(ուժը կորցրել է 02.06.09 թիվ 166-Ն որոշում)
i
050.0303.010806
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 08 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006223
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2006 թվականի N 303-Ն
i
«ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հոկտեմբերի 1-ին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունիսի 30-ի
թիվ 303-Ն որոշման
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԿԱՐԳ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ` բանկեր) կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) նվազագույն պահանջները և հրապարակման (տրամադրման) կարգը:
2. Բանկերը պարտավոր են իրենց գլխամասային գրասենյակներում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում տեսանելի վայրում փակցնել հայտարարություն` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի և ժամանակի մասին:
Բանկը պարտավոր է ցանկացած անձի կողմից պահանջվող տեղեկությունները տրամադրել առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 2. |
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ` ԲԱՆԿԻ ՏՆԱՅԻՆ ԷՋՈՒՄ, ՄՇՏԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
3. Բանկերը ինտերնետում` իրենց տնային էջերում, պետք է մշտապես հրապարակեն և թարմացնեն ինչպես «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով նշված, այնպես էլ սույն գլխով սահմանված տեղեկությունները:
4. Բանկի տնային էջում (ինտերնետային կայքում) պետք է առկա լինեն հղումներ (լինքեր) հետևյալ տեղեկությունները պարունակող էջերին.
ա) բանկի առաքելությունը/գործունեության նպատակը,
բ) բանկի վարչակազմակերպական կառուցվածքը,
գ) կորպորատիվ կառավարում,
դ) ֆինանսական հաշվետվությունները,
ե) մատուցվող ծառայությունները,
զ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` բանկի բաժնետոմսերի գնանշումը,
է) շահութաբաժինները,
ը) բանկի նշանակալից մասնակիցները,
թ) բանկի ղեկավարները:
5. «Բանկի վարչակազմակերպական կառուցվածք» մասում ներկայացվում են.
ա) բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքը` գծապատկերի/սխեմայի տեսքով,
բ) եթե բանկն ընդգրկված է որևէ խմբի/հոլդինգի/կոնցեռնի/միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա պետք է ներկայացվի խմբի/հոլդինգի/կոնցեռնի/միության կառուցվածքը` սխեմայի տեսքով, կամ հղում տրվի համապատասխան ինտերնետային էջին, որտեղ առկա է այդ կառուցվածքի գծապատկերային/սխեմատիկ նկարագրությունը,
գ) եթե բանկն ընդգրկված է որևէ խմբի/հոլդինգի/կոնցեռնի/միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա ներկայացվում է նաև ներխմբային նշանակալի գործարքների և ներդրումների ընդհանուր բնույթը (առկայության դեպքում),
դ) բանկի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ցանկը` հասցեներով և հեռախոսահամարներով:
6. «Կորպորատիվ կառավարում» մասում ներկայացվում են բանկի կողմից որդեգրված կորպորատիվ կառավարման սկզբունքները: Առնվազն պետք է առկա լինեն.
ա) բանկի կանոնադրությունը, որտեղ հստակ նշված են բանկի խորհրդի և գործադիր մարմնի իրավասություններն ու պարտականությունները,
բ) տեղեկություններ բանկի խորհրդին կից մշտական գործող հանձնաժողովների վերաբերյալ, այդ թվում` անդամների ցանկը, հանձնաժողովի առաքելությունն ու գործունեությունը,
գ) բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները,
դ) բանկի և բանկի հետ կապված անձանց (այդ թվում` բանկի մասնակիցների և ղեկավարների) միջև գործարքները կարգավորող ընթացակարգերը` հաստատված բանկի խորհրդի կողմից,
ե) բանկի պետական գրանցման վկայականի պատճենը,
զ) բանկի աշխատակիցների թիվը:
7. «Ֆինանսական հաշվետվությունները» մասում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պարտադիր պահանջվող` բանկի վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվություններից բացի, պետք է լինեն հղումներ բանկի նախորդ տարիների տարեկան (իսկ բանկի ցանկությամբ` նաև միջանկյալ) ֆինանսական հաշվետվություններին (սկսած 2003 թվականի ֆինանսական հաշվետվություններից, իսկ 2003 թվականից հետո լիցենզավորված բանկերի համար` բոլոր տարիների ֆինանսական հաշվետվությունները):
Բանկի ֆինանսական հաշվետվությունները` կից ծանոթագրություններով (ներառյալ` հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը), պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` կենտրոնական բանկ) խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի թիվ 277-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» կարգին համապատասխան:
Բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ պետք է առկա լինի նաև արտաքին աուդիտորական ընկերության աուդիտորական եզրակացությունը:
Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում բանկը ինտերնետում` տնային էջում, տեղադրում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Բանկը կարող է տնային էջում տեղադրել նաև իր առանձին ֆինանսական հաշվետվությունները:
8. «Մատուցվող ծառայությունները» մասում պետք է ներկայացվեն սույն կարգի 4-րդ գլխով սահմանված տեղեկությունները:
9. «Շահութաբաժիններ» մասում ներկայացվում են ընթացիկ տարվա ընթացքում շահութաբաժիններ վճարելու մասին որոշումը (որոշումները) և հղումներ նախորդ տարիներին ընդունված նմանատիպ որոշումներին (առնվազն վերջին երեք տարվա կտրվածքով): «Շահութաբաժիններ» մասում պետք է ներկայացվի նաև բանկի շահութաբաժնային քաղաքականությունը:
Բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերը սույն ենթակետով սահմանված բաժնում կարող են տեղադրել նաև բանկի բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը:
10. Բանկի նշանակալից մասնակիցների գծով պետք է ներկայացվեն տեղեկություններ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ:
Բանկի նշանակալից մասնակիցների մասին տեղեկությունը պետք է առնվազն ներառի.
ա) ուղղակի նշանակալից մասնակիցների համար`
- անունը (անվանումը),
- բանկում իրենց ունեցած մասնակցության չափը,
- մասնակցի գործունեության տեսակը (իրավաբանական անձանց համար),
բ) անուղղակի նշանակալից մասնակիցների համար`
- անունը (անվանումը),
- անուղղակի մասնակցի գործունեության տեսակը,
- այն ուղղակի նշանակալից մասնակցի անունը (անվանումը), որի միջոցով մասնակիցը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցի կարգավիճակ կամ այն պահանջը, որի ուժով անձը (անուղղակի նշանակալից մասնակիցը) կարող է ազդել բանկի (կամ բանկի ուղղակի նշանակալից մասնակցի) որոշումների և գործունեության ուղղությունների վրա (օրինակ` խոշոր ավանդատու),
- առկայության դեպքում` նաև տվյալ բանկում մասնակցության չափը,
գ) հրապարակմանը նախորդող տասներկու ամսվա ընթացքում բանկի նշանակալից մասնակցի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում` նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում` վարկի (փոխառության) տեսակը, չափը, տոկոսադրույքը, տրամադրման և մարման ժամկետները,
դ) բանկի նկատմամբ տվյալ պահի դրությամբ բանկի նշանակալից մասնակցի ընդհանուր պարտավորությունները` վարկերի և այլ փոխառությունների գծով (տեղեկությունները պետք է թարմացվեն պարտավորությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտավորությունները գործող վարկային քարտերի/գծերի և օվերդրաֆտների գծով կարող են ընդգրկվել միջին ամսական մեծությամբ):
11. Բանկի ղեկավարների մասին տեղեկությունը պետք է առնվազն ներառի.
ա) բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների ցանկը: Ընդ որում, բանկի գործադիր մարմնի անդամների ցանկում պետք է առնվազն ընդգրկվեն բանկի գործադիր տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը, ներքին աուդիտի ղեկավարը,
բ) անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը,
գ) բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի` նախորդ տասներկու ամսվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության չափը: Ընդ որում, բանկը կարող է սահմանափակել այդ տեղեկության ընթերցման հնարավորությունը, օրինակ` գաղտնաբառերի կիրառման միջոցով: Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պետք է պարտադիր հասանելի լինեն բանկի բոլոր մասնակիցներին,
դ) հրապարակմանը նախորդող տասներկու ամսվա ընթացքում բանկի բոլոր ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում` նաև մարված) չափը` մեկ թվով: Սույն կարգի 6-րդ կետի «դ» ենթակետով նշված` բանկի և բանկի հետ կապված անձանց միջև գործարքները կարգավորող ընթացակարգերից բացառություններով տրամադրված վարկերի կամ այլ փոխառությունների վերաբերյալ պետք է հրապարակվեն նաև` վարկի (փոխառության) տեսակը, չափը, տոկոսադրույքը և տրամադրման ու մարման ժամկետները, ինչպես նաև ընթացակարգերից բացառություն հանդիսացող պայմանները: Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները, ըստ առանձին ղեկավարների, պետք է պարտադիր հասանելի լինեն բանկի բոլոր մասնակիցներին,
ե) բանկի նկատմամբ տվյալ պահի դրությամբ բանկի բոլոր ղեկավարների ընդհանուր պարտավորությունները` վարկերի և այլ փոխառությունների գծով (տեղեկությունները պետք է թարմացվեն պարտավորությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտավորությունները գործող վարկային քարտերի/գծերի և օվերդրաֆտների գծով կարող են ընդգրկվել միջին ամսական մեծությամբ): Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները ըստ առանձին ղեկավարների պետք է պարտադիր հասանելի լինի բանկի բոլոր մասնակիցներին:
12. Բանկի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը պետք է տեղադրվի բանկի տնային էջում` օրենքով սահմանված ծանուցման ժամկետներում: Բանկի ցանկությամբ տնային էջում կարող է տեղադրվել նաև ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրամադրման ենթակա ծանուցումը, որը պարունակում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները:
ԳԼՈՒԽ 3. |
ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
13. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում, հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը:
Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի թիվ 277-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի և դրանց լրացման ցուցումների» 2.2 կետով սահմանված` աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ` 2.2 կետի «ե» ենթակետով սահմանված «ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը` ձև 5»-ի) և աուդիտորական եզրակացությունը բանկերը պարտավոր են տպագրել 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում:
14. Բանկերը պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում հրապարակել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները:
Ընդ որում, Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի թիվ 277-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի և դրանց լրացման ցուցումների» 3.1 կետով սահմանված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ` 3.1 կետի «ե» ենթակետով սահմանված «ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը` ձև 5»-ի) բանկերը պարտավոր են տպագրել 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում:
15. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում բանկը հրապարակում է համախմբված ֆինանսական հաշվետվությունները: Բանկը կարող է նաև հրապարակել իր առանձին ֆինանսական հաշվետվությունները:
16. Հաշվետվություններին կից մամուլում բանկերը պետք է հրապարակեն իրենց ինտերնետի` տնային էջի հասցեն` նշելով, որ այնտեղ գտնվում են բանկի ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը (ներառյալ` կից ծանոթագրությունները), աուդիտորական եզրակացությունը, բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և բանկերի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները:
17. Առնվազն եռամսյակը մեկ բանկերը պարտավոր են նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում տեղեկատվություն հրապարակել հիմնական տնտեսական նորմատիվների պահպանման վերաբերյալ` համաձայն սույն կարգի հավելված 1-ով (իսկ ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում` հավելված 2-ով) սահմանված ձևի:
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունում ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից հաստատված հիմնական տնտեսական նորմատիվների փաստացի և թույլատրելի մեծությունները: Կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափի, առաջին արտարժութային խմբի համախառն դիրքի առավելագույն չափի, երկրորդ արտարժութային խմբի զուտ դիրքի առավելագույն չափի և առանձին արտարժույթների բաց դիրքերի գծով «Փաստացի մեծությունը» սյունակները չեն լրացվում: «Փաստացի մեծությունը» սյունակներում ամսական հաշվարկվող նորմատիվների համար արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա նորմատիվի փաստացի մեծությունը: «ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը» սյունակում արտացոլվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվների թույլատրելի մեծությունը` Կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով սահմանված կարգով (ընդ որում, պարտադիր պահուստավորման նորմատիվը հաշվարկելիս վերջին ժամանակաշրջան է համարվում վերջին ամսվա վերջին լրիվ երկշաբաթյակը): «Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը» սյունակում արտացոլվում է յուրաքանչյուր նորմատիվի գծով խախտումների քանակը, իսկ եթե խախտում առկա չէ, համապատասխան տողում լրացվում են «խախտում առկա չէ» բառերը:
18. Եթե բանկի արտաքին աուդիտի եզրակացությամբ ճշգրտված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների արդյունքում բանկը խախտում է հիմնական տնտեսական նորմատիվ (նորմատիվներ), ապա բանկը պարտավոր է նվազագույնը 1000 (հազար) տպաքանակ ունեցող մամուլում վերահրապարակել այն եռամսյակների ճշգրտված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները, որոնցում հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման արդյունքում առաջացել է նորմատիվի (նորմատիվների) խախտումը: Ընդ որում, սույն պահանջը գործում է այն դեպքերում, երբ հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման պատճառը եղել էր հաշվապահական հաշվառման սխալը:
Հաշվապահական հաշվառման սխալ չի համարվում Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների, Միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգերի միջև առկա անհամաձայնությունների և հակասությունների հետևանքով առաջացած շեղումները:
19. Բանկերը պարտավոր են հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները տեղադրել նաև ինտերնետում` իրենց տնային էջերում, նախատեսելով նաև հղումներ նախորդ եռամսյակների հաշվետվություններին (առնվազն վերջին մեկ տարվա կտրվածքով):
20. Սույն գլխով սահմանված տեղեկությունները 2007 թվականի մայիսի 1-ից հետո պետք է հրապարակվեն միայն բանկերի ինտերնետային կայքերում/տնային էջերում:
ԳԼՈՒԽ 4. |
ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ |
21. Բանկերը պարտավոր են ինտերնետում` իրենց տնային էջում, տեղադրել և օրական կտրվածքով թարմացնել իրենց կողմից մատուցվող բոլոր ծառայությունների (այդ թվում` ավանդների ընդունում, վարկերի տրամադրում) վերաբերյալ առնվազն սույն գլխով սահմանված տեղեկությունները:
Բանկերի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ առնվազն սույն գլխով սահմանված տեղեկությունները պետք է նաև հասանելի լինեն հաճախորդների համար բանկի գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և ներկայացուցչություններում առանձին գրքույկների կամ բանկի հաճախորդների համար հասանելի այլ ձևով:
22. Բանկի տնային էջում կամ բանկի կողմից տպագրված առանձին գրքույկներում պետք է առկա լինեն բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների ցանկը` համապատասխան սակագներով, ինչպես նաև այն հեռախոսահամարները, որոնցով հաճախորդը կկարողանա սպառիչ տեղեկություններ ստանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ բանկի տնային էջում կամ այլ կերպ հրապարակված տեղեկությունները (այսուհետև` տեղեկություններ) պետք է ներկայացվեն պարզ և սպառողների համար մատչելի լեզվով:
23. Բոլոր տեսակի վարկերի գծով տեղեկություններում պետք է առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը`
ա) վարկավորվող գումարի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, եթե այդպիսիք սահմանված են բանկի կողմից,
բ) վարկերի տրամադրման նվազագույն և առավելագույն ժամկետները,
գ) վարկերի տոկոսադրույքի հաշվառման ձևը` այդ թվում նշելով` տոկոսադրույքը կիրառվում է մայր գումարի՞, թե՞ նվազող մնացորդի նկատմամբ,
դ) վարկերի տարեկան տոկոսադրույքի չափը` դրամով և արտարժույթով տրամադրվող վարկերի համար: Եթե տոկոսադրույքի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ` ավտոմեքենաների ձեռքբերման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքը տարբեր է հին ու նոր, կամ տարբեր մակնիշի ավտոմեքենաների համար, ապա այդպիսի տարանջատումների հիմքերը նույնպես պետք է նշվեն,
ե) մարումների հաճախականությունը (ամսական, եռամսյակային, կիսամյակային),
զ) միջնորդավճարների, ինչպես նաև այլ հնարավոր լրացուցիչ գանձումների չափը, եթե այդպիսիք առկա են (օրինակ` տույժերի չափը և կիրառման դեպքերը),
է) ապահովության (գրավի) տեսակը, եթե նման պահանջ առկա է: Ընդ որում, եթե վարկը տրամադրվում է վարկառուի գույքի գրավով, որը կարող է բանկի կողմից առգրավվել վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով, գույքի հնարավոր առգրավման մասին հայտարարությունը պարտադիր է,
ը) վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
24. Բանկերը պետք է նշեն նաև հաճախորդի համար վարկի հասանելիությունը սահմանափակող բոլոր պայմանները: Օրինակ` վարկը տրամադրվում է միայն բանկում ավանդ ունեցող հաճախորդներին, կամ սպառողական վարկերը տրամադրվում են միայն կոնկրետ առևտրի կետերից ապրանքներ ձեռք բերելու դեպքում, կամ վարկառուի տարեկան շրջանառությունը չպետք է փոքր լինի որոշ գումարից և այլն:
25. Եթե բանկը հրաժարվում է հաճախորդին վարկ տրամադրելուց, ապա այդ մասին հաճախորդին տեղեկացնելիս բանկը պետք է նշի նաև մերժման հիմքերը:
26. Վարկերի առանձին տեսակների մասին տեղեկությունները` բացի սույն կարգի 22-րդ կետում նշված պայմաններից, պետք է պարունակեն նաև լրացուցիչ տեղեկություններ.
26.1. անշարժ և շարժական գույքի ձեռքբերման (ինչպես նաև բնակարանների վերանորոգման) համար տրամադրվող վարկերի գծով.
ա) կանխավճարի նվազագույն չափը` արտահայտված տոկոսով: Եթե կանխավճարի չափը տարբերվում է` կախված վարկավորվող գույքի հատկանիշներից, օրինակ` հիփոթեքային վարկավորման դեպքում բնակարանի գտնվելու վայրից (Երևանո՞ւմ, թե՞ մարզերում, կամ Երևան քաղաքի կենտրոնո՞ւմ, թե՞ ծայրամասում), ապա պետք է նշվի վարկի ստացման առավել բարենպաստ տարբերակը և վարկի պայմանների փոփոխման տրամաբանությունը,
բ) վարկավորվող գույքի ապահովագրության պահանջի առկայությունը: Պետք է նշվի նաև` ապահովագրության համար հիմք է ընդունվում գույքի շուկայական արժե՞քը, թե՞ վարկի գումարը.
26.2. լոմբարդային վարկերի (թանկարժեք իրերի գրավադրմամբ տրամադրվող վարկերի) գծով` «վարկ - գրավի արժեք» ցուցանիշը` տոկոսային արտահայտությամբ.
26.3. տուրիզմի (արձակուրդ մեկնողների) վարկավորման գծով.
ա) ավիատոմսերի, ուղեգրերի ձեռքբերման համար, ինչպես նաև ճանապարհորդության հետ կապված այլ ծախսերի գծով վճարվելիք կանխավճարի չափը` արտահայտված տոկոսով,
բ) վարկի տրամադրման եղանակները (օրինակ` կանխիկ, անկանխիկ վճարում, այլ).
26.4. վարկային գծերի (օվերդրաֆտների) գծով.
ա) անտոկոս վարկավորման օրերի քանակը,
բ) չօգտագործված վարկային գծի տարեկան տոկոսադրույքի չափը (առկայության դեպքում).
26.5. սպառողական վարկերի գծով` վարկի ձևակերպման վայրը (բանկո՞ւմ, թե՞ առևտրի կետերում).
26.6. արտարժույթով տրամադրվող վարկերի գծով` պետք է շեշտվի, որ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
27. Բանկերի կողմից տրամադրվող պլաստիկ քարտերի մասին տեղեկություններում պետք է առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը`
ա) տրամադրվող քարտի տեսակը, օրինակ` դեբետային (հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում), կրեդիտային (առկա է վարկային գիծ),
բ) տրամադրվող քարտի պատկանելությունը որևէ համակարգի (համակարգերի), օրինակ` ԱրՔա, ՎԻԶԱ, այլ,
գ) քարտային հաշվի արժույթի տեսակը,
դ) քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը,
ե) քարտի ձեռքբերման, սպասարկման և քարտի օգտագործման հետ կապված այլ սակագները (օրինակ` միջոցների կանխիկացում այլ բանկին պատկանող ավտոմատ գանձման սարքերից),
զ) արտոնյալ ժամկետ («գրեյս պերիոդ») և վարկային գծի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը,
է) քարտերի տրամադրման ժամկետները:
28. Բանկերի կողմից ներգրավվող բոլոր տեսակի ավանդների մասին տեղեկություններում պետք է առկա լինի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը`
ա) ավանդի տեսակը (օրինակ` ցպահանջ, ժամկետային, կուտակային, «սեզոնային» ավանդ և այլն),
բ) ավանդի տարեկան տոկոսադրույքի չափը` կախված արժույթից, գումարի չափից և ժամկետից,
գ) տոկոսների վճարման պայմանները, եղանակները (կանխիկ կամ անկանխիկ, վճարվում է բացառապես դրամով), վճարման պարբերականությունը (ամսական, եռամսյակային, այլ),
դ) այլ լրացուցիչ պայմաններ, ինչպիսիք են, օրինակ` ժամկետային ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները, պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարի փոփոխություն, այլ,
ե) բանկային հաշիվների համար` չնվազող մնացորդի չափը, եթե այդպիսին նախատեսված է,
զ) ավանդային պայմանագրերի օրինակելի ձևերը:
29. Ավանդներին վերաբերող մասում բանկը պետք է նաև նշի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` նշելով հատուցման ենթակա ավանդների չափերը:
Ավանդների մասին տեղեկություններում պետք է նշել նաև, որ ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման:
30. Բանկի կողմից դրամական փոխանցումների իրականացման մասին տեղեկությունը պետք է առնվազն ներառի.
ա) փոխանցումների իրականացման տևողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում,
բ) դրամական փոխանցումների սակագները (այդ թվում` կախված փոխանցման երկրից և գումարի մեծությունից, եթե առկա է այդպիսի տարանջատում),
գ) տեղեկություններ այլ լրացուցիչ վճարների մասին, եթե այդպիսիք նախատեսված են կամ կարող են ծագել գործարքի ընթացքում:
31. Զանգվածային լրատվության միջոցներով (այդ թվում` հեռուստատեսություն, մամուլ, ռադիոգովազդ) իրենց կողմից մատուցվող ծառայությունները գովազդելիս բանկը պարտավոր է գովազդում նշել բանկի ինտերնետային կայքի (տնային էջի) հասցեն և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որոնց միջոցով սպառողները կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ գովազդվող ծառայությունների վերաբերյալ:
32. Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակվող/գովազդվող տեղեկությունները չպետք է պարունակեն ապակողմնորոշող բառեր կամ արտահայտություններ:
Հավելված 1
«Բանկերի կողմից իրենց
վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման (տրամադրման) կարգի»
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
(եռամսյակային)
_____________
_____________ թ-ից __________ թ.
հազ. դրամ
._______________________________________________________________________.
|Նորմատիվներ |Նորմատիվի |ՀՀ |Հաշվետու |
| |փաստացի |կենտրոնական|եռամսյակում|
| |մեծությունը`|բանկի |խախտումների|
| |հաշվարկված |սահմանած |թիվը |
| |բանկի համար |նորմատիվի | |
| | |թույլատրելի| |
| | |մեծությունը| |
|__________________________________|____________|___________|___________|
| 1 | 2 | 3 | 4 |
|__________________________________|____________|___________|___________|
| Բանկի կանոնադրական հիմնադրամի | | | |
|նվազագույն չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ընդհանուր (սեփական) կապիտալի | | | |
|նվազագույն չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ն11 Ընդհանուր կապիտալի և ռիսկով| | | |
|կշռված ակտիվների գումարների միջև | | | |
|նվազագույն հարաբերակցությունը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ն12 Հիմնական կապիտալի և ռիսկով | | | |
|կշռված ակտիվների գումարների միջև | | | |
|նվազագույն հարաբերակցությունը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ն21 Բանկի բարձր իրացվելի | | | |
|ակտիվների և ընդհանուր ակտիվների | | | |
|գումարների միջև նվազագույն | | | |
|հարաբերակցությունը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ն22 Բանկի բարձր իրացվելի | | | |
|ակտիվների և ցպահանջ | | | |
|պարտավորությունների միջև | | | |
|նվազագույն հարաբերակցությունը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի | | | |
|առավելագույն չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ն32 Խոշոր փոխառուների գծով | | | |
|ռիսկի առավելագույն չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ն41 Բանկի հետ կապված մեկ | | | |
|անձի գծով ռիսկի առավելագույն չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ն42 Բանկի հետ կապված բոլոր | | | |
|անձանց գծով ռիսկի առավելագույն | | | |
|չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Հայաստանի Հանրապետության | X | | |
|կենտրոնական բանկում տեղաբաշխված | | | |
|պարտադիր պահուստների | | | |
|նվազագույն չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Առաջին արտարժութային խմբի | X | | |
|համախառն դիրքի առավելագույն չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Երկրորդ արտարժութային խմբի | X | | |
|զուտ դիրքի առավելագույն չափը | | | |
|__________________________________|____________|___________|___________|
| Ըստ առանձին արտարժույթների | X | | |
|բաց դիրքի առավելագույն չափը | | | |
._______________________________________________________________________.
Կ.Տ.
Բանկի վարչության նախագահ __________________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________________________
Հավելված 2
«Բանկերի կողմից իրենց
վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման (տրամադրման) կարգի»
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
(եռամսյակային)
Բանկի անվանումը _____________
ամսաթիվը _____________ թ-ից __________ թ.
հազ. դրամ
.________________________________________________________________________.
|Նորմատիվներ |Նորմա- |Նորմատիվի |ՀՀ |Հաշվետու|
| |տիվի |փաստացի |կենտրո- |եռամսյա-|
| |փաստացի|մեծու- |նական |կում |
| |մեծու- |թյունը` |բանկի |խախ- |
| |թյունը`|հաշվարկված |սահմանած|տումների|
| |հաշ- |բանկի |նորմա- |թիվը |
| |վարկված|համախմբված |տիվի | |
| |բանկի |հաշվետվու- |թույ- | |
| |համար |թյունների |լատրելի | |
| | |նկատմամբ |մեծու- | |
| | | |թյունը | |
|__________________________________|_______|___________|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|__________________________________|_______|___________|________|________|
| Բանկի կանոնադրական հիմնադրամի | | | | |
|նվազագույն չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ընդհանուր (սեփական) կապիտալի | | | | |
|նվազագույն չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ն11 Ընդհանուր կապիտալի և ռիսկով| | | | |
|կշռված ակտիվների գումարների միջև | | | | |
|նվազագույն հարաբերակցությունը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ն12 Հիմնական կապիտալի և ռիսկով | | | | |
|կշռված ակտիվների գումարների միջև | | | | |
|նվազագույն հարաբերակցությունը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ն21 Բանկի բարձր իրացվելի | | | | |
|ակտիվների և ընդհանուր ակտիվների | | | | |
|գումարների միջև նվազագույն | | | | |
|հարաբերակցությունը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ն22 Բանկի բարձր իրացվելի | | | | |
|ակտիվների և ցպահանջ | | | | |
|պարտավորությունների միջև | | | | |
|նվազագույն հարաբերակցությունը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ն31 Մեկ փոխառուի գծով ռիսկի | | | | |
|առավելագույն չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ն32 Խոշոր փոխառուների գծով | | | | |
|ռիսկի առավելագույն չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ն41 Բանկի հետ կապված մեկ | | | | |
|անձի գծով ռիսկի առավելագույն չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ն42 Բանկի հետ կապված բոլոր | | | | |
|անձանց գծով ռիսկի առավելագույն | | | | |
|չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Հայաստանի Հանրապետության | X | X | | |
|կենտրոնական բանկում տեղաբաշխված | | | | |
|պարտադիր պահուստների | | | | |
|նվազագույն չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Առաջին արտարժութային խմբի | X | X | | |
|համախառն դիրքի առավելագույն չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Երկրորդ արտարժութային խմբի | X | X | | |
|զուտ դիրքի առավելագույն չափը | | | | |
|__________________________________|_______|___________|________|________|
| Ըստ առանձին արտարժույթների | X | X | | |
|բաց դիրքի առավելագույն չափը | | | | |
.________________________________________________________________________.
Կ.Տ.
Բանկի վարչության նախագահ __________________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ __________________________