոգման ջրի համեմատաբար ոչ մեջ պահանջ ունեցող և նույն ջրանցքի ոռոգման համակարգերից օգտվող համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին` միավորվել` ելնելով ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի առավել արդյունավետ շահագործման նպատակահարմարությունից.
գ) Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին` մինչև 1999 թվականի ոռոգման ջրային սկիզբը պայմանագրային հիմունքներով ապահովել ոռոգման ներտնտեսային (ներհամայնքային) և մյուս ջրատնտեսական օբյեկտների անհատույց օգտագործման հանձնումը Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) միջնորդներ ձեռնարկել մինչև 1999 թվականի ոռոգման շրջանի սկիզբը Հայաստանի Հանրապետության` ոռոգում իրականացնող այն բոլոր համայնքներում, որոնցում դեռևս ստեղծված չեն ջրօգտագործողների սպառողական ընկերություններ և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, վերջիններիս ստեղծման համար.
բ) յուրաքանչյուր տարվա ոռոգման ջրային սկզբին, մինչև փետրվարի 1-ը` Արարատյան հարթավայրում, մինչև փետրվարի 15-ը` նախալեռնային գոտում, մինչև մարտի 1-ը լեռնային գոտում, ապահովել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ու Հայաստանի Հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների միջև պայմանագրերի կնքումն ու միջոցներ ձեռնարկել այդ պայմանագրերում նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովելու համար.
գ) նպաստել Հայաստանի Հանրապետության ոռոգման ջրի համեմատաբար ոչ մեծ պահանջ ունեցող և նույն ջրանցքի ոռոգման համակարգերից օգտվող համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների միավորման գործընթացին:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության համայնքներում ստեղծվող ու միավորվող ջրօգտագործողների սպառողական ընկերությունների և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների պետական գրանցումը:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին`
ա) մինչև ոռոգման ջրային սկիզբը ապահովել ոռոգման ջրի ստացման և հատկացման բոլոր կետերում ջրաչափական դիտակետերի վերանորոգումն ու նորերի կառուցումն ըստ գոտիների.
զ) միջոցներ ձեռնարկել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող հաշվապահական հաշվառման` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին անցումն ապահովելու համար:
(6-րդ կետը փոփ. 22.09.01 թիվ 890 որոշում)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 22.09.01 թիվ 890 որոշում)
i
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից: