040.1768.181206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1768-Ն
i
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2007 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 16-ի
N 1768-Ն որոշման
2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՓՄՁ-ի ոլորտը համարում է երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և շարունակական քայլեր ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ:
Որպես ՓՄՁ-ի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության տրամաբանական արդյունք` վերջին տարիներին արձանագրվեց ՓՄՁ-ի ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: Իրականացվող ծրագրերը նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը:
ՓՄՁ-ի ոլորտը Հայաստանում շարունակում է զարգանալ առաջանցիկ տեմպերով: Այն նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում. ըստ 2005 թվականի տվյալների` ՓՄՁ-ի ոլորտի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է շուրջ 40%:
Վերջին 3 տարվա ընթացքում ստեղծվել է ավելի քան 25000 ՓՄՁ-ի սուբյեկտ, իսկ միայն 2005 թվականի ընթացքում ստեղծվել է ավելի քան 9500 նոր ՓՄՁ-ի սուբյեկտ` ապահովելով շուրջ 23000 նոր աշխատատեղ:
Ըստ 2005 թվականի տվյալների` անհատ ձեռնարկատերերի և առևտրային իրավաբանական անձանց ընդհանուր թվաքանակում ՓՄՁ-ի սուբյեկտները կազմել են շուրջ 97% (ըստ 2005 թվականի տվյալների` ՓՄՁ-ի սուբյեկտների 48.3%-ը գրանցվել է Երևան քաղաքում, իսկ 51.7%-ը` Հայաստանի Հանրապետության մարզերում), ընդ որում, երկրի արտահանման ծավալում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշիռը կազմել է 16.4%, իսկ զբաղվածների ընդհանուր թվաքանակում ՓՄՁ-ի սուբյեկտներում աշխատողների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 34%:
Ավելացել է նաև ՓՄՁ-ի ոլորտում օտարերկրյա ներդրումների ծավալը: Ըստ 2005 թվականի տվյալների` ՓՄՁ-ի սուբյեկտներում ներգրավված օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռն օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալում կազմել է 9.2% (36.8 մլն ԱՄՆ-ի դոլար): Այս ցուցանիշը բացարձակ մեծությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել է 7.1 մլն ԱՄՆ-ի դոլարով:
Նշանակալի է ՓՄՁ-ի ոլորտի դերը նաև երկրի հարկաբյուջետային (ֆիսկալ) ցուցանիշների ձևավորման գործում. ըստ 2005 թվականի տվյալների` ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների տեսակարար կշիռն ընդհանուր բյուջետային եկամուտների մեջ կազմել է 27.9% (87.9 մլրդ դրամ), ինչը բացարձակ մեծությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 14.1 մլրդ դրամով:
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը` որպես ընդհանրական (ագրեգացված) տնտեսական ցուցանիշ, որը հաշվարկվել է ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլոգիայով, ըստ 2005 թվականի տվյալների, կազմել է 171.9, ինչը 2002 թվականի համեմատությամբ ավելացել է շուրջ 3 անգամ (2002 թվականին ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը կազմել է 58.1, 2003 թվականին` 82.0, 2004 թվականին` 117.8):
ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումները պահպանվել են նաև 2006 թվականին:
Իրականացման փուլում է ՓՄՁ-ի պետական աջակցության 2006 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:
Ըստ նախնական գնահատականների 2006 թվականի ընթացքում վարկային երաշխավորությունների տրամադրման, որակի կառավարման միջազգային ստանդարտների (համակարգերի), նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ապրանքների (ծառայությունների) շուկաներ առաջմղման ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ավելի քան 4500 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների:
Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպություններից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին ընդլայնվել են ՓՄՁ-ի ոլորտի հեռանկարային զարգացմանն ու այդ նպատակով իրականացվող պետական աջակցությանն ուղղված ծրագրային միջոցառումների շրջանակները: 2006 թվականին միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ծավալվել է արդյունավետ աշխատանք:
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության շրջանակներում իրականացվել են ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ (ծրագրեր). մասնավորապես, շարունակվել է «Աջակցություն ՓՄՁ-ի զարգացմանը Հայաստանում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ/ՄԱԶԾ համատեղ իրականացվող ծրագիրը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացման, կենտրոնական և տարածաշրջանային մակարդակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների տրամադրման, ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում, հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում, գործարար գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների զարգացման և ամրապնդման ուղղությամբ:
Ճապոնիայի տեխնիկական համագործակցության շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև 2005 թվականի հունիսին ստորագրված եռակողմ արձանագրության Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրի (2005-2008 թվականների կտրվածքով) իրականացման շրջանակներում 2006 թվականին աշխատանքներ են իրականացվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման կենտրոնի ստեղծման ուղղությամբ:
2006 թվականին շարունակվել է համագործակցությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ` վերջինիս հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի հետ համագործակցության շրջանակներում մշակվել է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման տարածաշրջանային համատեղ ծրագիր, որն սկսել է իրականացվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերում (հիմնականում հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում):
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպության Սննդապահովման, տարածքային համագործակցության և Հարավային Կովկասում կայունության ծրագրի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2006 թվականին իրականացվել են միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման և գործարար խորհրդատվական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ:
2006 թվականին շարունակվել է համագործակցությունն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Միկրոձեռնարկությունների զարգացման նախաձեռնություն» ծրագրի հետ:
2006 թվականին աշխատանքներ են իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության հաստատման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
ՓՄՁ-Ի ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի ոլորտի ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեռ շարունակում են բախվել ՓՄՁ-ի սուբյեկտները: Այդ հիմնախնդիրները պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությամբ, գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններով, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներով, ինչպես նաև սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների պակասով:
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում վերջին մի քանի տարիների ընթացքում դրական փոփոխություններ են կատարվել ՓՄՁ-ի ոլորտի կառուցվածքում, որոնք որակապես նոր հարթություն են տեղափոխել ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանն առնչվող հիմնախնդիրները` դրանց դրսևորման եղանակների և ոլորտի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:
Չնայած նրան, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հիմնականում լուծվել են ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ հիմնախնդիրներ ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) և տեխնիկական աջակցության ուղղություններով, երկրում դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ՓՄՁ-ի ոլորտի հետագա զարգացման համար:
ՓՄՁ-ի ոլորտի զարգացման հիմնախնդիրները պայմանականորեն կարող են դասակարգվել ըստ օրենսդրական, ֆինանսական, տեխնիկական և ենթակառուցվածքային գործոնների, որոնք իրենց ազդեցությունն ունեն թե՛ սկսնակ, և թե՛ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության վրա: Առկա հիմնախնդիրների դրսևորումները և սրությունը խիստ տարբերվում են նաև կախված ՓՄՁ-ի սուբյեկտների գործելու վայրից (Երևան/ Հայաստանի Հանրապետության մարզեր), հատկապես այդ տարբերությունները կտրուկ են արտահայտվում հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում:
ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանը խոչընդոտող օրենսդրական բնույթի հիմնախնդիրները հանգում են հիմնականում ՓՄՁ-ի սուբյեկտների և պետական մարմինների միջև փոխհարաբերություններում դեռևս առկա մի շարք վարչարարական բնույթի խնդիրներին, մասնավորապես, կապված ֆինանսական (հաշվապահական) հաշվետվությունների ներկայացման բարդացված ընթացակարգերի, տնտեսավարող սուբյեկտներում (ՓՄՁ-ի սուբյեկտներում) անհարկի ստուգումներ իրականացնելու հաճախականության փաստերի հետ և այլն: «Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության իրականացման վարչական ընթացակարգերի գնահատում» ծրագրի հիման վրա մշակված Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրով այս ուղղությամբ նախատեսված են համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, ստուգումների գործընթացի կատարելագործում` բացառելով օրենքներով չնախատեսված գործողությունների իրականացումը:
ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանը խոչընդոտող ֆինանսական բնույթի հիմնախնդիրները հանգում են հիմնականում ՓՄՁ-ի սուբյեկտների (հատկապես սկսնակ գործարարների) համար ֆինանսական (վարկային) միջոցներից օգտվելու անհնարինությանը` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչպես նաև երկարաժամկետ (3 տարվանից ավելի ժամկետով) ֆինանսական (վարկային) ռեսուրսների բացակայությանը, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում հատկապես արտադրության ոլորտում, մասնավորապես, արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանը խոչընդոտող առանձին հիմնախնդիր է հանդիսանում նաև միջմարզային և ներմարզային տնտեսական կոոպերացիայի ոչ բավարար մակարդակը: Այս ենթատեքստում լուրջ խնդիր են հանդիսանում տեղեկատվական հոսքերի մատչելիության, դրանց ընկալման, մշակման և փոխանակման խնդիրները, որոնց հետ անմիջականորեն կապված են ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման և շուկայավարման հարցերը:
ՓՄՁ-ի սուբյեկտների, հատկապես Երևան քաղաքից դուրս գործող ՓՄՁ-ի սուբյեկտների և սկսնակ գործարարների համար լուրջ հիմնախնդիր են իրենց բիզնեսի կազմակերպման և կառավարման հարցերը: Այս հիմնախնդրի լուծման ուղղությամբ խորհրդատվական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մարզերում (որոշ մարզերում նմանատիպ կառույցներ ընդհանրապես չեն գործում): Մյուս կողմից առկա է ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից նման ծառայությունների կարևորության չգիտակցման փաստը: Այս համատեքստում որակյալ խորհրդատվական ծառայությունների կարիք ունեն հատկապես սկսնակ գործարարները և գործող այն ՓՄՁ-ի սուբյեկտները, որոնք փորձում են շուկայում ներկայացնել նորարարական արտադրանք կամ ծառայություն:
Քանի որ երկրում նոր աշխատատեղերի ստեղծման և բնակչության բարեկեցության բարձրացման հիմնական աղբյուրներից մեկը նոր գործարար նախաձեռնություններն են, ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ներկայիս փուլում ամենակարևոր խնդիրներից է հանդիսանում սկսնակ գործարարների համար պետական աջակցության հստակ մեխանիզմների մշակումը և համապատասխան համակարգի ձևավորումը:
Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությանն ու զարգացմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նշված հիմնախնդիրների լուծմանն են ուղղված 2007 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային միջոցառումները, ինչը կարևոր նախապայման է հանդիսանում երկրի տնտեսական աճի, բնակչության զբաղվածության ապահովման ու նրա սոցիալական վիճակի բարելավման և, ընդհանուր առմամբ, երկրում աղքատության հաղթահարման շարունակականության ապահովման գործում:
1. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2007 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
ա) 2003 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,
բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը,
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2171-Ն որոշմամբ հաստատված` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2006 թվականի ծրագիրը,
ե) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշումը,
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի N 774-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակը պետական շարունակական աջակցությամբ ՓՄՁ-ի ոլորտի դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է` երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում:
Ծրագրի նպատակներն են`
ա) ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդումը,
բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը,
գ) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը,
դ) ՓՄՁ-ի սուբյեկտների` գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը,
ե) գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը:
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
ա) երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացումը,
բ) Հայաստանի Հանրապետության մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ՓՄՁ-ի սուբյեկտների թվաքանակի ավելացումը և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը,
գ) Հայաստանի Հանրապետության մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող 60-65 ՓՄՁ-ի սուբյեկտի վարկային երաշխավորությունների տրամադրումը,
դ) սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում 150-200 սկսնակ գործարարների աջակցության տրամադրումը,
ե) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ուղղությամբ 150-200 ՓՄՁ-ի սուբյեկտի աջակցության տրամադրումը,
զ) 3500-4000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտի գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տրամադրումը,
է) Հայաստանի Հանրապետության մարզերում գործարար ակտիվության բարձրացմանը նպաստումը և այդ նպատակով ծրագրի շրջանակներում ցուցաբերվող աջակցության ավելի քան 90 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին:
3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:
Ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ և բարձր տեխնոլոգիաներ կիրառող, արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաև սկսնակների, երիտասարդների, կանանց, գործազուրկների, հաշմանդամների և փախստականների ձեռներեցության զարգացմանը:
Ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում` հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը:
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով:
Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2007 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2007 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`
4.1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդում
Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի ամրապնդմանը և դրանց գործունեության ընդլայնմանը:
Կարևորելով ՓՄՁ-ի ոլորտի դերը Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) ՓՄՁ-ի պետական աջակցության մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2003-2005 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` ձևավորելով վերջինիս մարզային մասնաճյուղերի ցանց: Ներկայումս ավարտվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆիզիկական ենթակառուցվածքների ձևավորման նախնական աշխատանքները` վերջինիս կենտրոնական գրասենյակով և մարզային մասնաճյուղերով հանդերձ:
2007 թվականին նախատեսվում է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը, ինչպես նաև շարունակել աշխատանքները Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման ուղղությամբ:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի առանձին տարածաշրջանների, բնակավայրերի աշխարհագրական առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2007 թվականի ընթացքում կշարունակվեն աշխատանքները Հայաստանի Հանրապետության մարզերի առանձին համայնքներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչությունների հիմնադրման ուղղությամբ` հիմնվելով նման ներկայացուցչությունների անհրաժեշտության բացահայտման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա:
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում 2007 թվականին պարբերաբար կկազմակերպվեն քննարկումներ և հանդիպումներ Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես քաղաքային և գյուղական համայնքներում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների հետ` նրանց գործունեությանը խոչընդոտող հիմնախնդիրների հստակեցման և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը դրանց լուծմանն ուղղելու նպատակով:
2007 թվականին կշարունակվի անցկացվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մոնիթորինգ, ինչը կնպաստի գործարարների հետ հետադարձ կապի հաստատմանը և իրականացվող ծրագրերի վերահսկելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Բացի այդ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և դրա մարզային մասնաճյուղերի կողմից կիրականացվեն ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մարզերի տնտեսական նկարագրի, ՓՄՁ-ի ոլորտի ներկա վիճակի, խոչընդոտների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Վերոնշյալ միջոցառումները կնպաստեն նաև Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համակարգի կայացման և զարգացման գործընթացին:
4.2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր
ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2007 թվականին կշարունակվի և կընդլայնվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, վարկավորման գործող տոկոսադրույքների իջեցմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների ծրագրի շրջանակներում տրամադրվող երաշխավորությունները հնարավորություն են ընձեռում վարկունակ գործարարներին վարկավորվել գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչն առավել արդիական է երկրի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար:
Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Երաշխավորությունների առավելագույն ժամկետը կազմում է երեք տարի: Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70%-ը և 10 մլն դրամը: Ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 5 գործընկեր բանկերի միջոցով` Հայգյուղփոխբանկ, Արդշինինվեստբանկ, Անելիք Բանկ, Ինեկոբանկ և Յունիբանկ, որոնց հետ փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրով: Որպես երաշխավորագրերի ապահովման միջոց գործընկեր առևտրային բանկերում ավանդադրվում են դրամական միջոցներ, որոնք ըստ առանձին երաշխավորագրի դեպոնացվում են (գրավադրվում են) համապատասխան չափաքանակով:
2007 թվականի ընթացքում աշխատանքներ կիրականացվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում շահառուների մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ, որի արդյունքները հիմք կհանդիսանան սույն ծրագրի իրականացման մեխանիզմների և ընթացակարգերի կատարելագործման համար: Միաժամանակ, համագործակցության դաշտն ընդլայնելու և խորացնելու նպատակով 2007 թվականի ընթացքում բանակցություններ կտարվեն նոր առևտրային բանկերի հետ ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրում ներգրավելու նպատակով:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կնախաձեռնի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ծրագրեր` նպատակ հետապնդելով ապակենտրոնացնել երաշխավորությունների տրամադրման գործընթացը, բարձրացնել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՓՄՁ-ի ոլորտին տեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերման հնարավորությունները:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը 2007 թվականի ընթացքում կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության մարզերում, ընդ որում, առաջնայնությունը կտրվի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի ընդլայնման հետ մեկտեղ կդիտարկվի ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը, ինչպես նաև կմշակվեն և կքննարկվեն այլ ծրագրային նախագծեր, որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա իրականացման համար:
ՓՄՁ-ի սուբյեկտներին լիզինգային ծառայություններից օգտվելու աջակցության ծրագիր
Լիզինգը (ֆինանսական վարձակալությունը), ժամանակակից աշխարհում հանդիսանալով ձեռնարկությունների ֆինանսավորման արդյունավետ և ճկուն ձևերից (մեխանիզմներից) մեկը, Հայաստանի Հանրապետությունում դեռ լայն տարածում չի գտել, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում:
Համաձայն գնահատականների, ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մարզերում, լիզինգային ծառայությունների նկատմամբ առկա է բավականին մեծ պահանջարկ: Սակայն լիզինգային ծառայությունների տրամադրման պայմանները, մասնավորապես, միայն նոր սարքավորումների տրամադրումը, որոնք ունեն բավականին մեծ արժեք, ինչպես նաև լիզինգային ծառայության տրամադրման կարճ ժամկետայնությունը գործարարների համար լիզինգային ծառայություններից օգտվելը մատչելի չեն դարձնում: Այդ պատճառով նրանց հիմնական մասը մեքենասարքավորումների և հիմնական միջոցների ցանկը զինելու և վերազինելու համար օգտվում է հիմնականում առևտրային վարկերից, որոնց միջոցով ձեռք է բերվում շահագործված (օգտագործված), սակայն գնային առումով առավել մատչելի սարքավորում:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նշված խնդիրների լուծման ուղղությամբ կիրառվում են պետական աջակցության համապատասխան մեխանիզմներ` ՓՄՁ-ի աջակցության ծրագրերի շրջանակներում:
2007 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է մշակել համապատասխան մեխանիզմներ` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար լիզինգային ծառայությունների ընդլայնման և մատչելիության ապահովման ուղղությամբ:
4.3. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտների հիմնադրման և հաստատման կրիտիկական շրջան համարվում է երեք տարի ժամանակահատվածը: Այն կազմակերպությունները, որոնք անցնում են այդ երեք տարին, ավելի հազվադեպ են սկսնակ համարվում: Աշխարհում սկսնակ գործարարներից շատերի ձախողման պատճառները գրեթե նույնն են` շուկայի վերաբերյալ գիտելիքների պակասը, վատ պլանավորումը (հատկապես ֆինանսների վատ պլանավորումը), գործարար ունակությունների պակասը, տեղեկատվության պակասը, գործարար խորհրդատվության և ֆինանսական ռեսուրսների անմատչելիությունը և այլն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համապատասխան աջակցություն ցուցաբերել սկսնակներին հենց հիմնադրման փուլում` նվազեցնելով նրանց ձախողման ռիսկերը:
Սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացման նպատակով աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությանը Սկսնակ գործարարների աջակցություն ծրագրին, և նրանցից առավել հաջողակների հետ կիրականացվի երկարատև համագործակցություն:
Սկսնակ գործարարների աջակցության ծրագրի նպատակը նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը և նրանց աջակցություն ցուցաբերելուն նպաստելն է` հիմնադրման շրջանում: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կիրականացվեն միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման բաղադրիչներ:
Սկսնակ գործարարների աջակցության ծրագրի շրջանակներում որպես նորաստեղծ բիզնեսի կայացման վերջնական արդյունք լավագույն գործարար նախաձեռնությունների (գործարար ծրագրերի) իրականացման ուղղությամբ սկսնակ գործարարներին կցուցաբերվի ֆինանսական աջակցություն (վարկավորում)` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր Հայգյուղփոխբանկի միջոցով` առավելագույնը 1 մլն դրամ, տարեկան 10-12% տոկոսադրույքով, մինչև 3 տարի մարման ժամկետով: Այդ ուղղությամբ միջոցների ներգրավման նպատակով բանակցություններ կվարվեն միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների ու նրանց կողմից իրականացվող ծրագրերի հետ:
Սկսնակ գործարարների աջակցություն ծրագրի իրականացման ուղղությամբ համագործակցություն կիրականացվի նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ:
Սկսնակ գործարարների աջակցության ծրագրով համապատասխան աջակցություն կարող են ստանալ նաև Զբաղվածության պետական ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցում անցած և պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն ստացած անձինք` ներկայացվող պահանջներին համապատասխանելու դեպքում:
4.4. ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու նրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:
Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի առանձին կամ խմբավորված ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, գիտական մշակումների իրականացման և կիրառման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ` առաջարկելով ժամանակակից բարձրորակ տեղեկատվություն և խորհրդատվություն` ուղղված դրանց տեխնոլոգիական զարգացմանը, արտադրանքի որակի բարելավմանը, նորարարությունների կիրառմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացմանը, ինչպես նաև ապահովելով լայն հնարավորություններ` արտադրանքի իրացման շուկաների ուսումնասիրություններ իրականացնելու ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ, ծրագրի շրջանակներում կիրականացվեն միջոցառումներ առանձին կամ խմբավորված ՓՄՁ-ի սուբյեկտներից յուրաքանչյուրին անհատականացված գործարար աջակցության տրամադրման ուղղությամբ` ելնելով վերջիններիս կարիքներից և զարգացման միտումներից:
4.5. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և, ընդհանուր առմամբ, թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջ մղելը:
Ելնելով նշված նկատառումներից` 2007 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի), սննդամթերքի արտադրության ոլորտում արդյունաբերական վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման և այլ միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի ներդրման ուղղությամբ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի: Բացի այդ, կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) և այլ միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված տեղեկատվական և ուսուցողական բնույթի միջոցառումներ:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման նպատակով ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին` Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց մասնակցության ապահովման, ինչպես նաև նրանց կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկայում ներկայացնելու ուղղությամբ: Մասնավորապես, դրանց զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման, ինտերնետային էջերի պատրաստման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ, որը վերջին հաշվով կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը:
4.6. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն
Ծրագրի շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն` տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) պետական գրանցման, ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, գործընկերների որոնման ու նրանց հետ գործարար կապերի հաստատման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման, համապատասխանության հավաստման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների կազմման ու ներկայացման, հարկային ու մաքսային ձևակերպումների և այլ կարևոր ուղղություններով:
2007 թվականին կշարունակվի Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի և Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի հիման վրա գործարարությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվական նյութերի պատրաստման աշխատանքները, որոնք մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից փորձաքննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերին` ՓՄՁ-ի սուբյեկտներին համապատասխան տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն տրամադրելու նպատակով: ՓՄՁ-ի սուբյեկտների համար նշված ուղղություններով տեղեկատվական և խորհրդատվական աջակցության մատչելիությունը և օպերատիվությունը բարձրացնելու նպատակով կընդլայնվի և կկատարելագործվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջի ինտերակտիվ խորհրդատվության բաղադրիչը:
Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող տեղեկատվական և խորհրդատվական աջակցության այն մասը, որը պահանջում է նեղ մասնագիտական հմտություններ, կիրականացվի մրցութային կարգով ընտրված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով, որոնց հետ կկնքվի եռակողմ պայմանագիր:
Ծրագրով նախատեսվում է նաև տեղեկատվական ու վերլուծական նյութերի և պարբերականի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում, որոնք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
Դրա հետ մեկտեղ, ծրագրի շրջանակներում, ԶԼՄ-ների միջոցով կապահովվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) վերաբերյալ, ինչպես նաև կշարունակվի հեռարձակվել «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարը, որի միջոցով գործարար համայնքին կներկայացվի տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) վերաբերյալ, կներկայացվի նաև առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների առաջավոր փորձը: Իրականացվող աջակցության ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տարածման համար կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ների հնարավորությունները:
2007 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար այլ տեղեկատվությամբ:
Կավարտվեն Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Գործող ՓՄՁ-ի սուբյեկտների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը կամփոփվի մեկ միասնական էլեկտրոնային համակարգի մեջ, որը պարբերաբար կհամալրվի գործող ՓՄՁ-ի սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությամբ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից ամիսը 1-2 անգամ, հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, կկազմակերպվեն խմբային հանդիպումներ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու ընթացակարգերը, կքննարկվեն գործարարներին հետաքրքրող հարցերը, որոնց վերաբերյալ մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվական նյութեր: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի նաև գործարար համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և միությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչը հնարավորություն կտա իրականացվող աջակցության ծրագրերում ներգրավել ՓՄՁ-ի սուբյեկտների լայն շրջանակ:
4.7. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն
Գործարար հմտությունների զարգացման և գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով մրցութային կարգով ընտրված կազմակերպությունների միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծամասամբ հասանելի չեն գործարար ուսուցողական ծառայությունները` հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ դասընթացներին նրանց մասնակցության ուղղությամբ` մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:
Նման դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կընձեռի սկսնակ գործարարներին ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ստանալու պարզաբանումներ և ուղեցույցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում կատարվող փոփոխությունների, գործող հարկային և մաքսային համակարգերի, ֆինանսների կառավարման, գործարար ու զարգացման ծրագրերի կազմման վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ և նոր հմտություններ` կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի, բանակցությունների վարման, վաճառքի հմտության և գործարարությանն առնչվող այլ բնագավառներում:
ՈՒսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով ծրագրի շրջանակներում վերջիններիս համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ` համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ:
Աջակցություն կցուցաբերվի նաև ՓՄՁ-ի սուբյեկտների հատուկ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների կատարելագործման ուղղությամբ` դրանց վերաբերյալ համապատասխան հայտերի առկայության պարագայում:
4.8. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում
2007 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի ոլորտի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:
2007 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
Համաձայն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև կայացած հանդիպման և Ճապոնիայի տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրի վերաբերյալ 2005 թվականի հունիսին ստորագրված արձանագրության` 2007 թվականին կշարունակվի իրականացվել 2005 թվականի աշնանը սկսված վերոհիշյալ եռամյա (2005-2008 թվականներ) ծրագիրը:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև համագործակցության շրջանակներում 2007 թվականին կշարունակվեն իրականացվել ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի հետ համագործակցության շրջանակներում 2007 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր Հայաստանի Հանրապետության Տավուշի և Գեղարքունիքի մարզերում` ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի հիմնական միջոցառումների շրջանակներում:
2007 թվականին աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանի Հանրապետությունում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության հաստատման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 400,000.0 հազար դրամ:
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով:
6. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Միջոցառումը | Կատարողը |Կատարման |
|ը/կ | | |ժամկետը |
|____|____________________________________|__________________|____________|
|6.1.|ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2007 թվականի|
| |համապատասխան ենթակառուցվածքների |(համաձայնությամբ) |ընթացքում |
| |ամրապնդում | | |
| |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական | | |
| |գրասենյակի և մարզային մասնաճյուղերի| | |
| |ամրապնդում և դրանց գործունեության | | |
| |ընդլայնում | | |
|____|____________________________________|__________________|____________|
|6.2.|ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |սկսած 2007 |
| |ներդրումային աջակցություն |(համաձայնությամբ) |թվականի 1-ին|
| |ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային | |եռամսյակից |
| |երաշխավորությունների տրամադրման | | |
| |ծրագիր | | |
| |ՓՄՁ-ի սուբյեկտներին լիզինգային | | |
| |ծառայություններից օգտվելու | | |
| |աջակցության ծրագիր | | |
|____|____________________________________|__________________|____________|
|6.3.|Սկսնակ գործարարների ձեռներեցությանն |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |սկսած 2007 |
| |աջակցություն |(համաձայնությամբ) |թվականի 2-րդ|
| | | |եռամսյակից |
|____|____________________________________|__________________|____________|
|6.4.|ՓՄՁ-ի սուբյեկտներում |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |2007 թվականի|
| |նորարարությունների և ժամանակակից |(համաձայնությամբ) |ընթացքում |
| |տեխնոլոգիաների ներդրմանն | | |
| |աջակցություն | | |
|____|____________________________________|__________________|____________|
|6.5.|ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |սկսած 2007 |
| |արտադրանքի (մատուցվող |(համաձայնությամբ) |թվականի 1-ին|
| |ծառայությունների) շուկաներ | |եռամսյակից |
| |առաջմղմանն աջակցություն | | |
|____|____________________________________|__________________|____________|
|6.6.|ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |սկսած 2007 |
| |տեղեկատվական և խորհրդատվական |(համաձայնությամբ) |թվականի 1-ին|
| |աջակցություն | |եռամսյակից |
|____|____________________________________|__________________|____________|
|6.7.|ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |սկսած 2007 |
| |աջակցություն |(համաձայնությամբ) |թվականի 1-ին|
| | | |եռամսյակից |
|____|____________________________________|__________________|____________|
|6.8.|Միջազգային և օտարերկրյա դոնոր |ՀՀ առևտրի և |2007 թվականի|
| |կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի |տնտեսական |ընթացքում |
| |ոլորտի զարգացման համատեղ |զարգացման նախարար | |
| |(համաֆինանսավորման սկզբունքով) |ՀՀ շահագրգիռ | |
| |ծրագրերի մշակում և իրականացում |նախարարներ | |
._________________________________________________________________________.