(ուժը կորցրել է 22.12.2022 թիվ 2011-Ն որոշում)
i
040.1392.111006
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2006 թվականի N 1392-Ն
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏՎՅԱԼ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՆՇԱՆԻ ԵՎ ՄԱԿԱՆՇՎԱԾՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի սեպտեմբերի 28-ի
N 1392-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏՎՅԱԼ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՆՇԱՆԻ ԵՎ ՄԱԿԱՆՇՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանին և մականշվածքին ներկայացվող պահանջները:
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում`
i
1) գյուղատնտեսական ապրանքների վրա, որոնք մշակման (աճեցման) վայրից դուրս բերվելուց հետո`
ա) վաճառվում կամ հանձնվում են ժամանակավոր պահեստավորման, նախապատրաստման (վերամշակման) կամ փաթեթավորման կազմակերպություններին (կայաններին).
բ) տեղափոխվում են սննդամթերք արտադրող կազմակերպություններ.
գ) հավաքվում և անմիջապես հանձնվում են արտադրող կամ վերամշակող կազմակերպություններին.
2) վաճառքի կետերում վերջնական սպառողին հանձնված չփաթեթավորված սննդամթերքի վրա, որը փաթեթավորվում է գնորդի պահանջով կամ չափածրարվում է անմիջապես վաճառքից առաջ.
3) այն փաթեթվածքների կամ տարաների վրա, որոնց ամենամեծ կողմի մակերեսը չի գերազանցում 10 սմ2.
4) պաղպաղակների կոնկրետ չափաբաժինների վրա: Խմբաքանակի նույնականացման հնարավորություն տվող տեղեկությունը պետք է նշված լինի խմբային տարայի (փոխադրական տարայի) վրա.
5) ներմուծվող այն սննդամթերքի վրա, որի մականշվածքում կամ տարայի վրա առկա է տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշան (այսուհետ` նշան):
(2-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 967-Ն որոշում)
3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների հետ համատեղ:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի կամ ներմուծողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներին համապատասխանող սննդամթերքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.
փաթեթավորում` փաթեթվածքի կիրառմամբ սննդամթերքի նախապատրաստումը փոխադրմանը, պահմանը, իրացմանը և սպառմանը.
փաթեթվածք` միջոց կամ միջոցների համալիր, որն ապահովում է արտադրանքի պահպանումը վնասվածքներից և կորուստներից, շրջակա միջավայրի աղտոտումից, ինչպես նաև ապահովում է սննդամթերքի շրջանառության (փոխադրման, պահման, իրացման) գործընթացը.
մականշվածք` փաթեթվածքի և արտադրանքի վրա նշված տեքստը, պայմանական նշագրերը և պատկերները.
խմբաքանակի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով որոշվում է սննդամթերքի պատկանելությունը տվյալ խմբաքանակին.
սպառողական տարա` տարա, որն սպառողին է հանձնվում արտադրանքի հետ միասին և որը չի կատարում փոխադրական տարայի գործառույթ.
փոխադրական տարա` տարա, որն ինքնուրույն փոխադրական միավոր է.
չափաբաժին` փաթեթվածքում չափածրարված սննդամթերք, որը բնութագրվում է սպառողին հանձնվող յուրաքանչյուր փաթեթվածքի վրա նշված սննդամթերքի անվանական քանակի արժեքով:
(4-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 967-Ն որոշում)
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Սննդամթերքի խմբաքանակի մականշվածքը պետք է սահմանվի սննդամթերքն արտադրող կամ փաթեթավորող կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը) կազմակերպության կողմից` պահպանելով սննդամթերքի տվյալ տեսակի մականշվածքին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետով սահմանված պահանջները:
(5-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 967-Ն որոշում)
6. Սննդամթերքի խմբաքանակի չափը պետք է որոշի տվյալ սննդամթերքն արտադրող կամ փաթեթավորող կազմակերպությունը:
i
7. Սննդամթերքի տվյալ խմբաքանակի յուրաքանչյուր փաթեթվածքի կամ սպառողական տարայի, կամ սպառողական և փոխադրական տարայի վրա արտադրող կամ փաթեթավորող կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը) կազմակերպության կողմից պետք է մակնշվի սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը` կազմված «Լ» տառից և խմբաքանակի համարից (օրինակ` Լ 200):
Մինչև 3 ամիս պիտանիության ժամկետ ունեցող սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի կիրառումը պարտադիր չէ, եթե սննդամթերքի պիտակի վրա նշված է պիտանիության ժամկետը` օրը, ամիսը:
Խմբաքանակի համարի կառուցվածքը որոշում է արտադրող կամ փաթեթավորող կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը) կազմակերպությունը:
Խմբաքանակի համարը պետք է նշվի նաև արտադրող կամ փաթեթավորող կամ ներմուծող (որի կողմից ներմուծվող սննդամթերքի մականշվածքում բացակայում է սույն կանոնակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը) կազմակերպության կողմից վարվող համապատասխան գրանցամատյանում:
(7-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 967-Ն որոշում)
8. Սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը պետք է լինի երևացող, ընթեռնելի և չջնջվող:
i
9. Սննդամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը պետք է նշվի նաև տվյալ սննդամթերքի խմբաքանակի ապրանքաուղեկից փաստաթղթում և սերտիֆիկացնող մարմնի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատում:
(9-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 967-Ն որոշում)
IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
10. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: