Սեղմել Esc փակելու համար:
ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՆՈՐՄԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՀՍԿՄԱՆ ՄԵ ...

07.10.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   07.10.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 14.09.17 թիվ 1120-Ն որոշում)

i

040.0067.030207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2007 թվականի N 67-Ն

 

i

ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՀՍԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 419-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հունվարի 11-ի

N 67-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՀՍԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանվում են մթնոլորտ արտանետումների դասակարգումն ըստ կազմի և մթնոլորտն աղտոտող աղբյուրներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումները, հաշվարկման և հսկման մեթոդները:

2. Սույն տեխնիկական կանոնակարգը կիրառվում է արտադրական կազմակերպություններից, ավտոտրանսպորտային միջոցներից, քաղաքացիական ավիացիայի օդանավերից թռիչքի և վայրէջքի ժամանակ մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի բնութագրման և գնահատման ժամանակ:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում`

ա) օդանավերի արտանետումների վրա` դրանց թռիչքի և վայրէջքի ցիկլերից դուրս.

բ) թռիչքային ռեժիմում 26,7 կՆ-ից պակաս քարշուժով տուրբառեակտիվ շարժիչների վրա` չայրված ածխաջրածինների, ածխածնի օքսիդի և ազոտի օքսիդների արտանետումների մասով.

գ) տուրբապտուտակային շարժիչների վրա` մրի, չայրված ածխաջրածինների, ածխածնի օքսիդի և ազոտի օքսիդների արտանետումների մասով.

դ) օզոնի մակարդակների հաշվարկման վրա` մթնոլորտի գետնամերձ շերտերում,

ե) ճառագայթաակտիվ և կենսաբանական (ճառագայթաակտիվ փոշի, բարդ կենսաբանական համալիրներ, մանրէներ, բակտերիաներ) նյութեր պարունակող արտանետումների վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

արտանետումներ մթնոլորտ` աղտոտման աղբյուրներից մթնոլորտ արտանետվող նյութեր (գազեր, աերոզոլեր և պինդ մասնիկներ), օրինակ` ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների, ծծմբի երկօքսիդի կամ պինդ մասնիկների հետ օդի ցանկացած խառնուրդ,

աղտոտող նյութ` մթնոլորտում առկա ցանկացած նյութ, որը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Աղտոտող նյութերը կարող են ներառել բնական կամ սինթետիկ ցնդող նյութերի գործնականում ցանկացած համակցություն և գոյություն ունենալ պինդ մասնիկների, հեղուկների կաթիլների (աերոզոլերի), գազերի, ինչպես նաև դրանց խառնուրդների ձևով,

սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ, մգ/մ3)` նյութերի այն առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաներն են, որոնց դեպքում նյութերն ուղղակիորեն կամ միջնորդված ձևով ներգործելիս բացասական ազդեցություն չեն գործում մարդու առողջության (ամբողջ կյանքի ընթացքում ազդելու դեպքում) և շրջակա միջավայրի վրա,

սահմանային թույլատրելի արտանետումներ (ՍԹԱ)` թույլատրելի արտանետումների քանակություններ (գ/վ), որոնց դեպքում աղտոտման աղբյուրից կամ դրանց խմբից արտանետվող աղտոտող նյութերի գետնամերձ կոնցենտրացիաները չեն գերազանցում սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները,

ֆոնային կոնցենտրացիա` մթնոլորտն աղտոտող նյութերի կոնցենտրացիա (մգ/մ3), որն ստեղծվում է տվյալ վայրի բոլոր աղբյուրներից` բացառությամբ դիտարկվողի,

անընդմեջ արտանետումներ` աղտոտող նյութերի թույլատրված արտանետումներ շրջակա միջավայր, որոնք տեղի են ունենում անընդմեջ, բացառությամբ տեխնիկական սպասարկում անցկացնելու, սարքավորումների շահագործումը դադարեցնելու, արտադրական գործընթացներում փոփոխություններ կատարելու համար և այլ դեպքերում կատարվող հազվադեպ դադարը,

միանվագ փորձանմուշ` 20-30 րոպեի ընթացքում վերցվող օդի փորձանմուշ,

միջին օրական փորձանմուշ` օրվա ընթացքում հավասար ժամանակահատվածներից հետո 20-30 րոպեի ընթացքում 4 անգամից ոչ պակաս վերցվող օդի փորձանմուշ,

անընդհատ փորձանմուշ` 24 ժամվա ընթացքում անընդհատ վերցվող օդի փորձանմուշ,

դիտակետ` վայր կամ տեղ, որտեղ կատարվում է նմուշառում և կարող են իրականացվել չափումներ,

մթնոլորտի աղտոտման աղբյուր` մթնոլորտն աղտոտող նյութեր արտանետող օբյեկտ,

անշարժ դիտակետ` մթնոլորտն աղտոտող նյութերի կոնցենտրացիաներն անընդհատ և երկարատև ժամանակահատվածում գրանցման, նմուշառման ու օդերևութաբանական պարամետրերի չափման սարքերով հատուկ սարքավորված տաղավարի տեղադրման վայր,

հիմնական դիտակետ` մթնոլորտն աղտոտող նյութերի անշարժ դիտակետ, որտեղ կատարված դիտարկումների տվյալներն օգտագործվում են մթնոլորտի աղտոտման տարեկան և բազմամյա մակարդակների գնահատման համար,

երթուղային դիտակետ` վայր որոշակի երթուղում (նյութերի տարածման ուղու վրա), որը նախատեսված է շարժական ապարատների կամ լաբորատորիայի միջոցով օդի նմուշառման համար,

ենթաջահային (սկզբնաղբյուրային) դիտակետ` սահմանված ծրագրով մթնոլորտն աղտոտող աղբյուրի ջահի տակից (սկզբնաղբյուրից) նմուշառման տեղ,

միանգամյա կոնցենտրացիա` մթնոլորտում աղտոտող նյութերի կոնցենտրացիա, որն որոշվում է 20-30 րոպեի ընթացքում վերցված օդի փորձանմուշում,

կազմակերպված արտանետում` հատուկ սարքավորված գազափողրակներից (ծխահան խողովակ, օդափոխման հորան, աերացիոն լուսանցք և այլն) գազանցքերից, օդանցքներից և խողովակներից կատարվող ուղղորդված արտանետում,

անկազմակերպ արտանետում` նյութերի բեռնավորման (լիցքավորման), բեռնաթափման կամ պահման վայրերում սարքավորումների հերմետիկության խախտման, գազի արտածծման (արտամղման) սարքավորումների բացակայության կամ դրանց անբավարար աշխատանքի հետևանքով կատարվող արտանետում` չուղղորդված հոսքերի տեսքով,

գետնամերձ կոնցենտրացիա` մթնոլորտն աղտոտող նյութերի կոնցենտրացիա` չափված գետնի մակերևույթից 1,5-2,5 մետր բարձրության վրա:

 

III. ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԿԱԶՄԻ

 

5. Աղտոտման աղբյուրներից մթնոլորտ արտանետումները բնութագրվում են հետևյալ 4 հատկանիշով և դասակարգվում են`

ա) ըստ ագրեգատային վիճակի`

գազանման (A),

հեղուկ (աերոզոլ) (K),

պինդ (T).

բ) ըստ քիմիական բաղադրության`

ծծմբային անհիդրիդ (01),

ածխածնի օքսիդ (02),

ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի` NO2) (03).

ֆտոր և դրա միացությունները (վերահաշված ըստ ֆտոր իոնի) (04),

ծծմբաջրածին (05),

ծծմբածխածին (06),

քլոր (07),

կապտաթթու և ցիանիդներ (վերահաշված ըստ ցիանի) (08),

սնդիկ և դրա միացությունները (09),

ամոնիակ (10),

արսեն և դրա միացությունները (11),

ածխաջրածիններ` գումարային (12),

սահմանային ածխաջրածիններ (13),

ոչ սահմանային ածխաջրածիններ (14),

արոմատիկ ածխաջրածիններ (15),

թթվածին պարունակող օրգանական միացություններ (16),

ազոտ պարունակող օրգանական միացություններ (17),

ֆենոլ (18),

խեժանման նյութեր (19),

թթուներ (20),

ալկալիներ (21),

կապար և դրա միացությունները (վերահաշված ըստ կապարի) (22),

մուր (պինդ մասնիկներ) (23),

մետաղներ և դրանց միացությունները (24),

փոշի (25),

այլ (26).

գ) ըստ մասնիկների չափերի`

0,5 գ 10(-6) M-ից (0,5 մկմ) պակաս (1),

0,5 գ 10(-6) (0,5 մկմ) մինչև 3 գ 10(-6) M (3,0 մկմ) ներառյալ (2),

0,3 գ 10(-6) (0,3 մկմ) մինչև 10 գ 10(-6) M (10 մկմ) ներառյալ (3),

10 գ 10(-10) (10 մկմ) մինչև 50 գ 10(-6) M (50 մկմ) ներառյալ (4),

50 գ 10(-6) M-ից (50 մկմ) ավելի (5).

դ) ըստ նյութերի զանգվածի`

1 կգ/ժ-ից պակաս (1),

1 կգ/ժ-ից մինչև 10 կգ/ժ ներառյալ (2),

10 կգ/ժ-ից մինչև 100 կգ/ժ ներառյալ (3),

100 կգ/ժ-ից մինչև 1000 կգ/ժ ներառյալ (4),

1000 կգ/ժ-ից մինչև 10000 կգ/ժ ներառյալ (5),

10000 կգ/ժ-ից ավելի:

6. Արտանետումների կազմը պետք է նշել արտանետումների պայմանական նշագրով, որի կառուցվածքը պետք է արտահայտի արտանետվող նյութի ագրեգատային վիճակը, նյութը, մասնիկների չափերը, նյութի զանգվածը և պետք է կազմված լինի ագրեգատային վիճակի տառային, նյութի, մասնիկների չափերի, նյութի զանգվածի թվանշանային դասիչներից:

Որևէ դասիչի բացակայության դեպքում դրվում է 0:

Օրինակներ`

ա) 70 կգ/ժ զանգվածով և 0,5-3 մկմ չափերի մասնիկներով ալկալի պարունակող հեղուկ նյութի արտանետման պայմանական նշագիրը կլինի` K.21.2.3.

բ) 60 կգ/ժ զանգվածով ածխածնի օքսիդի և 5 կգ/ժ զանգվածով արոմատիկ ածխաջրածինների գոլորշիների խառնուրդից կազմված արտանետման պայմանական նշագիրը կլինի` A.02.0.3.A.15.0.2.

գ) 2000 կգ/ժ զանգվածով ծծմբային անհիդրիդից, 0,5-3 մկմ չափերի մասնիկներով և 50 կգ/ժ զանգվածով թթվից, 1 մկմ չափերի մասնիկներով և 60 կգ/ժ զանգվածով մրից կազմված արտանետման պայմանական նշագիրը կլինի` A.01.0.5.K.20.2.3.T.23.2.3:

 

IV. ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՆԵՏՎՈՂ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

7. Գործող և նախագծվող կազմակերպությունները պետք է կանոնակարգեն վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումները` կախված տվյալ արտադրության առանձնահատկություններից:

8. Վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումները պետք է սահմանվեն մթնոլորտն աղտոտող յուրաքանչյուր աղբյուրի համար, այնպես, որ տվյալ աղբյուրից և բնակավայրի այլ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումները համատեղ (միասին վերցրած) չստեղծեն մարդկանց, շրջակա միջավայրի համար սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցող գետնամերձ կոնցենտրացիաներ:

Մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) և Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ:

9. Եթե բնակավայրերի մթնոլորտային օդում արտանետվող վնասակար նյութերի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ ՍԹԱ-ի նորմերին տվյալ ժամանակում օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ հասնել, ապա թույլատրվում է գործող կազմակերպություններից վնասակար նյութերի արտանետումների նվազեցում փուլ առ փուլ` մինչև վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանումն ապահովող նորմերին հասնելը կամ մինչև արտանետումների լրիվ կանխումը:

10. ՍԹԱ-ները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների և արտանետումներ կատարելու թույլտվություններ տալու մասին» N 192 որոշման համաձայն: ՍԹԱ-ն սահմանելու ժամանակ պետք է հաշվի առնել կազմակերպությունների զարգացման հեռանկարները, տեղանքի ֆիզիկաաշխարհագրական և եղանակային պայմանները, արտադրական հրապարակների և գործող ու նախատեսվող բնակելի կառույցների, հանգստյան գոտիների տեղաբախշումը, մթնոլորտում վնասակար նյութերի ցրումը, արտադրական հրապարակների և շինարարական տարածքների փոխդասավորությունը:

11. Վնասակար նյութերի կազմակերպված և անկազմակերպ արտանետումների կանխարգելման և առավելագույն նվազեցման համար պետք է կիրառել առավել ժամանակակից տեխնոլոգիաներ, մաքրման (որսման) եղանակներ և տեխնիկական այլ միջոցներ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված ՍՆ 245-71 արդյունաբերական կազմակերպությունների նախագծման սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան:

Մթնոլորտում վնասակար նյութերի ցրման ապահովումն արտանետումների աղբյուրների բարձրությունը մեծացնելու միջոցով թույլատրվում է միայն վնասակար նյութերի արտանետումների նվազեցման ուղղությամբ գոյություն ունեցող բոլոր ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումից հետո:

12. ՍԹԱ-ն սահմանում են մթնոլորտն աղտոտող յուրաքանչյուր աղբյուրի համար: Անկազմակերպ արտանետումների և մանր եզակի աղբյուրների (օդափոխման արտանետումներ արտադրական մեկ շինությունից, շինության մեջ կամ բաց օդում տեղադրված մեկ կայանքից, ծխնելույզներից, օդափոխիչ խողովակներից, օդափոխիչ հորերից և այլն) խմբի համար պետք է սահմանել գումարային ՍԹԱ: Մթնոլորտում աղտոտող առանձին աղբյուրների ՍԹԱ-ի գումարման արդյունքում սահմանվում են կազմակերպությունների կամ օբյեկտների և ընդհանուր առմամբ դրանց համալիրների ՍԹԱ:

13. ՍԹԱ-ն վերանայվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով հաստատված կարգով սահմանված պարբերականությամբ:

14. Մթնոլորտի աղտոտման աղբյուրների համար ՍԹԱ-ի սահմանման ժամանակ մթնոլորտային օդի որակի հիմնական չափանիշներ են հանդիսանում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները` պահպանելով հետևյալ հարաբերակցությունը`

 

C/ՍԹԿ

 

որտեղ C-ն` վնասակար նյութի հաշվարկային կոնցենտրացիան է օդի գետնամերձ շերտում:

15. Մթնոլորտում մի քանի (n թվով) վնասակար նյութերի առկայության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց զուգակցության գումարային վնասակար ազդեցությունը` պահպանելով հետևյալ հարաբերակցությունը`

 

C1/ՍԹԿ1 + C2/ՍԹԿ2 +..... + Cn/ՍԹԿn

 

որտեղ`

C1, C2,......., Cn-ը` մթնոլորտում վնասակար նյութերի փաստացի կոնցենտրացիաներն են,

ՍԹԿ1, ՍԹԿ2,......... ՍԹԿn-ը` մթնոլորտում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներն են:

Գումարային վնասակար ազդեցությամբ օժտված են նշված նյութերի զուգակցությունները`

ածխածնի օքսիդ, ազոտի երկօքսիդ, ֆորմալդեհիդ և հեքսան,

ածխածնի օքսիդ և ցեմենտի արտադրության փոշի,

արսենային անհիդրիդ և գերմանիում,

արսենային անհիդրիդ և կապարի ացետատ,

ացետոն, ակրոլեին, ֆտալային անհիդրիդ,

ացետոն և ֆենոլ,

ացետոն և ացետոֆենոն,

ացետոն, ֆուրֆուրոլ, ֆորմալդեհիդ և ֆենոլ,

ացետալդեհիդ և վինիլացետատ,

բենզոլ և ացետոֆենոն,

2,3 դիքլոր - 1,4 նավթոքինոն և 1,4 նավթոքինոն,

1,2 - դիքլորպրոպան, 1,2,3 -եռաքլորպրոպան և քառաքլորէթիլեն,

իզոպրոպիլբենզոլ և իզոպրոպիլբենզոլի հիդրոպերօքսիդ,

իզոբութիլենկարբինոլ և դիմեթիլվինիլկարբինոլ,

ծծմբական և ծծմբային անհիդրիդ, ամոնիակ, ազոտի օքսիդներ,

ծծմբային անհիդրիդ, ածխածնի օքսիդ, ազոտի երկօքսիդ և ֆենոլ,

ծծմբային անհիդրիդ և ֆենոլ,

ծծմբային անհիդրիդ և ազոտի երկօքսիդ,

ծծմբային անհիդրիդ և ֆտորաջրածին,

ծծմբային անհիդրիդ և ծծմբական թթվի աերոզոլ,

ծծմբային անհիդրիդ և ծծմբաջրածին,

ծծմբային անհիդրիդ և մետաղական նիկել,

ծծմբային անհիդրիդ, ածխածնի օքսիդ, ֆենոլ և

կոնվերտորային արտադրության փոշի,

ծծմբաջրածին և դինիլ,

էթիլեն, պրոպիլեն, բութիլեն և ամիլեն,

հեքսաքլորան և ֆազոլոն,

պրոպիոնաթթու և պրոպիոնային ալդեհիդ,

վալերիանաթթու, կապրոնաթթու և կարագաթթու,

վանադիումի հնգօքսիդի և ծծմբային անհիդրիդի աերոզոլ,

վանադիումի հնգօքսիդի և քրոմի եռօքսիդի աերոզոլ,

վոլֆրամի և ծծմբային անհիդրիդներ,

ցիկլոհեքսան և բենզոլ,

ուժեղ հանքային թթուներ (ծծմբական թթու, աղաթթու և ազոտական թթու),

քացախաթթու և քացախանհիդրիդ,

օզոն, ազոտի երկօքսիդ և ֆորմալդեհիդ,

ֆենոլ և ացետոֆենոն,

ֆուրֆուրոլ, մեթանոլ և էթանոլ:

16. ՍԹԱ-ի սահմանման դեպքում պետք է հաշվի առնել հաշվարկային կամ չափման եղանակներով որոշված այլ աղբյուրներից (այդ թվում` ավտոտրանսպորտից) օդում վնասակար նյութերի ֆոնային կոնցենտրացիաների արժեքները Cֆ(մգ/մ3): Այդ դեպքում պետք է ապահովել հետևյալ հարաբերակցությունը`

մի քանի նյութերի վնասակար ազդեցության զուգակցության գումարային արդյունքը հաշվի առնելու դեպքում յուրաքանչյուր վնասակար նյութի համար առանձին ֆոնային կոնցենտրացիայի արժեքը (Cֆ) որոշվում է նույն ձևով, ինչպես մեկ վնասակար նյութի դեպքում:

C+Cֆ/ՍԹԿ

 

17. Ամառանոցներում, հանգստյան տներում, սանատորիաներում և հանգստյան գոտիներում պետք է պահպանել հետևյալ հարաբերակցությունները`

 

C/ՍԹԿ

 

18. Վնասակար նյութերի ՍԹԱ-ի ֆոնային կոնցենտրացիաների նորմերը պետք է սահմանվեն նույն միջին ժամանակահատվածի համար, որում սահմանված են ՍԹԱ-ները:

 

V. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

19. Ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտ արտանետումների կազմի նորմերը և չափման մեթոդները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 965-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔԻ ԵՎ ՎԱՅՐԷՋՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

20. Քաղաքացիական ավիացիայի մինչձայնային արագությամբ օդանավերի գազատուրբինային շարժիչներից բանած գազերի` ծխայնության, չայրված ածխաջրածինների, ածխածնի օքսիդի և ազոտի օքսիդների արտանետումների նորմերը նշված են 1-ին աղյուսակում:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

| Աղտոտող նյութը                 | Աղտոտող նյութի  |       Նորմը          |

|                                | արտանետման      |                      |

|                                | բնութագիրը      |                      |

|________________________________|_________________|______________________|

|Պինդ մասնիկներ,                 |Արտանետման       |83,6 (R թռիչք)(-2,74),|

|հիմնականում մուր (ծխայնություն) |պարամետրը (D)    |այն շարժիչների համար, |

|                                |                 |որոնց R թռիչք>6,53 կՆ |

|                                |                 |______________________|

|                                |                 |50, այն շարժիչների    |

|                                |                 |համար, որոնց          |

|                                |                 |Rթռիչք

|________________________________|_________________|______________________|

|Չայրված ածխաջրածիններ (CmHn)    |Տեսակարար        |19,6                  |

|________________________________|արտանետումը (աj),|______________________|

|Ածխածնի օքսիդ (CO)              |գ/կՆ             |118                   |

|________________________________|                 |______________________|

|Ազոտի օքսիդներ (NOx)            |                 |40+2p                 |

._________________________________________________________________________.

 

1-ին աղյուսակում օգտագործված`

Rթռիչք-ը` թռիչքի ռեժիմում հաշվարկային քարշուժն է տվյալ տիպի շարժիչների համար` ստատիկ պայմաններում միջազգային ստանդարտ մթնոլորտի (ՄՍՄ) դեպքում ծովի մակարդակի վրա, առանց ջրի ներցայտման, կՆ,

p-ն` թռիչքի ռեժիմում ճնշման բարձրացման աստիճանն է:

21. Աղտոտող նյութերի տեսակարար արտանետումները պետք է հաշվարկել հետևյալ բանաձևով`

աj =Mj/Rթռիչք,

 

որտեղ` Mj- ն` nj աղտոտող նյութի զանգվածն է, որն արտանետվում է շարժիչից` թռիչքավայրէջքային գործընթացների պայմանական ցիկլում:

 

VII. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՕԴԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

22. Արտանետումների հսկման համար պետք է նախատեսվի դիտակետի 3 կատեգորիա` անշարժ, երթուղային և ենթաջահային (սկզբնաղբյուրային):

Անշարժ դիտակետերը պետք է ապահովեն աղտոտող նյութերի պարունակության անընդհատ գրանցում կամ օդից նմուշառում` հետագա վերլուծությունների համար: Անշարժ դիտակետերից պետք է առանձնացվեն հիմնական դիտակետերը, որոնք պետք է նախատեսված լինեն հիմնական և առավել տարածված աղտոտող նյութերի պարունակությունների երկարաժամկետ փոփոխությունների հայտնաբերման համար:

Երթուղային դիտակետերը պետք է նախատեսված լինեն շարժական սարքավորումների միջոցով կատարվող դիտարկումների ժամանակ տեղանքի որոշակի սահմանված (ֆիքսված) տեղում օդի նմուշառման համար:

Ենթաջահային (սկզբնաղբյուրային) դիտակետերը պետք է նախատեսված լինեն ջահի տակից օդի նմուշառման համար` տվյալ աղտոտող աղբյուրի ազդեցության գոտին որոշելու նպատակով:

 

VIII. ԴԻՏԱԿԵՏԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

23. Անկախ դիտակետի կատեգորիայից` այն պետք է տեղադրված լինի որոշվող խառնուրդների առավելագույն կոնցենտրացիաներ ունեցող (նախնական հետազոտությունների հիման վրա ընտրված), բաց, բոլոր կողմերից օդափոխվող, չփոշոտվող պատվածքով (ասֆալտ, ամուր գրունտ, մարգասեզ) տարածքում այնպես, որպեսզի կանաչապատումների, շենքերի և այլնի առկայությամբ բացառվեն չափումների անճշտությունները:

24. Անշարժ և երթուղային դիտակետերը պետք է տեղադրված լինեն արտադրական արտանետումներից, ավտոտրանսպորտային միջոցներից, կենցաղային և այլ աղբյուրների արտանետումներից բնակավայրի օդի աղտոտվածության և դրանց ցրման պայմանների նախնական ուսումնասիրությունների հիման վրա ընտրված տեղերում:

Այդ դիտակետերը պետք է տեղադրված լինեն բնակավայրերի կենտրոնական մասերում, կառուցապատվող բնակեցված շրջաններում (առաջին հերթին առավել աղտոտված), հանգստի գոտիներում, տրանսպորտային միջոցների ծանրաբեռնված երթևեկությամբ մայրուղիներին հարող տարածքներում` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների հետ:

25. Չի թույլատրվում հիմնական դիտակետերի տեղափոխումն առանց նախնական համաձայնեցման այդ բնագավառում կառավարումն իրականացնող պետական լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների հետ:

26. Ենթաջահային դիտարկումների դեպքում նմուշառման տեղերը պետք է ընտրել աղտոտման կոնկրետ աղբյուրից տարբեր հեռավորությունների վրա` հաշվի առնելով մթնոլորտում աղտոտող նյութերի ցրման օրինաչափությունները:

27. Դիտակետերի քանակությունը և տեղադրումը որոշելու ժամանակ պետք է հաշվի առնել բնակչության թիվը, բնակավայրի մակերեսը և տեղանքի ռելիեֆը, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտների առկայությունը, տրանսպորտի երթևեկությամբ ծանրաբեռնված մայրուղիները և դրանց բաշխումը բնակավայրի տարածքում, հանգստի և ամառանոցային գոտիների առկայությունը:

28. Անշարժ դիտակետերի թիվը, կախված բնակչության թվից, պետք է լինի ոչ պակաս`

1 դիտակետ` մինչև 50 հազար բնակչի դեպքում,

2 դիտակետ` մինչև 100 հազար բնակչի դեպքում,

2,3 դիտակետ` 100-200 հազար բնակչի դեպքում,

3-5 դիտակետ` 200-500 հազար բնակչի դեպքում,

5-10 դիտակետ` 500 հազարից ավելի բնակչի դեպքում,

10-20 դիտակետ (անշարժ և երթուղային)` 1 մլն-ից ավելի բնակչի դեպքում:

29. Կախված բնակավայրի ռելիեֆի բարդությունից և աղտոտման աղբյուրների առկայության քանակությունից` բնակավայրերում յուրաքանչյուր 0,5-5,0 կիլոմետր հեռավորության վրա պետք է տեղադրվի մեկ անշարժ կամ երթուղային դիտակետ:

 

IX. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

30. Անշարժ դիտակետերում դիտարկումները պետք է իրականացվեն` լրիվ, ոչ լրիվ, կրճատված, օրական, լրացուցիչ (օդերևութաբանական ոչ բարենպաստ ժամանակաշրջանում) ծրագրով:

31. Դիտարկումների լրիվ ծրագիրը նախատեսվում է միանգամյա կամ միջին օրական կոնցենտրացիաների վերաբերյալ տեղեկությունների ստացման համար: Լրիվ ծրագրով դիտարկումները պետք է կատարվեն ամեն օր` ավտոմատ սարքերի միջոցով անընդհատ գրանցմամբ, կամ ընդհատումներով` յուրաքանչյուր հավասար ժամանակահատվածից հետո, 4 անգամից ոչ պակաս, պարտադիր նմուշառմամբ` ժամը 1.00-ին, 7.00-ին, 13.00-ին և 19.00-ին: Թույլատրվում է դիտարկումները կատարել սահուն ժամանակացույցով` երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին` ժամը 7.00-ին, 10.00-ին և 13.00-ին և երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 16.00-ին, 19.00-ին և 22.00-ին:

32. Ոչ լրիվ ծրագրով դիտարկումները կատարվում են միանգամյա կոնցենտրացիաների վերաբերյալ տեղեկությունների ստացման նպատակով ամեն օր` ժամը 7.00-ին, 13.00-ին և 19.00-ին:

33. Կրճատված ծրագրով դիտարկումները պետք է կատարվեն միանգամյա կոնցենտրացիաների վերաբերյալ տեղեկությունների ստացման նպատակով ամեն օր` ժամը 7.00-ին և 13.00-ին:

34. Օրական նմուշառման ծրագիրը նախատեսված է միջին օրական կոնցենտրացիաների վերաբերյալ տեղեկությունների ստացման համար: Այդ ծրագրով դիտարկումները պետք է կատարել անընդհատ` օրական նմուշառմամբ:

35. Օդերևութաբանական ոչ բարենպաստ ժամանակաշրջանում, արտակարգ իրավիճակներում և աղտոտող նյութերի պարունակությունների նշանակալի մեծացման դեպքում դիտարկումները պետք է կատարել յուրաքանչյուր 3 ժամից հետո: Նմուշառումը պետք է կատարել աղտոտման հիմնական աղբյուրների ջահի տակ և բնակավայրի ամենախիտ բնակեցված հատվածում:

36. Օդի նմուշառման հետ միաժամանակ պետք է որոշել նաև քամու ուղղությունը և արագությունը, օդի ջերմաստիճանը, եղանակի և ռելիեֆի վիճակը:

Առանձին դիտակետերում թույլատրվում է դիտարկումների ժամկետների տեղաշարժ` 1 ժամով:

37. Հիմնական անշարժ դիտակետերում պետք է կատարվեն հիմնական աղտոտող նյութերի` փոշու, ծծմբային անհիդրիդի, ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների (երկօքսիդի հաշվարկով) և տվյալ բնակավայրի արդյունաբերական արտանետումների համար բնորոշ առանձնահատուկ նյութերի պարունակությունների դիտարկումներ:

38. Անշարժ (ոչ հիմնական) դիտակետերում պետք է կատարել առանձնահատուկ աղտոտող նյութերի դիտարկումներ, իսկ հիմնական աղտոտող նյութերի դիտարկումները թույլատրվում է կատարել կրճատված ծրագրով կամ չկատարել, եթե այդ նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները մեկ տարվա ընթացքում չեն գերազանցում միջին ամսական սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի կես չափը:

39. Յուրաքանչյուր անշարժ դիտակետում վերահսկման ենթակա նյութերի ցանկը տվյալ բնակավայրում պետք է սահմանվի Հայաստանի Հանրապետության այդ բնագավառում կառավարումն իրականացնող պետական լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից և համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների հետ:

40. Երթուղային դիտակետերում պետք է կատարվեն հիմնական աղտոտող նյութերի և տվյալ բնակավայրի արդյունաբերական արտանետումները բնութագրող առանձնահատուկ նյութերի դիտարկումներ:

41. Ենթաջահային (սկզբնաղբյուրային) դիտակետերում պետք է կատարվեն տվյալ կազմակերպության արտանետումները բնութագրող նյութերի դիտարկումներ:

42. Պատահական դիտարկումները պետք է կատարվեն կանոնավոր իրականացվող ծրագրի անհրաժեշտ նվազագույնն ընդգրկող մասով:

 

X. ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

43. Աղտոտող նյութերի միանգամյա կոնցենտրացիայի որոշման համար նմուշառման տևողությունը պետք է կազմի 20-30 րոպե:

44. Ընդհատուն դիտարկումների ժամանակ աղտոտող նյութերի միջին օրական կոնցենտրացիաների որոշման համար նմուշառման տևողությունը լրիվ ծրագրով պետք է կազմի 20-30 րոպե, իսկ անընդհատ նմուշառման դեպքում` 24 ժամ:

45. Մթնոլորտում խառնուրդների գետնամերձ կոնցենտրացիաների որոշման ժամանակ նմուշառումը պետք է կատարել գետնի մակերևույթից 1,5-2,5 մետր բարձրության վրա:

46. Նմուշառման եղանակներին և միջոցներին, անհրաժեշտ ռեակտիվներին, յուրաքանչյուր աղտոտող նյութի նմուշի համար առանձնահատուկ պահման և փոխադրման պայմաններին ներկայացվող կոնկրետ պահանջները պետք է սահմանվեն աղտոտող նյութի որոշման նորմատիվ իրավական ակտերով կամ տեխնիկական փաստաթղթերով:

 

XI. ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

47. Մթնոլորտում աղտոտող նյութերի որոշման համար նախատեսված մեթոդը պետք է լինի ընտրողական` կախված մթնոլորտում մշտապես և ավելի հաճախ պարունակվող վնասակար նյութերի, օրինակ` ծծմբային անհիդրիդի (SO2), ամոնիակի (NH3), ածխածնի օքսիդի (CO), ծծմբաջրածնի (H2S), ազոտի օքսիդների (NOx), կախված մասնիկների, ինչպես նաև ածխածնի երկօքսիդի (CO2) ու ջրի և ուղեկցող նյութերի առկայությունից և պետք է ապահովի օդի վերցված նմուշում աղտոտող նյութի որոշումը, որի քանակությունը հավասար է 0,8 սահմանային թույլատրելի կոնցենտրացիային (0,8 ՍԹԿ) կամ ավելի պակաս է:

48. Մեթոդի սխալանքը կոնցենտրացիաների չափումների բոլոր միջակայքերում չպետք է գերազանցի +/- 25 տոկոսը:

49. Մեթոդը պետք է ապահովի տվյալ սխալանքով աղտոտող նյութի կոնցենտրացիայի որոշումը` 0,8-10 ՍԹԿ-ի սահմաններում:

 

XII. ՄԹՆՈԼՈՐՏԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

50. Մթնոլորտի աղտոտման տվյալներով պետք է որոշել աղտոտող նյութերի միանգամյա (20-30 րոպե տևողությամբ), միջին օրական, միջին ամսական, միջին տարեկան կոնցենտրացիաների մեծությունները:

Միջին օրական կոնցենտրացիան յուրաքանչյուր հավասար ժամանակահատվածից հետո, այդ թվում` նաև պարտադիր` ժամը 1.00-ին, 7.00-ին, 13.00-ին և 19.00-ին լրիվ ծրագրով միանգամյա կոնցենտրացիաների, ինչպես նաև օրվա ընթացքում անընդհատ գրանցվող տվյալներով ստացված կոնցենտրացիաների միջին թվաբանական մեծությունն է:

Միջին ամսական կոնցենտրացիան մեկ ամսվա ընթացքում ստացված բոլոր միանգամյա կամ միջին օրական կոնցենտրացիաների միջին թվաբանական մեծությունն է:

Միջին տարեկան կոնցենտրացիան մեկ տարվա ընթացքում ստացված միանգամյա կամ միջին օրական կոնցենտրացիաների միջին թվաբանական մեծությունն է:

 

XIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

51. Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերին և հսկման մեթոդներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

XIV. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

52. Մթնոլորտում պարունակվող նյութերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2007
N 67-Ն
Որոշում