Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՐՑՈՒ ...

 

 

040.1793.211206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2006 թվականի N 1793-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական անտառների հավատարմագրային կառավարման մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 30-ի

N 1793-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է պետական անտառների հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման կարգը:

2. Անտառները հավատարմագրային կառավարման են հանձնվում անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Անտառները հավատարմագրային կառավարման են հանձնվում անտառների կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի կողմից (այսուհետ` լիազորված մարմին) սույն կարգին համապատասխան կազմակերպված մրցույթի արդյունքների հիման վրա:

4. Յուրաքանչյուր տարի, այն կազմակերպության կողմից, որին ամրացված են պետական անտառները, անտառները հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ առաջարկն ու անտառների կառավարման (ներառյալ` ֆինանսական) ծրագիրը ստանալիս լիազորված մարմինն ուսումնասիրում է այն և հաստատում հաջորդ տարվա ընթացքում հավատարմագրային կառավարման հանձնման ենթակա անտառների ցանկը` այն հրապարակելով 3000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով:

5. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք):

6. Մրցույթին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնց հետ սույն կարգին համապատասխան կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրերը վերջին 5 տարվա ընթացքում դադարեցվել են վերջիններիս կողմից` պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

7. Հավատարմագրային կառավարման հանձնման ենթակա անտառների ցանկը հաստատելուց հետո, լիազորված մարմինն այդ անտառների հավատարմագրային կառավարման հանձնման մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով, 10-օրյա ժամկետում ստեղծում է առնվազն 9 անդամից կազմված մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական և (կամ) գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է լիազորված մարմնի կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան` նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջինիս մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

10. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, կազմում արձանագրություններ,

բ) ապահովում է արձանագրությունների և մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր փաստաթղթերի հավաքագրումը, փաթեթի կազմումը և մրցույթի ավարտից հետո հանձնում լիազոր մարմին,

գ) կատարում է սույն կարգից բխող` հանձնաժողովի նախագահի կողմից իրեն տրված հանձնարարականները:

11. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները:

12. Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկել համապատասխան մասնագետների:

13. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփելուց և արձանագրությունը լիազորված մարմին հանձնելուց հետո:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Մրցույթի անցկացման ծանուցումը (հրավերը) պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:

15. Մրցույթի անցկացման ծանուցումը (հրավերը) պետք է պարունակի տեղեկություններ`

ա) մրցույթի կազմակերպչի անվանման, մրցույթի կազմակերպման վայրի (հասցե),

բ) մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածի` նշելով ժամերն ըստ օրերի, ընդ որում, հայտերի ընդունման վերջին ժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ,

գ) հավատարմագրային կառավարման հանձնվող գույքի նկարագրի,

դ) հավատարմագրային կառավարման ժամկետի,

ե) մասնակիցների կողմից գույքին ծանոթանալու օրերի և ժամերի,

զ) մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների, այդ թվում` անտառային ոլորտի մասնագետների առկայության,

է) անտառի կառավարման ծրագրին ներկայացվող պահանջների,

ը) մրցույթի մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկի,

թ) մրցույթի պայմանների, դրանց գնահատման կշռային գործակիցների և մրցույթի հաղթողին որոշելու,

ժ) մրցույթի մասնակցության վճարի չափի և դրա վճարման կարգի ու ժամկետների,

ժա) մրցույթի հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի օրերի ու ժամերի,

ժբ) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափի և հավատարմագրային կառավարման պայմանագրի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման,

ժգ) հավատարմագրային կառավարման պայմանագրին և կառավարման պլանին ծանոթանալու և դրանց պատճեններն ստանալու մասին,

ժդ) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:

16. Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվում են`

ա) անտառի կառավարման ծրագիրը,

բ) վճարի մուծումը հավաստող փաստաթղթի պատճենը,

գ) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, գտնվելու և գործունեության վայրը,

դ) անհատ ձեռնարկատերերի համար` հասցեն, անձնագրի և պետական գրանցման վկայականի պատճենները,

ե) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը,

զ) ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր:

17. Մրցույթի մասնակցության հայտերը, անտառի կառավարման ծրագիրը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ծանուցման (հրավերի) մեջ նշված` հայտերի ընդունման ժամկետում, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ կամ փոստով:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

18. Մրցույթի հայտատուները ծանուցմամբ (հրավերով) սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են մրցույթի մասնակցության վճարը` լիազորված մարմնի կողմից այդ նպատակով բացված դրամային հաշվին:

19. Հայտի (ծրարի) ներկայացման ժամկետը համարվում է հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին կատարվում է գրառում ծրարի վրա:

20. Սույն կարգով սահմանված ժամկետների խախտումով ներկայացված հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:

21. Հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը:

22. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները մերժվում են:

23. Մրցույթի հայտը գրանցվում է գրանցամատյանում` հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:

24. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

25. Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին, որին մասնակցում են բոլոր հայտատուները, և հրապարակվում են`

ա) յուրաքանչյուր հայտատուի անունը, ազգանունը (անվանումը),

բ) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը ծանուցմամբ (հրավերով) մրցույթի համար սահմանված պայմաններին:

26. Հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից մերժվում են, և հանձնաժողովը դրա մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուներին: Հանձնաժողովի մերժման մասին որոշումը կարող է հայտատուի կողմից բողոքարկվել` վերադասության կամ դատական կարգով:

27. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:

28. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ստացել է լիազոր մարմնի կողմից սահմանված գնահատման կշռային գործակիցների ամենաբարձր հանրագումարը:

29. Գնահատման կշռային գործակիցների հավասար հանրագումար ստանալու դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

30. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն և այն եռօրյա ժամկետում ներկայացնում լիազորված մարմին:

31. Հաղթողի կողմից պայմանագիր կնքելուց խուսափելու կամ հրաժարվելու դեպքում մրցույթի հաղթող է ճանաչվում գնահատման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:

32. Մրցույթին մասնակցելու վճարի չափը, մուծման ժամկետները սահմանում է մրցութային հանձնաժողովը: Մրցույթին մասնակցելու վճարի չափը վերադարձման ենթակա չէ:

33. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,

բ) սույն կարգով և օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

34. Մրցույթի արձանագրությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում լիազորված մարմինն ապահովում է մրցույթի հաղթողի հետ հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքումը, որն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

35. Պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են մրցույթի հաղթողի միջոցների հաշվին:

36. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2006
N 1793-Ն
Որոշում