Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԹԵԹՎԱԾՔԻՑ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱԹԵԹՎԱԾՔԻՑ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵ ...

24.10.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.2008  -ից մինչեւ   24.10.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

i

040.1544.091106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2006 թվականի N 1544-Ն

 

i

ՓԱԹԵԹՎԱԾՔԻՑ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փաթեթվածքից և փաթեթավորումից գոյացած թափոնների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1544-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՓԱԹԵԹՎԱԾՔԻՑ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Փաթեթվածքից և փաթեթավորումից գոյացած թափոնների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է բոլոր տեսակի փաթեթվածքներից և փաթեթավորումից գոյացած թափոնների վրա` անկախ օգտագործվող նյութից, որով այն պատրաստվել է, և անկախ նրանից որտեղ են դրանք օգտագործվել կամ գոյացել` արդյունաբերությունում, առևտրի կետերում, հիմնարկներում, սպասարկման ոլորտում, տնային տնտեսություններում կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ցանկացած այլ ոլորտներում:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի նպատակը փաթեթվածքից և փաթեթավորումից գոյացած թափոնների ոլորտում ձեռնարկվող միջոցների կառավարումն է` մարդու առողջության, բնակավայրերի, շրջակա միջավայրի վրա դրանց անբարենպաստ ազդեցության կանխումն է կամ այդ ազդեցության մակարդակի նվազեցումը:

Այդ նպատակի կատարումն ապահովելու համար սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են այն միջոցները, որոնք ուղղված են փաթեթավորման թափոնների գոյացման կանխմանը, թափոնների կրկնակի օգտագործման ու վերաշրջանառության հնարավորությանը, բազմաշրջանառու փաթեթվածքի օգտագործմանը, թափոնների վերամշակման նոր եղանակների կիրառմանը և թափոնների վերջնական օգտահանման ծավալների կրճատմանը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում բժշկական սարքերի սպառողական փաթեթվածքների, դեղագործական ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիական նյութերի, քիմիական նյութերի (ռեակտիվների), ճառագայթաակտիվ նյութեր և տարրեր պարունակող արտադրանքի, բերանի խոռոչի հիգիենայի միջոցների փաթեթվածքների վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

փաթեթվածք` միջոց կամ միջոցների համալիր, որն ապահովում է արտադրանքի պահպանումը վնասվածքներից և կորուստներից, շրջակա միջավայրն աղտոտումից, ինչպես նաև ապահովում է արտադրանքի շրջանառության գործընթացը:

Փաթեթվածք են համարվում`

ա) այն արտադրատեսակները, որոնք համապատասխանում են փաթեթավորման հետ կապված հնարավոր գործառույթներին, եթե այդ արտադրատեսակները չեն կազմում արտադրանքի անբաժանելի մասը և չեն պարունակում, պահում կամ պահպանում այդ արտադրանքը` դրա գոյության ամբողջ ընթացքում, և դրանց բոլոր տարրերը նախատեսված չեն միասին կիրառելու, սպառելու կամ օգտագործելու համար (օրինակ` կոնֆետի տուփը, կոմպակտ սկավառակի վրա փաթաթած պոլիէթիլենային թաղանթը և այլն, իսկ ծաղկամանները, որոնք նախատեսված են բույսերի կյանքի ամբողջ ընթացքում ծառայելու համար, գործիքների արկղը, թեյի ծրարիկները, պանրին պատած մոմաշերտը, երշիկի թաղանթը և այլն փաթեթվածք չեն համարվում),

բ) վաճառքի պահին լցվելու համար նախատեսված արտադրատեսակները, ինչպես նաև վաճառվող, լցվող ու վաճառքի պահին լցվելու համար նախատեսված մեկանգամյա օգտագործման արտադրատեսակները, եթե դրանք կատարում են փաթեթավորման գործառույթներ (թղթե կամ պոլիմերային տոպրակները, պոլիմերային արտադրատեսակները, այդ թվում` մեկանգամյա օգտագործման ափսեներն ու բաժակները, կպչուն պոլիմերային թաղանթը, նրբաթիթեղը` բացառությամբ խառնելու թիակի, մեկանգամյա օգտագործման դանակների ու պատառաքաղների),

գ) փաթեթվածքի բաղադրիչները և լրացուցիչ տարրերը, որոնք կազմում են փաթեթավորման անբաժանելի մասը: Անմիջապես արտադրանքից կախված կամ դրան կցված ու փաթեթավորման գործառույթներ կատարող լրացուցիչ տարրերը համարվում են փաթեթվածք, եթե դրանք չեն հանդիսանում այդ արտադրանքի անբաժանելի մասը և բոլորը նախատեսված չեն միասին կիրառելու, սպառելու կամ օգտագործելու համար (օրինակ` անմիջապես ապրանքից կախված կամ դրան կցված պիտակները): Փաթեթվածքի մասի օրինակներ են` թարթիչների սևաներկի խոզանակը, որը կազմում է սրվակի կափարիչի մասը, փաթեթավորման մեկ այլ արտադրատեսակին փակցված կպչուն պիտակները, երկաթակապերը, պլաստիկ ծրարները, չափորոշման ամանը, որը կազմում է լվացող միջոցների կափարիչի մասը և այլն,

փաթեթավորում` փաթեթվածք կիրառելով արտադրանքի նախապատրաստումը փոխադրմանը, պահմանը և իրացմանը:

Փաթեթավորումը ներառում է`

ա) ապրանքային փաթեթավորումը (սկզբնական փաթեթավորումը), որն ուղղված է առևտրի կետում օգտագործողի կամ սպառողի համար ապրանքի միավորի ստեղծմանը,

բ) խմբային կամ երկրորդային փաթեթավորումը, որը նախատեսված է առևտրի կետում ապրանքի միավորների որոշակի քանակություն ստեղծելու համար` անկախ նրանից վաճառվում է այդ ապրանքն օգտագործողին կամ սպառողին կամ նախատեսված է առևտրի կետում դրանք դարակների վրա շարելու համար: Նման փաթեթվածքից հանելուց հետո ապրանքի բնութագրերը չեն փոխվում,

գ) տրանսպորտային կամ երրորդային փաթեթավորումը, որը նախատեսված է բեռնման և բեռնաթափման աշխատանքների և որոշակի քանակությամբ ապրանքի միավորների կամ խմբային փաթեթավորմամբ ապրանքի միավորների փոխադրումն ապահովելու համար` բեռնման ու բեռնաթափման աշխատանքների և փոխադրման ժամանակ նյութական վնասը կանխելու նպատակով: Բեռնարկղերով (կոնտեյներ) ավտոտրանսպորտային, երկաթուղային, ծովային և օդային տրանսպորտային միջոցներով փոխադրումները չեն մտնում սույն հասկացության մեջ,

բազմաշրջանառու փաթեթվածք` տրանսպորտային փաթեթվածք, որը նախատեսված է բազմակի օգտագործման համար` պահպանելով սահմանված նորմատիվ բնութագրերը և շահագործման պայմանները,

փաթեթվածք սպառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` ներառյալ ներկրողը, որն օգտագործում է փաթեթվածքն արտադրանքի չափածրարման համար` դրա փոխադրման և իրացման նպատակով,

փաթեթավորման թափոններ` փաթեթվածք կամ փաթեթավորման նյութ, որոնք արտադրանքի իրացման գործընթացում լիովին կամ մասամբ կորցրել են իրենց սպառողական հատկությունները, և դրանք տնօրինող անձը հեռացնում է, պատրաստվում է հեռացնել կամ պարտավոր է հեռացնել,

փաթեթավորման թափոնների օգտագործում` գործունեություն, որն ուղղված է փաթեթավորման թափոնների գոյացման կանխմանը, նվազեցմանը, դրանց գոյացման, կուտակման հաշվառմանը` ներառյալ հավաքման, տեսակավորման, փոխադրման, պահման, վերամշակման, օգտահանման և (կամ) փաթեթավորման թափոնների հեռացման վերահսկողությունը,

փաթեթվածքի մականշվածք` նշագիր, մակագրություն, որոնք ծառայում են օգտագործողներին տեղեկացնելու համար` շրջանառության մեջ գտնվող փաթեթվածքի տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին դրանց համապատասխանության մասին,

փաթեթավորման թափոնների կառավարում` փաթեթավորման թափոնների հավաքումը, տեղափոխումը, կրկնակի օգտագործումը, հեռացումը, հեռացման վայրերի հետագա վերականգնումը` ներառյալ այդ գործողությունների վերահսկողությունը,

հեռացում` փաթեթավորման թափոնների հետ կապված գործողություններ, որոնք չեն հանգեցնում դրանց օգտահանմանը,

հավաքում` փաթեթավորման թափոնների հավաքում, տեսակավորում և (կամ) միախառնում` դրանց հետագա տեղափոխման նպատակով,

կանխում` արտադրական գործընթացում փաթեթավորման նյութից և իրացման, առաքման, օգտահանման և ոչնչացման փուլերում փաթեթավորումից գոյացած թափոնների քանակության կրճատումը և շրջակա միջավայրի համար վնասի նվազեցումը,

կրկնակի օգտագործում` ցանկացած գործողություն, որի միջոցով իր կենսական պարբերաշրջանի ընթացքում նվազագույն քանակության փոխադրումների և շրջանառության համար նախատեսված ու հաշվարկված փաթեթվածքը դառնում է պիտանի նույնանման նպատակների համար` շուկայում գոյություն ունեցող կրկնակի օգտագործումն ապահովող, օժանդակ արտադրանքի օգնությամբ կամ առանց դրա: Փաթեթվածքը դառնում է թափոն, եթե արդեն պիտանի չէ կրկնակի օգտագործման համար,

վերականգնում` ցանկացած գործունեություն, որը, առանց մարդու առողջությունը վտանգելու և շրջակա միջավայրը վնասելու որևէ գործընթացի կամ մեթոդի կիրառման, ապահովում է թափոնների կրկնակի օգտագործումը,

վերաշրջանառություն` սկզբնական կամ այլ նպատակներին հասնելու համար արտադրական գործընթացում փաթեթավորման թափոնների կրկնակի վերամշակում` ներառյալ օրգանական վերաշրջանառությունը` բացառելով էներգիայի վերականգնումը,

էներգիայի վերականգնում` փաթեթվածքի և փաթեթավորման այրվող թափոնների կիրառում` որպես էներգիա ստանալու միջոց` ուղղակի այրմամբ կամ առանց դրա, սակայն ջերմության վերականգնմամբ,

օրգանական վերաշրջանառություն` փաթեթավորման թափոնների կենսատարրալուծվող մասերի կոմպոստացմամբ կամ կենսամեթանացմամբ մշակում` վերահսկվող պայմաններում և միկրոմարմինների կիրառմամբ, որի արդյունքում թափոններից գոյանում են կայուն օրգանական թափոններ կամ մեթան: Հողով ծածկելը չի դիտարկվում որպես օրգանական վերաշրջանառության ձև,

կոմպոստացում` թափոնների օրգանական նյութերի կենսատարրալուծվող մասերի քայքայում միկրոմարմինների ներգործությամբ,

օգտահանում` փաթեթավորման թափոնների օգտագործում` որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս,

երկրորդային նյութական ռեսուրս` թափոններից ստացված հումք, որը հնարավոր է կամ նպատակահարմար է օգտագործել տնտեսական շրջանառությունում` որպես արտադրանք:

 

III. ՓԱԹԵԹՎԱԾՔԻՆ, ԴՐԱ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Փաթեթվածքը պետք է համապատասխանի որոշակի արտադրանքների խմբերի տեխնիկական կանոնակարգերով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

6. Փաթեթվածքը պետք է պատրաստված լինի այնպիսի նյութերից, որոնց կազմի մեջ կապարի, կադմիումի, սնդիկի և վեցարժեք քրոմի գումարային զանգվածային մասը չգերազանցի`

ա) 600 մլն (-1)-ը (զանգվածի միլիոն մասի մեջ 600 մաս)` սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարի հետո,

բ) 250 մլն (-1)-ը (զանգվածի միլիոն մասի մեջ 250 մաս)` սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարի հետո,

գ) 100 մլն (-1)-ը (զանգվածի միլիոն մասի մեջ 100 մաս)` սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունն ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարի հետո:

7. Սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ կետի դրույթների գործողությունը չի տարածվում`

ա) կապարային բյուրեղապակուց պատրաստված փաթեթվածքի վրա,

բ) գործածման մեջ գտնվող վերամշակված նյութերի և արտադրանքի վրա, որոնց վերահսկողության ընթացակարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

8. Փաթեթվածքը պետք է արտադրվի այնպես, որպեսզի դրա ծավալը և զանգվածը սահմանափակվեն այն նվազագույն անհրաժեշտ քանակությամբ, որը պահպանում է փաթեթավորված արտադրանքը և ապահովի սանիտարական կանոնների և նորմերի պահանջները:

9. Փաթեթվածքը պետք է նախագծվի, արտադրվի և իրացվի` հաշվի առնելով դրա կրկնակի օգտագործման կամ վերականգնման` ներառյալ վերաշրջանառության, ինչպես նաև փաթեթավորման թափոնների կառավարման աշխատանքների արդյունքում մնացած մնացորդների վնասակար ազդեցության նվազեցման հնարավորությունները:

10. Փաթեթվածքը պետք է արտադրվի` հաշվի առնելով դրա մեջ վնասակար կամ այլ վտանգավոր նյութերի առկայության նվազեցումն արտանետումներում, մոխրի մեջ կամ ալկալահանման դեպքում, երբ փաթեթավորման նյութի կամ թափոնների կառավարման աշխատանքների արդյունքում ստացված թափոններն այրվում կամ ծածկվում են հողով:

11. Փաթեթավորման նյութերը պետք է արտադրվեն` հաշվի առնելով նյութերի` ըստ զանգվածի տոկոսային հարաբերությամբ, որոշակի քանակության օգտահանման (վերականգնման) հնարավորությունը:

Տոկոսային հարաբերությունը կարող է փոփոխվել` կախված այն նյութի տիպից, որից կազմված է փաթեթվածքը:

12. Բազմաշրջանառու փաթեթվածքների փաթեթավորման նյութերի ֆիզիկաքիմիական բնութագրերը պետք է փաթեթվածքի շահագործման պայմաններում ապահովեն փոխադրումների և շրջանառությունների որոշակի քանակություն, ինչպես նաև պետք է համապատասխանեն վերականգնման պահանջներին: Եթե դրանք պիտանի չեն կրկնակի օգտագործման համար, ապա դառնում են թափոն:

13. Փաթեթավորման նյութի թափոնները, որոնք օգտագործվում են էներգիայի վերականգնման համար, պետք է ունենան բավարար վառելիքի ջերմատվություն և կարող են կիրառվել էներգիայի վերածման համար:

14. Փաթեթավորման նյութի կոմպոստացման համար մշակվող թափոնները պետք է ունենան այնպիսի կենսատարրալուծվող բնույթ, որը չի խանգարում թափոնների հավաքմանը` ըստ տեսակների և կոմպոստացման գործընթացի:

15. Փաթեթավորման նյութի կենսատարրալուծվող թափոնները պետք է ապահովեն ֆիզիկական, քիմիական, ջերմային և կենսական տարրալուծումն այն աստիճանով, որ վերջնական կոմպոստի մեծ մասը տրոհվի ածխածնի երկօքսիդի, կենսազանգվածի և ջրի:

 

IV. ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Սույն տեխնիկական կանոնակարգի նպատակների կատարումն ապահովելու համար պետք է`

ա) 2011 թվականի դեկտեմբերի 31-ից փաթեթավորման թափոնների զանգվածի առնվազն 50 տոկոսը և առավելագույնը 65 տոկոսը ենթարկվի վերամշակման կամ այրվի թափոնների այրման համար նախատեսված կայաններում` էներգիայի վերականգնման նպատակով.

բ) 2015 թվականի դեկտեմբերի 31-ից փաթեթավորման թափոնների զանգվածի առնվազն 60 տոկոսը ենթարկվի վերամշակման կամ այրվի թափոնների այրման համար նախատեսված կայաններում` էներգիայի վերականգնման նպատակով.

գ) 2011 թվականի դեկտեմբերի 31-ից փաթեթավորման թափոններում պարունակվող փաթեթավորման նյութերի ընդհանուր զանգվածի առնվազն 25 տոկոսը և առավելագույնը 45 տոկոսը ենթարկվի կրկնակի վերամշակման` փաթեթավորման յուրաքանչյուր նյութի առնվազն 15 տոկոսի չափով.

դ) 2015 թվականի դեկտեմբերի 31-ից փաթեթավորման թափոնների զանգվածի առնվազն 55 տոկոսը և առավելագույնը 80 տոկոսը ենթարկվի վերամշակման.

ե) 2015 թվականի դեկտեմբերի 31-ից փաթեթվածքի թափոններում պարունակվող նյութերի` որպես երկրորդային հումքի վերամշակման համար, հասնել հետևյալ նվազագույն ցուցանիշների (ըստ զանգվածի)`

1) 60 տոկոս ապակի,

2) 60 տոկոս թուղթ և ստվարաթուղթ,

3) 50 տոկոս մետաղ,

4) 22,5 տոկոս պլաստմասսա` հաշվի առնելով բացառապես այն նյութերը, որոնց վերամշակումից հնարավոր է նորից ստանալ պլաստիկ նյութ,

5) 15 տոկոս փայտ:

Վերաշրջանառություն անցած փաթեթավորման նյութերի ներառումը փաթեթավորման գործընթացում չպետք է հակասի սպառողների անվտանգության ապահովման պահանջներին և հիգիենայի պահպանման կանոններին:

 

V. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

17. Յուրաքանչյուր փաթեթվածք պետք է ունենա սույն տեխնիկական կանոնակարգի 20-րդ կետով սահմանված մականշվածքը:

18. Փաթեթվածքի մակնշումն անհրաժեշտ է կատարել փաթեթավորման թափոնների հավաքումը, կրկնակի օգտագործումը և օգտահանումը ճիշտ կազմակերպելու համար:

19. Փաթեթվածքի մականշվածքը կիրառվում է փաթեթավորման նյութի և փաթեթվածքի նույնականացման և դասակարգման համար:

20. Մականշվածքում պետք է լինի փաթեթավորման նյութի (նյութերի), որից պատրաստված է այդ փաթեթվածքը, տիպը և պետք է պարունակի կրկնակի օգտագործման հնարավորության կամ օգտահանման մասին տեղեկություններ` նշանների ձևով, ինչպես նաև փաթեթավորման նյութի տեսակի տարբերակման նշագիրը:

Փաթեթվածքի վրա կրկնակի օգտագործման հնարավորության կամ օգտահանման մասին տեղեկատվության նշաններն են`

 

____________________________

ԻՐՏԵԿ - նշանները չեն բերվում

 

Փաթեթավորման նյութերի տեսակների տարբերակման համար պայմանական թվանշանային նշագրերն են`

«1-19»` պոլիմերային նյութեր,

«20-39»` թուղթ և ստվարաթուղթ,

«40-49»` մետաղ,

«50-59»` փայտեղեն,

«60-69»` մանածագործական նյութեր,

«70-79»` ապակի:

Նշագրումը կարող է կատարվել նաև նյութերի կոնկրետ տեսակների` ստանդարտներով սահմանված նշագրերի, հապավումների կամ պայմանանշանների կիրառմամբ:

21. Մականշվածքի կազմը և բովանդակությունը պետք է լինեն բավարար` փաթեթավորման թափոնների անվտանգ օգտագործումն ապահովելու համար:

22. Արտադրական փաթեթվածք արտադրող կազմակերպությունը փաթեթվածքը նույնականացնող մականշվածքը պետք է նշի պիտակների վրա և ուղեկից փաստաթղթերում:

23. Մականշվածքը պետք է լինի լավ տեսանելի, ընթեռնելի, դիմացկուն` արտաքին ներգործությունների նկատմամբ, նույնիսկ փաթեթվածքը բացված լինելու դեպքում:

24. Մականշվածքը նշելու համար օգտագործվող նյութերը և մակնշման եղանակները պետք է ապահովեն դրա պահպանվածությունը փաթեթվածքի օգտագործման ընթացքում:

25. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի հետո լիազորված մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն փաթեթվածք օգտագործողներին` ներառյալ բնակչությանը, հետևյալ տեղեկատվության տրամադրմանն ուղղված գործառույթների իրականացման համար`

ա) փաթեթավորման թափոնների օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրության դրույթների մասին,

բ) փաթեթվածքի կրկնակի օգտագործման համար նրանց մասնակցության հնարավորության, ինչպես նաև փաթեթավորման թափոնների վերադարձման, հավաքման և օգտահանման համակարգերի ստեղծման մասին,

գ) փաթեթվածքի վրա նշվող մականշվածքների մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2006
N 1544-Ն
Որոշում