040.0358.110407
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2007 թվականի N 358-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԻՋԵՑՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 1-ի
N 358-Ն որոշման
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԻՋԵՑՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը բխում է պետական դրոշների նկատմամբ միջազգայնորեն կիրառվող սկզբունքներից: Այն ներառում է պետական դրոշների հետ վարվելու ավանդական կանոնները, ինչպես նաև բովանդակում է գործածման համար սահմանված արգելքները:
2. Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում և իջեցվում է հանդիսավորությամբ: Իջեցվելիս դրոշը չպետք է դիպչի գետնին կամ որևէ այլ առարկայի` բացառությամբ ձեռքերի:
3. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է միշտ բարձրացվի առաջինը, իսկ իջեցվի` վերջինը:
4. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է բարձրացված լինի լուսաբացից մինչև մայրամուտ, համապատասխան լուսավորության դեպքում դրոշը կարող է բարձրացված մնալ նաև գիշերային ժամերին:
5. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և իջեցման ժամանակ բոլորը հոտնկայս` դեմքով շրջված են դեպի դրոշը:
6. Հայաստանի Հանրապետության դրոշը փոխանցվում է հանդիսավորությամբ, ձեռքից ձեռք` Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո: Փոխանցման ժամանակ դրոշը պետք է լինի մոտավորապես 75 աստիճան անկյան տակ: