(ուժը կորցրել է 27.04.06 թիվ 820-Ն որոշում)
i
040.0669.291098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 1998 թ. թիվ 669
i
ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «գ» ենթակետին և 17 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 29-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով վաճառքի ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 391 որոշումը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 669 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) (այսուհետև` մրցույթ) պետական գույքի մասնավորեցման կարգը:
2. Մրցույթով պետական գույքի վաճառքին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք) մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մրցույթի իրականացման նպատակով կարող է մրցույթի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներում ընդգրկել մասնագիտացված կազմակերպություններ:
4. Մրցույթը կարող է անցկացվել մրցույթի մասնակիցների նախնական որակավորումից հետո, որի պայմանները որոշում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` նախարարություն), եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
5. Պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցութային հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) չստեղծվելու դեպքում նախարարությունն ստեղծում է հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է նախարարության կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:
6. Հանձնաժողովն ապահովում է մրցույթի, դրա պայմանների և մասնավորեցվող օբյեկտի մասին տեղեկատվության հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Տեղեկատվությունը հրապարակվում է մրցույթի անցկացումից առնվազն 30 օր առաջ:
7. Հանձնաժողովը`
ա) նախապատրաստում է մրցույթը, ընդունում մրցութային առաջարկները, գնահատում դրանք, որոշում մրցույթի հաղթողին.
բ) իրավասու է`
փոփոխելու մրցույթի անցկացման ժամկետները.
ընդունելու որոշում մրցույթի նախապատրաստման և մինչև 10 մլն դրամի չափով կազմակերպման ծախսերի վերաբերյալ:
8. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, առանց մրցույթի մասնակիցների համաձայնության, ենթակա չեն հայտարարման:
9. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է (են) մասնավորեցվող օբյեկտի պետական բաժնեմասը տնօրինող պետական կառավարման մարմնի (մարմինների) ներկայացուցիչը (ներկայացուցիչները):
10. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ
11. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածով սահմանված մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք մրցույթի մասին հրապարակված տեղեկատվության մեջ նշված ժամկետում հանձնաժողովին են ներկայացրել մրցութային առաջարկ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտ (ձևը սահմանում է նախարարությունը).
բ) գրավոր առաջարկ մրցույթի հաղթողին որոշելու պայմանների վերաբերյալ.
գ) մրցույթի նախավճարի կատարման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթերի պատճենները.
դ) գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մրցույթի մասնակիցների համար.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լիազորագիր` մրցույթի մասնակից ընկերության (ձեռնարկության) կամ քաղաքացիների խմբի կողմից լիազորված անձի համար.
զ) գործարար ծրագիր:
12. Մրցույթի մասնակիցների ներկայացրած մրցութային առաջարկները քննարկվում են մրցույթի անցկացման օրը և ժամին` հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովն ստուգում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և կազմում արձանագրություն, որում գրանցվում են բոլոր մրցութային առաջարկները, և դրանց համապատասխանությունը մրցույթի պահանջներին: Համապատասխանության դեպքում մրցութային առաջարկ ներկայացրած սուբյեկտը ձեռք է բերում մրցույթի մասնակցի կարգավիճակ, իսկ անհամապատասխանության դեպքում մրցույթի մասնակցի կարգավիճակ չի տրվում, և մրցութային առաջարկը հանվում է հետագա քննարկումից` համապատասխան նշում կատարելով արձանագրության մեջ:
13. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի ներկայացրած մրցութային առաջարկն առավելագույն չափով է բավարարում մրցույթի պայմանները:
14. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
ա) հանձնաժողովը սահմանված ժամկետում ոչ մի մրցութային առաջարկ չի ստացել.
բ) ստացված բոլոր մրցութային առաջարկները չեն համապատասխանում մրցույթի անցկացման պահանջներին.
գ) մրցույթը դադարեցվում է առանց մրցույթի հաղթողին որոշելու.
դ) մրցույթի հաղթողը հրաժարվում է իր մրցութային առաջարկում նշված պարտավորությունների հետագա կատարումից.
ե) մրցույթն անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով:
IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
15. Նախարարությունը, համաձայն` մասնավորեցման պայմանագրով նախատեսված ժամկետների կամ տարեկան առնվազն մեկ անգամ, ստուգում է մրցութային պարտավորությունների կատարման ընթացքը և դրա արդյունքների մասին կազմում արձանագրություն:
16. Խախտումներ արձանագրվելու դեպքում մրցույթի հաղթողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: