040.1941.200307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1941-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման այլ դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1941-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը կարող է գործածվել`
1) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` տոներին կազմակերպվող հանդիսությունների և հիշատակի օրերին անցկացվող հանրահավաքների, երթերի, ժողովների և այլ միջոցառումների ժամանակ.
2) պետական միջոցառումների գովազդի ժամանակ` ազդագրերում, հոլովակներում, վահանակների լուսատախտակների վրա և զանգվածային լրատվության միջոցներով` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
3) միջազգային և հանրապետական նշանակության հավաքների, համաժողովների, մրցաշարերի, ինչպես նաև հուշամրցաշարերի և այլ միջոցառումների ժամանակ.
4) Հայաստանի Հանրապետության պետական և պաշտոնական միջոցառումների ժամանակ` կրծքանշաններ, հուշանվերներ, վերնաշապիկներ, մարզական համազգեստներ պատրաստելիս.
5) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին ամրացված տախտակների, տեղեկատու բուկլետների և ուղեցույցների վրա.
6) բարձրագույն կրթական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, անկախ սեփականության ձևից, «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` օրհներգի կատարման ժամանակ.
7) բոլոր հեռուստաընկերություններում, անկախ սեփականության ձևից, «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` օրհներգի կատարման ժամանակ.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը չի կարող գործածվել`
1) զինվորական, ոստիկանական, ազգային անվտանգության ծառայողների և այլ պետական ծառայողների համազգեստ հիշեցնող հագուստի և դրանց պարագաների վրա, որոնք նմանության պատճառով կարող են շփոթություն առաջացնել.
2) կնիքների, ձևաթղթերի, փաստաթղթերի վրա` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
3) ոչ պետական մարմինների գովազդային ազդագրերում, հոլովակներում և վահանակների վրա: